«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
20.03.2020 | 02:54
ՄԵՆՔ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆՔ
(Ասորեստանը խորտակվեց ոռոգման ջրի, երաշտի պատճառով. ի՞նչ է սպասում մեզ)
Հարգելի ընթերցող, նախորդ հոդվածը ավարտեցինք այն հույսով, որ օգտագործելով մեր երկրի ներքին ռեսուրսները` 8 մլրդ խմ ոռոգման ջուրը, անմշակ հողատարածքները, արտագնա աշխատանքի մեկնող մեր մարդկային ներուժը, հայրենական գիտատեխնիկական առկա նորույթները, կկարողանանք ավելացնել անասնապահ գյուղացու շահույթը: Խոստացա «Ինչպե՞ս անել»-ը ներկայացնել հաջորդիվ:
Առկա իրավիճակում, որպես առաջին` քիչ ծախսատար քայլ, այդ խնդիրը կարելի է լուծել կաթի ու մսի ինքնարժեքի հիմնական բաղադրիչներից մեկի` անասնակերի գինը իջեցնելով` վերը նշված ներքին ռեսուրսները համատեղ օգտագործելով: Տեսեք. գյուղնախարարության պաշտոնական տվյալներով, մեր արոտների, խոտհարքների բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, գյուղամերձ արոտները գրեթե ամբողջությամբ վերածվել են անապատի, ու այդ գործընթացը ավելի է արագանում կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված ոռոգման ջրի պակասի, երաշտի հաճախականության մեծացման, խոտի աճեցման տեխնոլոգիայի տարրական կանոնները չպահպանելու պատճառներով: Մինչդեռ Լոռվա արոտներում մեր կատարած փորձերը ցույց տվեցին որ երկու խնդիրներն էլ լուծելի են. ոռոգման ջուրը պահանջարկից ավելի է, մնում է այն ճիշտ օգտագործել, մեր ստեղծած տեխնոլոգիան և մեքենան մի անցումով իրագործում է խոտի աճեցման բոլոր պահանջները` չվնասելով խոտածածկույթը, փխրեցնում բույսի արմատային հողազանգվածը, այն պարարտացնում, կատարում անհրաժեշտ խոտասերմերի ենթացանքս, ստեղծում պայմաններ, որ բնության տված անձրևաձնհալ ջուրը ինքնաբերաբար լիցքավորի փխրեցված հողաշերտը, արմատային համակարգում ստեղծելով խոնավության պաշար: ՈՒ բերքի բազմապատիկ աճը, անհամեմատ փոքր ծախսերի դեպքում, իրողություն է: Այսինքն, կունենանք խոտի գնի էական անկում, և հետևաբար, էական շահույթ` կաթի ու մսի իրացումից: (Փորձեք չփխրեցնել ծաղկամանի հողազանգվածը և դուք շուտով ծաղիկ չեք ունենա: Խնդիրն այն է, որ բույսի նորմալ աճի համար արմատային հողազանգվածում հողի պինդ մասնիկների և օդաջրային ծակոտիների (որոնցով սնունդը մոտենում է ամատներին), հարաբերակցությունը պետք է պահպանվի 50/50 չափաբաժնով: Սակայն, տարիների ընթացքում, բնաարտադրական գործոնների` անձրևի, ձյան, հողի շերտի, արածող կենդանու, տեխնիկայի կշիռ, խոնավության գոլորշացում և այլն, այս հարաբերակցությունը փոխվում է, հողը «նստում» է, ծակոտիները վերանում են, ու խոտը սնունդ չի ստանում, չի աճում: Նշենք, որ միայն տավարի կշռից, հողի 1 քսմ-ի վրա մոտավորապես 10 կգ ուժ է ազդում: Իրավիճակը ավելի է վատանում ոչխարներ արածեցնելիս: Մինչդեռ արոտներում և խոտհարքներում մակերևութային փխրեցում չի կարելի` կոչնչանա խոտածածկույթը: ՈՒ խնդրի լուծման միակ տարբերակը խոտի արմատային հողազանգվածը փխրեցնելն է, ինչը հաջողությամբ կատարում է մեր կողմից առաջարկվող մեքենան:
Հասկանալի է , որ առանց ոռոգման ջրի բավարար քանակի խոտի աճեցման վերը նշված գործողությունները քիչ արդյունավետ կլինեն: Իսկ ոռոգման ջուր կա` պահանջարկից 4 անգամ ավելի` մոտավորապես 8 մլրդ խմ: Դրանից մոտավորապես 1,5 մլրդ խմ-ն մենք կարողանում ենք կուտակել ջրամբարներում, մնացածը անարգել «փախչում է» Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան հեղեղումներով ավերելով շրջապատը, իր հետ տանելով մեր հողերի կենարար սնունդը` հումուսը. արդյունքում, մասնագետների փաստարկմամբ, բերրիության անկումը կազմում է մինչև 50 տոկոս, և այդ բացը այսօր լրացնում ենք արտերկրից հազարավոր տոննաներով, երբեմն էլ կասկածելի որակով, քիմիական պարարտանյութեր ներկրելով, գյուղմթերքի ինքնարժեքը արհեստականորն բարձրացնելով, գյուղացու շահույթը պակասեցնելով, երբեմն էլ զրոյացնելով: Մեր երկրում խրոնիկական լուրջ հիվանդության է վերածվել ամեն տարի, ոռոգման ջրի պակասի պատճառով, Սևանը դատարկելը:
Ստացվում է, որ «փախչող» ջրաքանակը հանրապետությունում «պահելը» վերաճում է գերխնդրի` կլուծվեն ոռոգման ջրի, հողի բերրիության վերականգնման, Սևանից ջրառի կասեցման հարցերը: Այս խնդիրները դիտարկելիս, սովորաբար առաջնայնությունը տրվում է ջրամբարներ կառուցելուն: Բայց, արդեն քանի տասնամյակ է, ոռոգման ջրի խնդիրը կա, ջուր էլ կա, իսկ ջրամբարներ չեն կառոուցվում, կիսակառույցներն էլ ավարտին չեն հասցվում: Ինչու՞…Լուրջ կասկածներ կան, որ այդ ճանապարհով շարժվելը այսօր արդեն վիճարկելի է` փորձեմ բացել փակագծերը խնդրի լուծման մեր առաջարկության և ջրամբարների կառուցման համեմատական գնահատականներով։
1. Սեյսմիկ անվտանգություն. հիշենք մեր օրերում աշխարհում փլուզված ջրամբարտակների հետևանքները, Եղվարդի գրեթե արդեն պատրաստ, միլիոնավոր դոլարների ծախս արած ջրամբարտակի շինարարության կասեցումը, երբ մերոնք հանկարծ քնից արթնացան ու մղձավանջային երազի ազդեցության տակ սկսեցին ներկայացնել դրա փլուզման հնարավոր հետևանքները և այլն:
Մեր առաջարկության դեպքում` վտանգ չկա, որովհետև չկա ջրամբարը` բնակավայրերի գլխին թառած «ատոմային ռումբը»: Ավելին, հանրապետության տարածքում «արտադրված» արտերկիր «փախչող» ջրաքանակը հնարավորինս հավասարաչափ «պահ» տալով բույսի փխրեցված, պարարտացված արմատային հողաշերտում, այն խոնավ պահելով, մենք բարելավում ենք բույսի աճի պայմանները. նրա արմատային համակարգը հզորանում է, սեպվում, փաթաթվում մայր հողին` կասեցվում են սողանքները, գյուղամերձ տարածքների հողաշերտերի շարժը, ավելի մեծացնում գյուղական շինությունների սեյսմակայունությունը: Հզորանում է նաև բույսի վերգետնյա մասը. բերքն առատ է, հողում առկա խոնավության հաշվին բույսը մշտադալար է, հետևաբար բացառվում են պատահական կայծերից բռնկվող հրդեհները. հիշենք Խոսրովի անտառի և հարակից տարածքների միլիոնավոր դոլարների վնաս հասցնող և ամեն տարի հանրապետության այլ տարածքներում կրկնվող հրդեհների դեպքերը:
2. Ջրակուտակման ռիսկեր. կլիմայի փոփոխությամբ պայմանավորված` արդեն քանի տարի մեր ջրամբարները կիսադատարկ են, իսկ դա նշանակում է նաև, որ միլիոնավոր դոլարների արժողությամբ բետոնի, արմատուրայի և այլն, մի զգալի մասը չի «աշխատելու», ավելին, պահանջելու է կայունության ապահովման նշանակալի` չփոխհատուցվող ծախսեր:
Մեր առաջարկության դեպքում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջրակուտակման ռիսկ չկա. հողը կներառի այնքան ջուր, որքան այդ պահին կտա մայր բնությունը: Փխրեցված հողաշերտի ջրակլանման ունակության հետ համեմատած մի քանի անգամ ավելի շատ ներառված հավելյալ ջրաքանակը ավտոմատ, ձգողականության օրենքի համաձայն, հողի ենթաշերտերով կհոսի ներքև, վերաբացելով խմելու ջրի լեռնային աղբյուրները, որոնց շրջակայքում դարեր առաջ տնավորվել են մեր նախնիները, իսկ այսօր լքում են այդ տարածքները, որովհետև փակվել են աղբյուրներ, սրվել են ոչ միայն ոռոգման, այլև խմելու ջրի խնդիրները (ջրպետկոմի պաշտոնական հավաստմամբ, համայնքների կեսից ավելին` կես միլիոն մարդ, ունի այդ խնդիրը):
3. Արդյունավետություն. ջրի կորուստը ջրամբարներում միայն գոլորշացումից, ֆիլտրացիայից հասնում է մինչև 50 տոկոսի, և դրա դեմ պայքարի միջոց չկա: Այն է` չես կարող ջրի մակերևույթը մեկուսացնել արևի և քամու ազդեցությունից։
Մեր առաջարկության դեպքում կորուստը գրեթե զրո է, որովհետև կլանված ջուրը ծածկված լինելով հողաշերտով, գործնականում չի գոլորշանում, չի ենթարկվում արևի և քամու ազդեցությանը: Ինչ վերաբերում է ֆիլտրացիայի մեծ չափին, ապա այն նպատակային է` անձրևաձնհալ ջուրը որքան հնարավոր է լայնորեն տարածել գյուղօգտագործման հողաշերտերում, դրանով նպաստելով նաև խմելու ջրի ստորգետնյա աղբյուրների վերաբացմանը:
4. Անհնարինություն. արոտներն ու խոտհարքները հատկապես երաշտ տարիներին ջրամբարի ջրով ոռոգելու, որով հետևից` ջրամբարից, ջուրը գործնականում չես կարող բարձրացնել վերև, սարերը, հասցնել արոտներին:
Մեր առաջարկության դեպքում արոտների և խոտհարքների բուսական աշխարհը, արմատային փխրեցված հողաշերտում ներծծված ջրի շնորհիվ, զերծ կմնա երաշտից, որովհետև անձրևաձնհալ ջրի միակ կաթիլն էլ կմնա արոտում և խոտհարքում, ու երաշտն էլ այդքան աղետալի հետևանքներ չի ունենա:
5. Երկարատևություն. միջին մեծությամբ մի ջրամբարի կառուցումը սովորաբար տևում է 6-7 տարի, որտեղի՞ց պետք է այդ տարիներին ջուր վերցնի գյուղացին, որքա՞ն ջուր կկորցնի Սևանը, և ինչի՞ կվերածվի այն:
Մեր առաջարկության դեպքում 2-3 տարին մեկ անգամ արոտն ու խոտհարքը պետք է մշակել առաջարկված տեխնոլոգիայով, և գյուղացին կունենա սպասված արդյունքը:
6. Ծախսատարություն. 8 մլրդ խմ ջուրը ամբարելու համար անհրաժեշտ է 15 մլրդ դոլար:
Մեր առաջարկության դեպքում` հանրապետության մոտավորապես 1,2 մլն հա արոտներն ու խոտհարքները նշված տեխնոլոգիայով մշակելու համար անհրաժեշտ կլինի ունենալ 300 հատ մեքենա, որոնք կհավաքվեն մեր արհեստանոցներում` Ռուսաստանից ներկրված հանգույցներով: Խնդիրը կարելի է լուծել նաև հանրապետությունում առկա շարքացանները ձևափոխելով: Ռուսաստանից ներկրված հանգույցներով հավաքած մի մեքենան կարժենա մոտավորապես 15 000 դոլար: Արված ծախսերի փոխհատուցման մոտավոր ժամկետը վեգետացիայի մի շրջանն է: Մի նկատառում` տեխնոլոգիան խորհուրդ չի տրվում կիրառել կավային հողերում:
Հարգելի ընթերցող, ես փորձեցի ցույց տալ, որ տեղական ռեսուրսները` ոռոգման ջուր, արոտներ, խոտհարքներ, հայրենական գիտատեխնիկական մշակումներ, ճիշտ օգտագործելով այսօր արդեն կարող ենք էականորեն նվազեցնել երաշտի վտանգը, ստանալ մի քանի անգամ շատ, համեմատաբար էժան անասնակեր և լուծել կաթի ու մսի շուկայական մրցունակության, լավ փող աշխատելու, ու նաև դրանով ոլորտն ու բնօրրանը չլքելու խնդիրները: Մոտավոր հաշվարկներով, առաջարկվող տեխնոլոգիայի և մեքենայի կիրառմամբ հնարավոր կլինի խոտի գինը իջեցնել 50 տոկոսի չափով` ակնկալելով կաթի ու մսի ինքնարժեքի համարժեք անկում, շահույթի ավելացում։ Կառավարություն ուղարկված մեր հաշվարկների համաձայն, այս տեխնոլոգիայի կիրառումից սպասվող օգուտը` ծախսերը հանած, միայն խոտի բերքի աճից մի հեկտարի հաշվով կազմում է 44657 դրամ: Հասկանալի է, որ այդ օգուտն ավելին է, քանի որ առաջարկվող տեխնոլոգիայով, մեքենայով լուծվում են նաև ջրհեղեղների, տարածքային հրդեհների, սողանքների, հողատարման կասեցման, խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրների վերաբացման, խնդիրները:
Մեքենան աշխատում է ՄՏԶ-80/82 տրակտորի հետ, արտադրողականությունը 1,5 հա/ժամ է, տարեկան բեռնվածությունը` 1800 հա: Մեր կարծիքով, մեքենայի սեփականատերը պետք է լինի համայնքը, որն էլ պետք է կազմակերպի իր արոտների, խոտհարքների խնամքը, խոտի հավաքը և դրա բաշխումը համագյուղացիներին:
Այսպիսով, վերը նշված համեմատականները ցույց են տալիս, որ արդեն այսօր, անհամեմատ չնչին ծախսերով, մեր առաջարկած տեխնոլոգիան և մեքենան ներդնելով, 8 մլրդ խմ ջուրը կարելի է ծառայեցնել հանրապետության շահերին` էապես լուծել ոռոգման ջրի խնդիրները, կասեցնել երաշտը, Սևանից ջրառը, ինչպես նաև ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները, վերաբացել խմելու ջրի լեռնային աղբյուրները:
Այդ ջրաքանակը մեզ մոտ պահելով, հարևանների խնդրանքով դրա մի մասը իրենց թողնելով, մենք կլուծենք նաև տարածաշրջանային մեր խնդիրներից մի քանիսը:
Հարգելի վարչապետ, պարոն Փաշինյան, հարգելի պարոն նախարարներ Ցոլակյան, Խաչատրյան, Գրիգորյան, Պապիկյան, Մնացականյան, տե՛ր կանգնեք այս տեխնոլոգիային և մեքենային: Հիշենք Ասորեստանի ճակատագիրը:
Հարգելի ընթերցող, վերը նշված նորույթի ներդրումը առաջին քայլն է անասնապահ գյուղացու շահույթը ավելացնելու, նրան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի «ընտանեկան նպաստի» ամոթալի ցուցակից դուրս հանելու գործընթացում:
Հաջորդ, է՛լ ավելի լուրջ քայլը ոլորտում առկա մյուս ներքին ռեսուրսները գործարկելն է, ինչն անասնապահի եկամուտը կբազմապատկի, երկրում կստեղծի որակյալ, էժան, ինքնաբավ կաթի ու մսի, կաթնամսամթերքի արտադրություն, կխթանի զբոսաշրջությունը, որակյալ մասնագետների պահանջարկը, ներգաղթը:
Հանրաճանաչ են բնության, պատմամշակութային մեր արժեքները. միայն Արարատն ու Տաթևը զբոսաշրջիկի համար մի ամբողջ հայտնություն են: Բայց խոստովանենք, որ տեսածի հրապույրը զբոսաշրջիկի մոտ ավելի երկարատև է, ցնցող, երբ դա զուգակցվում է, ինչպես ընդունված է ասել, «օրգանական գյուղատնտեսության» սննդամթերքի անկրկնելի համ ու հոտով, առավել ևս, երբ գնի առումով այն մատչելի է, առավել ևս, երբ այն «եփվում» է Համազասպյանի էկզոտիկ, արևային մարտկոցներով: Հավատացնում եմ, որ այս ամենը մեկ անգամ վայելողը իր հուշապատումով Հայաստան կբերի զբոսաշրջիկների մի ամբողջ բանակ, Վրաստանի ծովը վայելելուց հետո ռուս զբոսաշրջիկը իր պարտքը կհամարի իր մեքենայով հատել նաև մեր երկրի սահմանը, լողալ Սևանում, նաև երբ ջրի ջերմաստիճանը «այն» չէ, բայց ափին Համազասպյանի գրեթե կլոր տարին գործող «Արևային տաքացմամբ փոքրիկ ջրավազաններն են»` աշխարհի մորժերի երազանքը: Իմ մտերիմների փորձով գիտեմ, հետդարձը ուրախ մտորումների ճանապարհ է. չէ որ լավ հիշողությունների հետ մեքենան լի է հարավի արևի բերք ու բարիքի տեսականիով: Ես դիտավորյալ ընդգծում եմ այս ամենը, որովհետև, ինչպես գիտենք, հյուսիսային ճանապարհով, սեզոնին վրացիները էլ ավելի են խստացնում բեռնատարների շարժը դեպի Ռուսաստան, ամբողջ ճանապարհահատվածը, այդ թվում նաև հակառակ ընթացքով, տրամադրելով ավտոտուրիստներին: Հենց սրանք էլ մեր բերքն ու բարիքը իրենց ավտոմեքենաներով կարտահանեն Ռուսաստան, ինչ-որ չափով թեթևացնելով խնդրի լուծումը:
Մյուս կարևոր խնդիրը անասնապահի աշխատանքը ` բարձր շահույթի հետ, նաև հրապուրիչ դարձնելն է: Անասնապահության մեքենայացումը, ավտոմատացումը ընձեռում են այդ հնարավորությունը, ինչը «բացում» է նաև մեր մասնագետների ներգաղթի ճանապարհը:
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ