Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Նախագահ եղածը՝ ոսկեջուր մատյանում

Նախագահ եղածը՝ ոսկեջուր մատյանում
10.10.2008 | 00:00

ԱՆՈՒՆԴ ՈՍԿԵ ՂԱԼԱՄՈՎ ՔԱՇԵՄ
Լավ հարևանի համար մարդու դուռն էլ, բուռն էլ պետք է բաց լինեն։ Առանց լավ հարևանի, մանավանդ առանց պաշտոնի մարդը դառնում է, Թումանյանի ասած, «օխտը կորած մինը»։ Մեր արևը սկզբում մեր գյուղերի, մեր տների, մեր բառերի վրա է պլպլացել։ Առավոտ շուտ խոսքեր են հասել՝ կացինը տուր, մի քիչ կացնագործ ունեմ. եղանդ տուր, մի քիչ եղանագործ ունեմ. հատիչդ տուր, մի քիչ քարագործ ունեմ. տեղս նեղ է, տանս վրա գործ եմ անում, հենց քո արևը խնդաս, երեխեքիդ խերը տեսնես, ձեռդ հասցրու... Էսպես՝ հազար բան։ Էսպես է սկսվել, ձևավորվել անհատի, համայնքի նկարագիրը։ Մարդը ներկայացել է իր բան ու գործով։ Հայոց ոչ քիչ ազգանուններ՝ Քարտաշյան, Ներկարարյան, Ջրաղացպանյան, Հացագործյան, Նալբանդյան, Հացպանյան և այլն, ասես վկայություն լինեն։ ՈՒ միշտ էլ ցանկություն է եղել համայնքի համար, ազգի համար, հայրենիքի համար լավ, ազնիվ, նվիրական, հիշարժան գործ արած մարդկանց անունները հանձնել ազգի հիշողության մատյանին։ Հայոց պատմության էջերը, մեր մատյանները, փառք Աստծո, լցված են նվիրական, սրբացած անուններով։ Էդ անուններով, նրանց սխրագործություններով ենք շարունակում ապրել։
Հայոց երազած անկախության համար պայքարը, Արցախյան հերոսամարտը նորոգեցին մեր պատմության էջերը նվիրական անուններով։ Մարդկային թուլություն է, անգամ ներելի, որ, երևի, շատերն են ուզում անմահանալ և ուզում են իրենց անմահանալը տեսնել հենց իրենց... կենդանության ժամանակ ու իրենց շրջապատի աչքերով։ Նրանք շատ արագ Չախ-Չախ թագավոր են դառնում՝ ոչ երբեք աղվեսի բնորոշմամբ։ Անծայրածիր հողեր ունեն, այգիներ, վիթխարի շինությունների տեր են, կարողությունները միլիարդներով է հաշվվում, աշխարհի տարբեր երկրներում «գործ են դնում», ձեռի հետ եկեղեցի են կառուցում... Եվ... ոչ մի բան խորթ չէ արդեն խորթացած մեր երկրում։ Բոլոր բնագավառներում խախտվել են գնահատման, ճանաչման չափանիշները։ Նույն մարդուն մեկը ցույց է տալիս Հաագայի դատարանի ճամփան, իսկ մյուսը թաղում է պսակների մեջ՝ լուսապսակների։ Դրա համար է հնչում մի խոսք՝ երկիրը ընկել է թարազոյից, հարկավոր է նախ թարազոյի բերել, հենց կարողանանք թարազոյի բերել` ամեն ինչ տեղը կընկնի։
Տունը, տեղը, երկիրը, բարոյագիտությունը խելքի են բերվում նաև խոսքի կշռույթով, գնահատման արժեքով։ Եվ ուրախ պիտի լինենք, որ հայոց վարչապետն ունի գնահատման իր... արշինը։ Առանց դեմք ու դիրքին նայելու, անվախ չափում ու ասում է։ Քայքայված երկրի է՛լ ավելի քայքայված տնտեսությունը թույլ է տալիս կողմնակից լինել վարչապետին. հարկային դաշտ կլինի, թե ինչադաշտ, մեկ է, ինչպես ասում են՝ պորտները տեղն է դնում, զգուշացնում, որովհետև երկրի հետ, երկրից առաջ ժողովուրդն է ձեռից գնում։ Հույս-հավատով ապրող ու հույս-հավատ կորցրած ժողովուրդը։ Բազմաթիվ անգամ լսելով վարչապետի մտահոգ ելույթները հազարումի հիմնախնդիրների մասին՝ համաձայնել եմ, միայն մի անգամ, զուտ մեկ անգամ է, որ կասկածել եմ՝ վայ թե էդպես չէ, բայց ինչո՞ւ է էդպես ասում։
Հուզող օրինակը չուշացնեմ։
Օրերս իր հուզումնալից-անկեղծ-միամիտ ելույթներից մեկի ժամանակ վարչապետն անսպասելի սազն առավ ու սկսեց գովերգել երկիր ծաղկեցնող, 2% աճ ապահովող Ռոբերտ Քոչարյանին։ Դա, բնականաբար, իր գործն է. խոսքն՝ իրենը, երաժշտությունը՝ իրենը, կատարողը՝ ինքը։ Բայց թե ինչու է շտապում նրան նստեցնել հայոց պատմության էջերում, չես ուզում հասկանալ։ Անուշ թախիծով է ասում՝ կարողանալով զսպել իրեն պատած հուզմունքը։ Հուզմունքը փոխանցեց հեռուստադիտողին՝ Ռոբերտ Քոչարյանի անունը ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում։ Ոսկե չէ, թող ադամանդակուռ տառերով գրի, մեր ձեռին ի՞նչ կա։ Հենց էստեղ էլ մի հարց է ծնվում. եթե վաղանցուկ, ընդամենը տասը տարի իշխած նախագահի հերոսաջանք անունը պիտի ոսկե տառերով գրեիր հայոց պատմության էջերում՝ հարստացնելով մեր մատյանները, ապա ինչո՞ւ ոսկին հանեցիք, սրբելով հանեցիք զերկիրս հայոց ոսկեբերան գանձատնից։ Հիմա ոչ մեկը եղան, կացին, հատիչ, գյուղգործիքներ ունեցող գյուղացի չէ, որ ուզես։ Հիմա ո՞ւմ կարող ես ասել՝ ոսկիդ տուր, նախագահի անունը ոսկե տառերով ուզում եմ գրել հայոց պատմության էջերում։ Բանը հո Ռոբերտ Քոչարյանի անունով չի՞ վերջանալու, հայոց մատյանները սպասում են նորանոր անունների։ Էնպես որ, անունների կարիք չի զգացվելու, բայց ոսկու կարիք՝ անուններ գրելու համար, շատ է զգացվելու։ Եվ ոչ մեկն իր ոսկին չի տա, ինչ է թե հայոց պատմության էջերում ոսկեխռով անուններ են գրվում։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 8681

Մեկնաբանություններ