ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամեն տողի տակ սիրտ է տրոփել

Ամեն տողի տակ սիրտ է տրոփել
05.05.2009 | 00:00

«ՕՐԸ` ԻՆՉՊԵՍ ՏԵՍԱ»
Արարիչը շնորհներ բաժանելիս երբեմն քնած է ձևանում, որ ամեն «արժող-չարժողի» չշռայլի, իսկ վերջում շնորհների ամբողջ ավելցուկը տաղանդի անձեռակերտ սկուտեղի վրա մատուցում է իր ընտրյալներին:
Նման ընտրյալներից է ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ում հետ ծանոթանալուց և բարեկամանալուց ի վեր չեմ դադարում զարմանալուց նրա մարդկային և մտավոր արժանիքների վրա (բանաստեղծ + լեզվաբան+ թարգմանիչ + խմբագիր + նկարիչ + մաթեմատիկոս + բարի սիրտ + ազնիվ հոգի + սուր և դիպուկ խոսք + համեստ և հասանելի Հայ...)։
Ա՛յ տեր Արարիչ, բա մյուսնե՞րը. էս ի՞նչ ես արել` մի մարդու մեջ խտացնելով ամեն դրականն ու գովելին. քե՞զ ես ցույց տվել, թե՞ ընտրյալիդ դիմացկունությունն ու համբերությունն ես ստուգել: Գուցե և՛ մեկը, և՛ մյուսը:
Ինչևէ, հերթական նվերը ստացանք մենք` Վ. Սարգսյանի բարեկամներս և ընդհանրապես լավ, ուսանելի, հոգեբուխ գրքի անհամբեր սպասողներս:
Լույս ընծայվեց «Օրը` ինչպես տեսա» ժողովածուն: Գիրքն ընթերցեցի, ինչպես հեղինակի մյուս գրքերը` սիրով, հուզվելով, ծիծաղելով, ցավելով:
Մի տեսակ երկակի ապրումներ առաջացան իմ մեջ. տխրեցի, որ կան նման ազգակործան, սերունդ փչացնող, հոգի և մարմին ապականող երևույթներ, ուրախություն ապրեցի, որ կա մի սուր աչք, մի զգայուն, ցավոտ սիրտ, մի սուր լեզու և մի հզոր գրիչ, որ նշտարի պես կտրում է, խարազանի պես ձաղկում, սակայն առանց չարության, հոգով, ի սրտե օգնելու միտումով: Խրատելով հանդերձ` փրկարար ձեռք է մեկնում և՛ բազում ախտերի ծովում խեղդվողին, և՛ անտարբերության ճահճում թավալ տվողին: Ով ականջ ունի, թո՛ղ լսի, ով կարդալ գիտի, թո՛ղ կարդա: Ցավոք, ակամա հարց է առաջանում. «Որ կարդան էլ, կհասկանա՞ն»:
ՈՒ էլի գալիս հանգում ենք սկզբին. ինչպե՞ս այսպես եղավ, այդ ո՞ր չարի կայծից առաջացավ այս համատարած, ամենակուլ հրդեհը: Ցավն էլ այն է, որ բոցերի մեջ տապակվողը չի գիտակցում իր ողբերգական վիճակը, դեռ օգնության ճիչեր արձակողի վրա էլ ծիծաղում է. ի՞նչ ես խառնվել իրար, հազիվ սառած հոգիս եմ տաքացնում:
Երիցս հարգելի Սարգսյան, Ձեր հոգու, լավատեսության, սրտացավության մաքուր ակը, աղբյուրը շատ ջինջ է, շատ սառն է, շատ կենարար, բայց այս ավգյան ախոռները մաքրելու համար, ցավոք, սակավաջուր է: Այ, եթե Ձեր ջրին միանա նաև պետության վարար գետը, հաղթողը Դուք կլինեք, մենք ու մեզ նմանները կլինենք, ողջախոհությունն ու պարկեշտությունը կլինեն:
«Օրը` ինչպես տեսա» ժողովածուն մի գիրք է, որի ամեն տողի տակ մաքուր և զգայուն սիրտ է տրոփել: Բարի վայելում բոլոր ընթերցողներին, և համոզված եմ, որ Վաչագան Սարգսյանի այս հուզմունքի, սրտացավության, նաև զայրույթի պայծառ ճառագայթներն ու բեկվող շանթերը շատ սրտեր կլուսավորեն և թմբիրից կհանեն, իսկ մաքրման ժամանակները, հուսով եմ, հեռու չեն:
Միշտ վառ պահենք մեր սրտերում լավատեսության ջահը:


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ