«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հյուսիսային հոսք-2»-ը օվկիանոսի այն կողմից չես կանգնեցնի

«Հյուսիսային հոսք-2»-ը օվկիանոսի այն կողմից չես կանգնեցնի
23.12.2019 | 12:58

ԱՄՆ ոչ մի պատժամիջոց չի կարող խանգարել վիթխարի նախագծի ավարտին, որ «կապույտ վառելիքը» հասցնելու է Եվրոպա՝ հայտարարում են Կրեմլում: ԱՄՆ վերջին պատժամիջոցները ՌԴ-ի դեմ թիրախավորում են հենց «Հյուսիսային հոսք-2» գազատարը, որով Ռուսաստանի բնական գազը փոխադրվելու է Եվրոպա: Ավելի ստույգ՝ պատժամիջոցներն ուղղված են ընկերությունների դեմ, որ մասնակցում են գազամուղի կառուցմանը: Կրեմլում վստահեցնում են, որ այդպիսով կառուցմանը չեն խանգարի: Նախագիծը կավարտվի: Այդ թեմային անդրադարձ եղավ և Վլադիմիր Պուտինի մամլո մեծ ասուլիսում: Նախագահին հարցրին՝ ԱՄՆ պատժամիջոցները կարո՞ղ են խանգարել, վնասել կամ հետաձգել նախագծի ավարտը:

Պատասխանը մեկն էր՝ «Հյուսիսային հոսք-2»-ը ավարտվելու է՝ անկախ ամեն ինչից»: Այս խոսքերը հնչեցին, երբ ԱՄՆ Սենատն արդեն առաջարկել էր պատժամիջոցների օրինագիծը ընկերությունների նկատմամբ, որ «խառնված են» շինարարությանը: Օրինագիծը Դոնալդ Թրամփի սեղանին սպասում է նրա ստորագրությանը: Օրինագծում նշվում է, որ խողովակաշարի կառուցմանը մասնակից ընկերությունները պետք է 30 օրում դադարեցնեն աշխատանքը: Պատժամիջոցները ոչ միայն իրավաբանական անձանց դեմ են, այլև կոնկրետ ղեկավարների, որ պատասխանատու են շինարարության համար: Պատժամիջոցները վերաբերում են եվրոպական ընկերություններին, որ մասնակցել են աշխատանքներին՝ գերմանական ու ֆրանսիական էներգետիկ ընկերություններին՝ Wintershall-ին, գերմանական Uniper-ին, Dutchshell-ին և ավստրիական OMV-ին: Կրեմլում պատժամիջոցները անվանում են միջազգային իրավունքի ուղիղ խախտում, անբարեխիղճ մրցակցության խորհրդանիշ, եվրոպական էներգետիկ շուկաներում գերակայելու արհեստական փորձ: Եվրոպացի սպառողին փորձում են պարտադրել գործնականում ավելի թանկ ապրանք, ԱՄՆ-ը փորձ է անում ուժային մեթոդներով մեկուսացնել մրցակցին: «Հյուսիսային հոսք-2»-ը նախկինում էլ հարուցում էր ԱՄՆ պաշտոնական դեմքերի քննադատությունը, որովհետև ԱՄՆ ներկա վարչակազմը ոչ միայն հակառուսական քաղաքականություն է վարում, նաև կապված է ամերիկյան հանքարդյունաբերող ձեռնարկությունների հետ և փորձում է, օգտագործելով «ոչ շուկայական մեխանիզմներ»՝ ստիպել եվրոպացիներին գնել հենց իրենց արտադրանքը: ԱՄՆ անտեսում է անգամ Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի հայտարարությունը, որ ԱՄՆ-ը չի կարող խառնվել եվրոպական երկրների ու եվրոպական էներգետիկ մատակարար ընկերությունների քաղաքականությանը:

Հեյկո Մաասը իր Թվիթերում գրել էր, որ Եվրոպայի էներգետիկ քաղաքականությունը ձևավորում են և պետք է ձևավորեն իրենք՝ եվրոպացիները, այլ ոչ թե ԱՄՆ-ը: «Հյուսիսային հոսք-2» գազատարը, գազ է փոխադրելու ռուսական Բալթիկայի ափերից Գերմանիա, հաշվարկված է տարեկան 55 միլիարդ խորանարդ հզորությամբ: Ծրագրվում էր, որ նախագիծը կավարտվի մինչև 2020-ի սկիզբը: Բոլոր երկրները, որոնց տարածքով անցնելու է գազատարը՝ Ռուսաստան, Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, կամ տվել են իրենց համաձայնությունը, կամ մասնակցում են նախագծին:

Akharin Khabar, Իրան

Հ.Գ. Նախագիծը մինչև 2020-ի սկիզբը չի ավարտվի, բայց դա չի նշանակում, որ կմնա կիսատ: Կգտնվեն նոր ընկերություններ և ուշացումով «Հյուսիսային հոսք-2»-ը կշահագործվի: Հիմա, երբ Ռուսաստանն ու Ուկրաինան ևս պայմանավորվել են Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման մասին, չի բացառվում, որ մեծանան ռուսական գազի մատակարարման ծավալները Եվրոպա, ու այդ ժամանակ ԱՄՆ-ին մնում է պատժամիջոցներ սահմանել կոնկրետ պետությունների դեմ, որ գնում են ռուսական գազը: Եթե, իհարկե, Դոնալդ Թրամփը ցանկանում է առևտրական նոր պատերազմ սկսել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ