ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եթե լավատես չլինեի, այս տարիքում անապատի ճանապարհը կբռնեի»

«Եթե լավատես չլինեի, այս տարիքում անապատի ճանապարհը կբռնեի»
17.07.2009 | 00:00

«ԼԱՎ ԹԻՄ Է ՁԵՎԱՎՈՐՎԵԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԷԼ ՇԱՏ ԼԱՎ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»
Երևանի ավագանու ընտրություններից հետո պարզ դարձավ, որ մայրաքաղաքի կառավարմանը մասնակցելու են նաև մշակույթի գործիչներ, մտավորականներ, որոնց թվում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն, դրամատուրգ ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը սկսվեց այն հարցով, թե ինչո՞ւ որոշեց մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը, հատկապես իշխանական ուժի` ՀՀԿ-ի ցուցակով։
-Երբ մտավորականները խուսափում են հասարակական աշխատանքից, բոլորը գրում են, թե պասիվ ենք, մինչդեռ երբ փորձում են ինչ-որ գործով զբաղվել, կրկին հարց է առաջանում` ինչո՞ւ։ Ես Երևանում եմ ծնվել, ակունքներս այստեղ են, սա իմ տունն է, և եթե հնարավորություն կա ինչ-որ բանով իմ քաղաքին օգտակար լինելու, այդ հնարավորությունը բաց չեմ թողնում։ Առաջարկությունը եղել է ՀՀԿ-ի կողմից, ինչին ես դեմ չէի։ ՈՒրախ եմ, որ լավ թիմ է ձևավորվել, և հուսով եմ, որ բավականին լուրջ արդյունքների կհասնենք։
-Ասել է` որոշակի մտահոգություններ ունեք մայրաքաղաքի հետ կապված, ինչը Ձեզ ստիպեց մասնակցել քաղաքի կառավարման գործին։ Որո՞նք են այդ մտահոգությունները։
-Այն կարծիքին չեմ, թե ամեն ինչ կործանվում է, ու հարկավոր է փրկել։ Ինչ ծնվել եմ, նույն բանն եմ լսում` «էրեկ լավ էր, քանց վուր էսօր»։ Սա ինչ-որ տեղ կարոտախտ է անցած-գնացած տարիների հանդեպ, սակայն չեմ կարծում, որ պետք է եղածով հրճվենք ու չմտածենք վաղվա օրվա մասին։ Ոչ միայն ես, շատերն են կարծում, որ Երևանը պետք է շատ ավելի լավը լինի։ Ահա Երևանն այդպիսին տեսնելու համար էլ մենք այսօր ավագանու կազմում ենք։
-Մշակույթի գործիչների, մտավորականների ներկայությունն ավագանու կազմում, ըստ Ձեզ, ի՞նչ կտա հասարակությանն ու հենց մտավորականին։
-Մեծ թվով մտավորականներ են հավաքվել ավագանու կազմում։ Հիանալի է, որ բոլորս էլ «մի օդով» ենք շնչում, լավ հասկանում ենք իրար ու լավ բան անելու ցանկություն ունենք։ Բոլորը կայացած մտավորականներ են, ու այնպես չէ, որ այստեղ եկել են ինքնահաստատվելու։ Մեզ համար ամենակարևորը գործն է։ Ինչ վերաբերում է հարցին, թե հասարակությանը դա ինչ է տալու, կարծում եմ` հայացք կողքից։ Մեր կողմից նախատեսվում են ծրագրեր, որոնք գուցե ավանդական չեն, բայց մթնոլորտը բարիացնելու, ավելի շիտակ դարձնելու առումով շատ հետաքրքիր են։
-Ընդունված տեսակետ կա, թե մտավորականը պետք է ընդդիմախոս լինի, բայց տվյալ պարագայում Դուք իշխանական թեկնածուի կողքին եք կանգնել: Ի՞նչ եք կարծում, սա հասարակության կողմից ընկալելի՞ է։
-Մի բան հստակեցնենք. մտավորականն իր գործունեությամբ պետք է լինի հակադրվող ուժ նրանց, ովքեր կառավարում են։ Մտավորականի ցանկացած գործ միշտ էլ այս կամ այն չափով ընդդիմախոսություն է: Այս իմաստով, այն ներկայացումները, որոնք ես բեմադրել եմ ու կբեմադրեմ, կարող եք համոզված լինել, որ նույն ձեռագիրն են ունենալու, ինչ առաջ։ Սակայն կեցվածք ընդունել, թե ընդդիմադիր եմ ամեն ինչին, ինչ տեղի է ունենում, ռացիոնալ չէ։ Մանավանդ եթե խոսքը Երևանի մասին է։ Պատկերացրեք` ծնողները վիճում են, թե ինչ սնունդ պիտի տան երեխային, իսկ երեխան սովից մեռնում է։ Այսպես չի կարելի։ Այն զանգվածը, որն ընդդիմադիր է ու ընտրվել է ավագանու անդամ, եթե հետաքրքիր գաղափարներով գար ու մասնակցեր ավագանու աշխատանքներին, դրանից Երևանը միայն կշահեր։ Աստվածաշնչում ասված է. «Ժամանակը քարեր շպրտելու և ժամանակը քարերը հավաքելու»։ Մինչև ընտրությունները քարեր հավաքելու պահն էր, որն անցավ։ Հիմա քաղաքը կառուցելու ժամանակն է, ու այս պահին շարունակել վիճել, որպեսզի որոշենք` ով էր ճիշտ, ով` սխալ, «երեխան» կմնա սոված։ Մեզ արդյո՞ք դա է պետք։ Չեմ կարծում, որ այն մտավորականները, ովքեր ընտրվել են, իրենց կեցվածքը կփոխեն, հակառակը` այստեղ Երևանին օգտակար լինելու նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են։ Ավելին, օր օրի ես համոզվում եմ, որ լավ թիմ է ձևավորվել, իսկ քաղաքապետը շատ լավ է տրամադրված, ինչն էլ քաղաքի համար լավ արդյունքի կհանգեցնի։
-Որպես թատերաշխարհի ներկայացուցիչ` ի՞նչ եք անելու հատկապես այս ոլորտի համար։
-Իհարկե, թատերական կյանքում որոշ բաներ կփորձենք փոխել, բարելավել, սակայն չեմ կարծում, թե, օրինակ, Մարտին Վարդազարյանը, որը երաժշտության ոլորտից է, պետք է հենց այդ ոլորտով զբաղվի, իսկ ես` թատրոնի և այլն։ Մենք այստեղ չենք եկել միայն մասնագիտական խնդիրներ լուծելու։
-Կամերային թատրոնում այսօր բեմադրվում է «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումը։ Այն ինչ-որ աղերսներ ունի՞ մեր իրականության հետ:
-Կամերային թատրոնը շուրջ 25 տարի իր խաղացանկը կառուցել է այն ներկայացումներով, որոնք արդիական են հենց տվյալ ժամանակահատվածում։ Բնական է, որ «Նազար, Նազար մինչև վերջ» ներկայացումն էլ այսօրվա մասին է, որը Դեմիրճյանի ստեղծագործության հենքով է։ «Նազարը» բեմադրվել է մի քանի անգամ ու ամեն անգամ նորովի է մատուցվել, նոր Նազար է եղել։
-Մտավորականներն է՞լ են բաժանված «սևերի» ու «սպիտակների», մերոնքականների ու ձերոնքականների: Ինչպիսի՞ն է այսօր մտավորականի կերպարը:
-Ժամանակին Տոլստոյը չէր ընդունում Շեքսպիրին, բայց դրա համար առնվազն պետք է Տոլստոյ լինես։ Իսկ երբ մի լակոտ ասում է` Շեքսպիրն ո՞վ ա, դա արդեն անհեթեթություն է։ Հիմա, ցավոք, այդ լակոտների, «էդի ո՞վ ա» ասողների թիվը բավականին մեծ է։ Որոշ ժամանակ առաջ հակադիր բևեռից ինձ բավականին «հետաքրքիր» պիտակներ էին կպցնում։ Ես հակադիր չեմ եղել երբեք, չնայած և՛ այս, և՛ հակադիր բևեռում ունեմ բավականին շատ ընկերներ։ Այս ամենն ինձ համար վիրավորական էր, քանի որ եթե մի անգամ մուտք գործեին Կամերային թատրոն ու տեսնեին, թե երևույթների մասին ինչպես ու ինչ ցավով է խոսվում, առնվազն կլռեին։ Ահա այս անհեթեթ մոտեցումներն են շատ տգեղ։ Պետք է ինչ-որ սահման լինի, չի կարելի այդպես։ Այլ հարց է, որ երբեմն մտավորականներն իրենց այնպես չեն պահում, ինչպես պետք է։ Բոլոր դեպքերում, երկու կողմերն էլ` և՛ պիտակ կպցնողները, և՛ պիտակավորվողները, չափի զգացումը չպիտի կորցնեն։
-Դրամատուրգ, ավագանու անդամ Արա Երնջակյանը լավատե՞ս է։
-Եթե լավատես չլինեի, այս տարիքում անապատի ճամփան կբռնեի: Ես անուղղելի լավատես եմ։ Ավելին, երբ ինձ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելու առաջարկ արվեց, թվում էր, թե դա մտավորականների իմիջից օգտվելու ձև է, ու շարունակությունը կլինի` ինչպես միշտ։ Բայց, փառք Աստծո, հիմա ես շատ ոգևորված եմ, որովհետև այս ամենը ձևական բնույթ չի կրում:
Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2323

Մեկնաբանություններ