«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մակրոնը շնորհավորեց ֆրանսիացիներին ամանորն ու ոչ միայն

Մակրոնը շնորհավորեց ֆրանսիացիներին ամանորն ու ոչ միայն
05.01.2020 | 12:33

«Կենսաթոշակային բարեփոխումը ավարտին կհասցվի», իսկ կառավարությանը հանձնարարված է «հնարավորինս արագ կոմպրոմիս գտնել» արհմիությունների հետ վիճարահույց հարցերում: Տարեմուտի ուղերձում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեց երկիրը բարեփոխելու վճռականությունը՝ երկխոսության պատրաստակամություն հայտնելով ազգային գործադուլների համապատկերում, որ սպառնում է դառնալ ամենաերկարը վերջին 30 տարում: Դեկտեմբերի 31-ին նախագահի տարեմուտի ուղերձը Ֆրանսիայում հնչեց արդեն 60-րդ անգամ, երբ այդ ավանդույթը հաստատեց Շառլ դե Գոլը: «Ֆրանսուհիներ և ֆրանսիացիներ, իմ թանկագին հայրենակիցներ» այս բառերով 60 տարի Ֆրանսիայի նախագահները սկսում են տարեմուտի ուղերձը: Էմանուել Մակրոնը խոսքը սկսեց համերաշխության ու եղբայրության, ընդհանուր արժեքների և դժվարությունները ու փորձությունները միասին հաղթահարելու ֆրանսիացիների ունակության հաստատումով: Ինչպես ամեն տարի՝ նախագահը հիշեցրեց աղքատների, միայնակների, անտունների մասին, որ տարեմուտը դիմավորում են դժվար իրավիճակում: Մակրոնն ավանդաբար շնորհակալություն հայտնեց նրանց, որ ստիպված են աշխատել նոր տարում՝ այդ թվում՝ ոստիկաններին, հրշեջներին, բժիշկներին ու զինվորականներին:


Ամփոփելով 2019-ը՝ նախագահը նշեց ողբերգություններն ու կորուստները՝ Մալիում հակաահաբեկչական գործողության ժամանակ 15 զինվորականների զոհվելը, ահաբեկչությունը ոստիկանության Փարիզի պրեֆեկտուրայում, նախկին նախագահ Ժակ Շիրակի մահը, Նոտր Դամի հրդեհը: Հիշատակելով դեղին ժիլետների շարժումը՝ Մակրոնը նշեց «համազգային դեբատները», որ իր նախաձեռնությամբ սկսվեցին տարեսկզբին՝ Ֆրանսիային անհրաժեշտ բարեփոխումների համաժողովրդական քննարկման համար: Այդ երկխոսությունը նախագահը որակեց «աննախադեպ ժողովրդավարության պատմության մեջ»: Մակրոնը նշեց իր բարեփոխումների առաջին հաջողությունները և հպարտացավ տնտեսական ցուցանիշների դրական դինամիկայով՝ 500 000 նոր աշխատատեղերի ստեղծումը 2017-ի մայիսից, նոր ձեռնարկությունների թվի աճը, գործազրկության նվազումը, ավելի բարձր, քան հարևաններինը, արտասահմանյան ներդրումների աճը Ֆրանսիայի տնտեսության մեջ: Մակրոնի տարեմուտի ուղերձի ամենասպասված թեման այս անգամ կենսաթոշակային բարեփոխումն էր, որ պատրաստում է կառավարությունը: Բարեփոխման դեմ բողոքի շարժումը շարունակվում է դեկտեմբերի 5-ից: Երկաթուղայինների և Փարիզի հասարակական տրանսպորտի գործադուլը հունվարի 2-ին դարձավ վերջին 30 տարվա մեջ ռեկորդային իր երկարատևությամբ:


Էմանուել Մակրոնը նշեց, որ տարեմուտի ուղերձով դիմում է արդեն երրորդ անգամ՝ իր նախագահական «հնգամյակի» համարյա կեսին: «Սովորաբար սա վճռական գործողություններից հրաժարականի պահ է ինչ-որ մեկի դժգոհությունը չհարուցելու ցանկությամբ» մինչև ժամկետի ավարտը: «Մենք իրավունք չունենք այդ անխուսափելիությանը զիջել»՝ ընդգծեց նախագահը: «Այսօր երեկոյան, ձեզ համար ելույթ ունենալով՝ ես պարտավորվում եմ իմ ամբողջ եռանդը գործադրել վերափոխելու մեր երկիրը և ավելի ուժեղ, արդար ու մարդասեր դարձնելու»՝ նշեց Մակրոնը՝ վճռական «ոչ» ասելով «անգործությանը»: Նա ընդունեց, որ ցանկացած փոփոխություն «ցնցում» է և «վախեր ու բողոքներ» է հարուցում: «Պե՞տք է այդ պատճառով հրաժարվել մեր երկիրն ու առօրյան փոխելուց»՝ ինքն իրեն հարցրեց ու «Ոչ» պատասխանեց Ֆրանսիայի նախագահը:

«Բարեփոխումներից հրաժարվելու դիմաց կվճարեն ապագա սերունդները»՝ վստահ է Մակրոնը: «Հենց այդ պատճառով կենսաթոշակային բարեփոխումը, որ ես ձեզ խոստացել էի և առաջարկում է կառավարությունը, ավարտին կհասցվի»՝ հայտարարեց նախագահը՝ բարեփոխումն անվանելով «արդարության և սոցիալական առաջընթացի նախագիծ»: Նա նշեց, որ արմատական բարեփոխումը պետք է վերացնի «անհավասարության բազմաթիվ դեպքերը» և անարդարությունը, որ կա գործող համակարգում: Մակրոնի բարեփոխումը նախատեսում է 42 առանձին տեսակներից բաղկացած բարդ համակարգի պարզեցումը և 2025-ից սկսած բոլորի համար միասնական ու ունիվերսալ կենսաթոշակային համակարգի գործառնություն: Կենսաթոշակը կհաշվարկվի կուտակային միավորներից՝ աշխատավարձից կենսաթոշակային հաշվարկին տրված «յուրաքանչյուր եվրոյի» դիմաց: Նոր համակարգը կապահովի «մեծ արդարություն ու հավասարություն»՝ ասում է նախագահը: Մակրոնը խոստացավ հաշվի առնել նրանց իրավունքը, որ աշխատում են ծանր ու վնասակար պայմաններում, ավելի շուտ անցնելու կենսաթոշակի: Նա կառավարությունից պահանջեց «հնարավորին արագ կոմպրոմիս գտնել» արհմիությունների հետ բարեփոխման նախագծի բանակցություններում:


62 տարեկանը պահելով կենսաթոշակի անցնելու համար՝ բարեփոխումը պետք է խթանի ֆրանսիացիներին աշխատել ավելի երկար համակարգի ֆինանսական հավասարակշռությունը պահպանելու ու դեֆիցիտը վերացնելու համար: Ներմուծվում է «հավասարակշռության տարիքը»՝ 64 տարեկանը՝ ամբողջական կենսաթոշակ ստանալու համար: Ավելի վաղ վաստակած հանգստի անցնողներին առաջարկվում է վճարել «կրճատված» կենսաթոշակ, ավելի երկար աշխատածներին առաջարկվում է հավելում: «Հավասարակշռության տարիքը» կարող է ավելանալ՝ կյանքի տևողության մեծացման հետ: Բարեփոխման առավել ակտիվ հակառակորդը երկաթուղայիններն են ու Փարիզի հասարակական տրանսպորտի աշխատակիցները, որ հիմա արտոնյալ պայմաններ ունեն ու վաղ կենսաթոշակի անցնելու իրավունք: Այլ կատեգորիաների աշխատողները վախենում են բարեփոխումից հետո կենսաթոշակի իջեցումից և կենսաթոշակային տարիքի փաստական ավելացումից: 1986-1987-ի ռեկորդը գերազանցած գործադուլը հազիվ թե հունվարի 7-ին ավարտվի, երբ կառավարությունը կվերսկսի արհմիությունների հետ քննարկումները: Կենսաթոշակի բարեփոխման հարցում աներեր Մակրոնը դեկտեմբերի 31-ին հայրենակիցներին հիշեցրեց, որ եկամտահարկի իջեցումը, տեղական հարկը հանելը մեծամասնության համար իրականություն կդառնան 2020-ին:

RFI


Հ․Գ․ Ֆրանսիայում նախագահի տարեմուտի ուղերձների ավանդույթը ներմուծեց Շառլ դե Գոլը, որ առաջին անգամ ֆրանսիացիներին շնորհավորեց 1960-ի նախօրեին: Այդ ելույթների բովանդակությունը միավորող է ու համարյա անփոփոխ, թեպետ ծիսական բանաձևերում յուրաքանչյուր նախագահ իր անհատական ոճն է բերում, իսկ առանցքային թեմաները անխուսափելիորրեն կապված են ակտուալ իրադարձությունների հետ: Դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայի նախագահներն ավանդաբար ձեռնպահ են մնում ճակատագրական հայտարարություններից, քաղաքական կուրսի փոփոխության կամ կոնկրետ բարեփոխումների հայտարարություններից: Հունվարի 1-ից «նոր կյանքի», առավելևս «Ես հոգնել եմ, ես հեռանում եմ» ոճով հայտարարություններ Հինգերորդ հանրապետության պատմությունը դեռ չի արձանագրել: Տարեմուտի որոշ ուղերձներ մտել են Ֆրանսիայի պատմություն՝ շնորհիվ քաղաքական նշանակության ու ենթատեքստի: 1960-ի դեկտեմբերի 31-ին Շառլ դե Գոլը երկրորդ անգամ դիմեց տարեմուտի ուղերձով: 2 տարի առաջ իշխանության վերադարձած գեներալը Ալժիրում պատերազմը դադարեցնելու ու իր գաղութից Ֆրանսիայի հեռանալու կուրս էր սկսել: 1961-ի հունվարի 8-ին երկրում Ալժիրի ինքնորոշման հանրաքվե էր նշանակվել: Տարեմուտի ուղերձում Շառլ դե Գոլը հայրենակիցներին մաղթեց, որ «1961-ը դառնա խաղաղության վերականգնման տարի, երբ ժողովուրդները կարող են ազատ ընտրել սեփական ճակատագիրը»: Ելույթ ունենալով «ալժիրյան Ալժիրի ծննդյան» օգտին՝ նախագահը հայրենակիցներին կոչ արեց աջակցել իրեն հանրաքվեում: Մի քանի օրից ֆրանսիացիների 75%-ը կողմ քվեարկեց Ալժիրի ինքնորոշմանը: 1962-ի ապրիլի 8-ին հանրաքվեում Էվիանի համաձայնագիրը, որ պատերազմին վերջ դրեց ու Ալժիրի անկախության ճանապարհը բացեց, վավերացվեց 91% ձայներով:


1974-ի նախօրեին նախագահ Ժորժ Պոմպիդուն ստիպված էր ֆրանսիացիներին շնորհավորել տնտեսական սուր ճգնաժամի ժամանակ: Ճգնաժամը հարուցել էր արևմտյան երկրների համար «նավթային շոկը»՝ արաբական երկրների հայտարարած նավթային էմբարգոյից հետո: Մեկ տարում նավթի գինը 4 անգամ ավելացավ: Արտաքին շոկը ուղեկցվում էր ներքին գների աճով՝ հետպատերազմյան տնտեսական աճի «փառավոր 30-ամյակից հետո»: Տարեմուտի ուղերձում Ժորժ Պոմպիդուն ասաց. «Պետք է խոստովանել, որ տարին ավարտվում է նվազ անամպ ու անխռով, իսկ ապագայի հեռանկարները ավելի խիստ են: 1974-ը սպառնում է լինել բարդ ու բոլոր դեպքերում, ինչպես երբեք, առավել քան անորոշ»:


Ֆրանսուա Միտերանը ևս ֆրանսիացիներին 1983-ին շնորհավորեց տնտեսական լուրջ դժվարությունների պահին: 1981-ի մայիսին սոցիալիստ նախագահը իշխանության եկավ ժողովրդական լայն զանգվածներին հարստության վերաբաշխման շռայլ ծրագրով: Շուտով մասշտաբային սոցիալական խոստումների և ներքին պահանջարկի խթանման մասին ստիպված էր մոռանալ համաշխարհային ճգնաժամի պատճառով: Արդյունաբերության ու բանկերի մասշտաբային ազգայնացման ծրագիրը կասեցվեց, ֆրանկը երկու անգամ արժեզրկվեց, գներն ու աշխատավարձերը սառեցվեցին 1982-ի ամռանը: Դեկտեմբերի 31-ին Ֆրանսուա Միտերանը հաստատեց «խիստ խնայողության» քաղաքականության անցումը: Մարտին Ֆրանսիայում կես տարում ֆրանկի երրորդ արժեզրկումը եղավ, կտրուկ բարձրացվեցին էներգակիրների հարկերն ու մաքսատուրքերը, ֆրանսիացիների եկամտահարկից 5000 ֆրանկի պարտադիր պետական մուրհակ սահմանվեց: Միտերանի «խիստ խնայողությունը» հարուցեց ձախ ընտրախավի հիասթափությունը և երկար ժամանակով վանեց սոցիալիստներից:
2005-ից մի քանի ժամ առաջ նախագահ Ժակ Շիրակը վճռեց ֆրանսիացիներին հաղորդել իր քաղաքական կարևոր վճիռը: Տարեմուտի ուղերձում նա հայտարարեց երկրում Եվրամիության Սահմանադրության նախագծի հանրաքվեի մասին: Նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելու, ոչ թե խորհրդարանում վավերացնելու սկզբունքային որոշման մասին Շիրակը հաղորդել էր դեռ հուլիսի 14-ին: Դեկտեմբերի 31-ին նախագահը ճշտեց. «2005-ին Եվրոպայի ապագան կլինի ձեր ձեռքերում: Ես վճռել եմ եվրոպական Սահմանադրությունը համաժողովրդական քվեարկության դնել հանրաքվեում, որ կանցկացվի ամռան սկզբից առաջ»: 2005-ի մայիսի 29-ին ֆրանսիացիները 55%-ով մերժեցին Սահմանադրությունը:


Հանրաքվեների ձախողումը Ֆրանսիայում ու Նիդեռլանդներում ԵՄ-ին ստիպեցին հրաժարվել Սահմանադրության գաղափարից ու 2007-ին կնքել Լիսաբոնի պայմանագիրը, որ լրացրեց Հռոմի ու Մաաստրիխտի հիմնարար համաձայնագրերը:
2014-ի նախօրեին հայրենակիցներին տնտեսական ու ֆինանսական «նվեր» տվեց Ֆրանսուա Օլանդը: Տարեմուտի ուղերձում նախագահը հայտարարեց, որ վճռել է բիզնեսի հետ կնքել «պատասխանատվության համաձայնագիր»: Խոսքը ձեռնարկություններին 10 միլիարդ եվրոյի սոցիալական հատկացումների նվազման, հարկային ու վարչական համակարգի պարզեցման մասին էր: Նոր աշխատատեղերի ստեղծման փոխարեն: «Ֆինանսների աշխարհն» իր գլխավոր «թշնամին» անվանած սոցիալիստ Օլանդը իշխանության գալուց հետո իրականում ստիպված էր լիբերալ տնտեսական քաղաքականություն վարել: 2013-ը ֆրանսիական բիզնեսի համար անցավ Օլանդի առաջին տնտեսական պայմանագրի դրոշի տակ՝ ձեռնարկությունների հարկերը 11 միլիարդ եվրոյով իջեցվեցին, հետագա տարիներին այդ հարկային արտոնությունը միջինը 20 միլիարդ եվրո էր (մինչև 2019-ը, երբ «պայմանագիրը» վերացվեց, բիզնեսի համար ընդհանուր հարկային արտնությունը 100 միլիարդ եվրո էր):
2020-ի վերջին րոպեներին տարեմուտի ուղերձով հայրենակիցներին է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն:
Ձեզ դիմում եմ ուղիղ եթերում, ՀՀ և համայն հայության մայրաքաղաք Երևանի սրտից՝ Հանրապետության Հրապարակից, որտեղ 2018-ի գարնանը իրար հետ իրականացրինք ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը:
Անցնող 2019-ը հետհեղափոխական առաջին ամբողջական տարին էր և 2018-ի դեկտեմբերի 31-ի իմ ամանորյա ուղերձում ձեզ խոստացել էի, որ 2019-ին մենք նվաճելու ենք նոր բարձունքներ, արձանագրելու ենք նոր հաջողություններ և առաջին հերթին մեր երկրի սոցիալ տնտեսական կյանքում:
Ուրախ եմ փաստել, որ տեսանելի, շոշափելի ու չափելի բազմաթիվ արդյունքներ ենք արձանագրել անցնող տարում:


2019-ի արդյունքներով Հայաստանը ամենամեծ տնտեսական աճն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանում, ոչ միայն ԵԱՏՄ տարածքում, ոչ միայն ԱՊՀ-ում և հետխորհրդային ողջ տարածքում, այլև ենթադրաբար՝ Եվրոպական տարածաշրջանում: Հայաստանը վստահաբար 2019-ի տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվին է դասվելու:
ՀՀ քաղաքացիները կարող են տեսնել և զգալ մեր տնտեսության փոփոխությունները.
2019-ին Հայաստանում նորոգվել են այնքան ավտոճանապարհներ, որքան 2015, 16, 17-ին միասին վերցրած:
Բարձրացել են զինվորականների, փրկարարների, ուսուցիչների, անտառապահների, բազմաթիվ բուժաշխատողների աշխատավարձեր, 2020-ի հունվարի 1-ից բարձրանում են բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները, ավելանում է նվազագույն աշխատավարձը:
Իրականացվում են զուտ սոցիալական ծրագրեր. բյուջեի միջոցների հաշվին մանկատան 300 սաներ, ում պետությունը դեռ 2003-ից բնակարան հատկացնելու պարտավորություն ունի, ի վերջո ստանում են բնակարաններ:


Լուծվում է զինթոշակառուների բնակարանային խնդիրը, ինչի համար հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ:
1 միլիարդ 500 միլիոն դրամ է հատկացվել 121 փախստական ընտանիքների բնակարանով ապահովելու համար. նման ծրագիր Հայաստանում նախկինում երբեք չի իրականացվել:
Եվ ուրախ եմ արձանագրել, որ հիմա Հայաստանը գտնվում է աղքատության ամենացածր մակարդակի վրա, նման հաշվառում իրականացնելու մեկնարկի օրից:
Մեր երկրի միջազգային պահուստները հասել են աննախադեպ ծավալների, գերազանցելով 2.8 միլիարդ դոլարը, 2019-ի պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 100 միլիարդ դրամով:
Հայաստանի կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով հազարավոր ընտանիքների աջակցում է աշխատանքով հաղթահարել աղքատությունը և կառուցել բարեկեցություն:
Կարևոր է ընդգծել նաև, որ 2018-ի մայիսից Հայաստանում ի հայտ է եկել 84 000 նոր աշխատատեղ, անշեղորեն նվազում է գործազուրկների թիվը: Դեռ ավելին, այսօր Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան:


Սիրելի հայրենակիցներ.
Մեր ձեռքբերումների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել: Այս թվարկումը, սակայն, անում եմ ոչ միայն 2019-ը ամփոփելու, այլև 2020-ի մեր նշաձողերը սահմանելու համար:
Նոր տարին դիմավորում ենք բարձր տրամադրությամբ, ամրապնդված ինքնավստահությամբ, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ նորոգված հավատով:
2020-ը պիտի դառնա այս համազգային տրամադրության, ինքնավստահության ու հավատի անհատականացման տարի: Նոր տարում սեփական ուժերի և ապագայի նկատմամբ հավատով ու եռանդով պիտի համակվեն նույնիսկ թերահավատները և մենք յուրաքանչյուր քաղաքացու պետք է ուժ տանք, վստահություն, քաջալերանք, որ ինքը կարող է, ինքը ունակ է, ինքը ի վիճակի է ունենալ հաջողություններ՝ կրթության, կարիերայի մեջ, ձեռներեցության, արդար, ստեղծագործ, գրագետ աշխատանքով արդյունք ստեղծելու, հարստանալու և սեփական երկիրը հարստացնելու գործում:
Մենք ծավալուն փոփոխություններ ենք իրականացրել Հարկային օրենսգրքում, որ 2020-ը դառնա մեր քաղաքացիների տնտեսական ակտիվության բացառիկ տարի: Հեղափոխությունից հետո հարյուր միլիոնավոր հավելյալ դոլարներ են մտնում ՀՀ, և յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, թե ստեղծարար ձեռնարկատիրության ի՞նչ նախագծով կարող է իր մասնաբաժինը ստանալ այս ազգային հարստությունից և ազգային հարստության ի՞նչ մասնաբաժին ինքը կարող է ստեղծել:


Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանում հաստատված են անհնարինը իրականություն դարձնելու ժամանակներ: 2018-ին շատ քչերն էին հավատում, որ հնարավոր է երկրում իրականացնել Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն, 2019-ին շատ քչերն էին հավատում, որ արձանագրելու ենք համաշխարհային ուշադրության արժանի տնտեսական ցուցանիշներ:
2020-ը դառնալու է թերահավատների հուսավառվելու և հավատավորների թռիչքի տարի, ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հոգեբանական թռիչքի տարի: Սա է այս հեղափոխական՝ սիրո և համերաշխության բազմամարդ ու խինդառատ Հանրապետության Հրապարակի այս պահի խորհուրդը:
Սիրելի հայրենակիցներ,
2019-ին մենք, ըստ էության, փակել ենք այսպես կոչված «80-ականների զենքերի» ամոթալի էջը: Ընդամենը օրեր առաջ Հայաստանը ձեռք բերեց ՍՈւ 30 ՍՄ գերժամանակակից բազմաֆունկցիոնալ ռազմական օդանավեր և վերջապես ունեցանք կործանիչ ավիացիա, ձեռք բերեցինք ՏՈՐ-Մ2ԿՄ հակաօդային և հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր:


2019-ին վերջին տարիների համար աննախադեպ քանակի զենք և զինամթերք ենք ձեռք բերել, որոնք կամ հենց 2019-ի արտադրության են, կամ բոլորովին չօգտագործված: Սա աննախադեպ իրավիճակ է մեր բանակի պատմության մեջ:
Հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ գերժամանակակից այս զենքերը մեզ անհրաժեշտ են խաղաղության և ոչ պատերազմի համար: Իսկ մեր խաղաղությունն ապահովում են այսօր, հիմա, հենց այս պահին առաջնագծում, սահմանին կանգնած և իրենց զորամասերում մեզ հետևող զինվորները, սպաները, գեներալները:
Ամանորի այս հանդիսավոր հարթակից հատուկ ողջույններ եմ հղում նրանց և շնորհակալություն եմ հայտնում մեր խաղաղության դիրքերում ամուր կանգնած լինելու համար:
Ասեմ նաև, որ բանակում սկսվել և մեծ թափով առաջ է շարժվում զինվորներին բարձրորակ սննդով ապահովելու նոր համակարգի ներդրումը, որը լայն դրական արձագանք է գտել զինվորների, նրանց ծնողների և հանրության շրջանում: 2020-ի արդյունքներով մտադիր ենք սննդի ապահովման այսպիսի համակարգով ապահովել Հայոց բանակի բոլոր զորամասերը ինչի արդյունքում մեր զինվորների ամենօրյա սեղանները կլինեն իրենց մատուցած ծառայությանը արժանի.....


Հատուկ ողջույններ եմ հղում ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, արտակարգ իրավիճակների նախարարության, արդարադատության նախարարության այն ծառայողներին, ովքեր ամանորյա այս րոպեները անցկացնում են ծառայության մեջ, ապահովելով երկրի ու ժողովրդի անվտանգությունը և շնորհակալություն եմ հայտնում նրանց՝ ծառայության համար:
Ջերմորեն ողջունում եմ առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, հանրային սննդի ոլորտի այն աշխատողներին և ընդհանրապես բոլոր այն մարդկանց, ովքեր Ամանորը դիմավորում են ոչ թե ընտանիքի անդամների հետ, այլ աշխատանքի մեջ:
Եվ ի վերջո, ողջունում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր բոլոր հայրենակիցներին, Հայաստանում, Արցախում, սփյուռքում... ու հատկապես այն մարդկանց, ովքեր այս պահին այստեղ են՝ համայն հայության և ՀՀ մայրաքաղաք Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակում:


Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Եվ ծառայում եմ բոլորիդ. ձեր բոլոր ցավերը իմ սրտում են, ձեր բոլոր կարիքները իմ մտքում են, ձեր բոլոր երազանքները իմ հոգում են:
Ժպտացեք իրար սիրելի հայրենակիցներ, որովհետև Նոր տարին ահա, եկավ:
Եվ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:
Համեմատելու հաճույքը թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ