ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՊՈԵՏ, ՆԿԱՐԻՉ ԿԱՐՈՂ ԵՍ և ՉԼԻՆԵԼ...

ՊՈԵՏ, ՆԿԱՐԻՉ ԿԱՐՈՂ ԵՍ և ՉԼԻՆԵԼ...
22.10.2010 | 00:00

Խաղաղ ժամանցի այս գողտրիկ անկյունում, ի տարբերություն մայրաքաղաքային բազմաբյուր սրճարանների, կարող ես կտրվել Երևանում մտավորականների երբեմնի միակ կենտրոնական զբոսավայր եղած Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցի խելահեղ ռիթմից։
Անաղմուկ նախաճաշել կամ մի գավաթ թեյ, սուրճ, հյութ վայելել` միաժամանակ ծանոթանալով նախասրահում տեղադրված փոքրիկ գրախանութի քեզ գրաված գրքերին մինչ վերջնական ընտրություն կատարելը։ Կարող ես գնել կամ չգնել, եթե թռուցիկ ուսումնասիրությամբ դրանք դուրս են մնում հետաքրքրություններիդ շրջանակից։ Կարող ես փորփրել «հնագրավաճառի» մշտաբաց ճամպրուկը, տնտղել պարունակությունն առանց շտապելու։ Որևէ թերթ, ամսագիր կամ գիրք վերցնել ու պարզապես աչքի անցկացնել, հագեցնել ժամանակիդ պարապը, հատկապես եթե մենակ ես, ինտելեկտուալ չպարտավորեցնող առօրյա լարվածությունդ լիցքաթափող փնտրտուքով։ Մեղմ հնչող երաժշտությունը չի խլացնի զրուցակցիդ խոսքը կամ պրկի նյարդերդ։ Պատերը զարդարող նկարաշարերում հնարավոր է գտնես քեզ հոգեհարազատ թեմաներով վրձնահպումներ ու կլանվես նրբիմաստների բացահայտմամբ։ Եթե գրադարակների գրքերն ու ճամպրուկի նկարները նույնիսկ խորթ են գեղարվեստականի պատկերացումներիդ, միևնույն է, չեն ճնշում իրենց ներկայությամբ` ընկալվելով որպես յուրատիպ նորաոճ հարդարանք։
Ընտանեկան անդորրի այս մթնոլորտում էլ ծայր է առնում զրույցս «Artbridge» գրախանութ-սրճարանի տնօրեն Շաքե Հավան Կարապետյանի հետ։ Շարունակում ենք զարգացնել ինքնաբուխ քննարկումը` Գրքարվեստի 1-ին միջազգային փառատոնի շրջանակներում «Jazzve» սրճարանի տարածքում նրա կազմակերպած ցուցահանդես-վաճառքի զարդարուն ծածկի տակ սկիզբ առած։ «Դարձ առ գիրք» խորագրի իրականանալիության հավանականությունը մեր գրքամերժ, անընթերցող ժամանակներում անաչառ պարզաբանում։
Բացօթյա գրատոնավաճառում ճարպիկ ու համարձակ գործարարի նկարագրով ինձ ներկայացած տիկին Շաքեի մարդկային կերպարը, ժամանակի զգացողությունը մոռացնել տվող մեր մտերմիկ խոսքուզրույցով, հարստանում է իմաստուն տանտիրուհու խոհուն նազանքով, բանաստեղծական հոգու և իրատեսական կուռ մտածողության փոխներթափանցմամբ, մայրական բարեգութ պահանջկոտությամբ։ Սթափ սիրալիրությամբ վերաբերվելով բարեկիրթ աշխատակիցներին` աննկատ աչալրջությամբ հետևում էր այցելուների ինքնազգացողության համարժեքությանն իր հետամտածին։ «Սիրիր մերձավորիդ քո անձի նման» քրիստոնեական պատվիրանի ոգով էր ներծծված տիկին Շաքեի տնօրինած հաստատության միջավայրը։ Ինչպես ինքն էր նախընտրում հանգստանալ առօրյա հոգսերից ընտանեկան հարկի տակ, այնպես էլ ձգտում էր կազմակերպել դրսեկների անկաշկանդ հանգիստը` գրքի հետ հաստատուն բարեկամությամբ։ «Ինչը քեզ է հաճելի և օգտակար, նույնի հնարավորությունը ջանա ուրիշներին տալ» ապրված սկզբունքով։
Գրքի գովազդի իսպառ բացակայությունը դժվարացնում է, իհարկե, ընթերցողական չուսումնասիրվող պահանջարկի բավարարումը։ Տեսական ու հանրամատչելի գրքերի ընթերցումն ինքն անպայման զուգակցում է թեթև ժամանցայինների հետ` այդպիսով թոթափելով միտքը հոգսաշատ օրվա լարվածությունից։ Վերջիններիս պակասը, ըստ իրեն, զգալի է գրավաճառ ցանցում։ Համագործակցելով արդի գրահրատարակիչներից ու ընթերցող փնտրող գրողներից ոմանց հետ` տիկին Շաքեն փորձում է ոլորտում ծավալած տասնամյա գործունեության մշտարթուն «խմբագրությամբ» ճկունացնել սեփական նախաձեռնության մրցունակությունը։ Ինքնագովազդի բարդույթից ձերբազատված` շինարար հոր հեռատեսությամբ առայժմ հաջողեցնում է հստակ կողմնորոշվել, առանց լուրջ բարոյաֆինանսական կորուստների հարմարվել կարծրացած հիմնախնդիրներով առլեցուն այս ասպարեզում։
Տարագիր հայի տիպիկ օրինակ է հմայիչ այս կինը։ Ծնվել է Թեհրանում, մեծացել Մեշադում, պոլիտեխնիկական կրթություն ստացել Բոստոնում` ապրելով մոտ քսան տարի։ 1999-ին մեկ տարով եկել է Հայաստան ու... մնացել ցայսօր։ Ամուսնուն կորցնելուց հետո միայնակ խնամելով երկու զավակներին` մանկուց նրանց դասական ընթերցասիրություն է պատվաստել։ Զարեհը հիմա ծրագրավորում է ուսանում, 14-ամյա Սարինեն հրապուրված է թատերարվեստով։ Ընթերցանությունը նրանց համար ամենօրյա օրգանական պահանջ է, հանապազօր հաց։ Գրքի վերադարձը համանման վերաբերմունքի համատարած արմատավորումը, հանրայնացումն է` նրա խորին համոզմամբ։
«Գրքի վարկանիշը, եթե պաշտոնական լուրջ վերահսկողությամբ հետևողականորեն բարձրացվի, հայերս իրադարձային համաժողովրդական տոնախմբության շուքով, միջազգային մասշտաբայնությամբ կնշանավորենք մեր գրատպության 500-ամյակը,- խորհում է արվեստասեր գրավաճառուհին գրքարվեստի փառատոնի բովանդակության շուրջ։- 1117 անուն գիրք էինք ներկայացրել տոնավաճառում։ ՈՒնեցանք թե՛ եկամուտ, թե՛ անխուսափելի կորուստ. ազնվության պակասը դեռևս, ցավոք, օրինաչափ է մեզանում։ (Ավելի տխրեցի, երբ օրերս մեծ սուպերմարկետներից մեկը թալանելիս որևէ գիրք չէին գողացել)։ Հետաքրքիր հանդիպումներ եղան վաճառքի հանված գրքերի հեղինակների հետ։ Ցուցադրվեց փառատոնին մասնակցող ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների գրադարանների գրականությունը։ Շատերը համոզված են, որ գրքերի նվիրատվություններով կարելի կլինի ցածր գնողունակությամբ հասարակական խավին կրկին հետաքրքրել դասական ընթերցանությամբ։ Նույն, ըստ իս, թյուր մտածողությամբ էլ շնորհանդեսներ են կազմակերպվում։ Նկատել եմ, որ ընծայված գրքերը հազվադեպ են ընթերցվում։ Գիրք գնելիս ես, նախ, ծանոթանում եմ հիմնական բովանդակությանը, փոքրիշատե ընթերցում, ապա վճարում` համոզվելով իմ պահանջներին որոշակի համապատասխանության մեջ։ Շնորհելը չեմ ընդունում։ Առանց այդ էլ չեն հատուցվում գրքարտադրության իրական ծախսերը։
Գիրքը, բացի հոգևոր կերակուր լինելուց, նաև ապրանք է։ Նրա կոմերցիոն վարկանիշը ևս պետք է բարձրացնել։ Ես գրքի արժեքը վճարում եմ, նոր միայն նվիրում։ Գիրք-գրող-գրահրատարակիչ-գրավաճառ-ընթերցող շղթայի օղակները երբեք արդյունավետ չեն գործի, եթե որպես ապրանք գիրքը չգտնի իրացման խելամիտ կառավարվող, նպաստավոր դաշտ»։
Տարեցտարի դժվարանում է օգտակարն ու հաճելին հավասարաչափ զուգակցելը։ Բայց «Artbridge»-ում, զարմանալի լավատեսությամբ, դեռևս պահպանվում է գրքի հաղթական վերադարձի հույսը` հավատընծա գործարար կապերի համառ որոնումներով ու համարձակ, խենթավուն գրքամեծար մտահղացումների իրականացմամբ։ Պարբերական են դառնում «գրքայցելությունները» հեռավոր մարզեր, գրահրատարակիչների հետ համատեղ նախագծերը։ Ժամանակ առ ժամանակ մեկտեղվում են ընտանեկան այս գրքասրճարանում մշտական այցելու մտավորականները։ Նրանց մշակութային ինքնաբուխ բանավեճերի քուրայում հաճախ հետաքրքիր մտքեր են շրջանառվում` ծնունդ տալով նոր նախաձեռնությունների։ Ամենատպավորիչը մանկական ստեղծագործությունների մրցույթն էր, որի պատկերավոր արտահայտությունը հաղթած (համեմատության կարգով) 9-ից 14 տարեկան երեխաների գրական և գեղանկարչական անեղծ թոթովանքներով ձևավորված ժողովածուի լույսընծայումն է։ Կյանքի ու բնության երևույթների հեքիաթային ընկալման չհղկված դրսևորումներով սիրո ու բարու երևակայական բաղձալի թագավորությունն է ամբողջանում։ Չարը ոչ թե տապալվում, այլ վերափոխվում է, աղվեսը փրկում է Սկյուռիկյաններին անհայրությունից։ Եվ մարդիկ «գրիչ-տիեզերագնացով» ուղևորվում են մի նորահայտ մոլորակ, ուր չկան որբացնող պատերազմներ, հարազատ հողից կտրված թափառող ծառեր, արտասվող Ձմեռ պապիկներ, անբան ու պոչավոր թագավորներ, տառապանք ու անարդարություն։ ՈՒշագրավ է, որ այս մրցույթի ներշնչանքի աղբյուրն է եղել ընտանիքի հոգսը վտիտ ուսերին առած մի փոքրիկ տղա, ով ժավելի սպիրտ է վաճառում (ի տարբերություն անապահով հասակակիցներից շատերի, որոնց համար, ի դժբախտություն ամենքիս, եկամտի անսպառ աղբյուր դարձան մուրացկանության նորահնար տարատեսակները)։ Տնից տուն, թաղից թաղ դեգերելով` մի օր էլ նա հյուրընկալվել է «Artbridge»-ում, տաքուկ նեցուկ գտել մշտական գնորդից զատ։ Մարդկային անակնկալ գորովից զվարթացած հոգում ներբող է տարերայնորեն խմորվել` հար և նման նրա տարիքում հաճախ ծնվող ու հասունացմանը համընթաց մոռացվող շատ շատերիս մանկական գրափորձերին։
Երկակի զգացողությունների հեղեղ առաջացրին մրցույթին հղված հայտերը, որոնց մեծ մասը վաղաժամ էր «ստեղծագործություն» անվանակոչելը։ Սոցիալական ծայրահեղ բևեռացմամբ, անշուշտ, չիրագործված երազանք կմնա Երջանկության նրանց մոլորակի մոտալուտ հայտնությունը։ Առանց բարեկեցիկ մանկության, մարդավայել համեստ համակեցության ինչպե՞ս կարելի է ընթերցասիրություն ներարկել երեխային, որը, ինչպես կասեր Նեկրասովը, «պոետ, նկարիչ կարող է և չլինել, բայց քաղաքացի` պարտավոր է»։
Մարում է շուտով մանկական մրցույթից պոռթկած խանդավառությունը։ Գրքասրճարանի խաղաղ մթնոլորտը տագնապով է լցվում` ինչպե՞ս վերադարձնել դասական ընթերցասիրությունը, մեր արժանապատիվ ապագայի, բարեկրթության անփոխարինելի հիմնաքարը։ ՈՒրեմն, չզիջենք դեռևս չնվաճված «գրքախրամատը»։ Շարժվենք դեպի հաջորդ տագնապահարույց բարձունքը` Գորիս։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ