«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ադրբեջանի գորշ կարդինալը գնաց դեպի գիտություն

Ադրբեջանի գորշ կարդինալը գնաց դեպի գիտություն
24.10.2019 | 11:22

Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով աշխատանքից ազատվել է նախագահի աշխատակազմի անփոփոխ ղեկավար Ռամիզ Մեհտիևը և նույն օրը նշանակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, որտեղ աշխատում էր դեռ խորհրդային տարիներին: Իլհամ Ալիևը նրան նաև Հեյդար Ալիևի շքանշան է տվել՝ պետական կառավարման հատուկ ծառայությունների ու գիտության զարգացման համար: Մեհտիևին աշխատակազմի ղեկավար էր նշանակել 1995-ին Հեյդար Ալիևը: Ադրբեջանում Ռամիզ Մեհտիևին անվանում են իշխանության գաղափարախոս և գորշ կարդինալ: Դեռ 1981-ին նա նշանակվել էր Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի բաժնի վարիչ: Մեհտիևը հասցրել է լինել ժողովրդական պատգամավոր ԽՍՀՄ-ի ժամանակ, Ադրբեջանի անկախության հռչակումից հետո՝ Միլի Մեջլիսի պատգամավոր: «Նա դեռ բրեժնևյան ժամանակներից զբաղվում էր գաղափարախոսությամբ, մեր տեղական Սուսլովն էր,-նշում է քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը:- Մեհտիևը տեղական գորշ կարդինալն էր: Նա երբեք չի եղել առաջին դերերում, բայց առանցքային շատ խնդիրներ լուծվել են նրա միջոցով: Այդպես է եղել և Հեյդար Ալիևի, և Իլհամ Ալիևի օրոք»: Մեհտիևը եղել է այն առանցքը, որ միավորել է շրջանները, կառավարությանն ու նախարարներին: Նա «իշխանության ակսակալն» էր ու փորձառու պաշտոնյա, որից վախենում էին ու ում հարգում էին բոլորը: Ռզաևը չի բացառում, որ ազդեցիկ պաշտոնյայի հեռանալը վաղուց էր ծրագրված, իսկ ընդդիմության միտինգները Բաքվում, որ կոպտորեն ցրեց ոստիկանությունը, դարձան կատալիզատոր:


Ռամիզ Մեհտիևը հայտնի է քաղաքական մենագրություններով ու հոդվածներով, որտեղ գրում էր արտաքին թշնամու մասին, որը վախենում է ուժեղ ու անկախ Ադրբեջանից, և «հինգերորդ շարասյան» նոր տարատեսակի, որոնց շարքում էր դասում ոչ կառավարական ու իրավապաշտպան կազմակերպություններին:


Իշխանության մեջ այլ փոփոխություններ էլ են եղել: Նույն օրը էկոնոմիկայի նոր նախարար է նշանակվել 43-ամյա Միքայել Ջաբարովը, որ հարկայինն էր ղեկավարում: Երկու օր առաջ Ալիևը պաշտոնանկել էր երկու փոխվարչապետերին: Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն գտնում է, որ նախարարների փոփոխությունը չի ազդի իրավիճակի վրա երկրում: «Հարցն այն է՝ Ադրբեջանում կհաստատվի՞ մրցակցային համակարգ, բիզնեսում, քաղաքականության մեջ, այլ ոլորտներում»՝ գտնում է նա: Նրա կարծիքով՝ բացառված չեն և այլ փոփոխություններ. «Տոտալ հավաքագրումների փոխարեն, որով զբաղվում էր հին գվարդիան, հիմա տնտեսոության մեջ բոլոր «յուղոտ» տեղերում պարզապես նոր մարդիկ են լինելու: Նավթը, ոսկին, շինարարությունը վաղուց մոնոպոլիստների ձեռքում են, հիմա իշխանությունները փորձում են փոխել փող աշխատելու ձևը՝ ոչ թե ձեռքներից վերցնելով՝ ինչպես հին կադրերն էին անում, այլ սովորական մոնոպոլիաներով»: Հաջիևը չի հավատում բարեփոխումներին իշխանության ներսում. «Բարեփոխումը մեր դեպքում անցումն է ոչմրցակցային համակարգից համակարգի: Ես դա չեմ տեսնում»:


Մի քանի ամիս առաջ Բաքու այցի ժամանակ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հանդիպեց ոչ թե իր պաշտոնակցին, այլ հենց Մեհտիևին: Դա գրավեց դիտորդների ուշադրությունը՝ իբրև փաստի հաստատում, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը կապված է Մոսկվայի հետ ու ունի Կրեմլի աջակցությունը: «Ռամիզ Մեհտիևը հատուկ դեր է խաղացել ադրբեջանական քաղաքականության մեջ, լինելով թիվ 1 պաշտոնյա երկար տարիներ»՝ ասել է Իննովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահեմդօղլուն: Նա հերքում է տեսակետը որ Ռամիզ Մեհտիևը Մոսկվայի մարդն է: «Այլ հարց է որ Ադրբեջանի քաղաքականության հիմնական գիծը՝ թե դրական, թե բացասական իմաստով, կապված է Ռուսաստանի հետ: Տարածաշրջանում ընթացող իրադարձությունները թելադրում է Ռուսաստանը,-ընդգծում է Մուբարիզ Ահմեդօղլուն:- Ռամիզ Մեհտիևը մարդ էր, որ անմիջականորեն ղեկավարում էր Ռուսաստանի հետ հարաբերությունները»:
BBC


Հ.Գ. Եթե Մուբարիզ Ահմեդօղլուն ճիշտ է, ուրեմն Ռամիզ Մեհտիևը այլևս չի բավարարում Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններին և այդ պատճառով է գնացել՝ ԳԱԱ: Դա կարող է լինել և Ադրբեջանի, և Ռուսաստանի դժգոհության հետևանք, և պարզապես՝ անվստահություն Ալիևի կողմից: Ադրբեջանում սկսած վարչապետի փոփոխությունից՝ ինչ-որ քայլեր են արվում՝ աշխարհին ցույց տալու, որ երկիրը ժողովրդավարության ճանապարհին է և այս պահին պետք չէ իրեն որևէ կերպ հարվածել, հակառակը պետք է օգնել Ալիևին՝ դժվարին պայքարում կոռուպցիոներների ու հին համակարգի դեմ: Բայց դա բլեֆ է՝ ինչպես բլեֆ է ժողովրդավարությունը Ադրբեջանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ