ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Սարգիս տղան

Լևոն ԴՌՆՈՅԱՆ. Սարգիս տղան
22.10.2013 | 12:22

Սարգիս տղայի մատները բարակ են, նա հաշվում է մոմերը, որ գնել ենք իր տատից՝ Մուղնու Աստվածաշունչ վանքում: Սարգիս տղան տասը տարեկան կլինի, նա այգու տերն է. քիչ անց տեսանք՝ ծառերի բներն էր մաքրում հին կեղևներից: Վանքի դիմացի ճամփեզրին բալի ծառը կաս-կարմիր է կտրել: Մուղնու գաթան բուրում է: Նստում ենք վանքի այգու մի սեղանի մոտ և մատներով կտրում գաթան, արդար յուղը խորիսի մեջ խայտում է, քաղցրության մեջ բերանդ աղոթարան է դառնում: Վանքը պինդ կանգնած է: Մենակ չենք: Մի եվրոպացի կին, նիհար ոտքերը սև տաբատին հանձնած, հասել է այստեղ: Իր նախնիներին է փնտրում: Սարգիս տղային չի տեսել, հենց որ տեսավ՝ էլ հարց չի ունենա` ավելի գեղեցիկ եվրոպական ձագ նա երազում էլ չի տեսել: Մուղնու վանք, վանքի այգին` աշխարհի օրրանը: Մատներս քաղցրի և յուղի մեջ են, լվանում եմ աղբյուրի ջրի տակ: Դառնալու եմ իմ գործին: Հայաստանը հանձնում եմ Սարգիս տղային: Թող խնամի, փայփայի, ծառերը մաքրի, խաշամն հավաքի: Ինչ որ պետք է` ՝թող անի: Ինքն է տերը: Սարգիս տղային խոստանում եմ՝ չեմ նահանջելու, վաչկատուն զավթիչի աչքը վառելու եմ: Հայոց լեզուն փայփայելու եմ: Մինչև Սարգիս տղան չափահաս դառնա: Որ իրեն հայոց թագավոր կարգենք:

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ