ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Եկեղեցու պատասխանատվությունը

Եկեղեցու պատասխանատվությունը
04.10.2023 | 18:40

Գավթի և զոհասեղանի միջև թող լացեն քահանաները՝ ՏԻՐՈՋԸ ծառայողները և ասեն. Խնայի՛ր, ՏԷ՛Ր, ՔՈ ժողովրդին և ՔՈ ժառանգությունը նախատինքի մի՛ մատնիր, որպես ազգերի արհամարհանքի առարկա, ինչու՞ ժողովուրդների մեջ ասեն. «ՈՒ՞ր է նրանց ԱՍՏՎԱԾԸ» (Հովել, 2:17):
Ամոթի ու ցավի այս օրերին շատերը փորձում են հասկանալ, թե ինչի համար այսպիսի հանգուցալուծման առջև կանգնեցինք, որոնք էին պատճառները, գտնել սխալները, հնարավոր շտկումներ, վերականգնումներ կատարելու հույսով: Թողենք մի կողմ բոլոր աշխարհիկ, քաղաքական վերլուծությունները, չնայած որ դրանք էլ խիստ կարևոր են ու անհրաժեշտ, դրանց հետագայում բազմիցս անդրադարձներ կլինեն: Խոսենք մեր կորուստների, խայտառակության, անարգվածության, անպատվության հոգևոր պատճառների, վրիպումների, բացթողումների մասին:
Սուրբ Գիրքը մեզ հուշում և սովորեցնում է, որ կյանքի բոլոր բարի, թե չար պատահարների (իհարկե գոյություն չունեն պատահական երևույթներ) դեպքերում քննենք ՏԻՐՈՋ հետ ունեցած մեր հարաբերությունները: Երբ ազգը, ժողովուրդը, երկիրը պարտվում է պատերազմում կամ բնական աղետի է հանդիպում կամ համաճարակներ են պատահում և այլն, բոլոր դեպքերում էլ պատճառը մարդկային մեղքերն են, ՏԻՐՈՋ պատվիրանների խախտումները, անհավատությունը և ուրացությունը: Եվ մարդասեր ու գթառատ ՏԷՐԸ մարդկանց վերքերը բուժելու, ցավերը փարատելու համար սահմանել է բոլորի համար հասկանալի մի ընդհանուր դեղ ու բալասան՝ ապաշխարությունը: Միայն սրա միջոցով է հնարավոր նորից վերականգնել մեր կապերն ԱՍՏԾՈՒ հետ և հույս ունենալ հետագայում ՆՐԱ զորությամբ մեր բոլոր կորուստների վերադարձի, չէ որ հենց ԻՆՔՆ է այդպես ասել ու սահմանել:
«Ամենակալ ՏԷՐՆ ասում է՝ կենդանի եմ ԵՍ և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը: Դարձե՛ք, հե՛տ դարձե՛ք ձեր չար ճանապարհից, ինչու՞ մեռնեք» (Եզեկիել, 33:48)
Ավաղ այս օրերին մարդիկ՝ թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ, հիմնականում խոսում և կոչեր են հնչեցնում աղոթքներ, թե՛ առանձնական և թե՛ միասնական անելու մասին: Դա նույնն է, եթե ասենք ծանր հիվանդին այցելող բժիշկը ոչ թե նախ պարզի հիվանդության իրական ծագումը, պատճառները, ճիշտ ախտորոշում կայացնելուց հետո միայն անհրաժեշտ բուժումներ նշանակի, այլ վերցնի և ուղղակի ցավազրկող դեղեր տա ու հեռանա: Մեր բոլոր աղոթքները՝ առանց ապաշխարության, ունենալու են ընդամենը այդպիսի ցավազրկող դեղերի նշանակություն:
Եթե չենք զղջում, խոստովանում ու հրաժարվում այն բոլոր ախտերից, մեղքերից, որոնք կուտակել ենք մեր անկախության բոլոր տարիներին և դրանից էլ առաջ: Աղոթք ենք անում, մի քիչ հանգստանում ենք, բայց մեր վերքերն ու հիվանդությունները էլի մնում են, չեն բուժվում: Այս ամենակարևոր ու պատասխանատու գործի իրականացումը ՏԷՐԸ դրել է եկեղեցու և հոգևորականության վրա:
Եկեղեցին պետք է դա իրագործի նախ իր խոստովանությամբ կամ միաժամանակ նաև ողջ ժողովրդի կամ գոնե նրա հավատացյալ հատվածի մասնակցությամբ, այլապես պետք է խոստովանել, որ մենք վերջնականորեն կգնանք կորստի ու կործանման, իսպառ վերացման ճանապարհով: Մեզանից հետո կթողնենք ապագա գիտնականների համար մեր մշակույթի ու պատմության ուսումնասիրության հարուստ պաշար, կհամալրենք բազմաթիվ անհետացած ազգերի շարքերը: Մեր մասին օտարները կհիշեն, թե ահա մի ժողովուրդ, որը Արարչագործությունից մինչև ՏԻՐՈՋ Երկրորդ Գալուստը գոյատևեց երկրի վրա, բայց այդ Գալուստի նախաշեմին այլևս չկարողացավ մնալ իր առաքելության կոչման մեջ և վերացավ պատմության թատերաբեմից: Մեր հայրենիքը խոցված է և վիրավոր, մեր ժողովուրդը ծանր հիվանդ է: Բազում գայթակղությունների պատճառով մոլորված, ախտահարված, դիվոտած ու հիվանդացած ազգի բժշկության առաջին անհրաժեշտ պայմանը կարող է լինել միայն համընդհանուր ապաշխարությունը և միայն դրանից հետո կատարված մեր աղոթքները լսելի կլինեն ԱՄԵՆԱԿԱԼ ԱՍՏԾՈ կողմից: Եթե ներկայիս կաթողիկոսը, եպիսկոպոսները, քահանայից դասը իրենց մեջ հավատ, ուժ, վճռականություն չգտնեն այս ամենակարևոր խորհուրդն իրականացնելու համար, ապա հենց իրենք էլ կլինեն մեր եկեղեցու, պետության ու ազգի հիմնական գերեզմանափորները: Իհարկե ՏԻՐՈՋ առաջ յուրաքանչյուրս մեր մեղքերի համար ենք պատասխան տալու, իսկ իրենք՝ նաև իրենց վստահված հոտի կորստյան համար:
Մարդու՛ որդի, ԵՍ քեզ դետ եմ դրել Իսրայելի տան վրա, դու ԻՆՁՆԻՑ պատգամներ ես լսելու և ԻՄ անունից սպառնալու ես նրանց: Երբ ԵՍ ամբարիշտին ասեմ. «Ստույգ պիտի մեռնես», դու նրան չզգուշացնես և ոչ էլ ասես ամբարիշտին, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի, այն ամբարիշտն իր անօրենության պատճառով կմեռնի, բայց նրա արյունը քեզնից եմ պահանջելու (Եզեկիել, 3:17-18):

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ