ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայկ Մարության. ՔՊ-ի գլխացավա՞նքը, թե՞ փրկօղակը

Հայկ Մարության. ՔՊ-ի գլխացավա՞նքը, թե՞ փրկօղակը
14.09.2023 | 14:54

Այդպիսի սրախոսություն կա. «Հետաքննության ժամանակ կարևորն այն է, որ հանկարծ սեփական հետքի վրա չելնես»: Ու ամեն անգամ, երբ արդեն ավարտվող ընտրարշավի ընթացքում փաշինյանական ՔՊ-ն հակաքարոզչական հարձակումներ էր կատարում իրենց իսկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վրա, եթե կուզեք՝ Հայկ Մարությանի դեմ, ակամայից այդ սրախոսությունն էր հիշվում: ՔՊ-ականներն այնպիսի ջերմեռանդությամբ են լծվել Հայկ Մարությանի դեմ պայքարին, որ դա ակնհայտորեն «տեխնոլոգիայի» տպավորություն է թողնում: Այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ականները հատուկ են թիրախավորել իրենց իսկ առաջարդրած ու պաշտպանած նախկին քաղաքապետին, որպեսզի իրենցից հիասթափված «թավշիստների» մի որոշակի մասին ուղղորդեն դեպի նա:

Չէ, բայց իրոք, երբ ՔՊ-ականներն են անխնա «քլնգում» Հայկ Մարությանին, կամ հակառակը՝ Հայկ Մարությանն է ոչ պակաս անխնա բզիկ-բզիկ անում իր ոչ այնքան վաղուցվա թիմակիցներին, դա հիշեցնում է քոթոթի, որը շարունակ փորձում է որսալ... սեփական պոչը:

Այստեղ չմեջբերենք վերջին օրերին ՔՊ-ականների, այդ թվում՝ Փաշինյանի կողմից Մարությանի հասցեին և, բնականաբար, հակառակ ուղղությամբ հնչած վիրավորական ու «կպնողական» արտահայտությունները: Այստեղ այլ բաներ են հետաքրքիր. ում համար է այդ «ներկայացումը», կամ օրինակ, Հայկ Մարությանը գլխացավա՞նք է, թե՞ փրկօղակ:

«Ում համար»-ի հարցը պարզ է, թերևս: Ավելի քան 5 տարի առաջ վերցնելով իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ արել են, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ իրենցից հիասթափվեն: Խոսքը, հասկանալի է, նրանց ոգևորված «դմփ-դմփ-հու» անող մարդկանց մասին է: Վերջիններիս մի որոշակի մասը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ՔՊ-ին ձայն չի տալու, բայց «նախկիններին» էլ չի ուզում: Եվ ահա, նրանց համար հայտնվում է «այլընտրանք»՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի տեսքով: Ու, որպեսզի դիտարկվող շերտի վերջին կասկածներն էլ փարատվեն, Մարությանն ու ՔՊ-ն խաղարկում են «ո՜նց ենք իրարից զզվու-ու-ո՜ւմ» հրապարակային բազմադրվագ «սերիալը»: «Սև-սպիտակ» են խաղում, մի խոսքով, ինչը, ամեն դեպքում՝ կեղծավորություն է:

Իսկ կեղծավորություն է այն պարզ պատճառով, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը Երևանում քաղաքային իշխանությունը «վերցրել» է Հայկ Մարությանի դեմքով ու մասնակցությամբ: ՔՊ-ականները հիմա ասում են, թե այդ իրենք են Հայկ Մարությանին դարձրել Երևանի քաղաքապետ: Կարելի է կարծել, իրենց «ջեբն են գցել» Հայկ Մարությանին:

Է՜հ, եթե նա այդքան վատն էր, ինչո՞ւ «կողքից» ներգրավեցիք ու ընտրեցիք: Ու նկատենք, մարդը ավելի քան 3 տարի եղել է այդ պաշտոնում: Ու «պատերազմից հետո» Մարությանի, իբր, անհետանալու մասին ՔՊ-ականների խոսակցություններն էլ են զավեշտական, որովհետև Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնից հեռացել է պատերազմի ավարտից ավելի քան 1 տարի անց՝ 2021-ի դեկտեմբերին:

Ի դեպ, Հայկ Մարությանը, դավադիր ու աղետաբեր պատերազմից հետո շարունակելով կառչած մնալ փաշինյանական իշխանական հիերարխիայում ունեցած բարձր պաշտոնին, իր չափով կիսում է տեղի ունեցածի համար քաղաքական պատասխանատվությունը: Սա, եթե չխոսենք նրա ամենավատ դերակատարման՝ հանրությանը «սևերի ու սպիտակների» բաժանելու մասին տխրահռչակ հայտարարության մասին:

Ավելին, ՔՊ-ն, որ հիմա ամեն գնով ապացուցում է, թե Հայկ Մարությանը վատ կամ անպետք քաղաքապետ է եղել, «մոռանում» է, որ նա իրե՛նց քաղաքապետն է եղել ու իրենք, Նիկոլ Փաշինյանով հանդերձ, պատասխանատվություն են կրում նրա վատ քաղաքապետության համար:

Է՛լ ավելին, ի՞նչ երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանի առաջադրած այս մի քաղաքապետացուն՝ Տիգրան Ավինյանը ավելի լավն է, քան Հայկ Մարությանը: Ո՞վ կարող է վստահ լինել, որ մի ինչ-որ 1-2 տարի հետո, Նիկոլ Փաշինյանը մեկ ուրիշ հարցազրույցում չի ասելու, թե՝ «պարզվեց, որ Ավինյանն էլ է լավ օրերի ընկեր» կամ նման մի բան, ինչ ասաց Մարությանի հասցեին: Հանրագումարում տպավորություն է ստեղծվում, որ Մարությանն, այնուամենայնիվ, գլխացավանք է ՔՊ-ի համար:

Բայց: Այդ ամենով հանդերձ, մյուս կողմից կարող է պարզվել, որ նա ավելի շատ փրկօղակ է: Ենթադրենք, ՔՊ-ն չի կարողանում վարչական ռեսուրսի իր աննախադեպ ու խայտառակ չարաշահումներով, կեղծիքներով-բանով 50 տոկոս + 1 ձայն հավաքել:

Այ այստեղ արդեն վրա է հասնում Հայկ Մարությանի «աստեղային ժամը»: Նա կա՛մ միանում է ՔՊ-ին ու նրանց դարձնում իշխանություն, չնայած արդեն հայտարարել է, թե՝ չի միանա, կա՛մ հակառակը՝ չի միանում այլ ուժերի և... չի թողնում, որ մյուսներն էլ բավարար ձայներ ունենան՝ քաղաքապետ ընտրելու համար: Ստեղծվում է փակուղային վիճակ, որի ելքը... նոր ընտրություններն են:

Կապրենք՝ կտեսնենք, ինչպես ասվում է, չնայած տեսածներս արդեն լի ու բավարար է՝ մի քանի կյանքի համար:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ