ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հին հակադրության նոր սաղմերը

Հին հակադրության նոր սաղմերը
16.09.2008 | 00:00

Երեկ երեկոյան Մատենադարանի շրջակայքում տեղի ունեցավ արմատական ընդդիմության հերթական հանրահավաքը։ Երեք բնորոշ հանգամանք կարելի է արձանագրել այդ կապակցությամբ. «Հայ կամավորականների համախմբում» կազմակերպության անունից Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ իրենք միանում են Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին։ Համանման հայտարարություն հնչեց նաև «Հայ կանանց միություն» կազմակերպության անունից։
Երրորդ բնորոշ իրողությունն այն էր, որ արմատական ընդդիմության առաջնորդ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը զարմանալի առաջարկ ներկայացրեց գործող իշխանությանը։ Այն է՝ դուրս հրավիրել կառավարող կոալիցիայից Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Սակայն ամենից առաջ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ իշխանության գործողություններին, անցած ժամանակահատվածում նրա բացթողումներին, քանի որ, ընդդիմադիր կոնգրեսի ղեկավարի կարծիքով, որևէ էական ձեռքբերում չկա։ «Կեղծված ընտրություններով հաստատված իշխանությամբ, մարտի 1-ի սպանդով և յուրացված լիազորություններով Սերժ Սարգսյանը զբաղեցնում է նախագահի աթոռը։ Սա նշանակում է, որ ավազակապետության բնույթը չի փոխվել։ Որևէ առաջընթաց չկա ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ տնտեսական առումներով, և եթե այսպես շարունակվի, Հայաստանին սպասվում են ծանր ձմեռ և ճգնաժամային գարուն՝ սոցիալական և տնտեսական նոր խնդիրներով»,- հայտարարեց ընդդիմության առաջնորդը։
Այնուհետև Տեր-Պետրոսյանն անցավ իշխանության ներկայիս էության բնորոշմանը։ Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում իշխանությունը մոնոլիտ էր, իրենից ներկայացնում էր հստակ բուրգ, որի գլխին կանգնած էր իրեն հաջորդած նախկին նախագահը։ Այժմ, ընդդիմության առաջնորդի կարծիքով, իշխանական համակարգը ճաքեր է տալիս, և որպես դրա ապացույց, Տեր-Պետրոսյանը նշեց Աբդուլլահ Գյուլի՝ Հայաստան կատարած այցի հետ կապված իշխանական կուսակցությունների ներսում առաջացած տարաձայնությունները։ «Կառավարող կուսակցություններից մեկը Թուրքիայի նախագահին հրավիրում է Հայաստան, իսկ կառավարության մաս կազմող մեկ ուրիշ կուսակցություն բողոքի գործողություններ է կազմակերպում՝ խախտելով անվտանգության արտակարգ ռեժիմը»,- հայտարարեց նա՝ ակնհայտորեն ակնարկելով դաշնակցությանը։ Սակայն ընդդիմության առաջնորդը դրանով չսահմանափակվեց, հեռակա կարգով առաջարկելով գործող նախագահին՝ կա՛մ ՀՅԴ-ին հեռացնել կոալիցիայից, կա՛մ էլ ընդունել, թե ինքը չի տիրապետում իրավիճակին։ Սա թերևս Տեր-Պետրոսյանի ամենաանսպասելի հարցադրումն էր։ Թե ինչով կարող է պայմանավորված լինել դաշնակցության հետ վաղեմի հակադրության այս նոր սրացումը, ցույց կտա ապագան։
Եվ, այնուամենայնիվ, առաջին նախագահի համար ամենակարևորը թերևս ներիշխանական պայքարի բնութագրականը ձևակերպելն էր։ Ըստ Տեր-Պետրոսյանի, այժմ ներիշխանական պայքարն ընթանում է վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացող Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, որը չի ուզում այդ պաշտոնը տալ Քոչարյանին, քանզի վերջինս իշխանություն կիսել չգիտե և անմիջապես աշխատելու է տիրանալ ամբողջին։ «Սերժ Սարգսյանը լավ գիտե, որ այդ դեպքում ինքը կվերածվի անգլիական թագուհու»,- նշեց նախկին նախագահն ու ընդդիմության ներկա առաջնորդը՝ հավաստելով հավաքված ժողովրդին պայքարը շարունակելու իրենց վճռականությունը։ Հանրահավաքի ավարտին Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, թե Մեռելոցի պատճառով ընդդիմությունն այս անգամ չի դիմելու երթի, և հավաքվածները ցրվեցին սեպտեմբերի 26-ին հավաքվելու վճռականությամբ։
Աննա ԲԱՐՖՅԱՆ
Հ.Գ. -Բավականին ուշ «Իրավունքը de facto»-ի աղբյուրները փոխանցեցին, թե հանրահավաքից հետո «Լևոն» վանկարկող մի քանի հոգու Կենտրոնի ոստիկանությունը «հրավիրել» էր բաժին, բայց ոչ երկարատև զրույցից հետո նրանք ազատ էին արձակվել։

Դիտվել է՝ 5228

Մեկնաբանություններ