ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ և... ՉԻ՞ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ և... ՉԻ՞ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
26.01.2010 | 00:00

Քոչարյանի այցն Իրան, նույն` Ղարաբաղ, հայ-թուրքական զարգացումներ, Սերժ Սարգսյան-Ալիև հանդիպման համատեքստում էր: Որքան էլ պարադոքսալ է:
ԱՅՑԻ ՖՈՆԸ
Այնուհանդերձ, բաց է մնում հարցը. որքանո՞վ էր հայկական կողմը` պաշտոնական Երևանը, տեղյակ այդ այցին: Հասկանալի է, նման այցերը, մանավանդ այս փուլում, և այն էլ` դեպ ֆունդամենտալ Իրան, ամենամեծ ցանկության դեպքում, «մասնավոր» չես համարի, մանավանդ Քոչարյանի պարագայում:
Հաջորդ «բայց»-ն էլ այն էր, որ պաշտոնաթողությունից հետո Ռոբերտ Քոչարյանին, ի տարբերություն էքսնախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, երբեք չէին այցելում ՀՀ ժամանած պաշտոնական հյուրերը (Տեր-Պետրոսյանին նրանք այցելել են նաև այն ժամանակ, երբ նա ընդդիմության լիդերը չէր և տանը նստած պարզապես մատենագրում էր):
ՈՒ սա քոչարյանական պրեմիերան էր:
Ընդ որում, որքան մենք ենք տեղեկացված, Իրանն այդ հրավերը շատ ավելի վաղ էր հղել Քոչարյանին, և Գյուլի երեսը տեսնելով տեսնել չկամեցող Քոչարյանը, չգիտես ինչու (կամ` գիտես), որոշեց, որ պետք է տեսնի Ահմադինեժադի «լույս» երեսը հենց նույն այն օրերին, երբ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ մեկնել էր Մեդվեդևի հետ հանդիպման (լսե՞լ եք` Մեդվեդևը լրիվ հայ է), հայոց կաթողիկոսն այցելել էր ռուս կաթողիկոսին, նրանք էլ հյուրընկալվել ու պարգևատրվել էին Մեդվեդևի կողմից (լրի՜վ հայ է Մեդվեդևը, իզուր էլ ասում են, թե ամեն տարի նա մասնակցում է Խանուկայի տոնին, ունկնդրում Թորայի ընթերցումները), դրանից առաջ էլ հայ Լավրովն էր եկել Հայաստան, այսօր կգա Մոթաքին, դե, երեկ էլ Սոչիում, նույն Մեդվեդևի գլխավորությամբ, հանդիպեցին «մեկմեկու, մեր երկու եսն առանց մեզ»: Իմա` Սերժ Ազատիչն ու Իլհամ Հեյդարիչը (դե, գիտենք, որ Հեյդարն էլ հայաստանյան ծնունդ է, և մինչև երրորդ պորտը համարվելու է հայաստանցի. նրա պապը ծնվել է Սիսիանի Վաղուդի գյուղում. հիշենք, որ Սաակաշվիլին էլ է հայ... էս ի՜նչ ենք անում հայերով):
Հավելենք, որ «նախորդ» օրը Հայաստանին ևս հանձնվեց մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, ուր, չի բացառվում, որ խոսք լինի նաև խաղաղապահների մասին: ՈՒ այս «խորապատկերին ներքո» ասենք, որ Քոչարյանի իրանյան այցը, հանդիպումը տարածաշրջանային բավականին լուրջ խաղացող երկրի առաջին դեմքերի հետ, հենց այնպես չէր կարող լինել, մանավանդ որ Ռուսաստանը քափ ու քրտինք մտած փորձում է արագացնել ղարաբաղյան հարցի լուծումը, որ կարողանա Ադրբեջանին հնարավորինս արագ իր թևի «տակ» առնել, նախ` գազային, ապա` քաղաքական տեսքով:
Այո, այս պահին Ադրբեջանից հետո տարածաշրջանում Ռուսաստանին հետաքրքրող հաջորդ ամենաէական խնդիրը... ո՛չ, արդեն իսկ Ադրբեջանից ստացած և ստանալիք 2 մլրդ խմ գազի դիմաց տարածքների հետ վերադարձը չէ, որքան էլ այդ մասին փայփայում-մտածում են Թուրքիան ու Ադրբեջանը:
Ռուսաստանի մշտական իդեֆիքսը հակամարտության գոտում տեղակայվելիք խաղաղապահների մանդատն է: Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա-Իրան «եզրը» դիտող զորքը, որտեղից էլ Մերձավոր Արևելքը «դիտելը» շատ ավելի դյուրին կլինի, մանավանդ որ Ռուսաստանն այսօր բոլորովին նոր և անչափ լուրջ մարտահրավերի առաջ է կանգնել. ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, Ռուսաստանը դարձել է Աֆղանստանի միակ հումքի` թմրանյութերի ամենահիմնական շուկան ու սպառողը, ինչը, գումարվելով էթնոգեն մյուս խնդիրներին (ասենք, Ռուսաստանում մահմեդականների ծնելիության ու թվաքանակի ահռելիությանը), կարող է վերածվել շատ ավելի լուրջ սպառնալիքի, քան տնտեսական ու քաղաքական վտանգներն են ու Բժեզինսկու հեռահար ծրագրերը: Ընդ որում, բացի միջինասիական ուղիներից, աֆղանական թմրանյութերը Ռուսաստան են մտնում նաև Իրանով (Ադրբեջան-Վրաստան տրանզիտով. չէ, մեր մասով աղբուրները լռում են): Սա` հենց այնպես:
Դառնանք մեր խնդրին. այսպիսով, խաղաղապահներն այն խողովակն են, որով թե՛ խաղաղ, թե՛ «խառը» օրերին (տե՛ս որոշ ռուս փորձագետների` ղարաբաղյան «ֆրոնտում» սպասվող պատերազմի մասին կանխատեսումները) հաստատվելու է այս կամ այն տերության գերակայությունը տարածաշրջանում:
ՈՒստի Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ ճեղքում ապահովի ու հասնի նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը պահանջեն ՀԱՊԿ-ական կոնտինգենտի տեղակայում հակամարտության գոտում, որպես մաքսիմում ծրագիր: Մինիմում ծրագրով` «խառը» զորամիավորման դեպքում ռուսականը պիտի գերակշռի:
Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՂՄՈՒԿԻ ՄԵՋ ՎԱՅՐԵՆԻ
Գաղտնիք չէ` Քոչարյանն էդ կողմերում «կռվել» է: Բանն այն է, որ մինչև 98-ը Հայաստան-Իրան հարաբերություններն առանձնապես բանի նման չէին: Քոչարյանի գալուց հետո այդ հարաբերությունները «փայլեցին» իրենց ողջ վսեմաշուքությամբ: Պատճառներին մեկ այլ անգամ կանդրադառնանք:
Գաղտնիք չէ նաև, որ ինչ-որ ժամանակ (երբ Սերժ Սարգսյանը քաղաքական որոշում կայացրեց, որ «մեկնում» է Պենտագոն` իր բոլոր ինֆորմացիոն և այլ հետևանքներով հանդերձ), որքան սառն էին հարաբերությունները նրա և Իրանի, իմա` Իսրայելն ու մի քիչ էլ Ամերիկան գետնի երեսից ջնջել պատրաստվող Ահմադինեժադի միջև։ Հիշենք, որ վերջինս Հայաստան եկավ այն ժամանակ, երբ վարչապետ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէր (Սերժ Ազատիչը ոչ ավել-ոչ պակաս, Պետդեպում սիրունիկ Քոնդիին էր հանդիպում), Ահմադինեժադն էլ մեր երկրում վերցրեց ու պարսիկություն արեց. չայցելեց Սարգսյանի խորհրդարանական մեծամասնությանն ու մեկ օր շուտ մեկնեց Հայաստանից:
Ասել է` Քոչարյանը եղավ և մնաց պարսիկների միակ հավատարմատարն ու անփոխարինելին մեր երկրում: Ճիշտ է, անցնող մարտին Սերժ Սարգսյանը բավականին բարձր ընդունելության, հարգ ու պատվի արժանացավ Ահմադինեժադի ու իրանյան կողմից, սակայն հարցեր կան, որ... պետք է «լուծի» Քոչարյանը:
Ի՞նչ հարց լուծեց Քոչարյանը: Այդ մասին ներքևում, պաուզան ձգելով, պետք է ասել, որ Հայաստանում քաղաքական հակակշիռների մեխանիզմի բացակայությունը ռետինի նման այնպես է ձգել քաղաքական դաշտը, որ չի բացառվում` այն ինչ-որ պահի բումերանգի վերածվի: Այս այցն էլ այդ մասին է խոսում: Բանն այն է, որ թե՛ ներ, թե՛ արտաքաղաքական դաշտում միայնակ խաղացող Սերժ Սարգսյանը, ով բոլոր խաղերը վերցրել է իր նախաձեռնողական ուսերին, փաստորեն, այլևս չունի մեկը, որը խաղա ռուսական դաշտում, մյուսը` արևմտյանում, երրորդը` իրանականում (ըստ չար լեզուների` Հովիկ Աբրահամյանի իրանյան վերջին այցը շատ անհույս է եղել), և ֆիգարոյական այս սինդրոմով տառապող դաշտում, ուր ընդդիմության վերջին ծիլերի նկատմամբ նույնպես ահավոր անողոքություն դրսևորվեց (նկատի ունենք Նիկոլի դատավճիռը), երկրի համար այսքան բախտորոշ ժամանակահատվածում կարող է նաև վայրկյանների ընթացքում ֆորս-մաժոր գրանցվել, ինչի ականատեսը եղանք 98-ին:
Բոլոր դեպքերում, Քոչարյանն այդ այցով նախ և առաջ ջրեց սեփական ծառը: Պարզվեց` կան «գետիններ», ուր նա ուղղակի «անփոխարինելի» է: Նրա այցը եռամիասնական, եթե ոչ` քառամիասնական էր:
ա) Ռուսաստանին ձեռնտու: Գաղտնիք չէ. Իրանը երբեք ու ոչ մի անգամ չի ցանկացել, որ որևէ այլ ուժ, բացի տարածաշրջանայինից, որպես խաղաղապահ վերահսկողություն հաստատի ղարաբաղամերձ տարածքներում:
Գաղտնիք չէ, որ Իրանի պարագան մշտապես խանգարել է խաղաղապահներ տեղակայելու գործին. պահ եղավ, որ ԱՄՆ-ը (կարծես, Քի Վեստից հետո) որոշեց, որ Իրանը միջնորդական առաքելություն պետք է ստանձնի այդ կարգի հարցերում:
ՈՒ Ռուսաստանը, որն այլևս քիչ-քիչ «տալիս» է Իրանը ԱՄՆ-ին, Քոչարյանի դեպքում ևս «բացատրվել» Իրանի հետ` խաղաղապահների առնչությամբ, համոզել է նրան:
Ստացվե՞ց: Ո՛չ: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել իրանական կողմի «ապատեղեկատվությունը»` օտար զորքերի տեղակայմանն առնչվող, որն «ասել» էր Քոչար-յանը:
բ) Այցը ձեռնտու էր նաև պաշտոնական Երևանին: Սերժ Սարգսյանին: Իհարկե, եթե մնար վերջինիս, նա առանձնապես չէր ցանկանա, որ երկնակամարում կրկին առկայծեր հայրենի Վոյինի աստղը, սակայն պարագան այնքան նուրբ էր (մի կողմից` չէր կարող Քոչարյանին ասել` բայց քո ի՞նչ գործն է, ո՞ւր ես էս նեղ մաջալին քցվում), սակայն «թույլ տալով» Քոչարյանին Իրանում արտահայտվել «Հայաստանի անունից», պաշտոնական Երևանը (իմա` օրումեջ «հայազգի» Մեդվեդևին հյուրընկալվող Սերժ Սարգսյանը) դրանով իսկ շահագրգռություն կարտահայտեր առ այն, որ իրենից կախված ամեն ինչ անում է, որ այդ տարածքներում խաղաղապահեն և գերակշռեն ռուսական զորքերը:
Մյուս կողմից էլ` պաշտոնական Երևանն անպաշտոն ձևով Իրանին կհասկացներ, թե որքան թանկ է իր համար Իրանը, որ ինքը զոհում է իր ամբիցիաները և նրա ոտը «միջնորդ» ուղարկում «սիրելի և անմոռանալի» Ռոբերտ Սեդրակիչին. թող Իրանն անձամբ որոշի` ինչ է ցանկանում:
Եվ ուրեմն` Սեդրակիչի ֆենոմենն այս խաղում երկգլխանի ու սուրսայր է նաև արևմտյան տեսանկյունից, Սերժ Սարգսյանն այդ այցով համ էլ «լողացավ»: Նա հնարավորություն ունեցավ Արևմուտքին, ինչպես նաև նախորդ օրվա հանդիպման կազմակերպիչ Մեդվեդևին ասելու. հա, ի՞նչ կա որ, Լևոնը շատ չի ընդվզում, դաշնակներն էլ` գիտեք, բայց հո՞ Քոչարյան-Իրան տանդեմը շատ լուրջ պոտենցիալ ունեցող խոչընդոտ է, և նրանց դեմքով ներքին և արտաքին ընդդիմությունը «դվա վ օդնոմ» է հանդես գալիս. «չէ, չեմ կարող որևէ փաստաթուղթ` թեկուզ ոչինչ չասող, ստորագրել, կներեք»:
Ի դեպ, այն, որ պաշտոնական Երևանը լավագույնս էր տեղեկացված Քոչարյանի այցի մասին, խիստ «մանրամասնորեն էր սիրել» այն և նույնքան մանրամասնորեն էլ կազմակերպել էր այցը, երևում է այցի մասին պատմող լուսանկարից. Ահմադինեժադի և Քոչարյանի «մասնավոր» հանդիպման և զրույցի արանքում ևս մեկը կա. այցի ողջ ընթացքը թարգմանում էր ՀՀ ԱԳՆ Իրանի բաժնի աշխատակից Բաբկեն Բադալյանը:
Հիմա ի՞նչ. վերջի համար էլ հարցնում եք` վերադառնո՞ւմ է Քոչարյանը հայաստանյան քաղաքական անդաստաններ, թե` հը՛-ը:
գ) Հը՛-ը: Մենք, իհարկե, շա՜տ ենք ուզում (ընդ որում, այս հույժ կենսական հարցը պետք է լինի նաև սփյուռքի նախարարի և նրա «Արի տուն» ծրագրի ուշադրության կենտրոնում, որպեսզի աֆրիկյան սաֆարիներում իրենց կյանքն անցկացնող մեր հայրենակիցները ևս տուն վերադառնալու հնարավորություն ունենան)։ Այո, մենք շա՜տ ենք ուզում, որ Քոչարյանը վերադառնա, մանավանդ` Իրան կատարած այդքան հաջող այցից հետո:
Բայց, ավա՜ղ, ռեսուրս չունի:
Գոնե էն Արմեն Գևորգյանը սպասեր նրան:
Չէ՜, չսպասեց: Ինքն էլ բոլորի նման վերցրեց ու «ղաչաղ» գրվեց ՀՀԿ-ում:
ՈՒ հիմա այլևս Քոչարյանն ումո՞վ գա:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ