«Երկրի ապագան իր ներքին ռեսուրսների հաշվին կառուցելու ունակությունն է ցանկացած պետություն դարձնում ուժեղ, ու Հայաստանը բացառություն չէ»
24.01.2020 | 05:22
Դեռևս նախորդ վարչապետների կառավարման տարիներից մտմտում էի այս վերնագրով հոդված գրել համակարգի ինձ հետաքրքրող տնտեսական բլոկի և վերջինիս անվտանգությունն ապահովող կառույցների մասին: Բայց միշտ ինչ-որ բան հետ էր պահում. չէի կարողանում «մարսել» այն միտքը, որ ուտելով այս երկրի հացը, խմելով նրա ջուրը, լինելով այս երկրի քաղաքացի, համակարգը պիտի բնորոշեմ վերը նշված բառերով: Բայց տարիները, բազում վարչապետների հետ, գալիս ու գնում են, իսկ երկրի տնտեսության զարգացումը` մեր բոլորի բարեկեցության հիմքը, պրակտիկորեն անշարժ է, որոշ ոլորտներ էլ հետընթաց են գրանցում: Դա առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսությանը, մասնավորապես տավարաբուծությանը: ԱՎԾ-2018 վիճտեղեկագրի համաձայն շահույթ չունենալու պատճառով միայն վերջին 5 տարում ոլորտը լքել է 40 000 անասնապահ: 2019 թ. սեպտեմբերի 18-ի ասուլիսում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ նախարարության տնտեսումների հաշվին 500 000 դրամի միանվագ աջակցություն են ցուցաբերելու անասնապահության ոլորտի 1000 ընտանիքի` «օրվա կարիքներին չբավարարող իրենց շատ ցածր եկամուտը ավելացնելու համար»: Նախարարը հավելեց, որ ոլորտից ընտանեկան նպաստում ընդգրկված 29 000 ընտանիք այդ վիճակում են: Ստացվում է, որ քաղաքը կաթնամսամթերքով կերակրելու կոչված գյուղացին այսօր ինքն է քաղաքացուց օրվա ուտելիք խնդրում: Սա երևի մեր երկրի պատմության մեջ առաջին դեպքն է: Եթե փորձենք մի փոքր վեր բարձրանալ ընտանեկան նպաստի շեմից, ապա կունենանք հարյուր հազարների հասնող շահառուներ. մոտավոր հաշվարկներով` միայն տավարաբուծությունում դրանք 680 հազար են, տավարապահ գյուղացիների 85 տոկոսը կամ մեր բնակչության գրեթե մեկ քառորդը: Եվ այս իրավիճակը կարող է խորանալ, որովհետև տեղում արտադրված կաթը բարձր ինքնարժեքի պատճառով դժվար է իրացվում. վերամշակող ձեռնարկությունները գերադասում են արտերկրի կաթը` թեկուզ և փոշու տեսքով:
Հասկանալի է, որ երբ գյուղացին լքում է աշխատանքը, նա փաստորեն լքում է բնակավայրը. և քանի որ տավարաբուծությամբ զբաղվում են առավելապես սահմանամերձ լեռնային և նախալեռնային շրջաններում, լուրջ խնդիրներ են առաջանում երկրի անվտանգության պահպանման հարցերում: Այդ անվտանգությունը ավելի է բարդանում, երբ այն համադրում ենք բնակչությանը ինքնաբավ, էժան, որակյալ կաթնամսամթերքով ապահովելու հրամայականի հետ. որովհետև մեր արտադրածը քանակի և որակի առումով բավականին հեռու է բժշկական նորմատիվներից, իսկ ներմուծման ճանապարհները, մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, միշտ էլ կարող են փակվել:
Ստեղծված պայմաններում, երբ փաստորեն տավարապահ գյուղացին հեռանում է իր բնօրրանից, բնապահպանների հավաստմամբ, ամայանում է նաև շրջակա միջավայրը. գյուղամերձ և հեռագնա արոտների գերակշռող տարածքները արդեն անապատներ են, «Ջրպետկոմի» պաշտոնական հավաստմամբ` խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրների կեսից ավելին չի գործում, գյուղնախարարության տվյալներով` բուսածածկույթի 70 տոկոսից ավելին թունավոր, չուտվող խոտաբույսերն են և այլն: Մենք խաղաղ պայմաններում կորցնում ենք մեր հայրենիքի մի լավագույն մասը` Իսահակյանի ու Շիրազի գովերգած յայլաները: Արժե երևի հիշել, որ համայնավարական տարիներին այդ իրավիճակից լավ էլ օգտվում էին հարևան ադրբեջանցիները` իրենց նախիրները տեղափոխելով մեր կողմից «լքված» տարածքներ:
Այնպես չէ, որ այս խնդիրներն անլուծելի են, ավելին` Իսրայելի հետ համեմատած, որտեղ կաթնատվության մակարդակը 12 000 կգ է, մեզ մոտ` 2200 կգ, ունենք ոլորտի զարգացման հսկայական, չօգտագործվող ներքին ռեսուրսներ` մեկ միլիոն հեկտար արոտների միայն 60 տոկոսն ենք օգտագործում, դրանց բերքատվությունը նորմատիվից ցածր է 2-3 անգամ, հազարավոր հեկտար հողատարածքներ, որոնք կարող էինք օգտագործել արժեքավոր կերային կուլտուրաներ մշակելու համար, տարիներով չեն օգտագործվում, և դա այն դեպքում, երբ ունենք ոռոգման ջրի քառապատիկ ավելցուկ, որը մեր ապաշնորհության պատճառով անարգել փախչում է Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, ամեն տարի մեզ կանգնեցնելով ոռոգման ջրի խնդրի և Սևանը դատարկելու փաստի առաջ:
Պրակտիկորեն գտնվելով տավարաբուծության վարման քարեդարի մակարդակում (բահ, փոցխ, ձեռքի սայլակ և այլն), տնտեսագիտության օրենքներին հակառակ փոշիացնելով ոլորտը (արդեն քառորդ դարից ավելի է, ինչ մեր անասնապահների 85 տոկոսից ավելին ունի միջին հաշվով 3 գլուխ տավար), մենք փաստորեն, օբյեկտիվորեն, բացառել ենք կաթի ու մսի արտադրական գործընթացների մեքենայացումը, որովհետև 3 գլուխ տավարի համար մեքենա չեն գնում` արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա, իսկ առանց մեքենայի անիմաստ է նաև արտադրանքի ծավալների ընդլայնման, ոլորտը շահութաբեր, իսկ աշխատելը հրապուրիչ դարձնելու ու դրանով մեր երիտասարդներին գյուղում պահելու խնդիրների մասին խոսելը: Այսինքն, այսօրվա իրավիճակը ոլորտի կառավարիչները «պլանավորել» են դեռևս 30 տարի առաջ, և նախորդների նման, ծախսելով ահռելի ֆինանսական միջոցներ, ներկաները, ղեկավարվելով «Я начальник, ты дурак» սկզբունքով, շարունակում են (գիտակցաբար թե ոչ, էական չէ) քանդել ոլորտը, անիմաստ, անհեթեթ, բայց թանկարժեք ծրագրերով առաջընթացի իմիտացիա ցուցադրելով: Անբացատրելի, անհասկանալի է (թեպետ լավ էլ հասկանալի, բացատրելի է, բայց այդ մասին հետո), թե ինչու ոլորտի զարգացման կարևորագույն, եթե ոչ հիմնական, ռեսուրսներից հայրենական գիտատեխնիկական ներուժը չի օգտագործվում: Դրա փոխարեն «մեծ պատրաստակամությամբ» արհեստականորեն բարդացնում են պարզ խնդիրների լուծումները, արտերկրի մի ընկերության Երևանյան գրասենյակի միջոցով, մեր հարկատուների` այդ թվում գյուղացու, փողերով նույն գյուղացու վզին են փաթաթում Թուրքիայի և Իսրայելի արտադրանքի տեսականին, որի զգալի մասը կարելի է պատրաստել տեղում: Լավ, ե՞րբ պետք է ճռճռան խոսքերից գործի անցնել` մեր փողերով, որոնց պակասը, վարչապետի հավաստմամբ, չունենք, մեր կադրերով երկրում գիտահենք արտադրություններ, աշխատատեղեր ստեղծել, արհեստական ինտելեկտը, տիեզերքը թողնել հարուստ երկրներին ու հաճախակի հիշել հայտնի երգի խոսքերը`
И снится нам не рокот космодрома
Не эта ледяная синева
А снится нам трава, трава у дома
Зеленая, зеленая трава…
Ցավոք, չնայած առկա հնարավորություններին, ոլորտի զարգացման սպասումները, ինչպես ցույց է տալիս անցած մեկուկես տարին, չեն կարող իրողությունների վերածել նաև մեր նոր կառավարիչները, որովհետև… համակարգը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, օբյեկտիվորեն աշխատում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ գյուղացու, ու առաջին հերթին` տավարապահ գյուղացու: Միլիոնավոր դոլարները ինչպես նախկինում, այնպես էլ այժմ քամուն են տրվում: Մինչդեռ մեր գիտնականների ստեղծած նոր տեխնոլոգիաներն ու մեքենաները ներդնելով, առկա ներքին ռեսուրսներն օգտագործելով, առավելագույնը մեկ տարվա ընթացքում փոխհատուցելով արված ծախսերը, արմատապես կարելի է բարելավել ոլորտը, այն դարձնել շահութաբեր, գյուղացուն պահել իր գյուղում: Ինչպե՞ս դա անել, ովքե՞ր են խանգարողները: Ստորև շարադրվող հոդվածը այդ մասին է: Ես կփորձեմ այն ներկայացնել մեր տեխնոլոգիաների, մեքենաների ամփոփ գնահատականներով (ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ «Իրատես»-ի վերջին 3 տարիների հրապարակումներում) և համակարգի տնտեսական բլոկի գործելաոճի փաստացի և իմ անմիջական մասնակցության իրողությունների նկարագրությամբ: Հասկանալի է, որ ցանկացած ոլորտ սկսվում է նրա անվտանգությունը երաշխավորող կառույցներից: Մեր երկրում դա արտակարգ իրավիճակների նախարարությունն է, որից էլ կսկսեմ խնդրի շարադրանքը: Զուգահեռաբար, ձեզ հետ, հարգելի ընթերցող, կլինենք նաև էկոնոմիկայի, որտեղ ծվարել է նախկին գյուղնախարարությունը, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման, գիտության և կրթության նախարարություններում, Ազգային ժողովում, ջրային տնտեսության, գիտության պետական կոմիտեներում, ՄԱԿ-Ի և Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակներում, Հանրային խորհրդում, այսինքն, բոլոր այն կառույցներում, որոնց դիմել եմ «Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ»-ի առաջարկությունները ներդնելու աջակցության խնդրանքով: Իսկ այդ առաջարկությունները փորձարկված են, ՀՀ հեղինակային իրավունքով ամրագրված, ունեն պաշտոնապես հաստատված շահութաբերության բարձր մակարդակ և բնապահպանական նշանակալի առավելություններ առկա տեխնոլոգիաների նկատմամբ: Այդ առաջարկություններն են. 1. արոտների և խոտհարքների մակերևութային բարելավման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա, մեքենա, 2. գոմաղբի և թռչնաղբի վարակազերծմամբ գրանուլացված օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի արտադրության տեխնոլոգիա և մեքենայական համալիր, 3. կաթնապրանքային բազմաֆունկցիոնալ ֆերմա կամավորության սկզբունքով մասնավորի տավարի, սեփականաշնորհված հողերի, տեխնիկայի կենտրոնացմամբ` տվյալ պայմաններում եկամտի չափով ընդունելի միջին խավի ձևավորմամբ:
Այս ամենի մասին վերջին 3 տարում «Իրատես»-ը հրապարակել է 15 հոդված` բոլորն էլ անարձագանք, կառավարման համակարգ եմ ուղարկել 21 դիմում-առաջարկություն, բայց ներդրման հարցերը այդպես էլ չեն լուծվում, որովհետև երկրի գլխավոր տնտեսագետը` էկոնոմիկայի նախարար պարոն Տիգրան Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար պարոն Ֆելիքս Ցոլակյանին և ինձ ուղարկած պատասխաններում գրում է, որ մեր առաջարկությունները «նպատակային չեն», հետո մի քանի տող ներքև, մոռանալով արդեն գրածը, հավաստում է, որ այդ «ոչ նպատակայինները» համատեղ քննարկվել են պրոֆիլային 5 նախարարությունների համապատասխան պաշտոնատար անձանց հետ,, «հավանության արժանացել», դիմել են գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը, բայց իրենք ի՞նչ կարող են անել, եթե նշված կազմակերպությունները մերժել են 2 մլն դրամի հայտը, որն անհրաժեշտ էր վերը նշված նորույթներից մեկը գյուղացիներին ցուցադրելու համար:
Նշեմ, որ առդիր նամակում, ուղարկել էի այդ առաջարկության տնտեսական արդյունավետության հաշվարկը` տարեկան 100 մլն դոլարի մաքուր շահույթ ունենալու մասին: Համադրեք այդ թվերը` մեկ անգամ ծախսվող 2 մլն դրամ և ամեն տարի շահույթի տեսքով սպասվող 100 մլն դոլարը ու փորձեք հասկանալ երկրի գլխավոր տնտեսագետի տրամաբանությունն ու մասնագիտական ունակության չափը: Անչափ շնորհակալ կլինեմ, հարգելի ընթերցող, եթե ինքներդ փորձեք բացատրել պարոն նախարարին իր անելիքը: Ես փորձեցի դա անել, բայց նախարարը հրաժարվեց հանդիպելուց: Հասկանալի է, որ առկա իրողությունները անհնար է ներկայացնել որպես խնդիրների քննարկման հարթակ կամ 4-րդ իշխանություն, ինչը պարբերաբար բարձրաձայնում է մեր վարչապետը` դրանք չկան, անտեսված են: ՈՒ նորից այդ խնդիրներին, այս անգամ միասնական համատեքստով, ճչացող վերնագրով անդրադառնալը, նպատակ ունի մի վերջին անգամ շեշտելու դրանց տնտեսական կարևորությունը, հրավիրելու հասարակության և հեղափոխական կառավարության ուշադրությունը, անհաջողության դեպքում դիմելու վերահսկող, իրավապահ մարմիններին` «մտածված կամ չմտածված գործողություն», որը երկրին միլիարդավոր դոլարների վնաս է հասցնում, վարկածով: Ի վերջո, անցյալի բացարձակ գողոնը համադրենք շարունակվող անգործության, անճարակության, անվճռականության, դիլետանտության հետ և փորձենք չափել վնասը: Ո՞րն է գերակշռողը: Գուցե՞ առաջնային համարենք նաև ոլորտների զարգացման ռազմավարությունները մշակելը, ներքին ռեսուրսների` այդ թվում նաև հայրենական գիտատեխնիկական նորույթների օգտագործմամբ դրանք մրցունակ, արտադրողական, շահութաբեր դարձնելը: Երկրի գլխավոր տնտեսագետը` էկոնոմիկայի նախարար պարոն Տիգրան Խաչատրյանը, «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկումներում (ՀՀ օրաթերթ 29.08. 2019.) փաստում է, որ «Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր» և որպես խնդրի լուծում իրավացիորեն շեշտում է տեխնոլոգիական առաջընթացը: Բայց ամբողջ պարադոքսն այն է, որ երբ առաջարկում ենք այդպիսի լուծումներ, էկոնոմիկայի նախարարությունում հարկ չեն համարում նույնիսկ ծանոթանալ դրանց հետ: Ձեր օրինակով վարակվել են նաև մյուս նախարարությունները, ինչը կփորձեմ բացահայտել այդ նորույթների էությունը և պատկան կառույցների վերաբերմունքը համառոտակիորեն ներկայացնելով:
Եվ այսպես, սկսենք տեխնոլոգիական առաջին նորույթից` արոտների և խոտհարքների մակերևութային բարելավման բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիա և մեքենա: Այն կանխում է ջրհեղեղները, տարածքային հրդեհները, սողանքները, հողատարման երևույթները, երաշտը, ոռոգման մակերևութային ջրերի «փախուստը» արտերկիր, վերաբացվում են խմելու ջրի ստորգետնյա լեռնային աղբյուրները, էականորեն ավելանում է խոտի բերքը, բարելավվում է նրա որակը:
ՋՐՀԵՂԵՂՆԵՐ. կանխելու համար անձրևաձնհալ ջրերի սկզբնավորման տարածքներում (արոտներ, խոտհարքներ և այլն) հողաշերտը կտրվում է որոշակի` կարգավորվող միջակայքով և խորությամբ: Այդ կտրվածքով, տրված խորությամբ հող է իջեցվում կուլտիվատորի թաթիկը, որը տրակտորի շարժմանը համընթաց փխրեցնում է բույսի արմատային հողազանգվածը, ստեղծելով փխրեցված հողաշերտի թունելներ: Սարերից իջնող ջրազանգվածը բացված ճեղքերով ներծծվում է փխրեցված հողի ենթաշերտի այդ թունելներում, ինչի արդյունքում ջրհեղեղ առաջացնող ջրաքանակը պակասում է, ջրհեղեղի վտանգը նվազում է:
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ. առաջանում են հիմնականում չորացած բուսազանգվածից: Դրա արմատային համակարգի փխրեցված հողազանգվածում կուտակված խոնավությունը հնարավորինս մշտադալար կպահի բույսը, հետևաբար կնվազի հրդեհի առաջացման հավանականությունը:
ՍՈՂԱՆՔՆԵՐ. փխրեցված հողաշերտը պարարտացվում է, կատարվում է անհրաժեշտ բույսերի ենթացանքս, ինչի արդյունքում բույսի արմատային համակարգը հզորանում է, սեպվում, փաթաթվում մայր հողին` կասեցնելով վերջինիս շարժը: Տեխնոլոգիան խորհուրդ չի տրվում կիրառել կավային հողերում:
ՀՈՂԱՏԱՐՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ. առավել մտահոգիչը երկրից «փախչող» ջրերով հումուսի տեղաշարժն է արտերկիր: Որոշ տվյալներով, դրա հետևանքով հողի բերրիության անկումը կազմում է շուրջ 50 տոկոս: Եթե կանխվում է ջրհեղեղը, ապա կասեցվում են նաև այդ երևույթները:
ԵՐԱՇՏ. կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այն ավելի հաճախ է կրկնվելու: Ամենաէժան և որակյալ անասնակերը ստացվում է արոտներից և խոտհարքներից, որոնք բոլորից շատ են ենթակա երաշտի ազդեցությանը: Մինչդեռ ամենաերաշտոտ տարիներին էլ անձրևաջրերի նշանակալի ծավալ «փախչում է» արտերկիր: Եվ եթե մենք կիրառենք առաջարկվող տեխնոլոգիան, այսինքն այդ ջրաքանակը պահ տանք մեր հողերին, երաշտն այդքան աղետալի չի լինի:
ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԽՆԴԻՐ. այդ ջրի մեր ներքին ռեսուրսը 8 մլրդ խմ է, պահանջարկը` մոտավորապես 2 մլրդ խմ, ջրամբարներում կուտակում ենք դրա կեսից մի փոքր ավելին: Պակասը ակնհայտ է, և ամեն տարի ունենում ենք այդ խնդիրը հողագործի հուզումների բռնկումներով, Սևանը դատարկելով: Մինչդեռ, եթե առաջարկվող տեխնոլոգիան կիրառենք, այսինքն բնության տված անձրևաձնհալ ջուրը, երբ այն գոյանա, պահ տանք հողին, թույլ չտանք, որ այն «փախչի» արտերկիր, դրանով կմեծացնենք հողի խոնավությունը, կնվազեցնենք ոռոգման ջրի պահանջարկը: Նշեմ, որ այդ ձևով «կուտակված» ջրի կորուստը` գոլորշացումից և քամու ազդեցությունից, պրակտիկորեն զրոյական է. ջրով հագեցած փխրեցված հողազանգվածը պաշտպանված է վերևի հողաշերտով, ի տարբերություն ջրամբարների` մինչև 40 տոկոս հասնող ջրի կորստի: Այս հարցը քննարկելիս արժե համադրել նաև պահանջվող ծախսերը, դրանք անհամադրելի են` միլիարդավոր դոլարները մի քանի հազարի դիմաց:
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ. «Ջրպետկոմի» պաշտոնական հավաստմամբ դրանց գրեթե 50 տոկոսը արդեն չի գործում, մնացածները փակման եզրին են: Մասնագետները կարծում են որ պատճառը սարերում հողի պնդանալն է. ջուրը չի ներծծվում, աղբյուրները ջուր չեն ստանում: Առաջարկվող տեխնոլոգիան կօգնի լուծելու նաև այդ խնդիրը:
ԱՐՈՏՆԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԱՃ. ագրոտեխնիկայի համաձայն` բույսը նորմալ կաճի, եթե նրա արմատային հողազանգվածում հողի պինդ մասնիկների և օդաջրային ծակոտիների ծավալների հարաբերակցությունը պահպանվում է մոտավորապես 50/50 հարաբերակցությամբ: Բնաարտադրական գործոնների ազդեցությամբ (ձյան, անձրևաջրի, աշխատող տեխնիկայի, արածող կենդանու, հողի վերին շերտի կշիռ և այլն) այդ հարաբերակցությունը տարիների ընթացքում խախտվում է` հողը «նստում» է, ծակոտիները վերանում են, և բույսի արմատները սնուցում չեն ստանում, բույսը չի աճում: Պաշտոնական տվյալներով այսօր այդ տեղանքներում խոտի բերքի անկումը նորմատիվի նկատմամբ հասնում է 200-300 տոկոսի: Մինչդեռ ավանդական մակերևութային փխրեցումը անթույլատրելի է` կոչնչանա խոտածածկույթը: Միակ լուծումը բույսի արմատային հողազանգվածը փխրեցնելն է, ինչը հաջողությամբ կատարում է առաջարկվող մեքենան: Այն միաժամանակ կատարում է նաև որակյալ խոտաբույսերի ենթացանքս:
Արդեն նշեցի, որ այս տեխնոլոգիան և մեքենան փորձնական որևէ ծրագրով ներդնելու համար, ոլորտի պրոֆիլային 5 նախարարությունները` գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, արտակարգ իրավիճակների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, այդպես էլ չկարողացան հայթայթել 2 մլն դրամը, ու վերը նշված խնդիրները մնացին չլուծված` երկրին հասցնելով տարեկան հարյուրհազարավոր դոլարների վնաս: Մինչդեռ այդ խնդիրները կարելի է լուծել մի տարուց էլ պակաս ժամանակահատվածում հանրապետությունում առկա շարքացանների չնչին ձևափոխությամբ կամ Ռուսաստանից ներկրված հանգույցներով նորերը հավաքելով, արված ծախսերը կփոխհատուցվեն վեգետացիայի մի շրջանում, գյուղացին կունենա շահույթ և չի լքի ոլորտը, երկիրը ապահովված կլինի ինքնաբավ, էժան, որակյալ կաթնամսամթերքով: Չի ստացվում. անընդհատ խոսում ենք, անիմաստ վիճաբանում նույն հարցերի շուրջը, բայց առայսօր չունենք ոլորտի զարգացման հայեցակարգ, թեպետ այդ նպատակի համար կազմված կառավարության ծրագրով արդեն հատկացվել է 20 մլրդ դրամ` բառ անգամ չասելով սպասվելիք շահույթի մասին: Սա է իրողությունը` կառավարման մակարդակի իրատեսական անհեթեթությունը, որից գլուխ չհանելով, ինչպես արդեն ասվեց, միայն անցած 5 տարում 40000 տավարապահ լքեց ոլորտը… Սա է այն իրողությունը, որի հեղինակները «Իրատեսի» անցյալ տարվա հայտնի բացահայտումներից հետո 2-րդ օրն արդեն պետք է լքեին իրենց աթոռները: Բայց մերն ուրիշ է. ո՞վ է լրատվամիջոցները կամ քաղաքացու դիմումը բանի տեղ դնում… Ելնելով պատասխանատուների գործելաոճից, ոլորտի խնդիրների ընկալման նրանց ունակությունից, կարող ենք կանխատեսել, որ տավարաբուծության զարգացման այս նոր ծրագիրը նույնպես կտապալվի, ինչը տեղի ունեցավ 2007-ի համանման, 10-ամյա ծրագրի հետ: Տարբերությունն այն է, որ այս «նոր» ծրագիրը հաստատվել է հեղափոխական կառավարության ղեկավարի կողմից:
(շարունակելի)
Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Մեկնաբանություններ