Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

2021-ին Հայաստանը կունենա 4,8 տոկոս տնտեսական աճ

2021-ին Հայաստանը կունենա 4,8 տոկոս տնտեսական աճ
03.11.2020 | 13:48

2021-ին Հայաստանը կունենա 4,8 տոկոս տնտեսական աճ՝ ըստ 2021-ի պետբյուջեի նախագծի, որ քննարկվում է Ազգային ժողովում։ Նախատեսված է հավաքել 1,5 տրիլիոն դրամ հարկ ու տուրք, որը զգալիորեն շատ է լինելու այս տարվա ցուցանիշից։ Այս տարվա վերանայված բյուջեի համաձայն, 2020-ին հավաքվելու է 1 տրիլիոն 320 միլիրադ դրամ հարկ ու տուրք, թեև օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ այս թիվը կարող է աճել 40 միլիարդ դրամով։ 2021-ի պետբյուջեի ընդհանուր եկամուտները կազմելու են 1 տրիլիոն 569 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 843 միլիարդ դրամ։

Տարբերությունը կամ պետբյուջեի պակասուրդը կազմում է մոտ 274 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 551 միլիոն դոլար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր խորհրդարանում հիշեցրեց տնտեսության առջև ծառացած հիմնական մարտահրավերները՝՝ պատերազմ, կորոնավիրուս, սակայն վստահություն հայտնեց, որ արդյունավետ աշխատանքի շնորհիվ Հայաստանը կհաջողի. «Ակնհայտ է, որ 2021-ը լարված տարի է լինելու բոլորիս համար։ Բայց վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերը և մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման և դիմակայման ուղղությամբ, կապահովի մեր երկրի սոցիալ-տնտեսական կայունությունն ու անվտանգությունը»։

Նախագծի համաձայն, այս տարի Հայաստանը կփակի 6 տոկոս տնտեսական անկմամբ, թեև մոտ մեկ շաբաթ առաջ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց 7 տոկոսի մասին։ «Իհարկե, չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության վրա կամ բյուջեի վրա։ Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ և կունենա, և պետք է ըստ այդմ մտածենք պարտքի շեմի մասին։ Բայց ես կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ»։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նույնպես չբացառեց, որ այս տարվա տնտեսական անկումը կարող է 6 տոկոսից ավելի լինել՝ 6,8 տոկոս. «Թեպետ այդ 6 տոկոս կանխատեսումից հետո մենք վերանայել ենք բյուջեն և գնահատել ենք, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ լրացուցիչ 0,8 տոկոսային կետի չափ կարող ենք բացասական զարգացում սպասել այս տարի։ Հետևաբար դրանից բխող նաև համախառն ներքին արդյունքի մեծությունը կարող է ավելի պակաս լինել, քան բյուջեի նախագծի հիմքում 2020-ի համար նախանշված է։ Եվ դրանից կախված՝ նաև հարկային եկամուտներն են վերանայվել։ Ինչպես նաև ծախսերի նույն մակարդակի պայմանները պահելու պարագայում լրացուցիչ պարտք ներգրավելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի հնարավոր լինի ֆինանսավորել պակասուրդը»։


Անցած տարի ընդունված 2020-ի պետբյուջեի համաձայն, ի սկզբանե այս տարի նախատեսված էր հավաքել 1 տրիլիոն 602 միլիարդ դրամ հարկ ու տուրք, սակայն կորրոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված՝ հարկային ու մաքսային եկամուտների նվազումը (2020-ին լավագույն դեպքում սպասվում է հավաքել 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ հարկ ու տուրք), հարկադրել է Կառավարությանը ավելացնել պետական պարտքը։
Ֆինանսների նախախարության տվյալների համաձայն, այս սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 միլիարդ 854 միլիոն դոլար, որը անցած տարվա վերջի համեմատ ավելի է 533 միլիոն դոլարով։
2021-ի պետբյուջեի նախագծի համաձայն, այս տարվա ավարտին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 միլիոն դոլար, իսկ գալիք տարվա ավարտին՝ 9 միլիարդ 215 միլիոն դոլար։


Թե պետության պարտքի նման ավելացման հետևանքով գալիք տարի Հայաստանի պետական պարտքը երկրի ողջ տնտեսության կամ ՀՆԱ-ի քանի՞ տոկոսը կկազմի, Ֆինանսների նախարարը խոսեց 60% շեմն անցնելու մասին՝ «Բավական ճշգրիտ փաստաթղթի մեջ ներկայացված է։ Եթե ձեզ մի փոքր նեղություն տաք և ուսումնասիրեք փաստաթուղթը, կգտնեք կանխատեսումները ընդհանրապես պետական պարտքի և կոնկրետ Կառավարության պարտքի, և այդ պարտքի ոչ միայն անվանական արտահայտության փոփոխությունը, այլ նաև հարաբերական ցուցանիշների կանխատեսումները, ինչպես այս տարվա համար, այնպես էլ հաջորդ տարվա համար։ Այո, 60 տոկոս շեմը գերազանցող կանխատեսումներ են ներառված փաստաթղթի մեջ, և դա տրամաբանական է, որովհետև հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է նախագծվի այնպես, որ համարժեքորեն արձագանքի տնտեսական շրջափուլի տվյալ ժամանակահատվածին»։

Դիտվել է՝ 6411

Մեկնաբանություններ