Կառավարության պահուստային ֆոնդը «շնչառության» խնդիր ունի՝ Covid-19-ը ոչ միայն մարդկանց թոքերն է ախտահարել... Ինչպես և կանխատեսվում էր, արտակարգ դրության 6 ամիսներն իրենց բացասական ազդեցությունը թողեցին տնտեսության վրա, ինչն ուղղակիորեն «գոտկատեղից ներքև» հարված էր պետական ֆինանսական աղբյուրներին։ Այսօր արդեն պարզ է, որ Հայաստանի կառավարության պահուստային ֆոնդի համար 647 մլն դրամը ծանր խնդիր է։ Սա պարզ դարձավ երեկ կառավարության նիստում՝ չզեկուցվող հարցերի քննարկման ժամանակ։
Առաջարկ է եղել 647 մլն դրամ հատկացնել ուսումնական հաստատություններին` ախտահանիչ նյութեր և եռաշերտ դիմակներ ձեռք բերելու նպատակով։ Այս հարցը կարելի է ասել, անակնկալի է բերել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին. «33-րդ հարցով նախատեսվում է պահուստային ֆոնդից հատկացում կատարել, ինչը, ճիշտն ասած, չի քննարկվել, սա էլ, ենթադրում եմ, պայմանավորված է եղել հարցի հրատապությամբ»։ Ատոմ Ջանջուղազյանի քաղաքական և մասնագիտական պրոֆեսիոնալիզմը, ըստ ամենայնի, թույլ չտվեց ավելի կոշտ գնահատել հարցը նախապես ֆինանսների նախարարության հետ չքննարկելու մոտեցումը, մինչդեռ, եթե հարցը նախապես քննարկած լինեին, ապա ֆինանսների նախարարը ստիպված չէր լինի կառավարության նիստին ասել այն, ինչ ասաց. «ՈՒզում եմ տեղեկացնել, որ այս ձևով նախագիծը ընդունելու դեպքում ձևակերպման և իրականացման խնդիր կառաջանա, քանի որ պահուստային ֆոնդը ամբողջությամբ ծանրաբեռնված է։ Հետևաբար, կառաջարկեի, մինչև վերջնական ստորագրումը, ֆինանսական հատկացման մասով լուծում գտնել նաև պահուստային ֆոնդի ավելացման ուղղությամբ, նոր միայն այն հաստատել»։ Ինչ խոսք, նախարարի այս խոստովանությունը շատերի համար նորություն չէր, եթե չասենք, որ շատ կանխատեսելի էր Covid-19-ի համատեքստում։
Նշենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչ փաստաթղթի վավերացումը գտնել այն ֆինանսական աղբյուրները, որոնք կապահովեն պահանջվող 647 մլն դրամը։ Դե ինչ, գուցե այդ աղբյուրներից մեկն էլ բարեգործական ֆոնդերը լինեն։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ