Չնայած ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ամեն ինչ արել է լրագրողների աշխատանքը հնարավորինս դյուրացնելու համար և երկու սենյակ է տրամադրել՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, սակայն հավատարմագրված լրագրողների ու օպերատորների բազմությանը հազիվ թե բավարարեն ստեղծված պայմանները: Բացի իրենց տրամադրված սենյակներից ու սրահից, որտեղից լրագրողների մեծ մասը հետևում է ԱԺ աշխատանքներին, դրանք լուսաբանելու համար նրանք հավաքվում են նաև երկրորդ հարկի սրահում:
Նախկինում, երբ չկային առցանց լրատվամիջոցներ, խնդիրներ էլ չէին առաջանում նյութն անմիջապես գրելու և ուղարկելու հետ կապված: Այժմ, երբ հեռուստալրագրողների և թերթերի լրագրողների հետ մեկտեղ աշխատում են նաև առցանց լրագրողները, ժամանակ առ ժամանակ ծագում են նեթբուքերը լիցքավորելու, նյութը հրատապ ուղարկելու խնդիրներ, որոնք մինչ օրս վրիպել են ԱԺ ղեկավարության ուշադրությունից:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ