Տունտունի՞կ, թե՞ պետությունիկ
21.04.2020 | 00:10
Հենց պետությունիկ, որովհետև ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ այսպես չի լինում ու այսպես չի վերաբերվում ինքն իր որոշումներին, ինքն իր առողջությանը ու ինքն իրեն:
Պարետը հայտարարում է կարանտին, տեղաշարժի սահմանափակումներ՝ պանդեմիայի տարածման կանխման համար: Քանի՞ մարդ է Երևանում առանց անհրաժեշտության փողոց դուրս գալիս: Բնակչության կեսից ավելին: Անկախ տարիքից: Ի՞նչ են անում ոստիկանները: Առանց դիմակի ու առանց ձեռնոցների շրջում են փողոցներում ու… մի քանի կարգազանցներ, որ ալարել են ձևաթուղթ լրացնել կամ անձնագիրն են մոռացել, ձևի համար տուգանվում են: Թվեր են պետք պարետատանը: Ի՞նչ է սոցիալական տարածությունը: Ոչ ոք չգիտի կամ չի ուզում իմանալ: Ինչու՞ պետությունը իր որոշումների կատարմանը չի հետևում: Առաջին՝ պետությունը ընդունել է, որ չի կարողանում իր պահանջների կատարմանը հասնել ու ձեռքը թափ է տվել՝ ինչ լինում է, լինելու է: Երկրորդ՝ ապավինում է շվեդական մոդելին՝ թող վարակվեն բոլորը, որ ձևավորվի կոլեկտիվ իմունիտետ, ու կորոնավարակը ինքն իրեն սպառի: Երրորդ տարբերակն էլ կա՝ գործում է ինքնաբերաբար՝ քայլում է վիրուսի հետքերով. որտեղ բռնեց, բռնեց, չբռնեց, ինքն է բռնվելու: Դա հակասում է ոչ միայն տրամաբանությանը, այլև վարչապետի հայտարարություններին: Օրինակ, որ «Կառավարության ռազմավարական խնդիրն է այնպես անել, որ վարակվածների թիվը լինի հնարավորինս քիչ և առողջապահական համակարգի համար տանելի»՝ ինչպես ապրիլի 17-ին ազդարարվեց բոլորովին այլ պատճառներով պատմական դարձող ուղերձում: Նույն ուղերձում ազդարարվեց. «Մենք չենք կարող անվերջ փակված լինել և անվերջ ապրել կարանտինի կամ արտակարգ դրության պայմաններում: Հետևաբար՝ մեր ռազմավարական խնդիրն է ապրել կորոնավիրուսին զուգահեռ, նրա հետ համատեղ, և արտակարգ դրության առաջիկա ժամանակաշրջանը մենք պետք է օգտագործենք հենց սրա համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու նպատակով»: Միով բանիվ՝ «մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի»: Եթե կատարվեն որոշակի պայմաններ: Որ ակնհայտորեն չեն կատարվում: Առողջապահության նախարարն անցյալ շաբաթ հաստատեց. «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կրկնապատկման տեմպը այս պահին 17 օր է, եթե այս տեմպը պահպանվի, մայիսի 4-ին կունենանք 2500 դեպք, մայիսի 21-ին՝ 5000 դեպք»: 2500-5000 դեպքի արանքում ինչպե՞ս ենք անցնում «բնականոն կյանքի»: Այս կարգապահությամբ: Առողջապահության այս կարողություններով՝ մահճակալների գործող թվով: Բուժաշխատողների, որ օրերով տուն չեն գնում: Փաստացի՝ գործում է վարքագծի երրորդ մոդելը՝ ինքնաբերաբարը: Համաճարակաբանները համոզված են, որ պետք է պահպանել սահմանափակումները. համաճարակն ունի իր տրամաբանությունը, հիվանդացությունն ինչ-որ փուլում պիտի իջնի, և համարում են, որ վիրուսի տարածման դեմ երկու միջոց կա՝ կարանտին և թեստավորում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Twitter-ում կոչ է անում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գլոբալ կոալիցիա ստեղծել, որը կկարողանա «բոլորին և ամենուր հասանելի» պատվաստանյութ մշակել։
Ասիական զարգացման բանկի ապրիլի գնահատականով՝ Հայաստանը 2020-ը կփակի 2,2 % տնտեսական աճով, Ադրբեջանը՝ 0,5, Վրաստանը՝ 0։ Համաշխարհային բանկի կանխատեսումով՝ 2020-ին Հայաստանը կունենա 1,7 % տնտեսական աճ, Վրաստանը՝ 0,1, Ադրբեջանում անկում կգրանցվի՝ 0,2 %։ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականով 3 պետություններում տնտեսական անկում է սպասվում. Հայաստանում 1,5 %, Ադրբեջանում 2,2, Վրաստանում 4: ԵՄ-ն Հայաստանին 456500 եվրո է հատկացրել գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով: 600000 ԱՄՆ դոլարի հավելյալ ֆինանսավորում կտրամադրվի Հայաստանին ԱՄՆ-ի ժողովրդից՝ աջակցելու COVID-19-ի դեմ պայքարում: Հավելեք կառավարության և ԱԺ-ի արդյունավետ ու էկզոտիկ գործուղումների չեղարկումից խնայված միլիոնավոր դոլարները:
Սրանք՝ լուսավոր կողմերը, բայց կա և ոչ այնքան լուսավորը: Օրինակ, փորձագետների հաշվարկով, արտակարգ իրավիճակի 1 օրում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար: Ըստ էության, մեզ ամեն օր հաղորդում են կորոնավիրուսով նոր վարակվածների, բուժվածների, թեստավորվածների, մահերի թիվը, բայց չկա տեղեկություն, թե ինչ արժի 1 հիվանդի բուժումը՝ թեթևից մինչև ծանր, ինչքան գումար է ծախսվել թեստերի, արհեստական շնչառության ապարատների գնման, հյուրանոցներում կարանտինացվածների, հայրենիք ՀՀ քաղաքացիների տեղափոխման ու կարանտինի, այլ ծախսերի վրա: Մինչդեռ թափանցիկությունը դա է: Փորձագետների գնահատականով՝ ծանր հիվանդի բուժումը արժի 1,3 միլիոն դրամ, միջին ծանրությանը՝ 392 000 դրամ, 1 հիվանդի համար (առանց թեթև դեպքերի)՝ 427 000 դրամ։ Հայաստանում թեստերի քանակը ապրիլի 16-ի դրությամբ 9632 էր։ 1 թեստի արժեքը միջինը 8175 դրամ է, ընդհանուրը դառնում է 78,7 միլիոն դրամ։ Այսինքն՝ ուղղակի ծախսերը 419 միլիոն դրամ են եղել՝ մոտավոր ու մասնակի հաշվարկով։ Եթե արտակարգ իրավիճակի 1 օրում Հայաստանը կորցնում է 51 միլիոն դոլար, ապրիլի 16-ին արդեն կորցրել է 1 530 միլիոն դոլար:
Իր արդեն պատմական դարձած ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «Աշխարհի շատ երկրներում Հայաստանի օրինակը ի ցույց է դրվում, թե ինչպես է պետք վարվել սեփական քաղաքացիների հետ օրհասական և ճգնաժամային պահերին»: Ճիշտ է ասում, բայց ամերիկացիները, օրինակ, իրենց քաղաքացիներին մի քանի ամիս առաջ են տարբեր երկրներից «հավաքել», երբ աշխարհը չէր փակել սահմանները, ֆրանսիացիները 160 000 քաղաքացիների են տուն տարել 1600 հատուկ չվերթերով, 100 երկրից: ՈՒ գլուխ չեն գովում: ՈՒղերձում նա թվարկեց կառավարության 13 փաթեթները և հույս հայտնեց, որ կլինեն «առավելագույնս արդյունավետ և հնարավորինս արագ կհասնեն շահառուներին»: 1-ին ծրագրից օգտվել է 229 տնտեսավարող, վարկավորման գումարը՝ 10 միլիարդ 900 միլիոն դրամ: 2-րդից 1307 սուբյեկտ է օգտվել՝ 2 միլիարդ 960 միլիոն դրամ: 3-րդից՝ 230 տնտեսավարող, վարկավորման գումարը՝ 2 միլիարդ 470 միլիոն դրամ: 4-րդից՝ 964, վճարվել է 100 միլիոն դրամ: 5-րդից՝ 8340, վճարվել է 1 միլիարդ 300 միլիոն դրամ: 6-րդից՝ 6723, վճարվել է 457 միլիոն դրամ: 7-րդից՝ 7026, վճարվել է 702 միլիոն դրամ: 8-րդից՝ 63014, վճարվել է 4 միլիարդ 615 միլիոն դրամ: 9-րդից՝ 19 457, վճարվել է 515 միլիոն դրամ: 10-13-րդ փաթեթները, ինչպես մյուսները գործում են, վճարումները շարունակվում են: Տպավորիչ հաշվետվություն է, ցնցող: Եվ՝ զարգացման ոչ մի ծրագիր: Գոնե գյուղատնտեսության՝ 13 փաթեթներից յուրաքանչյուրի նպատակը ինքնապահպանումն է, բայց ոչ զարգացումը: Օրինակ՝ ԱՄՆ-ը գյուղատնտեսության աջակցությանը 19 միլիարդ դոլար է հատկացրել: 14 մլրդ դոլար էլ կտրվի հուլիսին։ Ֆերմերներին կառավարության օգնությունը 33 միլիարդ դոլար է, որ նաև ուղղակի վճարումներ, մսի և գյուղատնտեսական ապրանքների խոշոր գնումներ է ներառում: Փաստացի՝ պատմական ուղերձի ողջ տրամաբանությունն էր, որ երկիրն արդեն քամվում է, ու պետք է վերադառնալ աշխատանքի: Իսկ ընդհանրապես այն տպավորությունն է, որ իր արդեն 14 փաթեթներով կառավարությունը լուծում է ոչ թե կորոնավարակի հետևանքների հաղթահարման, այլ բնակչության զբաղվածության ապահովման խնդիր՝ աջակցության ծրագրերում ընդգրկվածությունը պարզելու հարցով և կառավարությանը հանգիստ թողնելու: 14 փաթեթի տեղ կարող էր 4 լինել՝ բյուրոկրատիա զարգացնելու փոխարեն պետք է արագ գործել: Իսկ ուղերձի վերջում հնչեց ավանդականը՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առջև: Եվ իմացեք՝ ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են: Եվ մենք միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը և նրանից դուրս ենք գալու շատ ավելի ուժեղ և ինքնավստահ»: Այսինքն՝ 100-տոկոսանոց պոպուլիզմ: Ինչո՞վ էր պատմական վարչապետի ապրիլի 17-ի ուղերձը: Բացի հաշվետվությունից, սկանդալով: Հաջորդ օրը համացանցում հայտնվեց տեսանյութ՝ ուղերձի փորձի կադրերով: Ինքնին սովորական կադրեր են. մարդը հազում է, ջուր է խմում, ինչ-որ բառեր է արտաբերում, ու՝ վերջ: Իրականում սա համապետական սկանդալ է՝ ներքաշված են կառավարության աշխատակազմն ու 9 հեռուստաընկերություններ՝ Հանրայինի գլխավորությամբ: Եվ՝ ոչ միայն: Վարչապետի ելույթն ուղիղ եթերում հեռարձակել է «Առաջին ալիքը», որ հայտարարում է՝ Հանրայինից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել։ Կառավարության հորդորով՝ Հանրայինն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են Շանթ, Արմենիա ԹիՎի, Միր, Հ2, ԱՐ, Կենտրոն, Երկիր Մեդիա, 5-րդ ալիք հեռուստաընկերությունները։ Այսինքն՝ կա 1+8 կասկածյալ: Վարչապետի խոսնակը հայտարարում է, որ «Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար»։ Ըստ խոսնակի՝ վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ: Վարչապետի լրատվականը համարում է, որ փորձնական հեռարձակումը ՀԸ-ներին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմ է. «Խիստ թափթփված աշխատելաոճի վկայությունն է նաև վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է, թեկուզ փորձնական: Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ»: Իրականում դա նաև վարչապետի լրատվականի «խիստ թափթփված աշխատելաոճի վկայությունն է», տարրական, տեխնիկական գիտելիքներ չունենալու վկայություն: Մինչ ԱԱԾ-ն սատանա է որոնում ու փաստացի նույնիսկ վարչապետն է անպաշտպան ոչ միայն լսա..., այլև տեսագողությունից: Տրամաբանորեն՝ նման դեպքերում պետք է պատժվի նախ վարչապետի աշխատակազմը, որ չի կարողանում հեռուստաընկերության/ հեռուստաընկերությունների հետ աշխատանքային փոխվստահության մթնոլորտ ստեղծել և թույլ է տալիս տեխնիկական կադրերի արտահոսք: Նույնը՝ Հ1-ը, որքան էլ հայտարարում է «անմեղության» մասին: Մյուս ՀԸ-ների դեպքում նման «արտահոսքը» լիցենզիա կորցնելու բավարար հիմք է: Նրանք չեն հասկանում, որ ՎԱՐՉԱՊԵՏԻ ուղիղ եթերը տունտունիկ չէ, ու վարչապետն էլ այլևս «կամեռա» սկոչող Գերասիմ Յակուլիչ Զիմզիմովը չէ, և իր «պրիվետը» այլևս գին ունի: Դա այն դեպքում, երբ վարչապետը գիտակցում է իր պաշտոնի նշանակությունը, հարգում է ու պատրաստ է պատիվը պաշտպանել: Բայց թե Նիկոլ Փաշինյանը, թե ՔՊ-ն գնացին սովոր ճանապարհով՝ իրենք անմեղ են, մեղավորներն են մեղավոր: Իսկ մեղավորները միշտ հայտնի են: Ընդհանրապես՝ ՊԱՏԻՎ հասկացությունը «նոր» Հայաստանում կամ արտաքսված է, կամ շատ ինքնատիպ մեկնաբանություն է ստացել: Գուցե այն պատճառով, որ բացարձակ պոպուլիզմը իր էությամբ անհամադրելի է պատվի հետ: Պոպուլիստի խնդիրը ամբոխահաճո քայլերով հնարավորինս մեծ թվով մարդկանց համակրանքը շահելն է: Պահի մեջ: Քաղաքական պոպուլիստների խնդիրը այդ համակրանքի գագաթնակետին հասնելն է ճիշտ տեղում ու ճիշտ պահին՝ իշխանության գալու համար, բայց պոպուլիզմը իշխանություն պահելու ամենաբութ գործիքն է և պետությունը դարձնում է պետությունիկ, քաղաքականությունը՝ տունտունիկ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մայաների օրացույցով 2012-ին աշխարհը վերջանում էր: 2020-ին դեռ կանք: Ողջ լերուք: Մի վարակվեք ու մի վարակեք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ