Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՈՒզո՞ւմ են, արդյոք, ռուսները պատերազմ

ՈՒզո՞ւմ են, արդյոք, ռուսները պատերազմ
11.08.2009 | 00:00

ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՎԱՆՏՅՈՒՐԱ
Բոլորս, իհարկե, հիշում ենք խորհրդային տարիների հայտնի «Хотят ли русские войны?» երգն ու այդ կապակցությամբ հայտնի անեկդոտը, երբ խորհրդային բանակի կարմիր դրոշակակիր հայտնի համույթը, իբրև կրկներգ, երգում էր` «Хотят, хотят, хотят»։ Կատակը` կատակ, բայց այսօր ինչպես երգը, այնպես էլ հայտնի անեկդոտը դարձել են արդիական և նույնիսկ` չարագույժ։
Ամառային արձակուրդներից վերադառնալով` Ռուսաստանի Պետդուման առաջին հերթին քննարկեց և ընդունեց պաշտպանության մասին օրենքում նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկած փոփոխությունները։ Դրանց համաձայն` հստակեցվել է այն դեպքերի ցանկը, երբ զինված ուժերի գլխավոր հրամանատարը, առանց պատերազմ հայտարարելու, կարող է զորքեր ուղարկել այլ երկրներ։ Ավելին, այժմ նա այդ բանը կարող է անել առանց Դաշնության խորհրդի նախնական համաձայնության։ Դեռևս Սոչիում հանգստանալիս` Ռուսաստանի նախագահը պարզաբանեց, որ այս նախաձեռնությունը պայմանավորված է ռուս-վրացական պատերազմով, և անհրաժեշտ է դարձել կանոնակարգել ռազմական ուժի կիրառման դեպքերը երկրի սահմաններից դուրս։ Եվ թեկուզ առաջարկված փոփոխությունների ձևակերպումները լղոզված են ու չմանրամասնված, այնուհանդերձ, շատ հետաքրքիր են և բազմանշանակ։ Նկատի ունենալով, որ Ռուսաստանն այսօր իր աշխարհաքաղաքական հավակնություններով կողմնորոշված է դեպի նախկին ԽՍՀՄ շրջանակը, Կրեմլի այս նախաձեռնությունը յուրօրինակ իմաստ է ձեռք բերում` պահանջելով համարժեք արձագանք։ Այսպիսով, Ռուսաստանի պաշտպանության մասին օրենքով այժմ ավելի մեծ հնարավորություններ կան սկսելու «կանխարգելիչ ռազմական գործողություններ», չսպասելով հակառակ կողմի հարվածին և նույնիսկ առանց պատերազմ հայտարարելու։ Այդպիսի գործողության դիմելու կոնկրետ դեպքեր են դիտարկվում Ռուսաստանի զինված ուժերի և այլ զորամիավորումների վրա հարձակումը կանխելը, անգամ եթե այդ զորամիավորումները տեղակայված են երկրի սահմաններից դուրս (ասենք` Տաջիկստանում, Ղրղզստանում կամ այլուր), ինչպես նաև այլ պետության նկատմամբ ագրեսիան կանխելու, Ռուսաստանի քաղաքացիներին արտասահմանում պաշտպանելու, ծովահենության դեմ պայքարի կամ նավարկության անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվան այժմ կարող է դիմել կանխարգելիչ գործողությունների։
Եթե անդրադառնալու լինենք թվարկված կոնկրետ դեպքերին առանձին-առանձին, ապա մեկնաբանության հնարավորությունները չափազանց լայն են։ Այդ իսկ պատճառով ներողամտություն ենք հայցում, որ միգուցե որոշ իրավիճակների նկարագրությունն առաջին հայացքից թվա անհեթեթ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, մեր խառը ժամանակներում իրականությունից և տրամաբանությունից կտրված ծրագրերն էլ ինչ-որ մեկի կամքով հանկարծ դառնում են իրականություն։ Եվ այսպես, առաջին դեպքը, երբ կարող են կանխարգելիչ գործողություններ կիրառվել ՌԴ զինված ուժերի կամ ռուսական այլ զորքերի հարձակման պարագայում, որոնք տեղակայված են երկրի սահմաններից դուրս։ Այս պարագայում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «այլ զորքեր» տերմինը։ Ասենք, եթե ռուսական ռազմածովային ուժերի զինծառայողին վիրավորեն Սևաստոպոլում, կարո՞ղ է Ռուսաստանը զորքեր մտցնել Ղրիմ։ (Միաժամանակ բոլորս հիշում ենք ռուսական զինվորականների և ոչ անհայտ հայկական օլիգարխի թիկնապահների միջև Հայաստանում տեղի ունեցած միջադեպը, իսկ նման դեպքերը բացառություն չեն ամենուրեք)։ Ավելին` եթե ռուսներին թվա, որ Հայաստանում կամ Ղրղզստանում տեղակայված իրենց բազաներին, ռազմական ներկայացուցչություններին` որևէ երկրի դեսպանատանը, վտանգ է սպառնում, ապա պե՞տք է հասկանալ, որ դա կարող է դառնալ լայնածավալ ռազմական գործողությունների առիթ։ Ընդ որում, պաշտպանության օրենքում իրականացված փոփոխություններն ամրագրում են կանխարգելիչ հարված հասցնելու կամ միջամտության հնարավորությունը և, ինչպես հայտնի է, Բիշքեկում ընդդիմության կազմակերպած հուզումների ժամանակ ռուսական զինվորականները բերվել են մարտական պատրաստականության։
Հաջորդ պարագան, որ ենթադրում է կանխարգելիչ գործողություններ Ռուսաստանի զինված ուժերի կողմից, այլ պետության նկատմամբ ագրեսիայի հետմղումն է կամ դրա կանխարգելումը։ Հայերիս համար առայժմ պարզ չէ, թե արդյոք նոր մտցված այս դրույթը տարածվո՞ւմ է հայ-ադրբեջանական հակամարտության վրա, սակայն մտահոգիչ է «այլ պետություններ» ձևակերպումը։ Խոսքը ճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված պետությունների մասին է, արդյոք միայն նրա՞նց, ում հետ Ռուսաստանն ունի ռազմական փոխօգնության պայմանագիր, թե՞ սա ավելի լայն միջամտություն է ենթադրում։ Բացի այդ, ինչպե՞ս ապացուցել ագրեսիայի նախապատրաստման փաստը, ինչպիսի՞ ապացույցներ կարող է ներկայացնել Ռուսաստանը միջազգային հանրությանը, որ այս կամ այն, թեկուզ իրեն դաշնակից երկրում ռազմական միջամտության է դիմել, որովհետև այդ պետության նկատմամբ առկա էր ագրեսիայի վտանգը։ Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պարագայում Ռուսաստանը, ելնելով այդ կազմակերպության հիմնարար պայմանագրից, կարող է դիմել ռազմական միջամտության և կայունացնել իրավիճակը։ Բայց եթե, ասենք, Թուրքմենստանում առաջանում է վտանգ աֆղանական թալիբների կողմից, կարո՞ղ է դա դիտարկվել իբրև ռուսական ռազմական կոնտինգենտն այդ երկիր ուղարկելու պատճառ։
Մարդկային երևակայության համար ավելի լայն դռներ է բացում իրականացված փոփոխությունների հաջորդ դրույթը, որը ենթադրում է Ռուսաստանի ռազմական միջամտությունը` իր քաղաքացիներին պաշտպանելու համար։ Դարձյալ պարզ չէ, թե այս դեպքում Ռուսաստանը կարո՞ղ է հատուկ ջոկատ ուղարկել Թաիլանդ, ասենք, ոչ անհայտ Վիկտոր Բուտի հանձնումն ԱՄՆ-ին թույլ չտալու համար։ Արդյոք այս դրույթը տարածվո՞ւմ է արտասահմանում աշխատող ռուսաստանցիների վրա, մանավանդ եթե նկատի ունենանք ռուսական անձնագրեր բաժանելու հստակ քաղաքականությունը Ռուսաստանի սահմաններից դուրս, հատկապես ԱՊՀ երկրներում։ Այն դեպքում, երբ բազմաթիվ մարդիկ բուն Ռուսաստանում բյուրոկրատական և իրավական քաշքշուկների պատճառով չեն կարողանում անձնագրեր ստանալ, այլ երկրների քաղաքացիներին դա շատ հաճախ տրվում է պարզեցված կարգով, և հատկապես նախկին ԽՍՀՄ քաղաքացիներն են համապատասխանում այս նորմին։ ՈՒշադրության է արժանի և այն, որ ռուսական քաղաքական միջավայրում տարբեր քաղաքական գործիչներ վաղուց են հնչեցնում կոչեր` Ղրիմի բնակչությանը (և ոչ միայն նրանց) երկգլխանի արծվի զինանշանով ռուսական անձնագրեր հատկացնելու։ Համապատասխանաբար սա նշանակում է, որ Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանությունն արտասահմանում հազիվ թե դուր գա այլ պետություններին։
Ոչ պակաս արդիական է փոփոխությունների այն մասը, որն առնչվում է ծովահենության դեմ պայքարի և անվտանգ նավարկության ապահովման մտադրություններին։ Հասկանալի է, որ այս փոփոխությունն ընդունվել է Arctic Sea նավի հետ կապված վերջին իրադարձություններից հետո, երբ ռուսական բանակը մի քանի մարտական ռազմանավերով ու կատերներով, որոնում էր հիշյալ նավն Ատլանտյան օվկիանոսում և հետ գրավեց այն ծովահեններից Կաբո-Վերդե արշիպելագի շրջանում։ Եվ չնայած դրան, գործնականում բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները հայտարարեցին, որ նավն Իրան էր տեղափոխում ռուսական ժամանակակից C-300 հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչը հայտնաբերել էր իսրայելական «Մոսսադը»։ Եվ թեկուզ Ռուսաստանը շարունակում է հերքել այդ հանգամանքը, Իսրայելը որոշ ժամանակ անց հայտարարեց, թե Մոսկվայից կարողացել է պոկել խոստում վերոնշյալ հակաօդային պաշտպանության համակարգերն Իրանին չվաճառելու վերաբերյալ, իսկ Թել Ավիվն իր հերթին խոստացել է այլևս զենք չմատակարարել Վրաստանին։ Շատ փորձագետների գնահատմամբ` այս մութ պատմությունը բոլորովին չի տեղավորվում ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիաների շրջանակում։ Ծովահենության դեմ պայքար յուրաքանչյուր պետություն կարող է մղել իր տարածքում, և Ռուսաստանի զինված ուժերը կարող էին այդ գործողության մեջ մտնել Կաբո Վերդեի համաձայնությամբ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն միայն։ Հենց այդ հիմքով է ռուսական ռազմածովային նավատորմը գործողություններ ծավալում Սոմալիի ափերի մոտ։ Հիմա Ռուսաստանն այդպիսի գործողությունների համար միակողմանի իրավական բազա է հաստատել։
Մինչդեռ ՄԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված կարևորագույն սկզբունքներից մեկը պարտավորեցնում է պետություններին լուծել միջազգային հարցերը խաղաղ միջոցներով։ Այդ կանոնադրությունը միայն երկու բացառություն է նախատեսում, երբ պետությունն ուժի է դիմում իր և կոլեկտիվ ինքնապաշտպանության համար` ի պատասխան մեկ այլ կողմի ռազմական ագրեսիայի։ Երկրորդ դեպքն այն է, երբ այդ քայլին պետությունը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ և նրա ղեկավարությամբ։ Ռուսական քաղաքական գործիչներն այժմ հաճախակի են հղումներ անում ամերիկյան փորձին և հայտարարում, որ իրենք էլ են պատրաստվում «խաղալ նույն կանոններով»։ Բայց դա տարօրինակ է հնչում ժամանակակից աշխարհում, եթե նկատի ունենանք, որ ամերիկացիների ամենևին էլ ոչ բոլոր գործողություններն է ողջունում միջազգային հանրությունը։ Հետևաբար, որքան արագ Պետդումայի պատգամավորները հիմնավորեն ռազմական միջամտության օրինականությունը, հատկապես այլ երկրների տարածքում, այնքան ավելի պարզ կդառնա, որ խոսքը վերաբերում է ռուսական նոր քաղաքականությանը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ։ Խնդիրն այն չէ, թե Ռուսաստանը հենց վաղը կարող է ռազմական ավանտյուրա սկսել, ասենք, Ղրիմի թերակղզին վերադարձնելու համար։ Պրոբլեմը միտումն է, որը կարելի է բնորոշել իբրև պատժիչ, և որն ավելի ու ավելի կայուն ձևեր է ընդունում Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Հարևանների համար այսպիսի «անհանգստացնող» փաստաթղթերի ընդունումից հետո նրանցից յուրաքանչյուրը կարող է հարց տալ, թե արդյո՞ք ավելի լավ պայմաններ են ստեղծվել հետխորհրդային տարածքում խաղաղություն հաստատելու առումով։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2097

Մեկնաբանություններ