ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Ջրբաշյանի ելույթն այնքան հուզիչ է եղել, որ դահլիճը կանգնած ծափահարել է նրան»

«Ջրբաշյանի ելույթն այնքան հուզիչ է եղել, որ դահլիճը կանգնած ծափահարել է նրան»
11.04.2015 | 17:38

ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կազմակերպվեց «Կորած անցյալի հավերժ վկաներ…» խորագրով հուշ-ցերեկույթ:

Միջոցառման առաջին մասը նվիրված էր ցեղասպանության ականատես, հայտնի երկրաբան Տիգրան Ջրբաշյանի կյանքին և գործունեությանը:
Թանգարանի գիտաշխատող ՍԵԴԱ ԱՎԱԳՅԱՆԸ նշեց, որ Տիգրան Ջրբաշյանը 1920-ին մեկնել է Փարիզ և ընդունվել Սորբոնի համալսարան: Այնտեղ նա ունկնդրել է ֆիզիկամաթեմատիկական առարկաների գծով մի շարք դասախոսություններ, այնուհետև փոխադրվել Փարիզի հանքաբանական ինստիտուտ, որն ավարտել է 1924-ին և ստացել ինժեներ-հանքագործի կոչում.

«Տիգրան Ջրբաշյանին առաջարկում են Փարիզում մի շարք մանկավարժական և գիտական պաշտոններ, իսկ Հաբեշստանի նահանգապետն իր որդու միջոցով, որը Տիգրանի համակուրսեցին էր, հրավիրում է նրան երկրաբանության և հանքաբանության գծով կառավարական խորհրդատու: Անշուշտ, հրապուրիչ առաջարկներ էին, սակայն հաղթում է հայրենիքին և հարազատ ժողովրդին ծառայելու նվիրական գաղափարը»:


Թանգարանի գիտաշխատող ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հավելեց , որ Փարիզի լեռնային ինստիտուտում, ըստ սահմանված կանոնակարգի, շրջանավարտների դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը միշտ մասնակցել են տարբեր երկրների դիվանագիտական կորպուսների մասնագետներ: Ընտրողների կազմում եղել է նաև Հաբեշստանի ներկայացուցիչը. «Նա չափազանց հավանել է Ջրբաշյանի աշխատանքի պաշտպանությունը և առաջարկել է գնալ Հաբեշստան՝ որպես երկրաբան մասնակցելու նավթի պաշարների հետախուզման աշխատանքներին՝ խոստանալով նրան խիստ բարձր աշխատավարձ: Դիվանագետի երկար, բայց ապարդյուն խնդրանքներից հետո, Ջրբաշյանը ձայն է խնդրում նախագահությունից և մոտենում ամբիոնին: Ելույթը, որով նա փորձ է անում պատասխանել հաբեշ դիվանագետին, թե ինչու նա չի կարող ընդունել նրա այդքան հրապուրիչ առաջարկը, վերածվում է հայ ժողովրդի դժվարին ու ծանր պատմության փաստերի շարադրանքի, նրա դեմ գործած մեծագույն չարագործության ՝ եղեռնի պատկերավոր ու տպավորիչ նկարագրին: Ծնունդով վանեցի, Մեծ եղեռնի դժվարություններին ականատես և հրաշքով փրկված երկրաբանը այնքան հուզիչ ու ոգևորված է խոսել, որ դասախոսներով և ուսանողներով լեփ-լեցուն դահլիճը քար լռությամբ ունկնդրել է նրան: Ելույթն ավարտել է Հաբեշստանի ներկայացուցչից ներողություն խնդրելով` նրան մերժելու համար, հիմնավորելով, որ ինքը նորաստեղծ իր փրկված հայրենիքին և ժողովրդին պարտավոր է վերադարձնել այն բոլորը, ինչը նա ստացել է Փարիզի լեռնային ինստիտուտում սովորելու տարիներին: Ջրբաշյանի ելույթն այնքան հուզիչ է եղել, որ դահլիճը կանգնած ծափահարել է նրան»:


«Հայ ընտանիքի կորած անցյալի վկայություններ» թեման ներկայացրեց թանգարանի տնօրեն ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` անդրադառնալով ցեղասպանության ականատես Դիլդիլյան և Մարսուբյան ընտանիքներին, նրանց թողած պատմական ժառանգությանը:
Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին Արևմտյան Հայաստանում բռնաճնշումների ենթարկված հայ երկրաբանների, ինչպես նաև բժիշկների անձնական իրերը` Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանի հավաքածուից:


Ժամանակավոր ցուցահանդես կարելի է այցելել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 11-16-ին: Մուտքն ազատ է: Այստեղ կարելի է մեկ ամիս շարունակ տեսնել Տիգրան Ջրբաշյանին, ինչպես նաև` Դիլդիլյան և Մարսուբյան ընտանիքներին պատկանող անձնական իրեր, փաստաթղթեր և լուսանկարներ:
Միջոցառումը ուղեկցվում էր «ArtVocal անսամբլի» անզուգական ելույթով` Առնո Բարխուդարյանի ղեկավարությամբ: Քառաձայն երգչախումբը հանդես եկավ Կոմիտասի, Թաթուլ Ալթունյանի և Կարո Չալիկյանի ստեղծագործություններով և մշակումներով, որոնց թվում էին «Անձինք նուիրեալք», «Նռան ծառը», «Սարերի հովին մեռնեմ» երգերը:

Դիտվել է՝ 2093

Մեկնաբանություններ