ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ

Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ
05.07.2023 | 19:51

Ամեն տարի այս օրը ես կրկնել և կրկնելու եմ այս տողերը:

Ամեն տարի այս օրը ես կրկնել և կրկնելու եմ, որ հուլիսի 5-ը պետք նշել, որպես «Խայտառակությունների համահայկական օր»:

Ամեն տարի այս օրը ես կրկնել և կրկնելու եմ, որ «Խայտառակությունների համահայկական օրվա» հիմնադիրները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց կենդանության օրոք:

Եվ այսպես՝

«Խայտառակության համահայկական օրը», որպես ազգային տոն, մեր օրացույց մտավ 1995 թ. հուլիսի 5-ին: Այդ օրը սկիզբ դրվեց ընտրակեղծարարությանը, անձնական շահերի համար վարչական ռեսուրսի և թաղային հեղինակությունների կիրառմանն ու ներգրավմանը, այդ օրը Հայաստանում առաջին անգամ ընտրակաշառք բաժանվեց: Ես դա ասում եմ որպես ականատես, վկա և ընտրական գործընթացի անմիջական մասնակից:

Երևանի Շենգավիթի շրջանում կար թվով 6 ընտրատարածք:

Թիվ 1 ընտրատարածքում իշխանությունն ի դեմս Ռուբինյան Կարապետի, զանգվածաբար վարչական ռեսուրս էր օգտագործում: Այդ ընտրատարածքում նախապես չէին գրանցել այն թեկնածուներին, որոնք կարող էին ինչ-որ կերպ խանգարել Ռուբինյանի ընտրությանը:

Վերջինիս օգտին էին աշխատում թաղային հեղինակությունները՝ բազարի Կյաժի եղբոր՝ Վաչոյի գլխավորությամբ:

Այս ընտրատարածքում եղան լցոնումներ և առաջին անգամ կիրառվեց կարուսելը:

Թիվ 2-րդ ընտրատարածքի նախագահը ես էի և, հետևաբար ընտրատարածքային հանձնաժողովը, ինչպես նաև տեղամասային հանձնաժողովների մեծ մասն իշխանությունների կողմից չէին վերահսկվում:

Մեր պարագայում, իշխանությունն իր խնդիրները լուծում էր բացառապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միջոցով, ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի օգտագործմամբ:

Ի սկզբանե, ԿԸՀ-ի միջոցով պայքարից դուրս մղվեց Սուրեն Զոլյանը: Մինչ այժմ աչքիս առաջ է միջին տարիքի մի տղամարդ, ով գրկած՝ Բելինսկու անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամաս էր բերել 109 տարեկան տատիին, դրա դիմաց ստանալով մի քանի կիլոգրամ բրինձ և մի քանի խոստում:

Այդ ընտրատարածքում, իրենց խայտառակ կեցվացքով, հատկապես աչքի ընկան ԺԷԿ-ի Հրաչը, հին կռուգի Ռոստոմը և ռուս գործիչ՝ Միհրանյան Անդրանիկի եղբայր Կիտայը:

Թիվ 3-րդ ընտրատատարածքը Աշոտ Նավասարդյանինն էր: Նավասարդյանի ընտրարշավը ղեկավարում էր Մարգարյան Անդրանիկը, իսկ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր Բեժանյան Նուրիսան:

Նավասարդյանի թիմն ի սկզբանե պայքարից դուրս մղեց այդ տարածքում մեծ հեղինակություն վայելող, հայտնի իրավաբան Ստեփան Ծաղիկյանին, ում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «չորով» չգրանցեց որպես պատգամավորության թեկնածու:

Անգամ մնալով առանց լուրջ մրցակիցների, Աշոտ Նավասարդյանի թիմը, այնուամենայնիվ, օգտագործեց վարչական ռեսուրս:

Արձանագրվեցին նաև լցոնումների դեպքեր:

Թիվ 4 ընտրատարածքում այդ օրերին ամեն ինչ կար: Ե՛վ դանակահարություն, և՛ ընտրակեղծարարություն, և՛ աննախադեպ չափի լցոնումներ, և՛ վարչական ռեսուրսի օգտագործում, և՛ թաղային հեղինակությունների ներգրավվում: Մի խոսքով, ԱՄԵՆ ԻՆՉ:

Ես երբեք չեմ մոռանա դանակահարված դաշնակցական Յուրային ( հեռացվեց վերջինիս փայծախը, այնուհետև նա մահացավ ), Համլետին: Դա մոռանալ չի լինի: Այդ ընտրատարածքի իշխանական թեկնածուն Կարամելի Հարութն էր:

5-րդ ընտրատարածքում ևս ծեծ ու ջարդ էր և ընտրակեղծարարություն: Այս ընտրատարածքի իշխանական թեկնածուն Բաղդասարյան Արթուրն էր:

Այդ ընտրատարածքում որպես պատգամավորության թեկնածու չգրանցեցին հեղինակություն համարվող՝ գող Սքեի քրոջ որդի Աշոտին, ով ընտրվելու մեծ շանս ուներ: Բաղդասարյան Արթուրի եւ նրա ընտրարշավի կազմակերպիչներից Խուրշուդյան Էդմոնի ջանքերով, որպես պատգամավորության թեկնածու չգրանցվեցին նաև մի շարք այլ ուժեղ թեկնածուներ:

Սակայն դա էլ չբավականացրեց Բաղդասարյան Արթուրի անխոչընդոտ ընտրությանը: Վերջինիս ազգական պիվնոյի Գոքորը սկսեց ուժային գործողություններ իրականացնել: Այդ ընտրատարածքում եղան զանգվածային ահաբեկումներ, ծեծ ու ջարդ, աննախադեպ լցոնումներ, կարուսել, ընտրակաշառք և վարչական ռեսուրսի օգտագործում:

Թիվ 6-րդ ընտրատարածքը համեմատաբար հանգիստ էր: Դա պայմանավորված էր թեկնածուների անձնական հատկանիշներով:

Համենայն դեպս ինձ վրա լավ տպավորություն էր թողել իշխանական թեկնածու՝ ՀՀՇ-ի Գրիգորյան Հրաչը:

Այստեղ չկար ծեծ ու ջարդ, չեմ նկատել անգամ ընտրակաշառք: Միայն վարչական ռեսուրսի օգտագործում:

Ավելին՝ կար ուժեղ ընդդիմադիր թեկնածու Համլետ Հակոբյանը՝ Չարլին (Աստված հոգին լուսավորի):

Մի խոսքով, այս ընտրատարածքում երկրորդ փուլ եղավ և, ի վերջո, հաղթեց Գրիգորյան Հրաչը:

Պարզ է, որ ամեն ինչ չեմ պատմել: Աստիճանաբար պատմում եմ:

Այսպիսին էր 1995 թ. հուլիսի 5-ը: Այդ օրն աննախադեպ ընտրակեղծարարության, ծեծ ու ջարդի, ահաբեկումների, լցոնումների արդյունքում ունեցանք Սահմանադրություն: Կրկնում եմ, այս ամենն ասում եմ, որպես ականատես, վկա և անմիջական մասնակից: Այդ օրերին կողքս էին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը և շատ անհատներ:

Շնորհակալություն նրանց:

Ի դեպ, օրինակ՝ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծ մասը դեմ էր քվեարկել ՀՀ Սահմանադրությանը: Փաստաթղթերը կնքեցի և ուղարկեցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Մի քանի օր անց պարզվեց, որ թիվ 2 ընտրատարածքի ընտրողների մեծամասնությունը կողմ է քվեարկել Սահմանադրությանը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ.1. Ամեն տարի սրա մասին եմ գրում: Չեմ հոգնելու:

ՀԳ.2. Շնորհավորում եմ «Խայտառակության համահայկական օրվա» առթիվ:

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)


Դիտվել է՝ 2655

Մեկնաբանություններ