ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՊԱՊափաշինյանական «նոր Հայաստանը»

ՊԱՊափաշինյանական «նոր Հայաստանը»
25.05.2024 | 17:15

Վարչապետը կուրյոզ ու էքսցենտրիկ դեմք է:

Նա դա ապացուցում է ամեն րոպե:

Ընդամենը դեմ տուր խոսափող ու կտեսնես պարադոքսալ աննորմալության, անհեթեթության, աբսուրդի, միաժամանակ գավառական շուստրիության, լիրիկական զեղումների, սիլլոգիզմի, ալեգորիկ ու էկլեկտիկ մտքերի մի տարափ:

Էպոտաժը, պաթոսը, պոպուլիզմը, ցինիզմն ու դեմագոգիան էլ Աստծո շնորհն է վերջինիս:

Նա բլեֆի ու պարաժի վիրտուոզ է:

Ինչեր ասես լսելու ու տեսնելու շարքը վերջինս ամբողջացնում է հերթական ողբերգական մանրապատումներով, որի վրա հիմա, ակամա ծիծաղում ենք, վաղը ազգովի լացելու ենք:

ՈՒնենք այն, ինչ ունենք, ու մեզ հասնում է մեր ունեցածը:

Վարչապետը Տիգրան Մեծ չձգեց, հիմա Պապ թագավոր է իրեն ինքնահռչակել ու ինչ տեսակի համեմատությունների ու զուգահեռների մեջ ասես, որ իրեն չի դրել:

Ինչ խոսք՝ զավեշտալի է:

ՈՒ կապ չունի, որ ինքը ու՜ր, Պապ թագավորն ու՜ր:

Որ Պապի կերպարի հետ, «թարսի պես», գոնե չպիտի իրեն համեմատի, առավել ևս երբ Պապի վախճանն իրեն հաստատ դուր չի գա:

ՈՒրիշ բան, որ Պապ թագավորն իր էությամբ ևս հակասական կերպար է եղել:

Որ հզոր ու ամբիցիոզ թագավոր լինելուց զատ ուրացել է իր ծնողներին, ամուսնացել իր մոտ ազգականի հետ, որ հակաեկեղեցական էր, որ անգամ նրան են մեղադրում Ներսես Մեծ կաթողիկոսի մահվան մեջ, որ որքան էլ չեզոք արտաքին քաղաքականություն էր վարում, սակայն փաստ է, որ «գցել է» իրեն իշխանության բերած հռոմեացիներին ու գնացել Շապուհի հետ առանձին բանակցությունների:

Ինչևէ, Պապին հանգիստ թողնենք, թե չէ գերեզմանի մեջ շուռ կգա, որ իմանա իր հետ համեմատվողն ով է:

Պապի հետ համադրվելը դեռ մի կողմ:

Բայց որ վերջինս ԵՊՀ-ն «գաղթականների ճամբար» է անվանում ու ներկաների խրխինջ-քրքջոցն ես լսում՝ հասկանում ես, որ իրոք անդեմ, ամորալ ու կորսված ազգ ենք դարձել:

ՈՒ սա նրա համար, որ վերջինս լավ հիշողություններ չունի Մայր բուհից:

Վրժխնդրությունն ու «աբիժնիկությունը» ծորում է դեմքից:

Չնայած, փորացավն էլ գիտենք՝ շենքը վաճառելու նախերգանքն է սա:

Վաճառելու մասով նա ևս անգերազանցելի է:

Վաճառում է հույս, համբերություն, աճուրդի հանում երկիր ու հայրենիք:

Դե իր ԱԺ նախագահն էլ է ասում, որ քաղաքականությունը առևտուր է, ադրբեջանցիների հետ շփումն էլ՝ շատ սիրալիր:

Եվ առհասարակ. մենք պետք է երջանիկ լինենք, որ ադրբեջանցիների հետ կողք-կողքի ապրենք, իրար հետ բիզնես անենք:

Դրա համար էլ հիմա պարզվում է, որ կոնկրետ Կիրանց գյուղի հատվածում սահմանազատումն իրականացվում է, ոչ թե նախապես հաստատված ու կատարված 1975 թ.-ի, այլ՝ 1969 թվականի քարտեզով:

Այս մասին պաշտոնապես հայտարարում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Այստեղ է, որ հասկանում ես, թե ինչացու է երկրիդ ղեկավարն ու ինչպիսի սկզբունքային մարդ է Ալիևը, ում քմահաճույքով, նախասիրությունով, կապրիզով ու շանտաժով իրականացվում է քարտեզի ընտրությունն ու ամեն մի հատվածի սահմանազատումը:

Ի դեպ, որի մասին նա ասել էր դեռ ամիսներ առաջ:

Դրա համար էլ մեր իշխանությունները սահմանազատումն անվանում են սուվերեն սահմանների վերականգնում, անվտանգության երաշխիք, Ադրբեջանը՝ օկուպացված գյուղերի վերադարձ:

Դրա համար է, որ Տավուշի մարզպետը պետք է կիրանցիներին անկեղծ ասի, որ ձեր «շուխուռի» պատճառով Ալիևը զայրացել է ու որոշել, որ սահմանը Կիրանցի միջով պետք է անցնի:

Համ էլ՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է:

Դրա համար էլ այն իրականության մեջ ենք ապրում, որ Քարվաճառում, Բերձորում, Աղավնոյում, Շուռնուխում, իսկ այսօր էլ Կիրանցում մարդիկ քանդում կամ այրում են իրենց տները թշնամուն այն հանձնելուց առաջ:

Այսօր առավոտյան ադրբեջանցի սահմանապահները նախագահ Ալիևին ուղղված զեկույցով հաստատեցին Տավուշի մարզի 4 գյուղերի ու հարակից շրջանների վրա հսկողություն սահմանելու մասին։

Այսօրվանից այն ամբողջությամբ իրենց տիրապետման տակ է։

«Դելիմիտացիայի» գործընթացի արդյունքում Ադրբեջանը հայկական ոչ մի սանտիմետր հող չի վերադարձրել Հայաստանին:

Չհիշեցնեմ, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել 200 քառակուսի կմ և ավելին` Հայաստանի սուվերեն տարածք:

Ի դեպ. 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, և նրա հետ ևս 4-ը, Տավուշի անառիկ դիրքերը հանձնելիս ցուցաբերած հեզաճկունության համար ստացան գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիշեցնեմ, որ 3-րդ բանակային կորպուսն այն կորպուսն է, որի վերահսկողության տակ գտնվող տարածքները միակողմանի զիջումներով հանձնվեցին Ադրբեջանին։

«Բարով վայելեք» ձեր նոր կոչումները, պարոնա՛յք սպաներ:

Դուք ձեր գործը կատարել եք, հետևաբար, արժանի եք նիկոլյան Հայաստանի կոչումներին ու մեդալներին:

Ինչևէ, սա «նոր Հայաստանն» է, այստեղ հարց է, թե դու տա՞նն ես:

Շարունակե՛ք հանդուրժել:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2694

Մեկնաբանություններ