ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գնաք խաղաղությամբ, լուսավոր մարդ

Գնաք խաղաղությամբ, լուսավոր մարդ
04.04.2023 | 07:53

Չեմ ուզում հավատալ, որ այս ՝ բարեհոգի կերպարը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ այլևս մեզ հետ չէ: Նրա անունը լսելիս ամենից առաջ պատկերացնում էինք բարություն ու ժպիտ:

Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը հրաշալի մարդ էր, գիտենք: Հեռուստադիտողը նրան կհիշի իր խաղացած բազմաթիվ կերպարներով: Բայց , թատրոններում՝ չնայած իր նշանակալի դերացանկին ՝ այդպես էլ լիարժեք չբացահայտեցին արտիստուհու իրական ներուժը: Իսկ կյանքում մեծ դժվարությունները պատվով հաղթահարած դերասանուհու տարերքը իր բեմն էր, ապրելու իմաստը՝ թատրոնի դահլիճում իր սիրելի ժողովորդի հետ ամեն հանդիումը : Չեմ մոռանա իր վերջին հարցազրույցները, որոնց ժամանակ նա ասում էր.

- …Չի կարելի մարդուն այդպես սպանել: Բոլորն են ծնվել ապրելու համար:

Բայց անգամ ամենածանր հոգեվիճակներում նրան չէր լքում բարությունը, չէր չարանում աշխարհի ու մարդկանց հանդեպ: Եվ ամենատխուր զրույցների վերջում իր արտիստիզմին հատուկ ձևով ծիծաղում էր:

Երբ իմացա, որ դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել՝ երկկողմանի ծանր թոքաբորբով, ես մի քանի անգամ կապ եմ հաստատել դերասանուհու առողջական վիճակին հետևող բժշկուհու հետ: Հավատում էի, որ այս անգամ էլ ի՛ր ձայնը կլսեմ, կզգամ իրենից ճառագող Գյումրվա կոլորիտը: Սակայն բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը:

Մեր երկրի համար այս վերջին տարիների ծանր օրերին դերասանուհու մտքում, հիվանդանոցում եղած ժամանակ նույնպես մեր անմահացած զինվորներն են եղել: Դարձյալ հիշատակեմ իր նախորդ հարցազրույցներից մի դրվագ, որտեղ ասել էր.

-ՈՒզում եմ հայ ժողովրդին մաղթել, որ ամեն ինչ կարգավորվի, թող լույս դառնան մեր զինվորների հոգիները, իսկ մեր ծառայող զինվորներն ու գերիները թող տուն վերադառնան, որ բոլոր մայրերը կարողանան ավելի հանգիստ լինել:

Դերասանուհու կերպարի և մարդ տեսակի մասին խոսելիս կուզեի հիշել աշխարհահռչակ ծաղրածու, Լեոնիդ Ենգիբարյանի այս կարևոր խոսքերը, որոնք պատգամի նման իր կյանքում կատարում և այդպես էլ ապրում էր Լուսինե Կիրակոսյանը.

«Մի նեղացրեք մարդուն: Իզուր, հենց այնպես մարդուն պետք չէ նեղացնել, որովհետեվ դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտն է: Բացի այդ, դեռ չի հասցրել ոչինչ գրել, անգամ՝ «Թուրքական մարշը»: Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես, ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո՝ մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է՝ և լավ մարդիկ: Իհարկե, ոմն մեկին կարելի է նեղացնել, չէ՞ որ բոլորը Մոցարտ չեն, բայց, այնուամնեայնիվ, իսկ եթե հանկարծ…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին՝ նա:

Պահպանե՜ք միմյանց, մարդի՜կ»:

Մինչդեռ սա մի հասարակություն է, որտեղ լուսավոր մարդիկ այդպես էլ չեն հասցնում խաղալ իրենց վերապահված ամենակարևոր դերը:

Գրեթե միշտ ուշանում ենք շնորհաշատ մարդկանց գնահատելիս:

Մենք Լուսինե Կիրակոսյանին կհիշենք թատրոնից ու էկրանից մեզ ընծայած բոլոր կերպարներով և այն դերերով, որոնք այդպես էլ չխաղաց:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Մեկնաբանություններ