Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը կարող էր կանխել Արցախի անկումը

Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումը կարող էր կանխել Արցախի անկումը
22.09.2023 | 06:58

Արցախը մնաց միայնակ և, այլ ելք չունենալով, հանձնվեց: Մեծ քաղաքականության մեջ անբարոյականությունը սկզբունք դարձրած քամելեոնները թքեցին մի բուռ ժողովրդի իրավունքների վրա: Բայց վերևն Աստված կա, և կա նաև բումերանգի հայտնի գործոնը՝ մի օր իրենց ճակատին կստանան կործանիչ հարվածը:

Ես ի սկզբանե համոզված էի, որ Արևմուտքը, կոչից ու դատարկաբանությունից բացի, այլ քայլ չի անելու: Նա անկարող է դեմ-դիմաց հակառակվել թուրքական շահերին, ի՞նչ է ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի, ոչինչ: Եթե չես պատերազմում Ռուսաստանի դեմ, Արևմուտքին դու հետաքրքիր չես: Ժողովրդավարություն թմբկահարողները անվտանգություն չտվեցին: Նրանք բռնատիրությունների հուսալի դաշնակիցն են՝ հանուն իրենց նյութական շահերի: Այստեղ ամեն ինչ պարզ էր: նորություն չէր նաև թուրք-ադրբեջանական քաղաքական միությունը և դե ֆակտո մեկ ուժի գոյությունը: Բայց Ռուսաստանի և Իրանի կեցվածաքն ու դիրքորոշումը վկայում է այստեղ ռազմավարական մտքի լուրջ ճգնաժամի մասին: Իհարկե, հիասթափեցնող էր առաջին հերթին Կրեմլի վարքագիծը, որը հիմնավորվում է Հայաստանի քաղաքական ղեկավարության հակառուսական քայլերով: Ռուսները վարչապետին և նրա քաղաքական թիմը նույնականացրին հայ ժողովրդի և հայկական պետության հետ: Պարզունակ: մոտեցում, որը հարվածելու է հենց ՌԴ շահերին և ներկայությանը տարածաշրջանում: Ամբողջ հետխորհրդային տարածքում Արցախի հանրապետությունը ամենահավատարիմ կետն էր, որտեղ մարդիկ առավոտից երեկո Մոսկվայի անունով էին երդվում՝ 1813 թ. ռուսական կայսրության կազմի մեջ մտնելուց մինչև երեկ: Հիմա ամեն ինչ լրիվ գլխիվայր շրջվեց: Շուտով ռուսական զորքը դուրս կհրավիրվի Արցախից: Այն երկրից, որն իր մինչ 44-օրյա պատերազմը եղած սահմաններով կարող էր լինել ռուսական ազդեցության հենարանը: Կասկած չունեմ, որ մոտ ապագայում իսլամական և թուրքական անջատողականությունը խժռելու է ՌԴ հյուսիս-կովկասյան և մյուս նահանգները: Հայկական ուժեղ ներկայությունը անվտանգության երաշխիք էր նաև ռուսական պետության համար: Հիմա դա չկա: Կերեք այն շիլան, որ եփվեց ձեր կարճատեսության հետևանքով: Ժիրինովսկին որքան էր զգուշացնում, վելիկոռուսական մտքի գիգանտների գլուխը չմտավ: Ինչպես 11-րդ դարում բյուզանդական քաղաքականությունը քանդեց Հայաստանը և հույների կործանումը բերեց, մինչև հիմա Ստամբուլին նայում ու մրմռում են: Հիմա կամ որոշ ժամանակ անց ես չեմ զարմանա, որ Թուրքիայի հետ ավելի հաջողակ լինեն հարաբերությունները, քան՝ Ռուսաստանի: Ճակատագրական սխալ գործեց նաև Իրանը: Գաղտնիք չէ ադրբեջանաբնակ երեք հյուսիսային խոշոր նահանգների անջատողականությունը, որն Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության թիվ մեկ խնդիրն է: Եթե սրան գումարենք նաև Իսրայել-Ադրբեջան համագործակցային ձևաչափը, ամեն ինչ պարզ կդառնա: Համաթուրքական միասնականության և բոլոր ոլորտներում ինտեգրացիայի խորացումը ավելի հասկանալի կդարձնի Իրանի մեկուսացման հնարավոր հետևանքները: Նախկին Արցախը, իր 12 հազար քառակուսի կիլոմետրով, Իրանի համար անվտանգային պատնեշ էր, որ, ցավոք սրտի, չգնահատվեց Թեհրանում: Շատ չեմ ցանկանում կանխատեսնման մեջ խորանալ, այստեղ ամբողջական համայնապատկերը տալ դեռ վաղ է, բայց իրողություններ կան, որ արդեն ցցուն երևում են: Ինչու՞ անդրադարձա Ռուսաստանին և Իրանին, որովհետև համոզված եմ, որ միայն այս երկուսի դիրքորոշումը կարող էր կանխել Արցախի անկումը:

Հայ ժողովուրդ, պինդ մնա, երեք հազար տարի մնացել ենք, էլի կմնանք:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1905

Մեկնաբանություններ