Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իսկ գրոսմայստերները մրսեցին

Իսկ գրոսմայստերները մրսեցին
11.08.2009 | 00:00

ՋԵՐՄՈՒԿԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Շաբաթ օրը Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց շախմատի խոշոր միջազգային մրցաշար` ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» խաղարկության 5-րդ մրցաշարը: Մասնակցում է աշխարհի ուժեղագույն 14 շախմատիստ: Սա այդ շարքի նախավերջին մրցաշարն է: Բոլոր մրցաշարերի արդյունքներով առաջին երկու տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս պահին պոտենցիալ առաջատարը Լևոն Արոնյանն է, որը մասնակցել է երկու մրցաշարի և երկուսում էլ միանձնյա զբաղեցրել առաջին տեղը:
Այս մրցաշարը նվիրված է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակին: ՈՒշագրավ է մրցաշարի խորհրդանիշը. այն ունի շախմատի արքայի տեսք, որը ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ 90 աստիճան պտտելու դեպքում կարդացվում է 80 թիվը:
Անդրադառնանք բացման արարողությանը: Այն տեղի ունեցավ լճակի ափին: Ողջույնի խոսք ասացին ՀՀ նախագահ և ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Հատուկ ուշադրության է արժանի միջոցառման կազմակերպումը, որը, գրեթե ինչպես միշտ նման դեպքերում, շատ ցածր մակարդակի էր: Նախ` հանդիսավարների մասին: Այնպիսի տպավորություն ստեղծվեց, ասես նրանք տեղյակ չեն, թե ինչ են վարում: Բազմաթիվ էին սխալները: Այսպես, ՈՒկրաինան ներկայացնող գրոսմայստեր Պավել Էլյանովը ներկայացվեց որպես ռուսաստանցի, Վասիլի Իվանչուկը ներկայացվեց միայն հայերեն, այնինչ մյուս շախմատիստների անունները կարդացվում էին նաև անգլերեն, Ռուստամ Կասիմջանովի ազգանունն արտասանվեց Կասմիջանով և այդպես շարունակ: Պատվավոր հյուրերից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ներկայացվեց որպես Հայաստանի ժողովրդական արտիստ: Համերգային կատարումների ժամանակ բազմաթիվ էին անտեղի դադարները: Հանդիսավարների անտեղյակությունը լիովին բացահայտվեց մրցաշարի վիճակահանության ժամանակ, երբ որոշվում էին մասնակիցների հերթական համարները, սակայն, ըստ հանդիսավարների, որոշվում էին առաջին տուրի զույգերը: Ներկաներն ու հեռուստադիտողներն այդպես էլ չկարողացան իմանալ, թե որ շախմատիստը որ համարը ստացավ, իսկ դրանից կախված է, թե ով ում հետ, որ տուրում և ինչ գույնի խաղաքարերով պետք է հանդիպի: Վատը չէր լճակում պտտվող լաստանավակի մտահղացումը, որի վրա տեղ զբաղեցրին մրցաշարի մասնակիցները: Սակայն կազմակերպիչները հաշվի չէին առել, որ երեկոյան ժամերին Ջերմուկում բավականին ցուրտ է, և, ինչպես վկայում է լաստանավակի վրա գտնված ռուս անվանի շախմատային մեկնաբան Յուրի Վասիլևը, մոտ երկու ժամում շախմատիստները լավ մրսեցին:
Կիրակի օրը գրոսմայստերները նստեցին խաղատախտակների առաջ: Արդյունավետ ավարտ ունեցավ երկու պարտիա. Լեկոն սևերով հաղթեց Ինարկիևին, իսկ Չեպարինովը սպիտակներով` Յակովենկոյին: Իվանչուկ-Արոնյան, Ալեքսեև-Հակոբյան, Գելֆանդ-Էլյանով, Կասիմջանով-Կարյակին և Կամսկի-Բաքրո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Երեկ կայացած երկրորդ խաղափուլում իր առաջին հաղթանակը տոնեց մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Նա սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Եվգենի Ալեքսեևի նկատմամբ: Յակովենկոն հաղթեց Կամսկուն, իսկ Հակոբյան-Չեպարինով, Բաքրո-Կասիմջանով, Կարյակին-Գելֆանդ, Լեկո-Էլյանով, Ինարկիև-Իվանչուկ պարտիաները խաղաղ ելք ունեցան: Երկու տուրից հետո Արոնյանը, Լեկոն և Չեպարինովը վաստակել են 1,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Այսօր Արոնյանը սևերով կխաղա Չեպարինովի, իսկ Հակոբյանը` սևերով Կամսկու հետ:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3044

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ