Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եթե օրը ծիտիկների երգով է սկսվում, նշանակում է՝ բարի է

Եթե օրը ծիտիկների երգով է սկսվում, նշանակում է՝ բարի է
13.06.2024 | 06:58

Առաջին ծիտիկներն արթնանում են դեռ ժամը հինգի կողմերը, երբ աստղերը սկսում են կամաց-կամաց աղոտանալ ու ձուլվել գիշերվա սևին խառնվող կաթնագույն կաթիլների մեջ, իսկ ներքևում՝ մութուլուսի միջից դուրս են լողում ու ուրվագծվում են շենքերը, ծառերը, փողոցները։

Նախ՝ շուտ արթնացած մի ճնճղուկի քնկոտ ծիվ-ծիվն ա լսվում՝ համաչափ ընդմիջումներով։ Քիչ անց էդ ձայնից մի ուրիշ ճնճղուկ էլ ա արթնանում, բայց էս մեկի ծիվ-ծիվը կես տոն ցածր ա, ու արդեն մեղեդի ա ստացվում՝ ծի՛վ-ծիվ, ծի՛վ- ծիվ։ Հետո՝ երրորդն ա միանում իր ճնճղասոպրանոյով՝ ծի՜վ-ծի՛վ-ծիվ, ծի՜վ-ծի՛վ-ծիվ։ Եթե մոտակայքում ագռավ կա, անպայման պիտի պատասխանի՝ օդը սղոցելով իր բարձր, զառամյալ կռկռոցով։ Կողքի բակում մի շուն ա հաչում։

Մեկ էլ քնից վեր թռած մի սոխակ ա միանում ճնճղուկներին, որ նրանց բազմաձայն նվագակցությամբ սկսում ա գեղգեղալ իր բարդ, սիրուն մեներգը՝ սուլոցներով, դայլայլներով, ու դու հասկանում ես, որ բակում՝ ծառի ճյուղերից մեկի վրա, տարածության մեջ մի փոքր ճեղք ա բացվել որով սոխակը գնում ա դրախտ ու հետ գալիս՝ երգը կտուցին։

Ծիտիկները կամաց-կամաց արթնանում են ու միանում ընդհանուր երգեցողությանը. օդը լցվում ա համատարած ծլվլոցով։ Լվացքի պարանի ձողին երկու տատրակ են նստում ու սկսում զրուցել՝ իրանց խորը, կրծքային ղունղունոցով։ Նրանք ոչ մեկին բանի տեղ չեն դնում. իրանց զրույցով են տարված։ Մեկ-մեկ ներքև են նայում, որ տեսնեն, թե ով գնաց, ով եկավ։

Միայն առավոտվա լռության մեջ ես հասկանում, թե ինչքան շատ ծիտիկ կա ձեր փոքր բակում՝ ասես մի հսկայական երգչախումբ ա հավաքվել։ Բազմաձայն ծլվլոցից հյուսված ամառային օդը նմանվում ա երփներանգ ծաղիկներով զարդարված դաշտի։ Ձայներն օդի մեջ ֆանտաստիկ նախշեր են նկարում, որ ամեն վայրկյան փոխվում ա՝ մեր մանկական կալեյդոսկոպի նման։

Եթե օրը ծիտիկների երգով ա սկսվում, նշանակում ա՝ բարի ա։ Իսկ օրը միշտ ծիտիկների երգով ա սկսվում։ Դրա համար՝ երգը պետք ա բռնել ու դրանով քայլել մինչև երեկո։

Իսկ երեկոյան ծիծեռնակներն են գալիս, ու նրանց թռիչքի բարձրությամբ կանխատեսվում ա անձրևի հավանականությունը։

էն օրը երեկոյան յոթի կողմերը բալկոնում նստած սուրճ եմ խմում, դեռ սուրճս չվերջացրած՝ եղանակն արագ փոխվեց, քամին ամպերը քշեց-բերեց, ամբողջ երկինքը ծածկեց, լույսը պակասեց, շենքերի, ծառերի ուրվագծերը սրվեցին, գույները մգացան։ Ու երկինքներից ներքև իջած անձրևաբեր ծիծեռնակները սկսեցին հեծյալ հրոսակախմբի նման՝ սուլոցներով, հարայ-հրոցով սլանալ կողքովս ու պտույտներ գործել օդում՝ բակի վրա։ Երբ հերթական անգամ մոտովս անցնում էին, ծիծեռնակներից մեկը խմբից պոկվեց ու սլացավ ուղիղ դեպի իմ բալկոնը, թևով խփեց բալկոնի դռանն ու ծվծվոցով սուրաց դեպի ընկերները։ Եթե բալկոնի դուռը ծածկած չլինեի, տուն էր մտնելու։ Հեռվից ծիծեռնակները փոքր են երևում, բայց մոտիկից ահագին մեծ էր, սև, փայլուն։ Շատ սիրուն էր։

Եթե շատ չես թթվում օրվա գործերով ու մեկ-մեկ ականջ ես դնում դրսի ձայներին, նկատում ես, որ ամբողջ օրը ծիտիկներով ա լցված, ամբողջ օրը նրանց երգով ա լցված, ու ինչքան էլ հոգած լինես, ինչքան էլ անտրամադիր լինես, մի քանի րոպե էդ ծլվլոցը լսելով՝ մոռանում ես հոգսերն ու հոգնածությունդ, ասես՝ նրանց նման թևեր ես առնում։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5029

Մեկնաբանություններ