2020-ի աշունը, ինչպես հին ու բարի ավանդույթ է Հայաստանում, նորից կանխատեսում են թեժ: Կարող էին չհիշեցնել՝ կյանքն ինքն է ուղղորդում: Կորոնակյանքն իր հետևանքներով: Փաստացի՝ նահանջ տարի 2020-ն անցնում է կորոնավիրուսի մռայլ խարանով: Թվերն աշխարհում շարունակում են աճել՝ նվազած տեմպերով, բայց ոչ նոր վարակներին է վերջ դրվել, ոչ մահերին: Վտանգ կա, որ Եվրոպայում սողում է երկրորդ ալիքը: Ռուսաստանը պատվաստանյութ է արտադրում ու վաղվանից սկսելու է պատվաստումները: 100 տոկոս երաշխիք, որ պատվաստվածները չեն հիվանդանա, չկա: Հակամարմինների կուտակումը օրգանիզմում հարաբերական է ու ժամանակավոր: Ինչպես՝ կորոնավիրուսով հիվանդացածների ու ապաքինվածների դեպքում: Եվ ուրեմն՝ ո՞վ սպանեց Մեռյալ ծովը: Հարցը հռետորական չէ, ոչ էլ փոխաբերական, ոչ էլ անկապ: Արդիական է, երբ Մեռյալ ծովը դիտարկում ես ոչ թե աղաջրով տաշտակ, այլ հասկացություն, որ բնութագրում է… Ի՞նչ կարող է բնութագրել Մեռյալ ծովը, որ իր ծանր ալիքներով ծփում է Սոդոմի ու Գոմորի վրա: Հիվանդություններ է բուժում ջրով ու տիղմով: Սա պարադոքս է: Եվ՝ ուրեմն՝ պարադոքս: Կամ՝ շերտատված պատմություն, որ փոխում է էությունը՝ «սպանվելուց» հետո: Եվ, ուրեմն, ո՞վ սպանեց Մեռյալ ծովը: Կամ՝ ո՞վ սկսեց Սոդոմն ու Գոմորը: Ինչու՞ Ղովտի կինը աղե արձան դարձավ:
Պանդեմիկ սեպտեմբերի 1-ը նման չէր ուսումնական տարեմուտի: Ավանդական ուղերձներում նույնիսկ չկար եռանդ ու լավատեսություն: Տարօրինակ ուղեցույցը, որ սահմանել է ԿԳՄՍ նախարարությունը, առկա ուսուցումը դարձնում են գրեթե անհնար: Գործնականում դասարանում պետք է լինի երկու ուսուցիչ՝ մեկը հետևի աշակերտների վարքագծին, մյուսը՝ ուսուցանի: Անհասկանալի է, թե ինչպես պետք է երեխաները դասամիջոց չանեն ու ըստ նախարարության պաշտոնյաների՝ մի քանի դասաժամ գամվեն նստարաններին: Հատկապես տարրական դասարաններում դա անհնարին է. իսկ եթե երեխան զուգարա՞ն է ուզում, ե՞րբ ու ինչպե՞ս է գնալու, կամ՝ սովա՞ծ է ու այլևս ի վիճակի չէ գիտության գրանիտը անշարժ նստած կրծե՞լ: Փոքրիկներին ստիպել մի քանի ժամ դիմակ կրել՝ ֆանտաստիկայի ժանրից է, նրանք սկսելու են խաղալ դիմակների հետ, և հերոս է այն ուսուցիչը, որ կարողանալու է դասավանդել:
Այն տպավորությունն է, որ նախարարությունում ոչ թե չեն պատկերացնում՝ ինչ են պարտադրում, այլ պարտադրում են, որ կարճ ժամանակից դպրոցներն անցնեն առցանց ուսուցման: Ինչու՞: Այդպես ավելի էժան է: Պետությունը գործնականում ոչինչ չի անում՝ ուսուցիչները վիրտուալ սովորեցնում են, աշակերտները՝ վիրտուալ սովորում, և ունենալու ենք վիրտուալ գիտելիքների պատրանք, ոչ թե գիտելիք: Սա դրվագ է ԿԳՄՍՆ-ի գործունեությունից:
Հայաստանի Հանրապետությունը 2020-ի աշուն է մտնում պետական կառավարման ակնհայտ ճգնաժամով: Նվազագույնը երկու նախարար՝ դատելով իրենց աշխատանքների արդյունքներից ու հետևանքներից, պետք է պաշտոնանկվեն, եթե վարչապետը համարժեք է ընկալում իրականությունը, ոչ թե խրվել է լայվային ու վիրտուալ կառավարման որոգայթում, որտեղ ամեն ինչ հարահոսի պես է՝ լայվ ու լայքեր կամ դիսլայքեր և վերջ՝ գործն արված է: Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը սավառնում է օդում ու օրըստօրե առավել է մարմնավորվում՝ նախարարը չի տիրապետում ոչ գիտության, ոչ կրթության, ոչ մշակույթի, ոչ էլ սպորտի ոլորտներում կատարվող իրադարձություններին: Նա սուպերնախարարությունը դարձրել է պետություն՝ պետության դեմ: Մամուլը գրում է՝ նրա հրաժարականի պահանջով նախապատրաստվում է հանրահավաք, որ ազդարարում են փողոցային բարձրախոսներով: Պահանջի հիմքում նախարարության մշակած չափորոշիչներն են, որոնց քննարկումն ի սկզբանե քաղաքականացվեց այնքան, որ հեռավոր հորիզոնում մնացին գիտությունն ու կրթությունը, դպրոցն ու աշակերտը, ուսուցման որակն ու նպատակը: Բայց այդ «ուղղորդմանը» անուրանալի ներդրում ունեցավ անձամբ նախարարը, որ իր եզակի հայտարարություններում սոսկ արձանագրեց՝ բոլորը ստում են, ամեն ինչ սուտ է, ճիշտը ինքն է, իր տեսակետները սակրալ են՝ անենթակա փոփոխության: Սա ֆենոմենալ դիրքորոշում է, որ չի կարող բացատրվել նույնիսկ հեղափոխությամբ ու «նախորդ, հանցավոր ռեժիմի դեմ» պայքարով:
Հենց դա է ատաղձ դառնում իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ու հասարակական ուժերի միավորման, փաստացի՝ իշխանությունը համախմբում է տարատեսակ ու բազմադեմ, բազմանպատակ ընդդիմությանը և նրանց տալիս հենակետ, հիմնարար ամբիոն, որտեղից հանրությանը կարող են դիմել հայկականության ու պետականության ամրապնդման իրենց հաստատակամությունը տեղ հասցնելու համար: Նույնիսկ կապ չունի՝ այդպես է, թե ոչ: Արայիկ Հարությունյանը հրաշալի քավության նոխազ է՝ իր վարած քաղաքականությամբ՝ դառնալու հասարակական դժգոհությունները կասեցնելու շանթարգել: Կպաշտպանի՞ նրան ՔՊ-ն, թե՞ կհանձնի: Հարցը դիտարկել այդ հարթությունում՝ նշանակում է անտեսել ոլորտները, որ իբր ղեկավարում է Արայիկ Հարությունյանը, և քաղաքական առևտրի առարկա դարձնել պետական կառավարման կարևորագույն ոլորտները, որտեղ այսօր սկսվում է վաղվա օրը: Ինքնին հասկանալի է, որ պետական կառավարումը քաղաքական գործընթաց է, բայց քաղաքական մեծամասնության պատանդը չէ: Վաղուց համոզիչ չէ հիմնավորումը, որ գերլեգիտիմ իշխանությունը իրավասու է միայնակ որոշումներ ընդունել ու իրագործել: Կառավարության կազմի փոփոխությունները ոչ թե թեական են, այլ անխուսափելի: Բայց՝ որևէ նախարարի փոփոխություն չի կարող լինել անձի փոփոխություն, ինչպես եղավ շրջակա միջավայրի նախարարի դեպքում, այլ պետք է դառնա վարվող քաղաքականության փոփոխություն: Սա լրջագույն փորձություն է ՔՊ-ի համար և ենթակա է առավել քան լրջագույն քննարկման ու որոշումների ընդունման:
Եթե Արայիկ Հարությունյանը հեռանում է և գալիս է մեկը, որ շարունակում է նրա սկսածը, աբսուրդը դուրս է գալիս սահմաններից ու դառնում սպառնալիք: Նույն վիճակն է առողջապահության նախարարությունում՝ անակնկալ արձակուրդված Արսեն Թորոսյանը վաղուց պատիժ է համակարգին՝ նրա «բարեփոխումները», որ իբր նպատակ ունեն արդյունավետ դարձնել կառավարումը, վերածվել են հիվանդանոցներ փակելու մրցավազքի՝ հաշվի չառնելով իրավիճակը, պայմաններն ու հնարավորությունները:
Արայիկ Հարությունյանի պես անհասկանալի է Արսեն Թորոսյանի ֆենոմենը՝ նա ձախողեց կորոնավարակի դեմ պայքարը, բայց ինքն իրեն համարում է կորոնավարակին հաղթած նախարար՝ չնայած վարակվածների ու մահացածների ռեկորդային թվերին:
Օգոստոսին հրապարակվեցին COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ծախսերը՝ հանրագումարում 9.381.975.858: Ծախսերն ընդամենը նշում են ուղղություններ ու թվեր՝ առանց բացվածքի: Համադրելով թվերն ու իրականությունը՝ կամ ծախսերը չեն կատարվել, կամ սխալ են կատարվել: Համենայն դեպս, սխալ սկզբունքով՝ հիվանդանոցում չհայտնված հիվանդներին են պարտադրվել իրենց բուժման բոլոր ծախսերը՝ հետազոտությունից դեղեր: Հայաստանում ոչ ոք պատկերացում չունի կորոնավիրուսով վարակվածների, ապաքինվածների կամ դեռ վարակակիրների իրական թվի մասին, COVID-19-ի դեմ միակ պայքարը վերածվեց համատարած դիմակապարտադրման: Առողջապահության նախարարությունը պատկերացում չունի, եթե ունի, չի հրապարակում հաշվարկները՝ այնքա՞ն մարդ է վարակվել, որ կարողանանք ընդհանրական իմունիտետ արձանագրել: COVID-19-ի պիկն անցե՞լ ենք, երկրորդ ալիք չի՞ լինելու: Վերջապես՝ ե՞րբ կարող ենք ձերբազատվել COVID-19-ից: Չհաշված վերջինը, մյուս հարցերի պատասխանները այլ երկրներում տալիս են ոչ թե նախագահները, վարչապետերը և առողջապահության նախարարները, այլ COVID-19-ի դեմ պայքարի համար ստեղծված պետական խորհուրդները, որոնց որոշումներն էլ դրվում են պետության քաղաքականության հիմքում: Հայաստանում խորհուրդ չստեղծվեց, ստեղծվեց պարետատուն, «պայքարը» կենտրոնացավ 3 անձանց՝ վարչապետի, պարետի ու նախարարի ձեռքում, նրանցից ոչ մեկը վարակաբան չէ: Իմա՝ մասնագետ: Իմա՝ դիլետանտների եռյակը որոշում է մեր ճակատագիրը՝ անպատասխանատվության եռանկյունու մեջ: Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալիքներ տեղալ կոռուպցիայի դեմ, բայց բացառված չէ, որ կոռուպցիոներներ են նաև իր նախարարները՝ կոռուպցիա հասկացությունը ներառում է նաև հովանավորչություն: Իսկ Արսեն Թորոսյանի նշանակումների ու պետական միջոցների բաշխումների թիկունքում միշտ կան հարցականներ, որ տրամաբանական պատասխան չունեն: Մեր Մեռյալ ծովը շարունակում է ծփալ իր ծանր ալիքներով, ու ոչ ոք չի խեղդվում՝ Մեռյալ ծովն այնքան աղի է, որ հնարավոր չէ ջրի տակն անցնել: Նույնիսկ Մեռյալ ծովը կարող է վերանալ՝ իրական բնապահպանները, որ վարձավճարով չեն աշխատում ինչպես հայկական Ամուլսարի շրջակայքում, հաստատում են, որ Մեռյալ ծովը աննահանջ կորցնում է ափերը ու մի օր կարող է վերածվել ճահճուտի՝ գոլորշիացման պատճառով ու անկասելի գործընթացների, որոնց պատճառները գիտնականները չգիտեն: Քաղաքականության մեջ այդ գործընթացները ավելի արագ են, գիտական բացատրությունների ու հիմնավորումների խիստ անհրաժեշտության չեն ենթարկվում: Փիլիսոփայությունը կարող է չհասցնել իմաստավորել ու զարգացման բանաձևեր տալ դարաշրջանի ու կոնկրետ ժամանակի ընթացքին, սովորաբար քաղաքականությունը գործում է ավելի անպատասխանատու ու արագ՝ փաստի առաջ դնելով հասարակությանը: Փաստացի՝ խոսքը երկու ձախողակ նախարարների մասին չէ, այլ կառավարման ուղղության և մեծ անհամապատասխանության, որ գոյացել է հռչակված գաղափարների ու այդ գաղափարների իրականացման ձևերի ու մեթոդների միջև: Բնավ կարևոր չէ՝ ո՞վ կլինի ԿԳՄՍ նախարար՝ Արայիկ Հարությունյա՞նը, թե Հարություն Արայիկյա՞նը, ո՞վ կլինի առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյա՞նը, թե՞ Թորոս Արսենյանը, կարևորը կառավարության գործունեության ուղենիշերն ու չափորոշիչներն են: Եվ այն գիտակցությունը, որ նույնիսկ գերլեգիտիմ իշխանությունը իրավունք չունի մասնագետների ու հանրության հետ չքննարկված որոշումներ կայացնել ու պարտադրել՝ հիմք ընդունելով ընտրություններում իրեն տրված ձայների թիվը: Դա 2018-ին էր, այսօր 2020-ն է: Ամեն ինչ փոխվում է՝ նույն գետը, անգամ ծովը, անգամ Մեռյալ ծովը, երկու անգամ չես մտնի: Եթե Նիկոլ Փաշինյանը չունի իրավիճակի փոփոխության ոչ քաղաքական, ոչ էլ բնազդային-ինքնապահպանական ընկալում, որ պահանջում է կառավարման համակարգի բովանդակային փոփոխություն, Մեռյալ ծովը արագ գոլորշիանալու է: Մինչև այսօր մենք տեսել ենք բազմաձև պոպուլիզմ, բուն հայկական իրականությանը անտեղյակություն, պայմաններին ու հնարավորություններին անհամարժեք լուծումներ, որ ինչ-որ առանձնասենյակներում հնարվել ու ներկայացվել են իբրև ավետարանական ճշմարտություններ, որ ենթակա չեն բեկման: Մեր ինքնահռչակ «Հիսուսը» բնավ պատրաստ չէ մարդկության մեղքերը քավելուն, նույնիսկ՝ սեփական ու յուրայինների, որ 12 առաքյալների դերում ակնհայտորեն չեն կայանում: Մի քանի բացառություններով՝ հավակնում են ավելի շատ Սինեդրիոնի, քան Հիսուսի կամքը կատարելուն: Հասարակությունն իրեն հրաշալի է զգում իբրև Պոնտացի Պիղատոս, որ լվաց ձեռքերն ու որոշումը թողեց ժողովրդին: Ժողովուրդը ճիշտ որոշումներ ընդունելու կարողությունը չի ապացուցել 2020 տարի, ու՝ ոչ միայն Հայաստանում: Եվ ուրեմն՝ ո՞վ սպանեց Մեռյալ ծովը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հասարակական քննարկումների առանցքում, ինչպես ավանդույթ է, ընդդիմության միավորումն ու իշխանության դեմ պայքարի հաջողության ուղիներ գտնելն է: Իշխանությունը, ինչպես ավանդույթ է, ամեն ինչ անում է ընդդիմության հաջողության համար: Նախկին նախագահները, որ նաև վարչապետ են եղել, ասուլիսներ ու հարցազրույցներ են տալիս՝ նույն հասցեով հավատարմության երդումներով, նորահայտ ընդդիմադիրները արտահերթ ընտրություն են խոստանում՝ լուրջ կեցվածքով: Ոչ ոք իրեն չի հարցնում՝ իսկ հետո՞: ՈՒ՝ ծփում է Մեռյալ ծովը ծանր ալիքներով, որոնց տակ սպանության գաղտնիքն է: Ողջ լերուք: Բարի աշուն ձեզ: