ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեծ կոչնակի օրն է

Մեծ կոչնակի օրն է
24.04.2022 | 10:35

Ապրիլի 24-ն է, և Հայաստանի բոլոր ճանապարհները ձգվում են դեպի Ծիծեռնակաբերդ: Յուրաքանչյուրիս համար Ցեղասպանությունը իր մասնավոր դրսևորումն ունի, մեզանից յուրաքանչյուրը իր պատկերացումներն ունի այդ ողբերգության մասին:

Շատերի համար այն խորությամբ բացահայտվում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» իրապատումի էջերով, ոմանց համար Եղեռնը ընտանեկան շրթեշուրթ պատմվող ահասարսուռ ոգեկոչում է: Ինձ համար, օրինակ, դա Եփրատի ափին ամբարտակի փոսորակ փորող շերեփի մեջ խշրտացող գանգոսկրերի զարզանդ հուշն է: 70-ականների սկզբին, դեպքերի բերումով, ես աշխատում էի Եփրատի ափի Տաբկա սիրիական քաղաքում: Խորհրդային մասնագետները հիդրոկայան էին կառուցում: Ավազի բարակ շերտի տակ մարդկանց ոսկորներ էին... Ռուսներն անտարբեր կոխկրտում էին դրանք, անթաղ մասունքներն անցնում էին բետոնի տակ: Եվ մի օր, երբ ընկերներիցս մեկի սեղանին տեսա մոմակալի վերածված մի գանգ և, թվաց, անառիթ ապտակեցի լենինգրադցի այդ բարեհոգի երիտասարդին, ինքս ինձ համար բացահայտեցի, որ իմ մեջ միշտ էլ անարցունք լացել է ազգիս անմխիթար ցավը: Գուցե շատ անձնական են իմ մտորումները, բայց ես չեմ էլ փորձում ընթերցողիս այլ բանում համոզել:

1970-ի ապրիլի 24-ին Մեսքինեից Դեր Զոր տանող ճանապարհին մեր հայ վարորդը՝ Ներսեսը, երբ հանկարծակի կանգ առավ ամայի մի վայրում և լուռ, ուտելիքի երկու խոշոր պարունակ իջեցրեց, ես բնազդաբար հասկացա, որ պատահաբար չեմ այստեղ: Ներսեսը ճամփեզրին շարեց ուտելիքը, խմիչքը, ջրի սափորը: Անոթի, ծարավ, ուժասպառ հայերի մահվան ճանապարհն էր Մեսքինեն, և այդ տարօրինակ ծեսով եղեռնից հրաշքով փրկվածների հետնորդները ոգեկոչում էին նահատակներին: ՈՒ երբ 1992-ին իմ ծննդավայր Շահումյանը հայաթափվեց, ելուզակ ադրբեջանցին անտառներում մորթեց փախստականներից հետ մնացած ծերերին, հիվանդներին, մոլորված երեխաներին, ես վերջնականապես համոզվեցի, որ ցեղասպանությունն իրոք չփակվող, մշտանորոգ վերք է հայերիս համար: Ինչքան էլ այսօր անհարկի թվա, այնուամենայնիվ, մտածում եմ, որ հայերի կորուստներն անհամեմատ քիչ կլինեին, եթե ռուս «ազատարարներն» այն ժամանակ, ինչպես նաև 1992-ին, հավատարիմ մնային իրենց կոչմանը: Ականատեսների վկայությունները առաջին հայացքից շատ տարօրինակ մի իրողություն են ի հայտ բերում:

Ռուսներն իրենց հերթին կողոպտում էին անպաշտպան հայերին, գիշերային խարույկի կամ կերուխումի նպատակով ավերում կանգուն մնացած հայկական շինությունները՝ եկեղեցի, տուն, երախտագիտությամբ հուսավառ հայերին կոպտորեն վանում իրենցից և սպասավորներ, ուղեկցորդներ, խորհրդատուներ ընտրում թուրքին ու քրդին: Երբեմն էլ, ինչքան էլ տարօրինակ է, իրենք նոր ջարդեր էին հրահրում: Ինչպիսի ողբերգություն է բացահայտվում Մանազկերտի առաջնորդական փոխանորդ Հովհաննես քահանա տեր Ավետիսյանի՝ կաթողիկոս Գևորգ 5-րդին ուղարկած զեկուցագրում. «Խե՜ղճ ժողովուրդ, փրկչի տեղ դրած էին քրիստոնյա Ռուսիո բանակը, ու անոր առաջխաղացության մեջ փրկություն կա՝ կըսեր, բայց հազիվ թե անիկա Հայաստանի հողին վրա ոտք դրած է, հակառակը տեղի կունենա, և նահատակ ժողովրդյան հույսեր օդի մեջ կցնդի: Կերևի թե բռնակալ օսմանյան կառավարության զզվելի արարքն է, որ կկրկնվի:

Ռուս բանակի հրամանատարի քթի տակ ու աչքի առջև հայերը կխողխողուին, կմորթվեն, ռուսները հոգ չեն ըներ առաջն առնելու, և երբ իրենց կըսվի, թե քյուրդերը Հայաստանի մեջ հայ չթողուցին, կպատասխանեն՝ թող սպանեն, մենք Կովկասեն մարդ կբերենք, կբնակեցնենք հոս, և արհամարհելի վերաբերմունքով կվռնդեն իրենց տուներեն: Իսլամ չերքեզներ, որ դեռ երեկ գնդակ կարձակեին ռուս բանակի դեմ, ազատ, համարձակ կուգան, կշրջեն ռուս բանակի մեջ ու, առանց զինաթափ ըլլալու, կսկսին իրենց շահատակություններ: Անոր դեմն առնելու համար հայ կամավոր կռվողներու խնդրանքին ու դիմումին ռուսները զզվանքով մը կըսեն՝ մենք ձեր օգնության բնավ պետքություն չունենք»: Նման հարյուրավոր վկայություններ կան Հայսատանի ազգային արխիվի հրատարակած «Վշտապատում» ժողովածուի մեջ, որի լույս աշխարհ գալու հարցում ժամանակին ես էլ իմ համեստ ներդրումն ունեցա, որպես սրբագիրչ-խմբագրող: Ի՜նչ դժվարությամբ ես այդ գործն արեցի:

Ի՜նչ տվայտանքով անցա գրքի սոսկալի էջերի վրայով, ամեն էջում մի գազանային դաժանություն՝ պատռում էին հղիների որովայնը, սրի ծայրին թփրտացող մանուկին վեր պարզելով, քինախնդիր ոռնում՝ ահա Հայաստանի դրոշը, մոր աչքի առջև մորթած զավակի արյունը խմեցնում նրան... Տողե՜ր, տողեր, որ գիշերային մղձավանջի պես ինձ հետապնդեցին, երբ ես ծանոթանում էի «Վշտապատում» խորագրով վկայությունների այդ ժողովածուին: Ներիր, իմ ընթերցող, համբերատար եղիր, բացեմ պատահական մի էջ և քեզ հասկանալի կդառնան հիշատակածս ապրումները. «10-12 տարեկան տղաք հավաքելով կտանին գյուղեն քիչ հեռու և մեկիկ-մեկիկ կմորթին... Չարչարանքի ատեն երեխաներեն մեկը կմխիթարի իր ընկերներ, ըսելով, թե մեր ազգի ու հավատի համար է, որ կմեռնինք»: «Պառավ կնոջ մը 18-ամյա տղան իր աչքի առաջն կմորթին և, կռնակի միսեն ոստիկանը կտոր մը կտրելով, կստիպե մորը, որ խորովե ուտե... Մայրը ճիչ մը կարձակե, ապա, քար մը վերցնելով, ոստիկանին վրա կհարձակվի և անշունչ կփռվե գետնին»: Ահա հակաստված, ահա Նեռը, որ շարժում էր դահճի ձեռքը, և ահա զոհը՝ Սպիտակ գառը, որ նահատակվելով ապավինեց մարդկային խղճին: Եվ մարդկային մեղավոր լռությունը խախտելու համար է, որ վաղը հայոց բոլոր եկեղեցիները հերթական անգամ կոչնակ պիտի զարկեն:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 27403

Մեկնաբանություններ