ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Երբ ընդդիմության «ամենակարկառուն» ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը բավական բարձր պետական պաշտոն ձեռք բերեց, դա լուրջ նախադեպ էր մարտի 1-ի համար»

«Երբ ընդդիմության «ամենակարկառուն» ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը բավական բարձր պետական պաշտոն ձեռք բերեց, դա լուրջ նախադեպ էր մարտի 1-ի համար»
22.08.2008 | 00:00

«ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԿԵՍՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՇԱՐԺՈՒՄԸ ԱՄԲՈԽ ՀԱՄԱՐԵԼՈՒ»
…և ոչ միայն մշակույթի մասին
ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակն է 1976-ից, Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, միջազգային և պետական մրցանակների դափնեկիր։ Միաժամանակ՝ հետաքրքիր զրուցակից, իսկական արվեստագետին վայել կայուն համոզմունքների տեր մարդ։
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՄԱՐՏԻ 1-Ն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ԷՐ»

-Հյուսիսային պողոտայի քաղաքականացված մթնոլորտը տարբեր մտորումների տեղիք է տալիս։ Դուք անձամբ ի՞նչ տրամադրությամբ եք անցնում պողոտայով։
-Վերջերս հազվադեպ եմ անցնում քաղաքի այդ մասով. ամառ է, հաճախ գյուղ եմ մեկնում։ Սակայն երբ անցնում եմ, տպավորությունս երկակի է լինում։ Հույս ունեի, որ Հյուսիսայինը կլիներ մեր քաղաքի գեղեցիկ պողոտաներից մեկը, ուր մարդիկ կշրջեին ցանկացած պահի՝ ընկերներով, ընտանիքներով և կվայելեին պողոտայի գեղեցկությունը։ Սակայն այն հանգամանքը, որ զբոսանքն անհանգստություն է պատճառելու, ինքնին վանում է արդեն։ Ցանկացած պահի կարող են մոտենալ և լրջորեն հետաքրքրվել, թե ինչու եք կանգնած հինգ հոգով, ինչու եք պաստառ բռնել և այլն։ Ժողովուրդը պետք է հանգիստ ու ապահով զգա իրեն այս նոր պողոտայում, նաև՝ առանց խանութպանների հետ փոխշփվելու, որոնց համոզմամբ՝ քաղաքական անցուդարձը «խփում է» իրենց առևտրին։
-Բայց համաձայնեք, որ առևտրի համար իսկապես էլ այնքան նպաստավոր չէ պողոտայի քաղաքականացված միջավայրը։
-Չեմ կարծում։ Առևտրականներն ունեն իրենց շքեղ գովազդները, և չմոռանանք, որ այդ վաճառատներից որոշակի խավ է օգտվում, որի համար բացարձակապես մեկ են շրջապատի թոհ ու բոհը, ցուցարարների կամ զբոսանքի մասնակիցների քաղաքական կողմնորոշումները։
-Ինձ, կարծես, համոզեցիք, վաճառատների սեփականատերերին՝ դժվար թե։
-Այո, բայց պողոտան առևտրի համար չէ, որ կառուցվել է։ Այն հանգստի գոտի է։ Եվ ի՞նչ է նշանակում քաղաքական զբոսանք. մարդիկ զբոսնում են և խոսում ինչից հարմար են գտնում։
-Հինգ ամիս է անցել մարտի 1-ի դեպքերից։ Ի՞նչ դիտանկյունից եք այսօր անդրադառնում ցավալի իրադարձություններին։
-Նախ, որպես խելացի ազգի խելացի զավակներ, պետք է դասեր քաղենք կատարվածից, որ հերթական անգամ չբախվենք «հայի վերջին խելքի» տխուր իրողությանը։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե մարտի 1-ն անխուսափելի էր։ Այն կարելի էր կանխել։ Սակայն իրավիճակը դրդում էր լայնածավալ հանրահավաքների։ Երբ, այսպես կոչված, ընդդիմության «ամենակարկառուն» ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանը մեկ օրվա ընթացքում վերաձևեց իր գաղափարները և, միանալով իշխանություններին, բավական բարձր պետական պաշտոն ձեռք բերեց, դա լուրջ նախադեպ էր մարտի 1-ի համար։ Նրան ձայն տվեց, եթե չեմ սխալվում, երեք հարյուր հազարից ավելի մարդ և, բնականաբար, խիստ հիասթափվեց։ Իր հերթին լուրջ վրիպում թույլ տվեց գործող իշխանությունը։ Նա պետք է որ հստակ նախազգուշացներ. եթե վաղն Ազատության հրապարակը չդատարկվի, սկսվելու են համապատասխան գործողությունները, քանի որ նման իրավիճակը չի կարող ամիսներ շարունակ ձգվել։ ՈՒ դա պետք է հայտարարեր Ռոբերտ Քոչարյանը։
-Ընդդիմությունն անսում էր իր առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին։ Նա՞ ինչ պիտի աներ մարտի 1-ը կանխելու համար։
-Լևոնը, բնականաբար, չէր կարող տուրք տալ իշխանության հորդորներին։ Նա խաղի մեջ էր մտել, տասը հազար ցուցարարները վերաճեցին 50 հազարի, հետո գործ ունեինք արդեն կեսմիլիոնանոց շարժման հետ։ Եվ որևէ մեկին իրավունք չէր վերապահված այս զանգվածն ամբոխ անվանելու։ Ոստիկանության նախընտրած արտահայտությունն էր, չէ՞, «Այդ ժամանակ զինված ամբոխը...»։ Լևոնին պետք էր ամենայն լրջությամբ նախազգուշացնել, որ նրա վրա մեծ պատասխանատվություն է ընկնելու, եթե չփորձի կոմպրոմիսների գնալ։
«ԵՐԵԿՎԱ ՀԱՅՀՈՅՈՂ ԲԵՐԱՆՆ ԱՅՍՕՐ ՁՈՆԵՐԳ Է ՀՆՉԵՑՆՈՒՄ»
-Անսպասելի դիտարկում արեցիք, նշելով, թե Արթուր Բաղդասարյանի կտրուկ շրջադարձը շատերին հանրահավաքների մղեց։ Սակայն ուրիշ ի՞նչ նախադրյալների դրդմամբ էր օր օրի թափ առնում շարժումը։
-Մեր աչքի առջև է Հյուսիսային պողոտան, սակայն մինչ պողոտա հասնելն ինչո՞ւ չփաստենք այն բյուր խաղատներն ու զվարճանքի այլ վայրերը, որոնցում հարուստները զվարճանում են։ Այսինքն, ձևավորվել է արտոնյալ խավը՝ հղփացած, սուպերհարստացած կապիտալիստների, ոչ թե Հայաստանի նման երկրի, այլ Միացյալ Նահանգների չափանիշներով։ Մենք փորձում ենք միջին խավ ձևավորել, սակայն ձևավորում ենք արտոնյալ մեծահարուստների խավ։ Եվ եթե Տեր-Պետրոսյանի օրոք արտոնյալները բնակչության հինգ տոկոսն էին կազմում, Քոչարյանի օրոք դարձան քսանհինգ տոկոս։ Սա չէր կարող չլցնել ժողովրդի համբերության թասը, որը միաժամանակ բազմաթիվ անլուծելի կենսական խնդիրների առջև է կանգնած։ Կենաց-մահու կռիվ էր, և այն իր տրամաբանական վախճանին հասավ։
-Արտոնյալ խավի ծաղկմանը զուգընթաց փթթեցին քաղաքական կուսակցությունները, մինչդեռ երկրի իրական կայունացումն ու զարգացումը սաղմնային վիճակում են դեռ։ Ի՞նչ եք ակնկալում մոտ ապագայում։
-Նախագահական վերջին ընտրությունների ժամանակ կեղծ ընդդիմության ոչ պակաս «սարքովի» առաջնորդները սնամեջ ելույթներ էին ունենում և կեղտաջուր թափում քաղաքական հակառակորդների վրա՝ փորձելով համոզել, թե կոռուպցիան ու թալանը կապված են այս կամ այն գործչի հետ։ Երբ երկու կուսակցություն արդեն իսկ ներգրավվել էին կոալիցիայում, հեռուստաեթերից հարց հնչեց՝ ինչպե՞ս եք համագործակցելու նրանց հետ, ում մեղադրում էիք երկրային ու երկնային բոլոր մեղքերի համար։ Պատասխանն ապշեցուցիչ էր. նախընտրական փուլը մի բան է, երբ համագործակցում ես` մի այլ բան։ Այսինքն, բարոյականությունն անհետացել է։ Ասվում է, որ ինչ-որ չափով քաղաքականությունն անբարո բան է։ Մեր իրականությունում դա անսահման չափերի է հասնում։ Երեկվա հայհոյող բերանն այսօր ձոներգ է հնչեցնում։ Չի կարելի սերունդներին անբարոյականություն ավանդել։
«ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՍ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԻ ԲԱՆ ՓՉԱՑՆԵԼ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԻՐ»
-Այնուամենայնիվ, 70-ից ավելի կուսակցություն ունենք, և դեռ նորերն են ստեղծվում։ Այսպես ո՞ւր ենք հասնելու։
-Դժվարանում եմ ասել։ Միացյալ Նահանգներում շարունակ քաղաքական բեմահարթակում են հանրապետականներն ու դեմոկրատները։ Կարող են հակաճառել, թե ամերիկյան քաղաքական մշակույթը ձևավորվեց երկու հարյուրամյակի ընթացքում։ Բարի։ Բայց մեր երկրում ժամանակը չի տանում քաղաքական կառույցների թվաքանակի նվազման, ժամանակը բազմապատկում է դրանք։ Սա բնավ չի բերում ազգաշահ հեռանկարների, սա բերում է քաղաքականաշահության։ Հրապարակում ֆավորիտ են նժդեհականները, սակայն Նժդեհն ասում էր՝ երբ ժողովուրդը բաժանվում է կուսակցությունների, դադարում է ցեղ լինելուց։
-Ելքը ո՞րն է։
-Պետք է բարձրացնել հասարակական կազմակերպությունների կշիռը, բարձրացնել մշակույթի գործչի հեղինակությունը։ Մեր իրականությունում, սակայն, իշխանությունը բարձրացնում է այն գործչի հեղինակությունը, ում բերանով լսում է իր համար ցանկալին... և շքանշան է շնորհում։
-Դե, յուրաքանչյուր ծառայություն իր գինն ունի, չէ՞։ Սակայն Ձեր մտահոգությունը փարատելու փորձ, կարծես թե, արվում է. ձևավորվել է նախագահին առընթեր Հասարակական խորհուրդը։
-Հայտնի արտահայտություն կա. եթե ցանկանում ես նշանակալից մի բան փչացնել, հանձնաժողով ստեղծիր։ Նայենք այդ Հասարակական խորհրդի կազմը. մեծամասնությունը շքանշանակիրներ են։ Ո՞նց կարող են այդ մարդիկ անկախ խոսք ու կարծիք ունենալ և այն բարձրաձայնել։
-Չշեղվենք քաղաքականությունից, քանզի օլիմպիական թեժ մրցապայքար է ընթանում։ Հայ ծանրորդների բրոնզե մեդալները նվաճում համարելով՝ միաժամանակ նշվեց, որ դրանք կարող էին ոսկե լինել, եթե ծանրորդների մարզիչները նրանց կողքին լինեին։ Ի՞նչ է ստացվում. օլիմպիական պատվիրակության կազմում տեղ չգտնվե՞ց երկու-երեք մարզչի համար։
-Օլիմպիադայի յուրաքանչյուր օրը հերթական անգամ համոզում էր ինձ, որ Չինաստանը զորեղ երկիր է։ Կոռումպացված և մոնոպոլիաների բաժանված երկրում չէր կարող նման սպորտ լինել։ Չինացիներն առաջատար էին անգամ այն մարզաձևերում, որոնք իրենցը չեն։ Նրանք սիրում են իրենց երկիրը, հավատում են նրա ապագային։ Ամբողջ կյանքում երազել եմ, որ առավոտյան արթնանալով` հայն իր օջախում իր երկրի դրոշը բարձրացնի։ Ավա՜ղ։ Իսկ չինացիները, ի դեպ, պահպանել են բոլոր սոցիալիստական ինստիտուտները, ինչից մենք բոլշևիկյան եռանդով հրաժարվեցինք, պահպանել են պիոներպալատներն ու ակումբները, սպորտդպրոցներն ու ճամբարները և կարծես չեն դժգոհում ու աշխարհին էլ ցույց տալու բան ունեն։ Ճիշտ նկատեցիք՝ ո՞նց կարող է մարզիչը չմեկնել մրցապայքարի ու չկանգնել իր սանի թիկունքին։ Բայց՝ ոչ. օլիմպիադա էին ուղևորվել ինչ-որ գործիչներ՝ հենց էնպես ցավելու համար։
-Վերջերս առավոտյան հեռուստահաղորդումներից մեկի հյուրն էր մի մարզիկ, ով պատիվ կբերեր յուրաքանչյուր ազգի ու պետության։ Յուրի Վարդանյանի մասին է խոսքը, ում որևէ տեղ չհրավիրեցին, պետական այրերն էլ նրան «խոհեմաբար» շրջանցեցին, քանզի իշխանությունների հասցեին ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր քաղցր խոսքեր չի շռայլել։
-Տեղյակ էլ չեմ, որ նա եղել է Հայաստանում։ Բայց նրան, որպես մարզիկի, պաշտում եմ։ Բնական է նրա դժգոհությունը իշխանություններից, հակառակ դեպքում` առհասարակ Հայաստանից չէր հեռանա։ Յուրին հայրենասեր տղա էր, գյումրեցուն հատուկ վեհ հայրենասիրությամբ տոգորված։ ՈՒ նրա նման հազվագյուտ մարդիկ կան, որոնց կենդանության օրոք վերջիններիս արձանն է պետք կանգնեցնել։
«ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՀԱՍՏԱՏՎԻ, ԲԱՎԱԿԱՆ Է, ՈՐ ՀԻՆԳ ԳԼԽԱՎՈՐ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԼԻՆԵՆ ԱԶՆԻՎ »
-Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, ըստ Ձեզ, ժամանակի հրամայակա՞նն էր։
-Լևոն Տեր-Պետրոսյանի երկրպագուն չեմ եղել երբևէ, սակայն նա, իրոք, մարդկանց թմբիրից հանեց և ստիպեց, որ իրենց քաղաքացի զգան։ Նրան շատ մեղադրանքներ ներկայացվեցին, որոնց մասամբ համաձայն եմ։ Բայց ինչո՞ւ ենք մոռանում պատերազմն ու շրջափակումը ու եթե անգամ մոռանում ենք, ինչո՞ւ չենք հիշում գոնե, որ նրա գործած սխալները հաջորդի կողմից ոչ թե շրջանցվեցին, այլ ուռճացան՝ հասնելով անհավանական չափերի։ Ինչևէ, Լևոնն այսօր հասարակության ձայնի իրավունքն է վերականգնում, այն ձայնի, որը պետք է գյուղապետ, քաղաքապետ և երկրի նախագահ ընտրի։ Այսինքն՝ քաղաքակիրթ երկիր դառնալու շանս է տալիս։ Այս տեսանկյունից կոնգրեսը, անշուշտ, լուրջ հեռանկարներ է նախանշում։
-Իսկ Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային բարեփոխումնե՞րը։ Դրանք լուրջ հեռանկարներ չե՞ն նախանշում։
-Շատ ուրախ կլինեի, եթե այդ բարեփոխումներն արվեին քաղաքական կամքի, բանականության և բարոյականության ներքին պարտադրանքով։ Սակայն դա կատարվում է արտաքին ուժերի թելադրանքով, մինչդեռ մեր հարցերը մենք պետք է լուծենք։
-Լավ, ի՞նչ պետք է անեն Սերժ Սարգսյանն ու վարչապետը, որպեսզի Ձեզ նման վաստակաշատ մարդուն համոզեն, որ իրական բարեփոխումներ են ընթանում։ Քանզի եթե մշակույթի ազգային գործիչները համոզվեն դրանում, կհամոզվի նաև ժողովուրդը։
-Եթե ազնիվ լինենք մինչև վերջ, ինչ-որ բան, այնուամենայնիվ, նշմարվում է։ Սակայն բարեփոխումները պետք է շատ ավելի դինամիկ լինեն, համակարգված։ Առայժմ այնքան հպանցիկ ու արագընթաց են, որ չես էլ հասցնում տեսողությամբ արձանագրել, էլ ուր մնաց` իմաստավորել։ Ինձ շատ ոգևորեց այն փաստը, երբ Տիգրան Սարգսյանը մեջբերեց հայտնի մի արտահայտություն. «Որպեսզի երկրում կարգ ու կանոն հաստատվի, և չլինի կոռուպցիա, բավական է, որ երկրի հինգ գլխավոր ղեկավարներն ազնիվ լինեն»։ Տեսնո՞ւմ եք՝ ինչքան քիչ բան է հարկավոր։ Հինգ ազնիվ, անկաշառ ղեկավարները նույնը կպահանջեն կառավարման ապարատի բոլոր ծառայողներից։ Այսինքն, պետք է հաստատվի օրենքի իշխանություն, ոչ թե իշխանավորի օրենսդրություն։ Միաժամանակ, ղեկավարը պիտի սրտացավություն ունենա, մեծ սրտացավություն։ Հատկապես՝ երկրի ղեկավարը։
-Մեր ավանդական վերջնահարցը. ինչո՞վ եք զբաղված։
-Զբաղվում եմ և՛ Կոմիտասի անվան լարային քառյակի, և՛ իմ մենահամերգային ծրագրերով։ Նոյեմբերին քառյակը համերգներով հանդես կգա Հունաստանում, իսկ վերադարձից հետո ես կմեկնեմ Բրազիլիա՝ վարպետության դասերի, այնուհետև մենահամերգով հանդես կգամ Թուրքիայում, որտեղ վարպետության դասեր կտամ նաև։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5169

Մեկնաբանություններ