Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ինժեներական լաբորատորիաներ՝ դպրոցներում

Ինժեներական լաբորատորիաներ՝ դպրոցներում
20.09.2015 | 21:03

Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Հալիձոր և Շինուհայր համայնքների դպրոցներում նոր ուսումնական տարվանից սկսած՝ ինժեներական լաբորատորիաներ կգործեն, որոնք հիմնադրվել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Տաթև համայնքնի դպրոցում, որին ներկա էին ԼՂՀ կառավարության, մարզային և տեղական իշխանությունների, մարզում ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մյուս երեք լաբորատորիայի ուսուցչական կազմն ու աշակերտները:

Նորաստեղծ չորս լաբորատորիայում ընդհանուր առմամբ ներգրավված կլինի մոտ 50 աշակերտ, ուսուցիչները նույնպես ընտրվել են համապատասխան մասնագիտական կրթություն և հմտություններ ունեցող տեղաբնակ մասնագետներից, տեղեկացնում է IdeA-ն:

Մայրաքաղաքում և մարզերում արդեն գործում են ավելի քան 80 ռոբոտաշինական խմբակ, որոնցից 10-ը կահավորված են «Նաիրի» լաբորատորիաներով:

Լաբորատորիաների հիմնումը աշակերտներին հնարավորություն է տալիս ժամանակակից ինժեներական հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև նպաստում է երեխաների տեխնոլոգիական մտածողության զարգացմանն ու հետագա մասնագիտական կողմնորոշմանը:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը հետաքրքիր է ու շատ կարևոր՝ հեռավոր համայնքներում բնակվող երեխաների համար: Նման լաբորատորիաների առկայությունը նաև հետաքրքրություն է առաջացնում ինժեներական մասնագիտության նկատմամբ, որի պահանջարկը ներկայումս շուկայում բավականին մեծ է: IDeA հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս ծրագրում ընդգրկված համայնքների սոցիալ-տնտեսական և կրթական բաղադրիչի զարգացմանը: Համոզված ենք, որ մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով լուրջ արդյունքների կհասնենք», - նշել է հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ միությունն իր առջև խնդիր է դրել ի հայտ բերել ինժեներական հակում ունեցող երիտասարդներին, ովքեր կհիմնեն տեխնոլոգիական ընկերություններ և հնարավորություն կունենան սեփական գյուղում զբաղվել սիրած գործով: Այդ նպատակին ուղղված հիմնական քայլը համայնքների միջև կապ հաստատելն է, որն էլ ապահովվելու է հարևան 4 համայնքներում ներդրված ինժեներական լաբորատորիաների ցանցի միջոցով:

«Ռոբոտաշինության ոլորտում մեր ունեցած փորձը թույլ տվեց համոզվել, որ այսօր մարզերում է գտնվում մեր մտավոր ռեսուրսի հիմնական մասը», - ասել է Վարդանյանը:

Ուշագրավ է, որ լաբորատորիայում տեղադրված «Գուգարք» մինի-համակարգիչները՝ իրենց օպերացիոն համակարգերով, եռաչափ տպիչը և մնացած բոլոր սարքերն արտադրված են Հայաստանում, ինչը նպատակ ունի երեխաների շրջանում ամրապնդել «Արտադրված է Հայաստանում» կարգախոսը:

Հայաստանի հանրակրթական բոլոր հաստատություններում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը նախաձեռնել է ԻՏՁՄ-ն:

Դիտվել է՝ 2040

Մեկնաբանություններ