Հայ-ադրբեջանական սահմանին, Թովուզի շրջանում հրանոթային կրակի օգտագործումով մարտական բախումներից հետո սկզբում հաղորդվեց ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու մասին, սակայն հետո հայտարարվեց, որ նիստը հետաձգվել է «միջոցառման ձևաչափի որոշման համար», ավելի ստույգ՝ իրավիճակը հանգամանալից ուսումնասիրելու:
Եթե առաջնորդվենք դրույթով՝ իբր Ադրբեջանը վճռել է Հայաստանի դեմ ագրեսիայի ակտ կատարել, ՀԱՊԿ-ը պարտավոր է արձագանքել: Սակայն պատկերացնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման ակցիայի համաձայնություն է տվել՝ զոհելով օրինակելի արտաքին քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում՝ ներառյալ նախագահների բարեկամական կապերը, անհնար է: Խոսք կարող է լինել որոշակի զինված միջադեպի մասին սահմանին, որ չգիտես ինչու վերաճել է ավելի մասշտաբային ռազմական դիմակայության Բաքվի ու Երևանի միջև: Դա է հանելուկը: Եթե մտածենք պատմական անալոգիաներով՝ 2016-ին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան պատերազմի սկզբին նախորդեցին ռազմական բախումներ 2015-ի սեպտեմբերին Թովուզի շրջանում: Այդ պատճառով չի կարելի բացառել, որ հայկական կողմը, գնալով սրման Ադրբեջանի հետ սահմանին՝ ձեռնարկել է նախազգուշական գործողություններ: Կասկածել Երևանին, որ մտադիր է վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական ևս մեկ շրջան, հիմարություն է: Առավելևս, որ երբ Ալիևը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցությունների հեռանկարի կորստի մասին, նույնիսկ սպառնաց հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ծառայություններից, իսկ Բաքվում ավելի բարձր սկսեցին հնչել ռազմական ռևանշի կոչերը, մեծանում էր Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկզբի հավանականությունը, բայց ոչ ադրբեջանահայկական սահմանի երկայնքով: Եթե իրավիճակը գնահատենք այդ տեսակետից, Հայաստանը, հարուցելով համաշխարհային հանրության, ԵՄ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների համապատասխան արձագանքը իրադարձություններին, որ կոչ են անում հրաժարվել կոնֆլիկտի կարգավորման ուժային տարբերակից և բացառապես խաղաղ դիվանագիտական ճանապարհով գործել, շահեց այս պարտիան՝ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղին:
Ստեղծված միջազգային պայմաններում 2016-ի ապրիլի քառօրյա պատերազմի կրկնությունը այդքան ուժերի և ծանր սպառազինության ներգրավումով սակավ հավանական է: Իսկ ի՞նչն է հավանական: Ինչպես 2016-ի ապրիլին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրներից միայն Մոսկվան առաջարկեց միջնորդական ջանքեր Բաքվի ու Երևանի միջադեպի կարգավորման համար: Այն օրերին գործընթացին միացել էր ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլև՝ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ քիչ չարեց Սանկտ Պետերբուրգի համաձայնության համար, որը նախատեսում էր հակամարտող կողմերի շփման գծում ստեղծել մոնիտորինգի և միջազգային դիտորդների համակարգ: Բայց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համատեղ ջանքերով ամեն ինչ արգելակվեց, որ Մոսկվան ընդունեց իբրև «ընդհանուր հրաժարում ռուսական էքսկլյուզիվ աջակցությունից»: Հիմա իրավիճակը սկսում է փոխվել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ընդունելով փաստը, որ Ալիևի ու Փաշինյանի միջև հաստատված ուղիղ կապի ալիքը չի գործում, կողմերին կոչ անելով «որքան հնարավոր է շուտ վերականգնել առարկայական բանակցությունները», սկսեցին ընդգծել «ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարևորությունը տարածաշրջան, հենց թույլ տան հանգամանքները»: Այլ կերպ ասած՝ նրանք մտադիր են վերադարձնել բանակցային գործընթացը մադրիդյան բազային դրույթների սկզբունքներին, որոնցից Ալիևն ու Փաշինյանը միասին խուսափեցին: Մոսկվան պետք է Բաքվին ու Երևանին զրկի իրենց խաղաքարտերը գաղտնի խաղարկելուց, կոշտ պայմաններ դնելով, որ նախևառաջ բխում են ռուսական ազգային շահերից: Դա առաջին: Եվ երկրորդ՝ ռուսական դիվանագիտությունը պետք է ելակետ ունենա անհրաժեշտությունը՝ թույլ չտալ հայկական ու ադրբեջանական խաղաքարտը երրորդ ուժերը խաղարկեն: Առայժմ ադրբեջանահայկական սահմանին պահպանվում է լարված իրավիճակ, կողմերը շարունակում են քաղաքական «սիրալիրությունների» փոխանակումը: Թեպետ այսօր ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը մեծ պատերազմի լրջորեն պատրաստ չեն, իսկ կոնֆլիկտի «սառեցումը» տարբեր պատճառներով ձեռնտու է բոլոր կողմերին:
Ստանիսլավ Տարասով, ИА REGNUM
Հ.Գ. Այսքան սուտ միանգամից դժվար է պատկերացնել, և սա ոչ այնքան ռուսական փորձագիտական, որքան պաշտոնական տեսակետն է: Ամենասկզբից՝ բախումը սկսվել է Հայաստանի Տավուշի մարզի վրա ադրբեջանցիների կրակով, որի մասին ոչ մի խոսք չկա, և դա ինքնին հասկանալի է՝ Մոսկվային ձեռնտու է հավատալ, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նման ակցիայի համաձայնություն է տվել՝ զոհելով օրինակելի արտաքին քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում՝ ներառյալ նախագահների բարեկամական կապերը, անհնար է»: Իմա՝ ընդգծվում է Պուտին-Ալիև ընկերական-բարեկամական, քաղաքական կապը: Շատ հմտորեն բացատրվում է, որ ՀԱՊԿ-ի վրա հույս չդնեք, որովհետև մենք համոզված չենք, որ դուք չեք հարձակվել, այլ ձեզ վրա են հարձակվել: Հայաստանին վերագրելով նախահարձակ լինելը՝ դավադրության ամբողջ տեսություն է ներկայացվում, որ Հայաստանը կրակը վերցնում է իր վրա, որ Ադրբեջանը նորից չհարձակվի Արցախի վրա: Եթե իրոք կա Պուտին-Ալիև ընկերական կապը և եթե իրոք Մոսկվան պատերազմ չի ցանկանում, Պուտինը ընկերոջը ասելու է՝ գնա, կրակի, ինքան կուզե՞ս: Իրականությանը չի համապատասխանում. որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քիչ չարեց Սանկտ Պետերբուրգի համաձայնության համար, որը նախատեսում էր հակամարտող կողմերի շփման գծում ստեղծվի մոնիտորինգի և միջազգային դիտորդների համակարգ»: Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը նախորդել էր Վիեննայի հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ ու հենց Վիեննայում են ձեռքբերել շփման գծի մոնիտորինգի պայմանավորվածությունները, որոնցից Բաքուն հրաժարվեց, որը պետք չէր և Մոսկվային, որ ուզում էր տարածաշրանում ռուս խաղաղապահներ տեղակայել, ինչին դեմ է Իրանը: Ուստի բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որ դա «ռուսական էքսկլյուզիվ աջակցություն» էր, կամ էլ կողմերի համատեղ հրաժարականը հենց Մոսկվայի կամքը չէր: Բայց ամենավտանգավորը բաց հայտարարությունն է. «Մոսկվան պետք է Բաքվին ու Երևանին զրկի իրենց խաղաքարտերը գաղտնի խաղարկելուց, կոշտ պայմաններ դնելով, որ նախևառաջ բխում են ռուսական ազգային շահերից: Դա առաջին: Եվ երկրորդ՝ ռուսական դիվանագիտությունը պետք է ելակետ ունենա անհրաժեշտությունը՝ թույլ չտալ հայկական ու ադրբեջանական խաղաքարտը երրորդ ուժերը խաղարկեն»: Ո՞ր երրորդ ուժերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, թե՞ Թուրքիան, որի գերագրեսիվ պահվածքի ու հայտարարությունների մասին ոչ մի խոսք չկա, մինչդեռ Անկարան հենց երեկ հաղորդեց, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերել, Մոսկվան չի հաստատում, բայց և չի հերքում: Փաստացի՝ ունենք իրավիճակ, երբ Մոսկվային ձեռնտու է ոչ թե Արցախի հարցի լուծումը, այլ սառեցումը, և Մոսկվան դիվանագիտական ալիքներով փակում է Փարիզի ու Վաշինգտոնի միջամտության ճանապարհը՝ տարածաշրջանը հայտարարելով իր ազդեցության գոտի: Իսկ Հայաստանում Մոսկվան ամեն կերպ փորձում է հասնել հերթական իշխանափոխության, որից հետո հեշտությամբ առաջ կտանի իր «ազգային շահերը», որ ավելի շատ համընկնում են Ադրբեջանի, քան Հայաստանի ազգային շահերին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ