ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ե՞րբ և ինչպե՞ս Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից

Ե՞րբ և ինչպե՞ս Թուրքիան կհրաժարվի ռուսական գազից
13.03.2020 | 11:36

Երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան կտրուկ կրճատել է ռուսական գազի գնումը և 13 տարվա մեջ առաջին անգամ թոփ 3 գնորդների մեջ չէ, շատ փորձագետներ ցանկացան «թուրքական վիրաժի» պատճառները պարզել, որ զարմանալիորեն ժամանակագրորեն համընկավ «Թուրքական հոսքի» շահագործման հետ: 2007-ից թուրքական շուկան ծավալով երկրորդն էր Գազպրոմի համար, զիջելով միայն Գերմանիային: Բայց անցած տարի առաջ անցավ ոչ միայն Իտալիան, այլև՝ Ավստրիան, որի տնտեսությունը երկու անգամ փոքր է թուրքականից: Պատճառների շարքում թվարկվում էր՝ թուրքական տնտեսության ճգնաժամային վիճակը, որ հանգեցնում է գազի սպառման մակարդակի նվազման, սուբսիդիաների բացակայությունը գազը էլեկտրաէներգետիկայում օգտագործելու համար, գնային տարաձայնությունները, որ մինչև հիմա կարգավորված չեն: «Կան հարցեր, կան խնդիրներ: Մեր թուրք բարեկամները պնդում են իրենց բանաձևերը՝ առևտրական նկատառումներով, Գազպրոմն առաջարկում է այլ լուծումներ»՝ մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Եվ ինչ-որ տեղ հորիզոնից այն կողմ ուրվագծվում էին քաղաքական ու աշխարհաքաղաքական խնդիրներ, որ վերջին ժամանակներս իրենց զգացնել էին տալիս: Նախ ուրվագծենք թուրքական ներկա «գազային լանդշաֆտը»: Թուրքիան 29% մեծացրել է գազի գնումն Ադրբեջանից, գազ է գնում Ալժիրից, Նիգերիայից, Կատարից: Դրվագային մատակարարումներ են եղել Հասարակածային Գվինեայից, Եգիպտոսից, Տրինիդադից ու Տոբագոյից, Նորվեգիայից ու նույնիսկ Ֆրանսիայից: Եթե իրավիճակը գնահատենք քաղաքական տեսակետից, Անկարայի գործողությունները տեղավորվում են ԵՄ-ի տրենդում՝ էներգառեսուրսների աղբյուրների դիվերսիֆիկացիա՝ թուլացնելու համար էներգետիկ կախումը Ռուսաստանից:


Կան և այլ պահեր: Առաջին՝ Անկարան սկսել է պայքարը Արևելյան Միջերկրականի էներգառեսուրսների համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնաց Թուրքմենիա և, ինչպես Բաքվի ԶԼՄ-ներն են պնդում, նախագահ Գուրբանկուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկեց Աշխաբադը «Հարավային գազային միջանցքին» միացնելու հարցը՝ գազային համակարգին միանալու՝ շրջանցելով Ռուսաստանը և Թուրքիա դուրս գալով: Երկրորդ՝ ճգնաժամը Իդլիբում ցույց տվեց, որ Թուրքիան որոշակի հանգամանքներում ու պայմաններում կարող է փորձել Ռուսաստանի հետ «գազային հարաբերությունները» օգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով: Անկարան հասկանում է, որ «Թուրքական հոսքը» իր ներկա տարբերակով հայտնվել է միայն այն պատճառով, որ Մոսկվան չի ցանկացել Ուկրաինայից տարանցիկ կախման մեջ լինել: «Թուրքական հոսքը» փոխարինեց «Հարավային հոսքին», որ պետք է անցներ ոչ թե Թուրքիայով, այլ բուլղարական Վառնայով: Դառնալով ռուսական գազի սպառող ու հնարավոր տարանցող՝ Թուրքիան սկսում է իրեն պահել այնպես, ասես աշխարհաքաղաքական մեծ լավություն է արել Ռուսաստանին, որին պետք է փոխհատուցի: Նախկինում այդպես չէր: «Թուրքական հոսքի» համար հայտնվեցին էական ռիսկեր Ռուսաստանի տարանցիկ անկախության բացակայության ռիսկի պատճառով: Մեծ հարց հայտնվեց՝ ո՞վ է գերադասելի՝ Ուկրաինա՞ն, թե՞ անկանխատեսելի դարձող Թուրքիան: Որոշ փորձագետների գնահատականով՝ հենց Անկարայի անկայուն դիրքորոշումը դեր խաղաց ռուսական գազը Եվրոպա Ուկրաինայով տարանցման համար: Ուստի ծագում է ևս մեկ հարց՝ «Թուրքական հոսքի» հեռանկարների մասին, որի լիակատար շահագործումը սկսում է բախվել քաղաքական դիմակայության հետևանքներին, այդ թվում՝ օվկիանոսից այն կողմ «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ ակցիաներից հետո: ԱՄՆ-ը առաջին հաղթանակին հասել է՝ Մոսկվային խանգարեցին Կիևին առանց գազի տարանցման եկամուտների թողնել: Կիևի հետ կնքվեց նոր երկարաժամկետ համաձայնագիր, որ 5 տարով երաշխավորում է բավականին բարձր ծավալներ և լավ պարգևատրում ծառայությունների համար, բացի այդ՝ Ուկրաինային վճարվեց 3 միլիարդ դոլար հին պարտքերից: Երկրորդ հաղթանակը կոփվում է Էրդողան-Ալիև տանդեմում, որ լուծում է թուրքմենական գազի Թուրքիա տարանցման հարցը Կասպից ծովով, որ կարող է հանգեցնել ռուսական գազից Անկարայի հրաժարվելուն: Վերջերս Վաշինգտոնում Կառնեգիի հիմնադրամում կոնֆերանս էր հրավիրվել «Պայքարի Բալկանյան էներգետիկ դաշտերը՝ գազատարներ և աշխարհաքաղաքականություն» թեմայով և քննարկվում էր մեկ հարց՝ ինչպե՞ս փակել «Թուրքական հոսքը»: ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայությունը հատուկ զեկույցով կապում է այս ուղղությամբ Էրդողանի գործողությունների հաջողությանը, որ «Ռուսաստանից դեպի ԱՄՆ դրեյֆի փորձեր է ձեռնարկում», իսկ Ադրբեջանին ԱՄՆ-ը տեսնում է իբրև «ավելի գրավիչ մատակարար ԵՄ-ին ու Թուրքիային», քան Գազպրոմը: Ավելին՝ ամերիկացի փորձագետները «Թուրքական հոսքի» հնարավոր փակումը կապում են Իդլիբի ճգնաժամի զարգացման հետ, որտեղ ամեն ինչ բարակ թելերից է կախված: Այսինքն՝ խոսքը իրավիճակի ստեղծման մասին է, երբ Մոսկվային կդնեն ընտրության առաջ՝ կամ «Թուրքական հոսք», կամ Իդլիբ: Ինչպես հետագայում կզարգանան իրադարձությունները «Թուրքական հոսքի» և Անկարայի ու Բաքվի հետ հարաբերություններում՝ ածանցվելու է արդեն նոր իրավիճակից: Այս պատմությունից ո՞վ հաղթող դուրս կգա, ցույց կտա միայն ժամանակը: Մոսկվան լուրջ հաղթաթղթեր ունի թե Թուրքիայի, թե Ադրբեջանի հետ խաղում, ժամանակն է խաղաքարտերը մի քիչ բացել:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ժամանակը արդեն ցույց է տալիս Մոսկվայի քաղաքականության սխալները՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները փչացնելու, Ուկրաինայի հետ չհայտարարված պատերազմի, Թուրքիայի հետ հարաբերությունների սերտացման, երկրի ամբողջ տնտեսությունը նավթագազային առանցքի շուրջ կառուցելու ու դիվերսիֆիկացումը անվերջ հետաձգելու: Փաստացի՝ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում էին միմյանց օգտագործել՝ Արևմուտքի դեմ ու ստացվում է, որ Էրդողանը Պուտինի հաշվին նետվում է Վաշինգտոնի գիրկը: Գազը դադարում է Ռուսաստանի քաղաքական զենքը լինել: Մնում է… պատերազմը: Երեկ Անկարան հայտարարեց, որ Իդլիբից հեռանալու մտադրություն չունի, հազիվ թե Դամասկոսն ու Մոսկվան ևս Իդլիբից հեռանալու ցանկություն ունենան, մնում է «Թուրքական հոսքը» փակե՞լը: Իսկ ի՞նչ հաղթաթղթեր ունի Մոսկվան Բաքվի հետ խաղում: Արցա՞խը: Բայց դա, Թուրքիային ու Ադրբեջանին կորցնելուց հետո նշանակելու է նաև Հայաստանը կորցնել՝ Բաքվին չգտնելու հեռանկարով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ