«Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով, անցնող տարին գյուղատնտեսության համար և բարենպաստ էր, և, որոշ նկատառումներով, ծանր: Բարենպաստ էր, քանի որ աճ է արձանագրվել պտղաբուծության մեջ, մասնավորապես` ծիրանի: Հետևաբար, 40 տոկոսով աճել է պղպեղի, սմբուկի արտադրանքը: Կարտոֆիլի ցանքսերն են աճել, ինչը գյուղացու համար շահութաբեր է: Աճ է գրանցվել նաև անասնագլխաքանակի մասով: Տարին գյուղատնտեսության համար ծանր էր նրանով, որ, թեև Արարատյան հարթավայրում աճել են հացազգիների և անասնակերի ցանքատարածությունները, բայց, դրա փոխարեն կրճատվել են բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունները, որի պատճառը մորմազգիների վարակն է:
Անցնող գյուղատնտեսական տարին ուղեկցվեց կարկտահարություններով, ինչը լուրջ վնաս հասցրեց բանջարաբուծությանը. «Օրինակ, Արմավիրի մարզում գրանցվեցին խոշոր կարկտահարության դեպքեր: Ծանր էր տարին նաև բանջարաբուծության, հատկապես` լոլիկի, պղպեղի համար»,-ասաց նա:
Բանախոսի տեղեկացմամբ, ՀԿ-ն ուտիճների դեմ պայքարի մոտ 350 մլն դրամ արժեցող ծրագիր է ներկակացրել կառավարությանը` առաջարկելով գարնանը պետբյուջեից որոշակի գումար հատկացնել` քիմիական միջոցներ և սարքավորումեր ձեռք բերելու նպատակով: Մինչդեռ կառավարությունն այն կրճատել է` հասցնելով 20 մլն-ի, ինչի հետ, բնականաբար, ագրարագյուղացիական միավորումը չի համաձայնել: «Կառավարությունը միշտ զգալի գումար է տրամադրում վարակների կանխարգելման համար: Խնդիրը նաև նրանում է, թե ինչպես են դա օգտագործում: Պետք է այն օգտագործեն նպատակային: Եթե մի վայրում ժամանակին չեզոքացնեն, ապա չի տարածվի»,-ասաց նա:
Հ. Բերբերյանը նշեց, որ ՀՀ ագրարագյուղացիական միավորումն իր առջև նպատակ է դրել մշակելու «Գյուղմթերք արտադրողի մասին» օրենքի նախագիծը, որը ԱԺ կներկայացվի եկող տարի: Վերջինս հույս ունի, որ նոր օրենքը զգալիորեն կբարելավի Հայաստանի գյուղատնտեսության վիճակը: Նրա խոսքով, անչափ կարևոր է ապաքաղաքականացնել նաև գյուղատնտեսության կառավարման ոլորտը, ինչպես նաև` աշխատատեղերում ընդգրկել հմուտ, բանիմաց, ոլորտին տիրապետող մասնագետների:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ