Հուլիսի 6-ի երեկոյան Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերը հայտարարեց կառավարության նոր կազմը՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ: Ամենանշանակալից փոփոխությունը ՆԳՆ-ի նախարար Քրիստոֆ Կաստաների փոխարեն նշանակվել է Ժերալդ Դարմանենը, որ մինչ այդ բյուջեի նախարարն էր: Նոր կառավարությունը ունի 31 նախարար (17 տղամարդ և 14 կին):
Արդարադատության նախարար է նշանակվել Էրիկ Դյուպոն-Մորետին՝ Ջուլիան Ասանժի փաստաբանը Ֆրանսիայում: ՊՆ նախարար է մնացել Ֆլորանս Պառլին: Եվրոպայի և ԱԳ նախարարությունը կշարունակի գլխավորել Ժան Իվ Լե Դրիանը: Էկոնոմիկայի նախարար է մնացել Բրյունո Լե Մերը: Ազգային կրթության և երիտասարդության նախարարի պորտֆելը պահպանել է Ժան-Միշել Բլանկերը: Պորտֆելը պահպանել է և բարձրագույն կրթության, հետազոտությունների ու իննովացիաների նախարար Ֆրեդերիկ Վիդալը: Համերաշխության և առողջապահության նախարար է մնացել փետրվարին նշանակված Օլիվիե Վերանը: Մշակույթի նախարարությունը գլխավորել է Ռոզլին Բաշլոն (բազմիցս նախարար է եղել նախագահներ Շիրակի ու Սարկոզիի կառավարություններում): Աշխատանքի նախարար է նշանակվել Էլիզաբեթ Բորնը (տրանսպորտի նախկին նախարարը): Գյուղատնտեսության և պարենի նախարար է նշանակվել Ժյուլիեն Դենորմանդին (քաղաքների և բնակտնտեսության նախկին նախարարը): Բնապահպանական անցման նախարար է դարձել Բարբարա Պոմպիլին: Բարեփոխումների և պետական ծառայության նոր նախարարության նախարար է նշանակվել Ամելի դե Մոնշալենը (աշխատել է ԱԳՆ-ի եվրոպական գործերով պետքարտուղար): Տարածքների կառավարման և տարածքային հաղորդակցության նախարարի պորտֆելը պահպանել է Ժակլին Գուրոն: Անդրծովյան տարածքների նախարար է դարձել Սեբաստիան Լեկորնոն (տեղական ինքնակառավարման նախկին նախարարը): Ծովային տնտեսության և տրանսպորտի նոր ստեղծված նախարարության նախարար է նշանակվել Անիկ Ժիրարդենը, որ անդրծովյան տարածքների նախարարն էր: Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել 31-ամյա Գաբրիել Ատալը: Նա կառավարության ամենաերիտասարդ անդամն է: Խորհրդարանի հետ կապերի նախարար է մնացել Մարկ Ֆենոն: ԱԳՆ-ի արտաքին առևտրի (ներդրումային) գրավչության պատասխանատու նախարար է Ֆրանկ Ռիստերը: Ազգային կրթության և երիտասարդության նախարարությունում սպորտի պատասխանատու նախարար է մնացել Ռոքսանա Մարասինյանյուն: Le Figaro-ն գրել է, որ նոր կառավարության կազմում 8 նոր նախարար կա, 5 նախարար կորցրել է պորտֆելը: Ամենանկատելի ՙբացական՚ Մակրոնի մերձավոր զինակից, ՆԳՆ նախկին նախարար Քրիստոֆ Կաստաներն է: Նրանից բացի՝ հեռացել է վառ, բայց հաճախ բանավեճեր հարուցող Սիբետ Նդիայը, որ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչն էր: Իսկ նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպին հուլիսի 3-ին փոխարինեց Ժան Կաստեքսը:
RFI
Հ.Գ. Ինքնին հասկանալի է, որ 31 ֆրանսիացիների անուններն առանձնապես ոչինչ չեն ասում, կարևորը ոչ թե նախարարների անուններն են, այլ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: Եվ բնավ կապ չունի ոչ երկրի տարածքը, ոչ բնակչության թիվը, ոչ էլ անգամ կառավարման մոդելը, կապ ունի կառավարության կառուցվածքը՝ արդյունավետության տեսակետից ոլորտային բաժանումները, նոր նախարարությունների ստեղծումը՝ ճգնաժամից արագ ու հնարավորինս անկորուստ դուրս գալու համար: Ֆրանսիացիներից դա կարող ենք սովորել, եթե, իհարկե, նման նպատակ ունենք:
Իսկ նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 14-ին՝ ազգային տոնի, Բաստիլի գրավման օրը ուղերձով կդիմի ազգին՝ ուղենշելու իր քաղաքականության հիմնական ուղղությունները: Եվ դա կլինի առաջին անգամ, որովհետև Մակրոնն ինքն էր 2017-ին հրաժարվել Ժիսկար դե Էստենի օրոք սահմանված ավանդույթից: Ելիսեյան պալատից France-Presse-ին ասել են, որ նախագահի ելույթը հավանաբար հեռուստատեսային հարցազրույցի տեսքով, նրանից հետո առաջին ծրագրային հայտարարությունը կանի վարչապետ Ժան Կաստեքսը: Հուլիսի 5-ին իր թվիթերում Մակրոնը գրել էր. «Նախագիծը, որ ես բերեցի 2017-ին, որով ֆրանսիացիներն ինձ ընտրեցին, մնում է իմ քաղաքականության կենտրոնում: Բայց այդ ծրագիրը պետք է հարմարեցվի միջազգայինցնցումներին ու այն ճգնաժամերին, որ մենք այսօր ապրում ենք, նոր ճանապարհ պիտի ուրվագծվի՚: Մակրոնին մնացել է համարյա երկու տարի:
Ռազմական շքերթին մասնակցության ավանդույթը նա չի փոխել: Բայց այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ռազմական շքերթը կանցնի կարճ ծրագրով: Համաձայնության հրապարակում կլինեն շքերթի 2000 մասնակիցներ ու 2500 հյուրեր: Հատուկ շնորհակալություն կհայտնվի բուժաշխատողներին ու բոլորին, որ պայքարում են Covid-19-ի դեմ՝ ներառյալ զինվորականներին: Եվրոպական համերաշխության դրսևորման համար շքերթին հրավիրված են 4 երկրների, որ ընդունել են ֆրանսիացի պացիենտներին, առողջապահության նախարարներ՝ Գերմանիայի, Շվեյցարիայի, Լյուքսեմբուրգի ու Ավստրիայի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ