ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ՎՐՁՆԱՀԱՐՎԱԾՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՆԿԱՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
01.12.2009 | 00:00

Աստծո անցած յոթ օրում փառքի ու փայլի արժանի գործեր եղան նաև Հայաստանում:
Օրինակ` արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նվաճեց Ճապոնիան: Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով ժամանելով Տոկիո` նա հանդիպեց Տակահիրո Յոկոմիչիին` խորհրդարանի նախագահին:
Նրան Նալբանդյանն ասաց, թե Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերություններին ու ավետեց, որ Հայաստանի ԱԺ-ում ձևավորվել է Ճապոնիայի հետ բարեկամության խումբ, հայկական կողմը սպասում է Ճապոնիայի նորընտիր խորհրդարանում համարժեք խմբի կազմավորմանը: Չճշտված տվյալներով` Տակահիրո սանն այդ օրից կորցրել է քունը: Հետո նա հանդիպեց Ճապոնայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ: Նրան էլ ավետեց, որ Հայաստանը նպատակ ունի Տոկիում հիմնելու մշտական դիվանագիտական ներկայացուցչություն: Կացույա սանն էլ քունը կորցրեց: Քանի որ Տիգրան Սարգսյանը և Ներսես Երիցյանը խիստ զբաղված էին կուսակցական գործերով, Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության նախագահ Յասուո Հայաշիի հետ և քննարկեց առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունները: Յասուո սանի քունը չփախավ: Նալբանդյանին ընդունեց Ճապոնիայի գահաժառանգ Նարոհիտոն: Նախարարը գահաժառանգին ներկայացրեց հանդիպումների արդյունքներն ու պայմանավորվածությունները` ակներևաբար հույս չդնելով ճապոնացիների վրա: Հետո էլ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթ ունեցավ Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, հարցազրույցներ տվեց NHK հեռուստաընկերությանը և Nikkei օրաթերթին:
Նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 12-րդ հեռուստամարաթոնը` «Մեր Շուշին» կարգախոսով: ԼՂՀ Ազգային ժողովն ուղերձ հղեց համայն հայությանը. «Այս տարվա հանգանակված միջոցները հիմնականում կուղղվեն Արցախի վաղեմի վարչական ու մշակութային կենտրոն Շուշի բերդաքաղաքի վերականգնմանն ու զարգացմանը»։ Արցախում էլ քնից արթնացան: Նախնական տվյալներով` կատարված և խոստացված նվիրատվությունները 16 միլիոն դոլար են:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկում իբրև դիտորդ ներկա էր Եվրասիական տնտեսական համագործակցության միջպետական խորհրդի նիստին, որի օրակարգում Եվրասիական տնտեսական համագործակցության տարածքում միասնական տնտեսական տիրույթի և մաքսային միության ձևավորման, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման և այլ հարցերն էին:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին հայտարարեց, որ Վաշինգտոնում անհամբեր սպասում են Թուրքիայի վարչապետ Էրդողանին: Քելլին ասաց, որ Թուրքիան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ամենաարժեքավոր դաշնակիցն է, քննարկվող հարցերի շրջանակն էլ ընդգրկելու է Աֆղանստանից Կովկաս:
CnnTurk գործակալությունը տեղեկացրեց, որ Եվրախորհրդարանի զեկույցում կարևորվել է Թուրքիայի դատական համակարգում օր առաջ բարեփոխումներ անելու անհրաժեշտությունը: Եվրախորհրդարանն արձանագրում է, որ Թուրքիայում ապահովված չեն ոչ մահմեդականների կրոնական ազատությունները, վտանգված է խոսքի, մտքի, մամուլի ազատությունը: Անկարան քննադատվում է նաև Կիպրոսի հունական նավերի առաջ նավահանգիստները փակելու համար: Եվրախորհրդարանը հարկ է համարել խրախուսել հայ-թուրքական և թուրք-քրդական հարցերի կարգավորման գործընթացները:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անկեղծության պոռթկումներ ունեցավ Իտալիայում: «La Stampa»-ին տված հարցազրույցում Գյուլն աֆորիստիկ ամփոփումներ արեց. «Երբ երկրում բարձրանում է ժողովրդավարության աստիճանը, տաբուները վերանում են»: Լրագրողի հարցին` ե՞րբ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կկարողանան հատել ընդհանուր սահմանը, Գյուլն ասաց. «Շուտով այս խոչընդոտը կվերացվի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների շնորհիվ: Իհարկե, որոշակի տեխնիկական խնդիրներ դեռևս պետք է լուծվեն, փաստաթղթերը պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարաններում: Դրանից հետո տեղի կունենա դեսպանների փոխանակում և ցամաքային սահմանի բացում, օդային սահմանը վաղուց է բաց»: Ահա այսպես` սիրալիր, քաղաքակիրթ եվրոպացի, համարյա առանց Ադրբեջանին հիշելու... Գյուլը հայկական հարցին էլ անդրադարձավ. «Մենք պատրաստ ենք ընդունելու այն եզրակացությունը, որին կհանգեն համատեղ հանձնաժողովի մասնագետները»: «Ողջ աշխարհը փոխվում է, փոխվում է նաև Թուրքիան: Իհարկե, կան նաև հաշտեցմանը դեմ արտահայտվողներ: Չպետք է մոռանալ, որ տարաձայնությունը շարունակվում է արդեն 100 տարի»: Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հիմնախնդիրը ևս հիշեց. «Եկել է հարցը կարգավորելու ժամանակը: Տարածաշրջանը կայունության և համագործակցության կարիք ունի: Հուսով եմ, որ Երևանն ու Բաքուն կգտնեն խնդրի կարգավորման տարբերակը: Այժմ տարածաշրջանային հարցերով զբաղվում են ոչ թե երկրորդ կարգի պաշտոնյաները, այլ պետությունների ղեկավարները»:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվելուց առաջ թուրք-հայկական արձանագրությունները պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որի նախագահ Մեթին Յըլմազն ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է. «Եթե Իլհամ Ալիևն ասի, որ գործերը հասել են որոշակի կետի, խնդիրները սկսում են լուծվել և հասունացել է ժամանակը, որ մենք էլ որոշ քայլեր անենք, արձանագրությունները կմտցնենք հանձնաժողովի օրակարգ»:
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն ՈՒլյանովսկում քննարկեցին նաև Ղարաբաղի հարցը: Ըստ պաշտոնական տեղեկության` Իլհամ Ալիևը Դմիտրի Մեդվեդևին է փոխանցել մյունխենյան հանդիպման մանրամասները: Ռուսաստանի նախագահն էլ ողջունել է բանակցային գործընթացում դրական տեղաշարժը և վստահեցրել, որ պաշտոնական Մոսկվան շարունակելու է խնդրի կարգավորմանն ուղղված անհրաժեշտ ջանքեր գործադրել: Ի՞նչ տեղաշարժ է տեսել Ալիևը, որ փոխանցել է Մեդվեդևին:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ արտաքին ագրեսիային կհետևի ՀԱՊԿ-ի անդամ երկրների աջակցությունը դաշնակցին, Մինսկում ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը. «Դրանք արագ արձագանքման ուժեր են, որոնք կարող են օգտագործվել նման հիմնախնդիրները լուծելու համար, այդ թվում` ռազմական ուժի կիրառմամբ»: ՀԱՊԿ-ի անդամ են 7 երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ՈՒզբեկստանը, Հայաստանը:
ԵՄ արտաքին քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն ասել է, որ Ղարաբաղի հարցում կողմերը պարտավոր են առավել ջանքեր գործադրել չլուծված հարցերը համաձայնեցնելու համար. «Եվրամիությունը ողջունում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված առաջխաղացումը: Այս հակամարտությունը, դժբախտաբար, մեծ թվով մարդկանց կյանք է խլել, մեծ թվով անմեղ մարդիկ տառապանքներ են կրել»: Տիկին Ֆերերո-Վալդները կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ընդունելի կլինի այն որոշումը, որի շուրջ համաձայնության կգան բոլոր կողմերը, և հուսով է, որ հայ-թուրքական մերձեցումը դրականորեն կազդի ամբողջ տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրա:
Նոյեմբերի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀԿ-ն գումարեց իր 12-րդ համագումարը: 1738 ձայնով ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Ծավալուն ծրագրային ելույթում նա անդրադարձավ 11-րդից 12-րդ համագումար 2 տարում տեղի ունեցած իրադարձություններին:
ՀՀ նախագահից հետո ելույթ է ունենում ԱԺ նախագահը, և երկու ՀՀԿ-ական հակասում են միմյանց. եթե նախագահը մարտի 1-ի իրադարձությունների պատճառը համարում է «ձևավորված պետական, քաղաքական և հասարակական ինստիտուտների ոչ լիարժեք կայացածությունն ու ընդհանուր թուլությունը», ԱԺ նախագահը մեղավոր է համարում «ցանկացած գնով իշխանափոխության ձգտող և այդ ճանապարհին ոչնչի առջև կանգ չառնող ուժերին, որոնց համար, պարզվեց, նպատակն արդարացնում է ցանկացած միջոց»: ՀՀ նախագահը կարծում է, որ «եթե ավելի զարգացած լինեին քաղաքացիական հասարակության ինստիտուտները, ավելի պատասխանատու լինեին քաղաքական ուժերը, ավելի պրոֆեսիոնալ և տեխնիկապես հագեցած լիներ իրավապահ համակարգը, հնարավոր կլիներ կանխարգելել տեղի ունեցած իրադարձությունները և արժանապատվորեն դուրս գալ սանձազերծված սադրանքների որոգայթից», ԱԺ նախագահը շարունակում է «չարությամբ, թշնամանքով և ամեն ինչ կազմաքանդելու մոլուցքով» մթագնած ուժերի դեմ պայքարը, որոնք, ակներևաբար, նրա գիտակցության մեջ հաստատվել են մեկընդմիշտ: Այսքանից հետո, իհարկե, շատ հեշտ է հավատալ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն ունի անհրաժեշտ կամք` լուծելու իր քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները, խնդիրն այլ է` ո՞վ է լուծելու և ինչպե՞ս: «Առաջ և վերև» գնալո՞վ, թե՞ «չարությամբ, թշնամանքով և ամեն ինչ կազմաքանդելու մոլուցքով» մթագնած: Թե՞, ինչպես և եղել է, խոսքի ու գործի լիակատար ու ներդաշնակ հակասությամբ:
ՈՒ մինչ այս, մինչ այն, շատ հանդարտ ավարտվեց քաղաքական աշունը` այսօրվանից ձմեռ է: Նաև օրացուցային:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ