Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Խմբագրության պատահական թերացո՞ւմ, թե՞ ռուսական հատուկ ծառայությունների գործունեություն

Խմբագրության պատահական թերացո՞ւմ, թե՞ ռուսական հատուկ ծառայությունների գործունեություն
16.09.2008 | 00:00

ՀԱՐՑԵՐ, ՈՐ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ
Վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և տեղի ունեցող անկապ ցնցումներին հետևելիս ակամայից ցանկություն է առաջանում ասելու՝ հերիք է մե՛զ հիմարի տեղ դնեք, պարոնայք։
Ամեն դեպքում, թերևս, արժե հայրենի քաղաքական վերնախավին հիշեցնել հայտնի արտահայտությունն այն մասին, թե կարելի է շատ երկար խաբել մեկ մարդու, բայց անհնարին է նույն կերպ վարվել բազմաթիվ մարդկանց հետ՝ միասին վերցրած։ Գեբելսյան ուղղագիծ քարոզչության ժամանակներից շատ բան է փոխվել, մարդկության կյանքում հայտնվել են ինտերնետն ու տեղեկատվության այլ աղբյուրներ, հետևապես, անգամ բնակչությանը չհարգող քաղաքական վերնախավն առնվազն գոնե պետք է ընդունի, որ հասարակ քաղաքացիներն իրենից հիմար չեն։
Վերադառնանք, սակայն, կոնկրետ իրողություններին։ Բոլորովին վերջերս ժողովրդականություն վայելող հայկական պարբերականներից մեկը տպագրեց տեղեկատվություն այն մասին, թե «PBK» ռուսական հայտնի ամսագիրն իր` «Ռուսաստանի ամենաբարձր 100 աշխատավարձերը» նյութում տեղադրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը, իբր դա «Գազպրոմբանկի» նախագահ Անդրեյ Ակիմովի լուսանկարն է։ Հայկական պարբերականը դրանից հետևություն է արել, որ Հայաստանի նախագահը բոլորովին էլ ինքը չէ, այլ ամենախորհրդավոր ռուսական բիզնեսմեններից մեկը, որը համատեղության կարգով նաև ռուսական հատուկ ծառայություններից մեկի գեներալի կոչում ունի։ Եվ այս «գաղափարը» առանց երկար մտածելու հայտնվեց որոշ ընդդիմադիր գործիչների զինանոցում, ովքեր դրա հիմքի վրա նույնիսկ սկսեցին հեղափոխական սցենարներ կառուցել։
Ընդհանուր առմամբ դեմ չլինելով լրատվական դաշտ «դեղին բադիկներ» բաց թողնելուն, կարելի է, սակայն, նշել, որ դա իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ այդ «բադերը» գոնե թռչում են։ Իսկ այս դեպքում բավական է ուսումնասիրել հիշյալ նյութը և համադրել այն ինտերնետում առկա հրապարակումների հետ, անհամապատասխանությունն անմիջապես կբացահայտվի։ Միաժամանակ հիշեցնենք, որ «Գազպրոմբանկը» խոշորագույնն է Ռուսաստանում, ռուսական շատ փորձագետների կարծիքով` Կրեմլի առանցքային բիզնեսկառույցն է, մասնաճյուղեր ունի բազմաթիվ երկրներում։
Սեպտեմբերի 12-ին «Գազպրոմբանկը» ավարտեց հայկական «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը և դարձավ հայկական շուկայում ամենախոշորներից մեկը հանդիսացող այդ բանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։ «Գազպրոմբանկը» ղեկավարում են «Գազպրոմի» տնօրենների նախագահ Ալեքսեյ Միլլերը, բանկի կառավարման խորհրդի ղեկավար Անդրեյ Ակիմովը, իսկ բանկի փոխնախագահներից մեկը նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի որդին է։
Ընդ որում, եթե «Գազպրոմի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը միանգամայն իրավացիորեն համարվում է հրապարակային գործիչ, ապա Անդրեյ Ակիմովի նույնիսկ լուսանկարն անհասանելի է անգամ «Գազպրոմբանկի» մամուլի ծառայությանը։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, մինչև 1999 թվականը նման դեֆիցիտ էր նաև Ռոման Աբրամովիչի լուսանկարը։
Սակայն Անդրեյ Ակիմովի ինքնակենսագրությունը կարելի է գտնել բազմաթիվ ռուսական լրատվամիջոցներում և ինտերնետ կայքերում։ Նա ծնվել է 1953-ին` Լենինգրադում, 1975-ին ավարտել է Մոսկվայի ֆինանսական ակադեմիան։ Երկար ժամանակ աշխատել է ԽՍՀՄ «Վնեշտորգբանկի» Ավստրիայի և Շվեյցարիայի մասնաճյուղերում, փայլուն տիրապետում է անգլերենին և գերմաներենին։ Ըստ լուրերի, բարձր պրոֆեսիոնալ կարողություններից բացի, միաժամանակ ռուսական հատուկ ծառայություններից մեկի «գործող ռեզերվի գեներալ» է։ 2002-ից «Գազպրոմբանկի» նախագահն է։
Ահա այսպիսի հետաքրքիր կենսագրություն, և միայն հիվանդ երևակայությունը կարող է պատկերացնել, որ ռուսական բիզնեսում այդ նշանակալի ֆիգուրի հետևում տարիներ շարունակ «թաքնվել» է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Թեկուզև «ռուսական գլխավոր բանկիրի» լուսանկարիչներից և լրագրողներից խուսափելու գործելաոճը միանգամայն համապատասխանում է նրա գործունեության բնույթին։ «Գազպրոմբանկում» հենց դրանով էլ բացատրում են բանկի ղեկավարի անձի շուրջ գաղտնիության այդպիսի մթնոլորտը։
Հիմա վերադառնանք մեր խնդրին. իսկապես, պետք է ազգային ինքնահավանության չափազանց մեծ պաշար ունենալ, որպեսզի թեկուզ մեկ րոպե պատկերացնել, որ Կրեմլում հիմնական ուժային կենտրոններից մեկը կարող է ղեկավարել ազգությամբ հայ, անգամ եթե նա Հայաստանի գործող նախագահն է։ Ինչ վերաբերում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի «գործող ռեզերվի գեներալ» լինելուն, ապա կարելի էր հայաստանցի հին չեկիստներին խնդրել վերհիշել, թե խորհրդային ՊԱԿ-ի քանի՞ գեներալ է եղել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ։ Ամենայն հավանականությամբ, այն ժամանակ ամրագրված ավանդույթները պահպանվում են այսօրվա ազգայնական Ռուսաստանում։ Ավելին, եթե նույնիսկ ենթադրենք, որ Սերժ Սարգսյանին այսքան տարիներ հաջողվել է թաքցնել իր իրական դեմքը, այնուհանդերձ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է նրան հաջողվել համատեղել երկու պաշտոնների տիտանական աշխատանքը միաժամանակ Հայաստանում և Ռուսաստանում։ Այսքան մանրամասն ենք անդրադառնում այդ ամենին, նպատակ հետապնդելով մեկ անգամ ևս հիշեցնել մեր ընդդիմադիրներին. կարիք չկա քաղաքական մարտավարությունը կառուցել այդպիսի անհավանական և անհիմն փաստերի վրա և դրանով իսկ ծաղրածուության վերածել իշխանության դեմ մղվող պայքարը։ Մանավանդ որ դրանով ընդդիմությունը միայն իր վարկանիշն է կորցնում բնակչության առավել տրամաբանող հատվածի աչքում։
Այլ բան է, եթե նպատակ կա պարզելու, թե ինչո՞ւ նման հրապարակում հայտնվեց «PBK»-ի պես հայտնի և հեղինակավոր ռուսական ամսագրում, որը նախատեսված է առաջին հերթին խոշոր ընկերությունների տերերի և մենեջերների համար։ Ավելին, Ռուսական տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն և «PBK»-ի գլխավոր խմբագիր Արտյոմ Ինյուտինի պարզաբանմամբ, սկզբնական շրջանում այս ամսագիրը հիմնադրելու համար ներդրվել է 2 մլն դոլար, սակայն այսօր գովազդային շուկայի շրջանառությունը հասնում է մի քանի միլիարդ դոլարի։ Ամսագրի հիմնադիր, Ռուսական Բիզնես Կոնսալտինգի գլխավոր տնօրեն Յուրի Ռովենսկին իր հերթին հավաստում է, որ ընկերությունն աշխատում է նախ և առաջ գործնական տեղեկատվության համար։ Այսինքն, «PBK» ամսագիրը հեղինակավոր դառնալու համարում ունի, ու, ըստ այդմ, պատասխանատվություն պիտի կրի ինչպես իր տարածած տեղեկատվության հավաստիության, այնպես էլ ֆինանսապես՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և «Գազպրոմբանկի» նախագահ Անդրեյ Ակիմովին հասցրած բարոյական վնասի համար։ Բայց եթե «Գազպրոմբանկի» ղեկավարի խնդիրը, ի վերջո, իր պրոբլեմն է, ապա այդպես չէ Հայաստանի նախագահի պարագայում, և բացարձակապես հասկանալի չէ, թե ինչու նախագահի աշխատակազմը, նրա մամուլի ծառայությունը, ազգային անվտանգության կառույցները, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ միայն չեն արձագանքել դեռևս երկու ամիս առաջ «PBK»-ի էջերում եղած հրապարակմանը, այլև փոխհատուցում չեն պահանջել երկրի նախագահին և համապատասխանաբար Հայաստանի անվտանգությանը հասցված վնասի դիմաց։
Փաստորեն, ոչ ոք իրեն նեղություն չի տվել, պարզելու, թե ինչպես է Սերժ Սարգսյանի լուսանկարը հայտնվել Անդրեյ Ակիմովի անվան վերևում։ Ի վերջո, դա ի՞նչ էր, խմբագրության պատահական թերացո՞ւմ, հայկական ընդդիմության կողմից «բզած» նախաձեռնությո՞ւն, որ ի հայտ է եկել «եղբայրական ռուսական կառույցների» միջոցով, թե՞ ռուսական հատուկ ծառայությունների գործունեություն, որն ուղղված է «կամակոր դաշնակցին» այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում վարկաբեկելու ճանապարհով սանձելուն։ Բոլոր այս հարցերը պատասխան են պահանջում ոչ միայն այն պատճառով, որ «ջինն արդեն դուրս է եկել շշից», և վնաս է հասցված երկրի ղեկավարի հեղինակությանը, այլև հետագայում նման «բացահայտումները» կանխելու մտահոգությունից ելնելով։ Որովհետև այս պարագայում մենք հերթական անգամ բախվում ենք շատ արհամարհական վերաբերմունքի Հայաստանի հասարակական կարծիքի նկատմամբ ինչպես ընդդիմության, այնպես էլ Հայաստանի իշխանական կառույցների կողմից, և սա միակ օրինակը չէ։
Ինչպես հայտնի է, ցանկացած պետության ղեկավարի ելույթներն աշխարհի բոլոր երկրներում նախապատրաստվում են խորհրդականների ինստիտուտի և այլ կառույցների կողմից, համապատասխանեցվում տվյալ պահին առկա հասարակական տրամադրություններին։ Իսկ այդ տրամադրություններին կանխապես տեղյակ լինելը նույնպես նախագահի աշխատակազմի խնդիրն է։ Սակայն դատելով երկրի ղեկավարի վերջին ելույթներից՝ նման բան նախագահի աշխատակազմում ընդհանրապես գոյություն չունի։ Ստացվում է, որ աշխատակազմում ոչ ոք պատկերացում չունի իր ուղղակի պարտականություններից, և այդ մարդիկ պարզապես ձրի ուտում են պետական հացը։ Համենայն դեպս, ակնհայտ է, որ ոչ ոք չի էլ փորձել նախագահին զգուշացնել այնպիսի կասկածելի ժողովրդականություն վայելող արտահայտությունից, ինչպիսին էր այն, որ Հովիկ Աբրահամյանի հայտնվելը ԱԺ նախագահի պաշտոնում կբարձրացնի խորհրդարանի դերակատարությունն ու հեղինակությունը։ Հասարակական կարծիքին հակասող ավելի ընդգծված հայտարարություն հորինելը շատ դժվար է։ Ինչպես նաև չկա որևէ տրամաբանական բացատրություն իշխանական դաշտում նախաձեռնված այս փոխատեղման հետ կապված, որը հանրությանն ընկալելի կդարձներ ԱԺ նախագահի աթոռին Հովիկ Աբրահամյանին բազմեցնելու քայլի նպատակահարմարությունը։ Դե, իսկ եթե նախագահի թիմը տեղյակ էր այս կապակցությամբ տիրող հանրային տրամադրություններին, բայց այդ մասին չի հայտնել երկրի ղեկավարին, դա արդեն կարող է լինել այլ, հատուկ խոսակցության նյութ։
Եվ թեկուզ բարձրացրած հարցերը պետք է մտահոգեն իշխանություններին, ամեն մարդ ինքն է իր գլխի տերը։ Իշխանության հեղինակության մասին ամենից առաջ պետք է հոգա նախագահի թիմը։ Բնակչության խնդիրն է հասնել նրան, որ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը քաղաքական խաղերի միջոցով չփորձեն իրեն հիմարի տեղ դնել, այլ իրենց գործունեությունը կառուցեն հասարակ քաղաքացիների ցանկություններից ու պահանջներից ելնելով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5390

Մեկնաբանություններ