Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանն անիրատեսական և անընդունելի է համարում խաղաղության պայմանագիր կնքելու Հայաստանի առաջարկը, որում դեռևս համաձայնեցված չեն մի քանի կարևոր հոդվածներ․ «Նույնիսկ վաղն անավարտ, կիսատ համաձայնագրի ստորագրման առաջարկը ոչ միայն անիրատեսական է և անընդունելի, այլև՝ ապակողմնորոշող։ Կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն պայմանագրի նախագծի մի քանի կարևոր դրույթ, որոնք բաց են, առանց որոնց փաստաթուղթը կլինի կոպիտ և թերի»։
Էլչին Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության հասնելու ճանապարհին հիմնական խոչընդոտը «Հայաստանի դեռ գոյություն ունեցող տարածքային պահանջներն են Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ արտացոլված Հայաստանի Սահմանադրության մեջ», և «այս հիմնական խնդիրն անտեսելը հավասարազոր է սենյակում գտնվող փղին չնկատելուն»․ «Եթե Սահմանադրությունը թողնենք ներկայիս տեսքով, ապա խաղաղության պայմանագիրը կարճատև կլինի, քանի որ Հայաստանի ցանկացած նոր ղեկավարություն, որը դեմ է Ադրբեջանի հետ խաղաղությանը, պարզապես կչեղարկի այն՝ պատճառաբանելով համաձայնագրի անհամապատասխանությունն ամենաբարձր իրավական ուժ ունեցող Սահմանադրությանը։ Այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ՝ Հայաստանի հետ»։
Այս հայտարարությունը, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ, նշանակում է, որ Ադրբեջանի բարձր իշխանությունը հայտարարում է՝ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը։ Իլհամ Ալիևը բոլորից լավ իրազեկ է, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմում չի հաղթել, Արցախը պատերազմով բռնակցվել է դավադրության, դավաճանության, Ադրբեջանի մեծ գումարների միջոցով։ Ադրբեջանի իշխանությունը իրազեկ է Հայաստանում տիրող տրամադրություններին, վախենում է ռևանշից, Նիկոլ Փաշինյանին համարում է հեռացող քաղաքական ֆիգուր, ուստի նրան պարտադրում է փոխել ՀՀ սահմանադրությունը։ Այս ամենին զուգահեռ, էական է այն, որ Իլհամ Ալիևը չի ցանկանում իրեն սահմանափակել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրով. Ադրբեջանում տիրող սոցիալական մեծ բևեռացումից, համատարած կոռուպցիայից, երկրի ընդերքի թալանից, իրավական բեսպրեդելից երկրի բնակչության ուշադրությունը շեղելու համար Ալիևին հարկավոր է արտաքին թշնամի, որի դեմ հաղթանակները կշոյեն Ադրբեջանի բնակչության ինքնասիրությունը։ Իլհամի համար Հայաստանն է այդպիսի թշնամի, որի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է պատերազմում Հայաստանի պարտությամբ։
Ոսկան Սարգսյան