Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՀՀ իշխանությունները նախընտրում են «ծանրակշիռ» կեցվածքը, արարողակարգային ժպիտներն ու ձեռքսեղմումները»

«ՀՀ իշխանությունները նախընտրում են «ծանրակշիռ» կեցվածքը, արարողակարգային ժպիտներն ու ձեռքսեղմումները»
14.08.2009 | 00:00

«ԲՐԱՅԶԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՆ Է»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների էությունը պարզաբանում է ԱԺ պատգամավոր, խորհրդարանի նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։
-Պարոն Թորոսյան, օրերս տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Ծաղկաձորում հասարակական հանդիպման շրջանակներում ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը և բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի նախագիծը։ Դա տարօրինակ հանդիպում էր, որովհետև նման բան նախկինում երբեք չէր եղել, որ միջնորդ պետության ներկայացուցիչը հակամարտության կողմերից մեկի տարածքում հասարակական հանդիպում անցկացներ և բացահայտեր կարգավորման սկզբունքները։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում։
- Ճիշտ է, որ նախկինում բանակցությունների սեղանին դրված երեք նախագծերից ոչ մեկը չի հրապարակվել մինչև բանակցային գործընթացի ավարտը։ Սակայն չմոռանանք, որ կարգավորման սկզբունքները ոչ թե Մեթյու Բրայզան է հրապարակել, այլ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը` որպես հավելված համանախագահող երկրների նախագահների հայտարարության։ Հրապարակումը, ըստ ամենայնի, պայմանավորված էր երկու հանգամանքով. դրանով, կարծում եմ, փորձ է արվում ամրագրել միջանկյալ համաձայնությունները, որպեսզի կողմերն առավելագույն դժվարություններ ունենան, եթե հետագայում փորձեն դրանցից հրաժարվել։ Նախորդ երեք դեպքերը կարող են համանախագահողներին մղել նման մտավախության: Կա նաև երկրորդ, թերևս, առավել կարևոր հանգամանքը. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հրապարակած մադրիդյան սկզբունքները կարելի է դիտարկել իբրև 2008-ի նոյեմբերին ստորագրված մոսկովյան հռչակագրի պատասխան, երբ այն ստորագրեցին ու հրապարակեցին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները։ Ընդ որում, ակնհայտորեն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի այս քայլն ավելի զորեղ էր։
-Ի՞նչ առումով։
-Մոսկովյան կամ Մայնդորֆյան հռչակագիրը միայն երեք նախագահների հայտարարություն էր, ովքեր ներկայացնում էին հակամարտության երեք կողմերից երկուսին և միջնորդ երեք պետություններից մեկին։ Այսինքն` ո՛չ միջնորդների, ո՛չ էլ հակամարտության կողմերի մակարդակով այդ փաստաթուղթն ամբողջական չէր, քանզի բացակայում էին հակամարտության անմիջական կողմ Լեռնային Ղարաբաղը և երկու միջնորդ պետությունները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Հետևաբար, այդ հռչակագիրը, որպես կարգավորմանն առնչվող փաստաթուղթ, որևէ իրավական ուժ չուներ: Թեև չպետք է անտեսել այն լուրջ հարվածը խնդրի կարգավորմանը, որ հասցրեց այդ փաստաթուղթը: Հայաստանի նախագահը ստորագրեց մի փաստաթղթի տակ, ուր նշված է, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Հայաստան-Ադրբեջան բանակցություններով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ ԼՂՀ-ն, որպես հակամարտության կողմ, այդ հռչակագրում գոյություն չունի, ու ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ Ղարաբաղի ինքնորոշման մասին Հայաստանի բոլոր հայտարարությունները սրանով կորցնում են իրենց արժեքը. ինքնորոշման իրավունքը բացարձակ իրավական ուժ ունեցող նորմ է միջազգային իրավունքում, և որևէ մեկը, բացի ինքնորոշվող ժողովրդից, իրավունք չունի այդ հարցի վերաբերյալ որոշում ընդունելու: Եթե Հայաստանը նման փաստաթուղթ է ստորագրում, ապա համաձայնում է ինքնորոշվող կողմին` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ընտրված մարմիններին, դուրս թողնել բանակցություններից, իսկ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։
Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունն ավելի ազդեցիկ քայլ էր, քանի որ ձևաչափը միջնորդների առումով ամբողջական էր և ամենակարևորը` հրապարակում էր մադրիդյան սկզբունքները, որոնց հնարավոր իրավական հետևանքների հիմնավորման կարիք չկա։
-Սակայն ամերիկացիներն ի՞նչ խնդիր են լուծում մադրիդյան սկզբունքները հրապարակելով և Մեթյու Բրայզայի բերանով մեկնաբանելով։
-Ղարաբաղյան խնդիրն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում ազդեցության գոտիների բաժանման ռուս-ամերիկյան պայքարում ամենակարևոր գործոնը: Քանի որ այդ խնդրին վերջերս ծավալուն հոդվածով և առանձին գրքով անդրադարձել եմ, ներկայացնեմ միայն ընդհանուր գծերով: Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանի համար լուրջ բարոյական նշանակություն ուներ այն բանի ընդգծումը, թե ով ով է տարածաշրջանում: Մոսկովյան հռչակագիրը նախաձեռնելով` Ռուսաստանը փորձեց ամրագրել, որ Հարավային Կովկասում ինքն է ամենաազդեցիկ երկիրը և ինքն է առաջատար միջնորդը կարգավորման գործընթացում։ Միացյալ Նահանգները թեև մի քանի ամիս ուշացրեց պատասխանը, սակայն մադրիդյան սկզբունքների հրապարակումը ոչ միայն ցույց տվեց, որ ուշացումն արդարացված էր` թե՛ ձևաչափի, թե՛ բովանդակության իրավական նշանակությամբ, այլև, որ գործընթացի վրա ազդեցության առումով առաջատարը, գոնե առայժմ, Վաշինգտոնն է։ Մադրիդյան սկզբունքների հրապարակումը պայմանավորված էր ևս մեկ գործոնով. հետագա զարգացումների տեսակետից կա ներքին պայքար այդ երկու երկրների միջև: Ռուսաստանի շահերից չի բխում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսանելի ապագայում, և ձեռնտու է «ստատուս քվոյի» պահպանումը։
-Իսկ ԱՄՆ-ին ձեռնտու չէ՞։
-Կարծում եմ` Միացյալ Նահանգների համար ցանկալի է բոլորովին այլ ընթացք` հիմնախնդրի արագ կարգավորումը։ Ընդ որում, իրենց համար շատ ավելի կարևոր է հենց լուծումը, այլ ոչ թե այն, թե դա ում օգտին կլինի։ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Հարավային Կովկասում ստեղծվել է մինչ այժմ աննախադեպ իրավիճակ, երբ տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված երեք պետություններից մեկը` Վրաստանը, լիովին խզեց կապերը Ռուսաստանի հետ և հայտնվեց արևմտյան, ավելի ճշգրիտ` ամերիկյան ազդեցության գոտում։ Բայց ամբողջ տարածաշրջանն իր ազդեցության տակ վերցնելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որ մյուս երկու երկրներից գոնե մեկում էլ չեզոքացվի Ռուսաստանի ազդեցությունը, և իրագործի «Վրաստան-2» ծրագիր։ Իսկ Հայաստանը կամ Ադրբեջանը նման կտրուկ քայլի կարող են գնալ միայն Ռուսաստանից շատ լուրջ դժգոհությունների դեպքում: Ակնհայտ է, որ նման իրավիճակի առաջացման ամենահավանական խթանը կարող է լինել ղարաբաղյան խնդրի լուծումը։ Հետևաբար, ԱՄՆ-ի համար շատ կարևոր է խախտել ստեղծված ստատուս-քվոն` միևնույն է, ում օգտին։
Ռուսաստանին, ընդհակառակը, այս իրավիճակում նման բան բոլորովին պետք չէ։ Հայաստանը մեծ մասամբ իր ազդեցության գոտում է, Ադրբեջանի հետ էլ կարողանում են հարցերը լուծել։ Վերջին շրջանում առկա է ոչ միայն ռուս-թուրքական, այլև ռուս-ադրբեջանական հարաբերությունների ակտիվացում։ Եվ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանին սիրաշահելու համար Ռուսաստանը միջոցների մեջ խտրություն չի դնում` հատկապես էներգակիրների տեղափոխմամբ շահագրգռված լինելով։
-Բրայզան հայտարարեց, որ հակամարտության կարգավորման մադրիդյան նախագիծը նախատեսում է Ադրբեջանին վերադարձնել սկզբում հինգ շրջան, հետո նաև Քելբաջարն ու Լաչինը, այնուհետև պետք է լինի կարգավիճակի ճշգրտման հանրաքվե, ապա նոր միայն լուծվի Հայաստան-Ղարաբաղ ցամաքային կապի հարցը։ Հիմա շատերը համեմատում են, թե նախկինում եղած ո՞ր փաստաթղթին է այս տարբերակը նման` 1997-ի՞, ընդհանուր պետությա՞ն, թե՞ Ռամբուեում քննարկված տարբերակին, որոնցից ոչ մեկի շուրջ էլ կողմերը համաձայնության չեկան։ Ձեր կարծիքը։
-Հայաստանում, ցավոք, ավանդույթ է դարձել, որ փաստաթղթերից խոսում են մարդիկ, ովքեր, ճնշող մեծամասնությամբ, գոնե տասը մետրից այդ փաստաթղթերը չեն տեսել։ Տեսնողների մեջ էլ շատ քչերը կարող են դրանք կարդալ ու հասկանալ, թե իրականում ինչ է ձևակերպված։ Ամենամեծ վտանգը ես սա եմ համարում, որովհետև մի օր սեղանին կարող է հայտնվել մի փաստաթուղթ և ստորագրվել` առանց գիտակցելու դրանում պարունակվող վտանգները։ Հայաստանում բացակայում է մասնագիտական, փորձագիտական աշխատանքը: Վերջերս նույն Բրայզան, նկարագրելով բանակցությունների ընթացքը, ասել էր, թե այն առևտուր է. մեկն ասում է` ես սա կտամ այս բանի փոխարեն, մյուսն առաջարկում է մեկ այլ տարբերակ: Դա կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, քանի որ միջազգային իրավունքի շրջանակներում Բաքվի դիրքերը պաշտպանելի չեն, սակայն հայկական կողմին նման բանակցությունները կարող են միայն կորուստներ բերել: Ինչ վերաբերում է Մեթյու Բրայզային, ապա վերջին 6-7 ամիսներին նա ավելի շատ հանդես է գալիս իբրև Ադրբեջանի դեսպան ԱՄՆ-ում և անընդհատ մեջբերումներ է անում Ալիևից։ Արդեն բավական երկար ժամանակ նա ոտնահարում է այն շրջանակները, որոնք նախանշված են միջնորդների համար` ԵԱՀԿ-ի հատուկ փաստաթղթով, ուր ամրագրված են Մինսկի խմբի համանախագահների լիազորությունների շրջանակները։ Բրայզան միշտ անցել է այդ սահմանները, սակայն Բրայզային պատասխանելու խնդիրն առաջին հերթին մեր իշխանություններինն է` որպես պաշտոնական կողմի, բայց Հայաստանի իշխանությունները գրեթե միշտ անպատասխան են թողնում ոչ միայն նրա, այլև մյուս համանախագահների, Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները` նախընտրելով «ծանրակշիռ» կեցվածքը, արարողակարգային ժպիտներն ու ձեռքսեղմումները։ Հայաստանյան քաղաքական գործիչների ու «վերլուծաբանների» համար շահավետ է ոչ թե դրա վրա ուշադրություն հրավիրելը, այլ Բրայզային հայհոյելը. դա անշառ գործ է։ Նա, միևնույն է, պատասխան չի պահանջի, իսկ հայհոյողներն էժան հեղինակություն ձեռք կբերեն և ինչ-ինչ փոխհատուցում։
-Վերադառնանք, սակայն, փաստաթղթերի համեմատությանը։
-2007 թ. մադրիդյան սկզբունքները ձևակերպվեցին որպես հետևանք մի քանի տարվա շարունակական աշխատանքի: Դրանք փաստաթղթային ձևակերպում ստացան ԵԽԽՎ 1416 բանաձևով և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արձագանքով, որոնք արձանագրում էին, որ Լեռնային Ղարաբաղը կարող է անջատվել Ադրբեջանից խաղաղ և օրինական քայլերով, իր ժողովրդի կամքի արտահայտությամբ, և խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երկու սկզբունքների` ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության կիրառմամբ: Նախորդ երեք նախագծերի համեմատությամբ մադրիդյան սկզբունքների հիման վրա ձևակերպված նախագիծն ունի ակնհայտ տարբերություն` նախորդներում ինքնորոշման սկզբունքը չի նշվել որպես կարգավորման սկզբունք: Սակայն սա բացարձակապես բավարար չէ: Խնդրի արդարացի և միջազգային իրավունքի շրջանակներում հիմնավորված լուծում ունենալու համար չափազանց կարևոր է, թե նախագծի յուրաքանչյուր կետ ինչ ձևակերպում կունենա: Քանի որ, ինչպես վերը նշեցի, առիթ ունեցել եմ մանրամասն անդրադառնալու այս խնդիրներին, բերեմ միայն մի քանի օրինակ: Մադրիդյան սկզբունքներ կոչվող նախագիծն առաջին իսկ կետով փաստում է. «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո»` առանց որևէ վերապահության։ Այսինքն, դա ամրագրված է նախագծում, ոչ թե Բրայզան է այդպես մեկնաբանում։ Սա որպես հակամարտության կարգավորման սկզբունք դիտարկելն ուղղակի երեսպաշտություն է, որովհետև դա միայն Ադրբեջանի օգտին ձևակերպված քայլ է։ Ի՞նչ եք կարծում, ի՛նչ է նշանակում «Լեռնային Ղարաբաղի» ձևակերպումը, ի՛նչ սահմաններ է այն արձանագրում. ոմանք կարծում են, թե դա ԼՂԻՄ-ն է, մինչդեռ անգամ ԼՂԻՄ-ն ամբողջությամբ չի ներառում այդ ձևակերպումը, քանի որ այդ դեպքում գոնե կնշեին Մարտակերտի ու Մարտունու գրավյալ տարածքները ԼՂՀ-ին վերադարձնելու հարցը: Իհարկե, դա ևս կլիներ անընդունելի, քանի որ 1991 թ. Շահումյանի շրջանն էլ միանգամայն օրինական հանրաքվեով անջատվել է Ադրբեջանից և միացել ԼՂՀ-ին: Ավելին, տեղի է ունեցել Ադրբեջանի ագրեսիան, որի հետևանքները կարող են հաշվի չառնել միայն տգետները: Նույնն է պատկերը նախագծում նախատեսված քայլերի հերթականության պարագայում։ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը, փաստորեն, թողնվում է ամենավերջում, երբ հակամարտության առանցքը եղել է հենց կարգավիճակի խնդիրը։ Նույնիսկ այդ կետը, ուր խոսվում է իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության մասին, այնքան լղոզված է ձևակերպված, որ որևէ կապ չունի հայկական կողմից հնչող մեկնաբանությունների հետ։
-Այսի՞նքն։
-Այդ կետի ձևակերպումը հետևյալն է. «Լեռնային Ղարաբաղի ապագա իրավական կարգավիճակի սահմանում` իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Բացարձակապես պարզ չէ, թե ո՛վ է արտահայտելու իր կամքը, Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Ադրբեջանի ժողովուրդը, հանրաքվեի դրվող հարցի ձևակերպումն ինչպիսի՞ն է լինելու։ Կամարտահայտության բազմաթիվ ձևեր կարող են լինել, Ադրբեջանը շարունակաբար հայտարարում է, որ ԼՂՀ-ն կարող է ունենալ բարձր ինքնավարություն և ոչինչ ավելին, ու դրա վերաբերյալ էլ կարող է կամարտահայտություն լինել։ Կարելի է բազմաթիվ այսպիսի թերություններ նշել: Սակայն ամենավտանգավորն այն է, որ Հայաստանի իշխանության համապատասխան պաշտոնյաներն են խուսափում երկրի համար ճակատագրական նշանակություն ունեցող փաստաթղթի մեկնաբանությունից: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունները բացարձակապես անտեղյակ են խնդրի իրավական կողմից, միջազգային իրավունքի նորմերից և շարունակում են գործել 1990-ականների սկզբին ձևավորված արատավոր մոտեցման շրջանակում, իբրև թե տարածքային ամբողջականությունն ինչ-որ գերակայություն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, և ինչ էլ ստանանք, լավ է։ Հենց դա է պատճառը, որ, ինչպես Բրայզան է ասում, բանակցություններում պարզապես առևտուր է արվում: Հակամարտության ծագումից քսան տարի հետո այսպիսի իրավիճակում լինելը կարող է աղետալի հետևանքներ ունենալ։
-ԼՂՀ-ի դիրքորոշումն ինչպե՞ս եք գնահատում։
-Այս նախագծի հրապարակումից հետո ԼՂՀ-ի արտգործնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, ուր պարզ ասված էր, որ իրենց համար ընդունելի չէ առանց իրենց մասնակցության մշակված որևէ փաստաթուղթ։ Դիվանագիտական լեզվով դա նշանակում է, որ իրենք այլևս համաձայն չեն, որ Հայաստանի իշխանությունները ներկայացնեն Ղարաբաղը բանակցություններում։ Դրանից հետո Հայաստանի նախագահին մնում էր անել մեկ բան. հայտարարել, որ իրավիճակը փոխվել է, ԼՂՀ-ն ուզում է մասնակցել բանակցություններին և ինքնուրույն ներկայացնել իր դիրքորոշումը։ Իսկ Հայաստանը դա այլևս չի անելու։ Սա կլիներ արժանապատիվ ելք ստեղծված իրավիճակից, նոր շեշտադրում կմտցներ կարգավորման գործընթացում և հնարավորություն կտար շտկումներ կատարել մադրիդյան սկզբունքների ձևակերպումներում։ Ցավոք, դա չարվեց։
-Սակայն Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ջանքեր են գործադրում ԼՂՀ-ին ակտիվացնելու ուղղությամբ։
-«Ջանքերի» կարիք չկա: Պետք է միայն անել վերոհիշյալ հայտարարությունը: Համանախագահները վերջին շրջանում ծուղակ են պատրաստել` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցություններին շրջանակային փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայաստանի իշխանությունները կարող են ծանր հարված հասցնել կարգավորման գործընթացին, եթե կուլ տան խայծը և գնան այդ ճանապարհով:
-ՀՅԴ-ն, օրինակ, պահանջում է արտգործնախարարի հրաժարականը` նրան դիտելով իբրև հիմնական մեղավոր հայ-թուրքական և ղարաբաղյան բանակցություններում:
- Արտգործնախարարի հրաժարականը ոչինչ չի փոխելու ո՛չ արտաքին քաղաքական, ո՛չ ներքին, ո՛չ էլ որևէ այլ հարցում։ Պաշտոնյաների փոփոխությունն ինքնանպատակ չպետք է լինի: Անհրաժեշտ է մոտեցումների ու որոշումների ընդունման մեխանիզմների արմատական փոփոխություն:
Եթե սա արվի, և հետագայում ղարաբաղյան հարցում մեր քաղաքականությունը դրվի լուրջ մշակումների հիմքի վրա, փորձագետներն ամեն օր համակարգված աշխատեն, ես որևէ խնդիր չեմ տեսնում հիմնահարցի արդար կարգավորման առումով։ 21-րդ դարում առանց մասնագիտական կառույցների համակարգված ու ամենօրյա աշխատանքի որևէ լուրջ հարցի լուծման հասնելը բացառված է։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ