Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վարչապետի ազգակործան նարատիվը, անտարբեր հայերի լոկոմոտիվը

Վարչապետի ազգակործան նարատիվը, անտարբեր հայերի լոկոմոտիվը
08.05.2023 | 21:18

Շաբաթն ամփոփվեց աբսուրդի ու նոնսենսի, դեմագոգիայի ու ցինիզմի, պաթոսի ու պոպուլիզմի, էժան մանիպուլյացիայի հերթական խմբաքանակով:

Արդեն իսկ, առանց էմոցիայի ու զարմանքի՝ լսում և ազգովի հանդուրժում ենք էքստազի մեջ ընկած վարչապետի՝ սովորական դարձած պարադոքսիկ ու հակասական, ֆանտաստիկայի ու դրամատուրգիայի ժանրերի ելույթները:

Հերթական մտքի փայլատակումները հնչեցին ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ՝ Պրահայում.

*«Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, եթե Ադրբեջանը պատրաստ է վերադարձնել, ապա մենք էլ ենք պատրաստ»:

*«Ձենս տաք տեղից ա դուրս գալիս՝ ինձ էնքան եք դավաճան ասել, որ էլ չեմ վախում, որ կասեք դավաճան»:

*«Չասեն՝ ինձ աստվածացնում եմ, բայց 100 անգամ մեռել ու հարություն եմ առել ի մեռելոց»:

*«Խաղաղության հասնելու մեր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել»:

*«Նեմեսիսի» արձանի տեղադրման առումով, կայացվել է էմոցիոնալ, սխալ որոշում, և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»:

*«ՀՀ-ն պետք է հայտարարի, որ ոչ միայն տարածքային նկրտումներ չունի, այլև չի ունենալու»:

*«ՈՒրախ կլինեմ, եթե հունիսի 1-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի»:

*«Որոշել եք ինձ գնդակահարե՞լ, պատի տակ հնազանդ կանգնած եմ, խնդիր չկա, թող ժողովուրդը որոշի, հանեք, գնդակահարեք»:

*«Եթե առաջիկա 2-3 տարիներին պահենք մեր պետությունը, կպահենք առաջիկա 100 տարվա ընթացքում»:

Դե, Սփյուռքին էլ մեղադրեց սփյուռք լինելու, ավելին՝ հող հանձնելու մեջ:

Նման վտանգավոր արտահայտություններն ու ժողովրդին հրամցվող թեզերը դարձել են պետական օրակարգի մաս:

Եվ այս ամենը մարսվում է, քանզի ժողովուրդն առ այսօր հանդուրժում, հլու հնազանդ տանում է:

Նրա թե՛ վարքը, և թե՛ խոսույթը օրինաչափ է:

ՈՒ թքած, որ նա հոգեվարքի ու ցայտնոտի մեջ է, որ նա անդեմ է, որ այլևս չի տիրապետում իրավիճակին, չունի ո՛չ ասելիք և ո՛չ էլ տեսլական, որ քաղաքականապես վերջացել է, որ աշխարհաքաղաքական ոչ մի Կենտրոն նրան լուրջ չի վերաբերվում, այլևս չի ցանկանում երկարաձգել նրա քաղաքական կյանքը:

«Մարդ», որը մե՛րթ ունակ-անմեղսունակ է,

մե՛րթ՝ ցինիկ-ցնորված, հոգեխանգարված,

մե՛րթ՝ լիրբ ու խելառ, անպատկառ...

ՈՒ ոչ մեկիս մտքով չի անցնում, որ խելագարը նա չէ, այլ մենք ենք՝ այն էլ ազգովի:

Որ ոչ թե նա է գիժ, այլ իրականում նա է մեզ բոլորիս գժի տեղ դրել:

«Մարդ», որն այսօր թուրքական հաթաթայից ահաբեկված՝ էմոցիոնալ ու սխալ որոշում է գնահատում «Նեմեսիս» արձանի տեղադրումը, վաղն էլ, նույնկերպ Զարոբյանին, Քոչինյանին, Դեմիրճյանին ու Դարբինյանին է մեղադրելու՝ Ծիծեռնակաբերդի, Սարդարապատի ու Բաշ Ապրանի հուշահամալիրները կառուցելու համար:

Պատրաստ է լինելու՝ Նժդեհի ու Դրոյի, Անդրանիկի ու Չաուշի արձանները ապամոնտաժել, Եռաբլուր պանթեոնն էլ հողին հավասարեցնել:

Այս ամենը տեսնելիս, ակամա, հարցնում ես ինքդ քեզ.

- Ո՞վ կպատկերացներ, որ օրերից մի օր, հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության ու Արցախի ճակատագիրը կտնօրիներ բախտախնդիր մեկը, ով այլևս չէր վախենա իրեն «դավաճան», ու չէր սրտնեղի իրեն «թուրք» անվանելուց...

Մի խենթ-խելապակաս-պատուհաս, ով անկաշկանդ գուժում է վերահաս վտանգ:

- Ո՞վ կպատկերացներ, որ հազարամյակների պատմություն ունեցող ու պետականություն ստեղծած ազգը պետք է մի օր դառնար ինչ-որ պաթոլոգիկ մարազմատիկ խեղկատակի զոհը, ու կանգներ հայրենիքի ու անկախություն կորստի առաջ:

Լավ, մինչև ե՞րբ պետք է հանդուրժես նմանին, հա՛յ ազգ:

Մինչև ո՞ր արհավիրքը:

Ո՞րն է քո համբերության կարմիր գիծը, հա՛յ մարդ:

Ե՞րբ ես սթափվելու,

ե՞րբ ես գիտակցության գալու,

ե՞րբ ես վերականգնելու ինքնությունդ, արժանապատվությունդ, հա՛յ մարդ:

ՈՒ՞ր է երբեմնի վճռականությունդ, համախմբվածությունդ, հա՛յ ժողովուրդ:

Ե՞րբ է ավարտվելու հուսահատությունդ, ե՞րբ ես ձերբազատվելու պարտվածի բարդույթից, որ սկսես պայքարդ:

Ե՞րբ ես փոխակերպելու հարմարված անտարբերությունդ, անզորությունդ, նվաստացած ու ստորացած, թշնամու ողորմածությանը հանձնված ու համակերպված կարգավիճակդ՝ պայքարով:

Այս ու՞ր ենք հասել, ի՞նչ օրի ենք հասել, ի՞նչ ենք դարձել, հա՛յ մարդ:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 6071

Մեկնաբանություններ