Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քառասուն մանկանց հիշատակին

Քառասուն մանկանց հիշատակին
20.03.2009 | 00:00

ԱՂՈԹՔԻ ՈՒԺԸ
«ԲԱՐՁՐՅԱԼԻՆ ՔԵԶ ԱՊԱՎԵՆ ԱՐԵՑԻՐ»
Սկսենք նրանից, որ աղոթողները, որպես աղոթաբուժման «բաղադրամաս», կարող են օգտագործել անուշահոտ խնկի բուրմունքը, որը հիվանդի վրա խաղաղարար ներգործություն է ունենում: Մեր նախնիները Սուրբ Ծնունդից ու Զատիկից հետո քահանաներին հրավիրել են իրենց տները՝ օրհնելու և խնկարկելու, որը բարերար ազդեցություն է ունեցել քրիստոնյա ընտանիքի անդամների փոխհարաբերությունների վրա: Հիմա քչերն են օգտվում այդ հոգեշահ արարողությունից, ինչը մեր թերահավատության կամ անտեղյակության արդյունք է: Եվ ընդհանրապես լավ կլիներ, որ քրիստոնյաները, Նարեկ ու սաղմոսներ կարդալով, երբեմն-երբեմն խունկ վառեին իրենց բնակարաններում, մանավանդ կիրակնամուտին, այսինքն՝ շաբաթ օրվա երեկոյան, երբ Տերունական սուրբ օրն է սկսվում: Այդ ժամանակ օգտակար է կարդալ 90/91-րդ սաղմոսը, որտեղ բազմաթիվ խոստումների հետ ասվում է. «Բարձրյալին քեզ ապավեն արեցիր: Քեզ չարիք չի պատահի, և տանջանքները չեն մերձենա քո տան հարկին»:
Հաջորդ օգտակար միջոցը օրհնված ձեթն է, որ մարդկանց բժշկության համար օգտագործում են մյուս բոլոր առաքելահիմք եկեղեցիները: Այս արտասանելով և կանթեղի ձեթն առնելով՝ քահանան օծում է հիվանդին: Թեև սա մոռացության է մատնվել, բայց մեր հավատավոր ժողովրդի մեջ դեռևս պահպանվել է օրհնված ձեթով հիվանդությունների բժշկման սովորությունը: Այդ նպատակի համար օգտագործում են 316 թ. Սեբաստիայում նահատակված Քառասուն մանուկների (զինվորների) հիշատակին տարեկան մեկ անգամ կատարվող արարողության ժամանակ օրհնվող ձեթը։ Այդ սրբերի տոնակատարության ժամանակ օրհնվում է կանթեղների ձեթը, իսկ արարողության ավարտին բաժանվում է հավատացյալներին, որոնք տանում են իրենց տները՝ որպես հիվանդությունների բուժման միջոց:
Իսկ ովքեր կցանկանան մասնակցել ձեթի օրհնության արարողությանը, տեղեկացնենք, որ այդ սրբերի հիշատակությունը, ըստ մեր առաքելական եկեղեցու տոնացույցի, միշտ կատարվում է Մեծ պահքի Տնտեսի կիրակիին հաջորդող շաբաթ օրը, առավոտյան ժամերգության ընթացքում: Այսինքն, այս տարի մարտի 21-ին։
Այսքանից հետո մեզ մնում է աղոթքների միջոցով հայցել Աստծո օրհնությունն ու ողորմությունը՝ հայոց ազգիս թե՛ հոգու, թե՛ մարմնի հիվանդությունների ու տկարությունների ապաքինման համար:
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՕՐՀՆՎԱԾ ՁԵԹՈՎ ԲԺՇԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մի անհավատ, կոմունիստական դաստիարակություն ստացած և կուսակցական բարձրապաշտոն կնոջ մայր, ականջի թարախածոր բորբոքման ու սաստիկ ցավի պատճառով հիվանդանոց է ընկնում: Բժիշկները զանազան միջոցներ են գործադրում, բայց անզոր են լինում բուժելու հետզհետե խլացող ականջը: Մնում էր վիրահատական միջամտությունը: Հիվանդը, բարեպաշտ քրիստոնյա լինելով, չէր դադարում աղոթքներով Աստծո օգնությունը հայցել: ՈՒ երբ լսում է, որ երկուշաբթի օրը իրեն պետք է վիրահատեն, աղջկան խնդրում է, որ գնա եկեղեցի և իր համար բերի Քառասուն մանուկների հիշատակության արարողության ժամանակ օրհնվող ձեթից, որոնց տոնը նշվելու էր առաջիկա շաբաթ` հենց հաջորդ օրը: Աղջիկը, որ նման «պառավական» բաների չէր հավատում, հրաժարվում է գնալ, պատճառաբանելով, որ եթե բժիշկները չեն կարողանում ժամանակակից դեղերով բուժել, հասարակ ձեթն ի՞նչ կարող է անել: Բայց տեղի տալով մոր թախանձանքներին՝ առավոտյան մի ձեթի սրվակ առած գնում է եկեղեցի և, մյուսների հետ իր բերած ձեթն էլ լցնելով կանթեղներից մեկի մեջ, անկյունում կանգնած անհամբեր սպասում է ժամերգության ավարտին: Ու երբ ձանձրացած այս ու այն կողմ է նայում, մեկ էլ հայացքը կանգ է առնում վառվող կանթեղների վրա: Ու ապշած, իր աչքին չհավատալով, տեսնում է, թե ինչպես ամեն կանթեղի պռնկին մի փոքրիկ հրեշտակ է նստել ու ոտքերով խառնում է ձեթը. ճիշտ այնպես, ինչպես երեխաներն են խաղում՝ ոտքերը ջրում թափահարելով: Եվ այդ անհավատ կինը, սարսափելով տեսիլքից, տեղում մեղա է գալիս իր «երկարամյա» կարծրասրտության համար և, արցունքն աչքերին, հոգին ուրախությամբ լեցուն, ձեթը տանում է հիվանդ մորը ու պատմում տեսածը: Մայրը օրհնությամբ և ուրախությամբ փառք է տալիս Աստծուն այդ մեծ ողորմության համար (որով նախ և առաջ իր անաստված աղջկա հոգին էր բժշկվել) և, ձեթից աղոթքով մի քանի կաթիլ լցնելով ականջը, այդ օրը քնում է հանգիստ:
Մյուս օրը կիրակի էր: Աղջիկը գնում է սուրբ պատարագի, աղոթում է իր մեղքերի համար ու թողություն աղերսում: Միաժամանակ մոր համար է բժշկություն խնդրում, քանի որ արդեն հավատում էր Աստծո ամենակարող զորությանը: Եվ երբ եկեղեցուց ուղիղ հիվանդանոց է գնում, որտեղ հաջորդ օրը պիտի վիրահատեին մորը, անսովոր իրարանցում է նկատում: Մտնելով հիվանդասենյակ՝ տեսնում է հերթապահ բժշկին, որը մոր հիվանդ ականջն էր զննում զարմացած ու գլուխն օրորում, այսինքն՝ ոչինչ չեմ հասկանում: Թարախակալած ու դեռ մի օր առաջ ամբողջովին վերքերի մեջ կորած ականջը լիովին բժշկվել էր այդ ամենից, և ամենակարևորը՝ հիվանդը կարողանում էր հստակ լսել:
Իհարկե, մոր ու աղջկա վկայությունները, թե եկեղեցուց բերած ձեթով է բուժվել հիվանդությունը, չեն համոզում աթեիզմի հիվանդությամբ «տառապող» բժշկին: Բայց մենք գիտենք, որ Աստված ամոթով չի թողնում հավատով Իրեն ապավինողներին և Իր ամենաբույժ խոսքով դարմանում է ամենայն ցավ ու հիվանդություն, ինչն ամենալավ վկայությունն է դեռևս անհավատության խավարում գտնվող այն հոգիների համար, որոնք կուզենային դուրս գալ այդտեղից:
Այս ամենից հետո, որպես լրում և հաստատում վերոգրյալների, շեշտենք, որ Նարեկացու աղոթքով են հագեցած մեր եկեղեցու շատ ժամերգություններն ու պատարագը, առանց որոնց անհնար է վարել հոգևոր այն բարի պատերազմը, որը մղվում է մեր հավիտենական հոգիների սրբության, զորացման և, ի վերջո, փրկության համար: Ինչպես սրբազան Պողոս առաքյալն է ասում` այս աշխարհում ամեն քրիստոնյա բարի պատերազմում զինվոր է, որը կարող է և՛ հիվանդանալ, և՛ վիրավորվել: Եվ այս աղոթքները շուտափույթ առողջանալու, նորից պատերազմի դաշտ դուրս գալու և հոգիների փրկության համար պայքարելու նպատակով են:
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3330

Մեկնաբանություններ