Ուկրաինայի ու Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականների միջև հայտնվել է հրադադարի նոր համաձայնագիր՝ հարուցելով բազում կասկածներ՝ գրում է Բերնհարդ Կլազենը Die Tageszeitung-ում:
Նոր հրադադարը Ուկրաինայի արևելքում համաձայնեցված է, այսպես կոչված, եռակողմ շփման խմբի հետ: Բայց, Միացյալ ուժերի ուկրաինացի հրամանատար Վլադիմիր Կրավչենկոյի խոսքով՝ առավոտյան՝ մի քանի ժամ անց հրադադարն արդեն խախտվեց Ռուսաստանի աջակցությունն ունեցող անջատականների կողմից: Ճակատի հատվածներից մեկում հրանոթային կրակ է եղել անջատականների կողմից՝ ասել է Կրավչենկոն: Մարտական գործողություններ են եղել և հրադադարի նախօրեին: Ընդհանուր առմամբ՝ հանգստյան օրերին անջատողականները կրակ են բացել ուկրաինական զինված ուժերի վրա 15 անգամ՝ հաղորդել է Ուկրաինայի բանակի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մեկ զինվոր վիրավորվել է: Ուկրաինայի ՊՆ-ն հատկապես անհանգստացած է ականներով, որոնցով «ժողովրդական հանրապետությունները» գնդակոծում են ուկրաինական կողմին՝ ականները կարող են պայթել մի քանի օրից և այդ դեպքում Ուկրաինայի վերահսկած տարածքում պայթյունից կարող է թվալ, որ հրադադարի ռեժիմը խախտում է ուկրաինական կողմը: «Ժողովրդական հանրապետությունները» մեղադրում են ուկրաինական բանակին զենքի կիրառման մեջ հրադադարի հաստատումից առաջ: Որ նոր հրադադարը իրոք կգործի, Ուկրաինայում հազիվ թե հավատում են: «2014-ից հրադարարը համաձայնեցվել է համարյա 50 անգամ»՝ TAZ-ին ասել է քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն: Ամեն անգամ տևել է առավելագույնը երկու օր: Այնուամենայնիվ, նրա խոսքով, նոր հրադադարն առաջին անգամ ներառում է վերահսկողության կոնկրետ մեխանիզմներ՝ կողմերը պարտավորվել են կարգապահական միջոցներ կիրառել հրադադարը խախտողների նկատմամբ: «Սակայն՝ կոնկրետ ով պետք է իրականացնի այդ կարգապահական պատժամիջոցները, հրադադարի պահպանման համաձայնագրում, ցավոք, չի նշվում»՝ ասել է Ֆեսենկոն: Նա ենթադրում է, որ հրադադարի դեմ առաջին հերթին կբողոքեն նախկին նախագահ Պորոշենկոյի մարդիկ ու նրա շրջապատում եղածները: Հրադադարի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո դեմ արտահայտվեց «Ձախ սեկտորի» նախկին ղեկավար Դմիտրի Յարոշը: «Նախկին իշխանության օրոք նույնպես մեզ փորձում էին «խաղաղություն պարտադրել» ահաբեկիչների ու օկուպանտների հետ,-՝ մեջբերել է Յարոշին «Обозреватель»-ը: -Կրեմլի առաջ կապիտուլյացիան մեր երկրի մահն է»:
Բերնհարդ Կլազեն,Tageszeitung
Հ.Գ. Հետաքրքիր է, թե ինչով է հրադադարը կապիտուլյացիա: Գործնականում՝ սա Էմանուել Մակրոնի ծրագիրն է, որին դեմ չէ և Անգելա Մերկելը: Հրադադարը հայտարարվել է Պուտինի ու Զելենսկու հեռախոսազրույցից հետո, ենթադրվում է, որ հենց այդ խոսակցության ժամանակ էլ սահմանվել են պայմանները ու խախտման մեխանիզմները: Եթե հրադադարը պահպանվի, ճանապարհ կբացի նորմանդական քառյակի նոր հանդիպման՝ օրակարգում ունենալով ընտրությունները ու մեծ համաձայնագիրը, որով կարող է վերանալ Եվրոպայի տարածքում այս կոնֆլիկտը: Գուցե դրանից հետո Եվրոպան, ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի նախագահը հայացքն ուղղի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ