Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Բերեք, բերեք Սնուփին, որ փրկեա զմեզ ի չարէ…

Բերեք, բերեք Սնուփին, որ փրկեա զմեզ ի չարէ…
19.09.2023 | 09:09

Բա չիմացաք. պարզվում է՝ Սնուփ Դոգը մեր փրկիչն է, մեր հույսն ու ապավենն է, մեր հուսո փարոսն է, մեր լինելիության ու ապագայի երաշխիքն ու գրավականն է:

Ըստ մեր անկեղծ ու շիտակ վարչապետի՝ «Սնուփ Դոգին բերում ենք Հայաստան, որ որևէ մեկը չմտածի ու չասի, թե Հայաստան չկա, Հայաստանը կոտրվել է, ծնկի է եկել»։

Ակու՜նք իմաստության…

Էվրիկա՜…

Բա մի ոտ շուտ բերեիք:

Նրա սարսափից թշնամին ու՞մ շունն էր:

Պատերազմ էլ չէր լինի, Արցախը մերը կմնար, Հայաստանն էլ պաշտպանված կիներ:

Ո՞նց չէինք ֆայմում:

Չնայած լավ է ուշ, քան երբեք:

Վե՛րջ, որոշված է:

Սնուփի ոտքը հենց մտավ Հայաստան, այլևս որևէ մեկը չի չմտածի ու չի ասի, թե Հայաստան չկա, Հայաստանը կոտրվել է, առավել ևս ծնկի է եկել:

Ղալլաթ կանեն, թե կասեն:

Փառքդ շա՜տ, տե՛ր Աստված, վերջապես մի դուռ բացեցիր մեզ համար:

Պարզվում է՝ Սնուփ Դոգը գեոպոլիտիկ, ռազմաքաղաքական ու ազգային անվտանգության հարցեր լուծող է՝ վրան խաբար չկա:

Փաստորեն Սնուփ Դոգին բերելը՝ Հայաստանը փրկելու տրամաբանության մեջ է։

Այնպես որ՝ 6 միլիոնը Հայաստանի լինել-չլինելու, «Հայաստան» անվանման, ու Հայաստանը ոտքի կանգնեցնելու գինն է:

Անշու՛շտ պետք է տալ այդ գումարն ու նրան օր առաջ բերել Հայաստան՝ մեզ ու մեր երկիրը տեղնուտեղը փրկելու, մեր թշնամիների ու չուզողների պորտն էլ տեղը դնելու համար:

Հենց դա արեցինք, նույն տրամաբանությամբ, ավելի լուրջ կալիբրի մեկ այլ ռեփերի էլ կբերենք, որ Արևմտյան Հայաստանն ու Կիլիկիան հետ բերի:

Օրինակ՝ Էմինեմին հանկարծ բերենք ծովից ծով Հայաստանը ջեբներս է:

Այնպես որ, ի գո՜րծ:

Փողը տվե՛ք, շուտ բերեք:

Մանավանդ, քանի դեռ Ադրբեջանը գլխի չի ընկել ու իրենք չեն տարել:

Թե չէ ասում եք՝ այդ գումարն ուղղենք բանակին՝ նոր բնագծերն ու մարտական հենակետերը կահավորելու, սպառազինություն ձեռք բերելու համար:

Բա մեզ պե՞տք է…

Սնուփ Դոգի պես մարդ կա թիկունքներիս,

վաղը, մյուս օրն Էմինեմն էլ կգա:

Ի դեպ.

բացի անվտանգային հարցերից, Սնուփը համ էլ Հայաստանը հայտնի և ճանաչելի կդարձնի աշխարհին ու դեպի Հայաստան տուրիստական բյուր հոսքեր կապահովի:

Համենայն դեպս, մինչ Հայաստան գալը Սնուփ Դոգն իր սոցիալական էջով սեր ու ողջույններ է ուղարկել Հայաստանի ու Արցախի ժողովրդին, բայց դրանից հետո զարմանալիորեն ոչ Լաչինի միջանցքը բացվեց, ոչ ֆուռերը մտան Արցախ, ոչ էլ Արցախի ժողովուրդը կշտացավ այդ սիրուց:

Ողբամ քեզ հայոց աշխարհ ու հայոց կառավարություն, որ Վեստ Քոստի սևական թմրամոլ ռեփերը պետք է գա ու փրկի Հայաստանը, այն ճանաչելի դարձնի աշխարհին, առավել ևս այստեղ գտնվելով՝ աշխարհին հասկացնի, որ Հայաստանը դեռ կա, Հայաստանը չի կոտրվել ու ծնկի չի եկել:

Լինես այսքան նսեմ ու ստորացված, երկիրն էլ նվաստացած, որ անկեղծանաս, թե նման մարդ ես բերում ի հեճուկս թշնամիների և ի ճանաչումն աշխարհի…

Ձեռք եք առնու՞մ սեփական ժողովրդին:

Սա ի՛նչ էժանագին շոու է, սա ի՛նչ խայտառակություն է, աբսուրդ ու անհեթեթություն:

Այդքան սահմանափա՞կ է մտածողությունդ, տրամաբանությունդ ու հեռատեսությունդ:

Թե՞ իրոք գիտակցելով ու հաշվարկված ես այս ամենն անում:

Սնուփը մեծ հաշվով թքած ունի ամեն ինչի վրա:

Նա զուտ իր հաճույքի ու կլորիկ գումարի համար է գալիս:

Դուք եք, որ երանգներ եք տալիս, ֆետիշացնում եք ու սարքում կուռք:

Ավելին՝ վերջինս շոու բիզնեսում է 1992 թվականից և նրա կարողությունը կազմում է 150 միլիոն դոլար։

Փաստորեն նա 31 տարի չարչարվել է և վաստակել տարեկան միջինն ընդամենը 5 միլիոն դոլար, իսկ Երևանում մեկ օրում, 2 ժամանոց համերգում վաստակելու է 6 միլիոն դոլար։

Հիրավի հրաշքներ են կատարվում Հայաստանում, հիրավի Սնուփ Դոգի համար Հայաստանը դրախտ է ու «страна чудес»:

Պարո՛ն վարչապետ, Հայաստանն այդկերպ չէ, որ ճանաչելի ու ներկայանալի պետք է դառնա աշխարհին, փրկվի ու չանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից, առավել ևս՝ ոտքի կանգնի ծնկած վիճակից:

Հայաստանն իր ուրույն տեղն ունի ու չի վերանա:

Անգամ եթե դա թե՛ արտաքին և թե՛ ներքին թշնամին շատ ուզենա:

ՈՒ ո՛չ էլ երգիչ-երգչուհի բերելով է, որ պետք է Հայաստանը հարատևի:

Հայաստանն աշխարհին հայտնի է ու էլ ավելի հայտնի կդառնա իր ստեղծած անթիվ ու անհամար արժեքներով, իր պատմությամբ, գիտությամբ, գրականությամբ, երաժշտությամբ, ազգային ավանդույթներով, ինչպես նաև սեփական հայրենիքը պաշտպանելու կամքով և վճռականությամբ:

Մնացածը՝ սակավամտություն ու բաժակաճառեր են…

Ադրբեջանը սահմանին զորք ու տեխնիկա է կուտակում, պատերազմի է պատրաստվում, իսկ մենք համապետական ու համազգային այս աղետի ֆոնին Սնուփ Դոգի համերգին ենք պատրաստվում, երկիրը տոնահանդեսի վերածում:

Խելքի աշեցե՛ք:

Մնում է ասել՝

Ամեն ժողովուրդ արժանի է իր ընտրած իշխանությանը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Մեկնաբանություններ