«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
31.01.2020 | 11:27
ՄԵՆՔ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻճԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆՔ
Նախորդ համարում ներկայացրի «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ում ստեղծված, ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված, Լոռվա արոտներում փորձարկված նորույթը` տեխնոլոգիա և մեքենա, որը թույլ է տալիս կանխել ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները, երաշտը, վերաբացել խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրները, կասեցնել անձրևաձնհալ ջրերի «փախուստը» Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, էականորեն բարձրացնել արոտների և խոտհարքների բերքատվությունը, խոտի որակը: էկոնոմիկայի ներկայիս նախարար Տիգրան Խաչատրյանի պաշտոնական հավաստմամբ փաստեցի վերոհիշյալը կառավարման համակարգի պրոֆիլային 5 նախարարությունների կողմից հավանության արժանացնելը և իրենց անճարակությունը 2 մլն դրամով այդ ամենը պիլոտային որևէ ծրագրով գյուղացուն ցուցադրելը, մեքենայի պահանջարկը ձևավորելը, արտադրությունը (հավաքը) տեղում կազմակերպելը և դրանով վերը նշված խնդիրները լուծելը: Բայց, ինչպես ասվեց նախորդ հոդվածում, առայսօր նշվածներից ոչ մի խնդիր էլ չի լուծվել: Ինչու՞…
Խոստացա, որ լրագրողական հետաքննությամբ կփորձենք պարզել այս անհեթեթ իրավիճակի պատճառները հենց ակունքներում` այն կառույցներում, որտեղ որոշումներ են ընդունվում ոլորտների զարգացման և նրանց անվտանգ գործունեությունը երաշխավորող միջոցառումների մասին: Եվ ահա մենք արտակարգ իրավիճակների նախարարությունում ենք այն համոզմամբ, որ ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները և այլն հենց այս նախարարության գործառույթներից են: Նախարարին ուղղված իմ առաջին դիմումը մեջբերում եմ ամբողջությամբ.
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար պարոն Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ
«Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի նախկին տնօրեն
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆԻՑ
Դիմում
Ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները հողատարման երևույթները կանխելու մեր մշակած տեխնոլոգիան, մեքենան պիլոտային որևէ ծրագրով նախարարության աջակցությամբ ներդնելու մասին:
Հարգելի պարոն նախարար
Նշված տեխնոլոգիան և մեքենան դրական արդյունքով փորձարկվել են Լոռվա արոտներում: Խնդրում եմ Ձեր հանձնարարականը առդիր տեղեկատվության համաձայն քննարկել խնդիրը և տալ լուծում:
Հարգանքներով` Ս. Խոյեցյան 11.04. 2019.
Առդիր. տեղեկանք իրավիճակի մասին, «Իրատես» պարբերականում տպագրված հոդված-բացատրագրերը` թիվ 25, 2019, թիվ 51 2018, թիվ 72, 2017:
07. 05. 2019 թ., համ. 02/11.12/3869-19 գրությամբ, նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի ստորագրությամբ (կատարող` փոխգնդապետ Անահիտ Դավթյան, հեռ. 012-31-78-35) ստացա դիմումի պատասխանը: «Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն ուսումնասիրել են ջրհեղեղների, հրդեհների, սողանքների, հողատարման երևույթների կանխման նպատակով մշակված տեխնոլոգիան, որի կիրառման համար առաջարկվում է անցկացնել փորձագիտական ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հնարավոր կլինի տեխնոլոգիայի կիրառման արդյունավետության վերաբերյալ ստանալ եզրակացություն»:
Շնորհակալ եմ նախարարության մասնագետներին առաջարկությունը ուսումնասիրելու և առաջընթացի քայլերը ձևակերպելու համար: Բայց ո՞վ պետք է ֆինանսավորի առաջարկվող «փորձագիտական ուսումնասիրությունները»: Այս հարցում պարզություն չեն մտցնում նաև հեռախոսային քննարկումները: Բարեբախտաբար, նախարարության լրատվական բաժնի ղեկավար տիկին Խանվելյանը, կարևորելով հարցը, հնարավորություն ստեղծեց, որ ես խնդիրը ներկայացնեմ նախարարին. այն կայացավ անցած տարվա հունիսի 28-ին: Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում պարոն Ցոլակյանին ոչ միայն ընդունելության անմիջականության, այլև, որն ինձ համար ավելի կարևոր էր, հարցերի էության մեջ խորանալու և իմ սպասելիքներից ավելի ընդգրկուն որոշում կայացնելու, այն է` առաջարկության քննարկումներին մասնակից դարձնել նաև շահագրգիռ մյուս նախարարներին: Չէ՞ որ առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան լուծելու էին նաև երաշտի կասեցման, հանրապետությունից արտերկիր` Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան «փախչող» ոռոգման ջրի մեր պահանջարկից քառապատիկ ավելի ջրաքանակը հանրապետությունում պահելու, Սևանից ջրառը բացառելու, արոտների և խոտհարքների բերքատվությունը բազմապատկելու, խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրները, որոնց կեսից ավելին չի գործում, վերաբացելու խնդիրները: Իմ մեջ հույս ծագեց որ կառավարման բարձր ռեյտինգ ունեցող նախարարը կկարողանա միավորել մյուսների ջանքերը, և խնդրին կտրվի արմատական լուծում: Փոխնախարար պարոն Հարությունյանի հետ հանդիպումը նույնպես արդյունավետ էր. ինձ խնդրեցին կազմել նախարարություններին ուղարկվելիք առաջարկության սեղմագիրը, որը ես անձամբ հանձնեցի տեղեկատվական բաժնի ղեկավարին: Վերջինս իմ ներկայությամբ բազմացրեց դրանք և, իր ասելով, տարավ քարտուղարություն` նախարարություններ ուղարկելու համար: ՈՒ այդ օրվանից առայսօր ես մղձավանջի մեջ եմ` սեղմագրերը անհայտացան. չկա՛ն, և վերջ: Ես հասկանում եմ, որ հնարավոր են նման բացառիկ դեպքեր: Բայց անհասկանալի է, երբ փորձում ես գնալ հետքերով ու հանդիպում դիմադրության: Քարտուղարությունում հրաժարվում են ինձ տեղեկություն տրամադրել ԱԻՆ-ից այլ նախարարություններ ուղակված նամակների մասին. դա գաղտնիք է: Նախարարության տեղեկատվական բաժնից տիկին Խանվելյանը և էլի մի ղեկավար` պարոն Զարգարյանը, հայտարարում են, որ ոչնչով չեն կարող օգնել, իրենք իրենց գործն արել են: Ես համառում եմ, ասում, որ սկանդալ կսարքեմ, կգիշերեմ այդ բաժնում, մինչև հասու լինեմ ճշմարտությանը: Կոնֆլիկտին միջամտում է նախարարի խորհրդականը, հավաստիացնում, որ մեկ օրվա ընթացքում խնդիրը կհարթվի: Հաջորդ օրը պարզվում է, որ իմ համառոտագրերը իրոք կորել են, չեն ուղարկվել:
12. 08. 2019-ին ստանում եմ նախարարին անձամբ տված առաջարկությունների իմ փաթեթի պատասխանը, ստորագրված գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի կողմից: Այն մեջբերում եմ ամբողջույամբ.
«Հարգելի պարոն ԽՈՅԵՑՅԱՆ
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Լևոն Ազիզյանը մասնակցել է Ձեր կողմից ներկայացված գիտատեխնիկական նորույթի ներդրման հարցի հետ կապված գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանի մոտ 2018 թվականի հունվարի 15-ին և ՀՀ հանրային խորհրդի բնապահպանության հարցերի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 8-ի նիստում կայացած քննարկումներին: Ելնելով Ձեր կողմից քննարկումների ընթացքում ներկայացված փաստերից և պարզաբանումներից` ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը գտնում է, որ գիտատեխնիկական նորույթի ներդրումը նպատակահարմար է, քանի որ այն կբերի գարնանային ձնհալքի ժամանակ ձևավորվող հալոցքային ջրերի կուտակմանը հողաշերտում, դրանով իսկ նպաստելով հողում խոնավության պաշարների ավելացմանը, միաժամամակ հեղեղավտանգ գոտիներում հեղեղումների ռիսկի նվազեցմանը: Միաժամանակ ներկայացված գիտատեխնիկական նորույթի ամբողջական ներդրումը նպատակահարմար կլինի այն դեպքում, երբ հանրապետության տարբեր բնակլիմայական պայմաններ ունեցող մի քանի համայնքներում իրականացվեն պիլոտային փորձարկումներ և լինեն փաստացի արդյունքներ: Կատարող` ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոն, Էդգար Միսակյան, հեռ. 012-317-976»:
Հիանալի պատասխան է` շնորհակալ եմ թե պարոն Վահագն Օհանյանին, թե Լևոն Ազիզյանին և թե Էդգար Միսակյանին: Բայց դարձյալ նույն հարցը` ո՞վ պետք է ֆինանսավորի պիլոտային փորձարկումները: Պատասխան չկա:
Զուգահեռաբար պարզվում է, որ մի քանի նախարարություններ իմ համառոտագիրը ուղարկելու փոխարեն (այն կորել է, չկա), որտեղ իմ պատկերացմամբ, իմ մասնակցությամբ պիտի կազմակերպվեին պրոֆիլային քննարկումներ, առաջարկությունների նախնական փաթեթը ուղարկում են միայն էկոնոմիկայի նախարարին, ու վերջինիս պատասխանի կրկնօրինակն էլ փոխանցում ինձ` «Առաջարկությունները նպատակային չեն, 2 մլն դրամ չունենք, ով էլ ունի չի տալիս. մենք ի՞նչ անենք»։ (Այսպիսին է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի` արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին ուղարկված, համ. 09.7/10/11417-2019 նամակի համառոտագրումը, որի պատասխանատու կատարողը նույն նախարարության Գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Ամատունի Արշակյանն է` հեռ 011-523793): Ստացվում է, որ ԱՒՆ-ը` խնդրի մասնագետը, այն կարծիքին է, որ առաջարկությունը անհրաժեշտ է, էկոնոմիկայի նախարարությունը, առանց որևէ խելամիտ բացատրության, կրկնում է իր հին երգը` նպատակային չեն: Երևի երկրում քանդելու դեռ էլի ինչ-որ բան է մնացել, ու նախարարության նպատակն էլ հենց դա է: (Այդ նախարարությանը վերաբերող հոդվածի հետագա շարադրանքում, կտեսնեք, որ իմ այդ վարկածը իրատեսական է):
20. 11. 2019 թ. գրությամբ ԱԻՆ-ից ստանում եմ այդ կառույցում իմ 7 ամսվա դեգերումների ամփոփիչ պատասխանը.
«Հարգելի պարոն ԽՈԶԵՑՅԱՆ
Ձեզ եմ ուղարկում ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները կանխելու տեխնոլոգիայի և մեքենայի ներդրման առաջարկության վերաբերյալ էկոնոմիկայի նախարարությունից ստացված գրությունը: Առդիր` 2 թերթ: Հարգանքներով` գլխավոր քարտուղարի տեղակալ ` Արմենուհի Գրիգորյան, կատարող` Աստղիկ Բուդաղյան, հեռ.012-317-755»:
Եվ վե՞րջ… Բայց նախարարին ուղարկված իմ խնդրանքը` աջակցել պիլոտային որևէ ծրագրով այն ներդնելու, մնում է անպատասխան. ոչ` այո, ոչ` ոչ: ՈՒ արժեզրկվում է նույն ԱԻՆ-ի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանի ինձ ուղարկված, վերը նշված պատասխանը` նորույթի կարևորության մասին: Դրա փոխարեն ԱԻՆ-ը ստանձնում Է փոստային փոխադրողի ֆունկցիա. իրենց հասցեագրված իմ դիմումը փոխանցում են էկոնոմիկայի նախարարին, նրա պատասխանն էլ ինձ: Հասկանալի է, որ այս իրավիճակը ինձ չի կարող գոհացնել, և ես նորից դիմում եմ տիկին Խանվելյանին, խնդրելով ներառել նախարարի մոտ նոր ընդունելության ցուցակում: Ընդունելությունը չի կայանում. ինչ-որ մեկին դա ձեռնտու չէ: Չեմ կարծում, որ այս իրողություններից նախարարը տեղյակ է: Ինչևէ, 2019-ին էլ խնդիրը չլուծվեց, նախարարի հետ էլ 2-րդ հանդիպումը չկայացավ: ՈՒ ջրհեղեղների, տարածքային հրդեհների, սողանքների, հողատարման երևույթների կասեցման հարցերը ԱԻՆ-ում մնացին առկախ: Այս ամենը, դրամատիկ երանգի հետ, հումորի զգալի դոզա է պարունակում. և ես ուզում եմ այն եզրափակել «Տաքսի, տաքսի…» հայտնի կոմեդիայի, նույնքան հայտնի, երջանկահիշատակ Կարպ Խաչվանքյանի հայտնի խոսքերով. «Հիմա ես ի՞նչ անեմ…ընկեր…»:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հ. Գ. 2015-ին տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը պատկառելի մի գումար է ստանում «Հողերի էռոզիայի ինտեգրացված վերահսկողություն Հարավային Կովկասի լեռնային տարածքներում» ծրագրի իրացման համար: Ես նամակով դիմում եմ նախարարին մեր տեխնոլոգիան և մեքենան իրենց ծրագրում ներառելու մասին: Մերժվում եմ. ծրագրի գերմանացի պատասխանատուն` պարոն Թոմաս Էբերհեռը, պատասխանում է, որ առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան չեն համապատասխանում ծրագրի նպատակներին: Որոշ հարցեր պարզելու համար կապվեցի կատարողի գրասենյակի հետ, ու հայ կատարողից իմացա, որ իրենք բարձր են գնահատում առաջարկվող տեխնոլոգիան և մեքենան, բայց միջամտել չեն կարող. ու այսօր ծրագիրը իրագործվում է ձեռքի գործիքներով, Արագածի լանջերի ծառատունկով: Մինչդեռ առաջարկվող մեքենայով այդ աշխատանքները կարելի էր կատարել 100-ապատիկ բարձր արտադրողականությամբ և ավելի որակով:
Հ. Գ. 2. Բարձր եմ գնահատում ԱԻՆ, հատկապես անվտանգության ոլորտի անմիջական աշխատակիցներին, գլուխ խոնարհում նրանց առջև, նաև ինձ և ընտանիքիս, ծանր իրավիճակից, միանգամայն անշահախնդիր, դուրս բերելու համար ու, այս հոդվածն էլ, հատկապես նախարարի հետ հանդիպելուց հետո, մտադիր էի ամբողջացնել շնորհակալության ջերմ խոսքերով: Առայժմ չի ստացվում: Հուսամ, որ կստացվի, որովհետև ջրհեղեղների, տարածքային հրդեհների, սողանքների, հողատարման երևույթների դեմ արդյունավետ պայքարը մեր գոյապայքարի կարևորագույն ոլորտներից է:
Մեկնաբանություններ