Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Անկեղծ ասած՝ չեմ նախանձում մեր իշխանություններին»

«Անկեղծ ասած՝ չեմ նախանձում մեր իշխանություններին»
21.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Համաշխարհային տնտեսական ճգնաժամին և, որպես դրա ուղղակի հետևանք, աշխարհաքաղաքական նոր իրողություններին անդրադառնալուց առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ երեկ «Իրավունք de facto» ակումբում նախ հանդես եկավ մի հայտարարությամբ (տեքստն ամբողջությամբ կարդացեք նյութից դուրս), ինչը լրագրողներին ստիպեց բազմաթիվ հարցեր ուղղել նրան՝ մոռանալով «համաշխարհայինն» էլ, «աշխարհաքաղաքականն» էլ։
«Արձանագրելով, որ 2008-ի սեպտեմբերի 11-ից Հայ ազգային կոնգրեսին իմ անդամակցությունը որևէ կերպ չի փոխել իմ քաղաքական գործունեության էությունը, ես կասեցնում եմ անդամակցությունս ՀԱԿ կառույցին և հաստատում անդամությունս ՆԺԿ-ին»։
«Արդյո՞ք ՀԱԿ-ին անդամակցելու միանձնյա որոշում կայացնելու համար ՆԺԿ վարչությունը «սանկցիաներ» է կիրառել Ձեր նկատմամբ, և այժմ երկա՞ր են համոզել Ձեզ, որ վերադառնաք հարազատ կուսակցություն»,- հետաքրքրվեց «Ժամանակ-Երևան» օրաթերթի մեկնաբան Ծովինար Նազարյանը։
«Կասեցվել էր իմ անդամությունը ՆԺԿ վարչությանը, բայց ես մնում եմ կուսակցության անդամ։ Հեռացման որևէ որոշում չի եղել, և այս պահին իմ այստեղ լինելու հանգամանքն էլ դրա վկայությունն է։ Ինչ վերաբերում է «համոզելուն», որևէ մեկն ինձ չի համոզել, և ՀԱԿ-ից դուրս գալն էլ ես պայմանավորում եմ նրանով, որ համաժողովրդական շարժումն այս կառույցի ձևավորմամբ բոլորովին չշահեց։ Հասարակության մի ստվար հատված մեղադրում է ՀԱԿ-ի անդամ քաղաքական գործիչներին, այդ թվում և ինձ՝ շարժումը կուսակցականացնելու համար, ինչը չի համապատասխանում իմ քաղաքական պատկերացումներին։ Հայկական իրականության մեջ ոչ թե նոր քաղաքական կառույցի ձևավորման խնդիր կար, այլ համաժողովրդական շարժման, որն իրապես Հայաստանում հնարավոր կդարձներ արմատական բարեփոխումները։ Բացի զինված ապստամբությունից՝ բոլոր մյուս մեթոդներին մենք կողմ ենք, լինի դա թավշե հեղափոխություն, հեղափոխություն՝ վերևից, ժողովրդի ճնշման տակ՝ գունավոր, թե անգույն հեղափոխություն, միևնույն է։ Մենք կողմ ենք քաղաքական ճանապարհով հարցերի լուծմանը։ Այսինքն, եթե կարողանանք հասարակության ճնշման տակ հասնել արտահերթ համապետական ընտրությունների, նշանակում է՝ համաժողովրդական շարժումը մեծ արդյունք գրանցեց։ Ցավոք, մինչ այս պահը դա չկա»,- արձանագրեց ՆԺԿ ներկայացուցիչը՝ ցանկանալով անցնել, ինչպես ասում են, բուն թեմային, սակայն ասուլիսի մասնակիցներն առաջարկեցին նախ այս թեման փակել-մի կողմ դնել, հետո միայն խորանալ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ակունքների մեջ։
Պատասխանելով հանրային ռադիոյի թղթակցուհու հարցին՝ հնարավո՞ր է իր օրինակին հետևեն ՀԱԿ-ին անդամակցած այլ գործիչներ ևս, ու իր հիմնադիր համագումարը դեռ չգումարած այս կառույցն, ի վերջո, դանդաղ մահանա, Հրաչյա Սարգսյանն ասաց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահում 16 կուսակցությունների ներկայացուցիչների անունից որևէ կարծիք հայտնել, սակայն, որպես քաղաքական գործիչ ու որոշակի արժեքային համակարգում իրեն տեսնող հայ քաղաքացի, ուզում եմ ասել, որ ՀԱԿ-ն այս ներկայացուցչական ձևաչափով, որպես կուսակցություն, ուղղակի անհամատեղելի է իմ պատկերացումների հետ։ Այսինքն, եթե ՆԺԿ-ն ազգային, ժողովրդավարական, գեոքաղաքական որոշակի կողմնորոշում ունեցող ուժ է, ՀԱԿ-ի մեր գործընկերներից շատերը բոլորովին այլ կողմնորոշում ունեն, հասարակական-քաղաքական առումով այլ արժեհամակարգում են»։
««Նոր ժամանակները», ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցությունների պես, մերժեց հանրապետության նախագահի հրավերը՝ մասնակցելու ղարաբաղյան խնդրին առնչվող քաղաքական ուժերի քննարկումներին։ Ի՞նչ հիմնավորում ունի ձեր մերժումը»,- հարցրեց «Հայոց աշխարհի» լրագրողուհին:
«Քննարկելով նախագահի հրավիրած խորհրդակցությանը մասնակցելու հարցը՝ ՆԺԿ վարչությունը երեկ որոշեց, որ նպատակահարմար չէ իր մասնակցությունն այդ ձևաչափով անցկացվող քննարկմանը»,- պարզաբանեց ՆԺԿ անդամը` հրաժարվելով լրացուցիչ մեկնաբանություններից:
Դեկտեմբերի 2-ին սպասվող արտահերթ համագումարում, որը նաև հոբելյանական է լինելու իր հնգամյակը նշող ՆԺԿ-ի համար, կուսակցությունը պաշտոնապես հայտարարելո՞ւ է Հայ ազգային կոնգրեսին չանդամակցելու որոշման մասին:
Այս հարցին Հրաչյա Սարգսյանը բավականին շիտակ, ինչ-որ առումով նաև համարձակ պատասխան տվեց, շեշտելով, որ ՀԱԿ-ին անդամակցել-չանդամակցելու հարցն իր խնդրանքով է դուրս եկել ՆԺԿ-ի արտահերթ համագումարի օրակարգից: «2008-ի սեպտեմբերին, պնդելով, որ ՆԺԿ-ն օր առաջ պետք է անդամակցի ՀԱԿ-ին, ես տակտիկական վրիպում թույլ տվեցի, քանի որ կյանքը ցույց տվեց, որ մեր կուսակցությունն իր գործունեության ընթացքում մշտապես արել է այն, ինչ այսօր փորձում է անել ՀԱԿ-ը: Ես չեմ վախենում իմ էմոցիոնալ որոշման մասին բարձրաձայնելուց, քանի որ քաղաքական գործիչ Հրաչյա Սարգսյանն իր կենսագրությամբ ամաչելու ոչինչ չունի: Սխալվելու իրավունք ունեն նրանք, ովքեր գործ են անում»:
Ինչ վերաբերում է «Նոր ժամանակների» այսօրվա գործունեությանը, բանախոսը հատուկ ընդգծեց, որ կուսակցության նկատմամբ իշխանությունները միշտ էլ նույն ձեռագիրն են «բանեցրել»` ամենատարբեր վարկաբեկիչ «ակցիաներ» ձեռնարկելով: «Կարծում ենք` վարկաբեկման, սևացման այս գործելաոճը իշխանությունների կողմից կշարունակվի, ինչը պայմանավորված է ՆԺԿ-ի հստակ ընդդիմադիր կեցվածքով ու դիրքորոշմամբ: Թե ինչ դրսևորումներ կունենա դա այս պահին, մեր երևակայությունից դուրս է, որովհետև կյանքը ցույց տվեց, որ միջոցների ընտրության հարցում իշխանությունները որևէ սահմանափակում չունեն և ամեն քայլի կարող են դիմել»:
Ասուլիսի հիմնական թեմային անդրադառնալով՝ Հրաչյա Սարգսյանը մի փոքրիկ դասախոսություն կարդաց համաշխարհային տնտեսական ճգնաժամի արմատների ու դրանց ճյուղավորման պատճառահետևանքային կապի մասին, դասախոսություն, որն ինքնին չափազանց հետաքրքիր լինելով հանդերձ, չափից դուրս քաղաքականացված լրագրողներիս հետաքրքրում էր այնքանով՝ որքանով։ Իսկ ավելի ստույգ՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ «համաշխարհայինը» մեր փոքրիկ աշխարհ Հայաստանի վրա, և կա՞ն, արդյոք, հակաքայլեր՝ այդ ազդեցությունը չեզոքացնելու։
«Չեմ ուզում շատ գորշ գույներով ներկայացնել իրավիճակը, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները Հայաստանում շատ ավելի ցավոտ են լինելու,- ասաց «Իրավունք de facto» ակումբի հյուրը։- Անկեղծ ասած՝ չեմ նախանձում մեր իշխանություններին, քանի որ չեմ պատկերացնում, թե ինչպես են փորձելու դուրս գալ այս իրավիճակից, որի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ձևավորված իշխանություն չկա՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4307

Մեկնաբանություններ