Դուք երբևէ լսել-տեսե՞լ եք, որ ՀՀ վերին ատյանները (կառավարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն) կենաց-մահու պայքար մղեն հանուն հանրային կյանքի առողջացման։ Չկա՛ նման բան։ Այնինչ դա նրանց սուրբ պարտականությունն է։
Այսօր երկիրը իրական վտանգի մեջ է։ Սորոսական սարդոստայնը թունոտ և լպրծուն ցանցի մեջ է ներառել մեր պետական տունը, և, իհարկե, 3-րդ հանրապետությունը թևակոխել է իր նորաթուխ պատմության ամենադժնի շրջանը. կազմաքանդվում են պետականության բոլոր սյուները, քարկապվում են դեպի տաճար տանող ճանապարհները, կեղեքվում, հոգեխանգարվում է հասարակությունը։ Ավելի ստույգ` հասարակության (այլ կերպ ասած` հայաստանաբնակ հայ ժողովրդի) 87 տոկոսը։ Մնացած 13 տոկոսը կազմաքանդման և կեղեքման հեղինակներն են, որոնք, անշուշտ, Տղմուտի պարսկակոխ ափին են կանգնել, հարբած փղերի պոչը բռնած։
Շվեյցարիա կրթյալ երկրում երեկոյան 22.00-ից հետո որևէ մեկը չի կարող զուգարանակոնքի ջուրը բաց թողնել, քանի որ ներքևի հարևանը հանգստանում է, նրա անդորրը չի կարելի խախտել։ Խախտողը պատժվում է օրենքի անողորմ ուժով, մեծ տուգանքով։ Քաղաքակրթման ճանապարհը բռնած Ռումինիայում քաղաքակիրթ ապտակի են արժանանում (այն է` տուգանվում են, զրկվելով գործունեության իրավունքից) բոլոր այն սրճարանների և ռեստորանների տերերը, որոնց խոհանոցի բույրը թեթևակի պարուրում է հարակից տարածքը և ոչ հաճելի զգացումներ արթնացնում խոհանոցային բույրերի հանդեպ դյուրազգաց անցորդների մեջ։ Իսկ Փարիզում և Լոնդոնում, Նյու Յորքում ու Ամստերդամում եթե երաժշտության ձայնը նույնիսկ թեթևակի լսելի լինի փողոցում, պատիժն անխուսափելի է։ Իտալիայի կառավարությունը յուրաքանչյուր նախաամանորին արգելում է պայթուցիկների և այլ հրավտանգ տեսականու վաճառքը։ Այլ կերպ ասած, քաղաքակիրթ հասարակությունը պաշտպանված է այլևայլ հակահանրային բիրտ ու անկաշկանդ ոտնձգություններից, հասարակության մեծամասնության առողջությունն ու անդորրը գերակա են հակահանրային տարրերի եռանդագին նկրտումների հանդեպ։
Կեսգիշերն անց երկիրը դղրդում է հրավառություններից։ Լուսաբացից առաջ թափառող շներն են դիվադադար անում նոր-նոր աչքը կպցրած մարդկանց։ Դժոխային խրախճանքը, սակայն, առջևում է։ Օրնիբուն հանրապետությունը և մայրաքաղաքը հերկում են ահասարսուռ աղմուկ արտավիժող սպորտային մեքենաներն ու մրցարշավային մոտոցիկլետները։ Ոստիկանությունը կամ լռում է համավոր հարսի պես, կամ էլ բարոյախոսական քարոզ է կարդում հանրային տականքի գլխին` մի՛ խախտեք մարդկանց անդորրը, պահպանեք համակեցության նորմերը և այլն։ Ընդ որում, քարոզ է կարդացվում անհայտ լսարանի գլխին։
Նման անհեթեթ քարոզարշավը, բնականաբար, ջուր է լցնում դիվային աղմուկի արհեստավարժ շահառուների ջրաղացին, զի երբևէ արհեստավարժ ստահակը խրատով դարձի չի եղել։ Եվ պատկան կառույցների որդեգրած այս հետևողական ինքնախաբեությունը հատկապես վերջին երկու տարիներին դարձել է վերին ատյանների հավատո հանգանակը։ Կառավարությունը, Երևանի և մյուս քաղաքների քաղաքապետարանները անշուշտ լսում են մեր նշած 24-ժամյա տարատեսակ աղմուկը և, ինչ խոսք, անզուսպ հիացմունքից նվաղում են, քանի որ նրանց համար հանրային առողջության և արժանապատվության հանդեպ դրսևորվող ցանկացած ասպատակություն նորքայլական իշխանության հաղթանակի գրավականն է, քանզի նրանց գերագույն խնդիրը, ի թիվս այլ հակապետական գործընթացների, նաև հասարակության բարոյահոգեբանական ամորձատումն է։
Ահա մի դրվագ Երևանի քաղաքապետարանից 100 մետր հեռավորության գտնվող Մաշտոցի պողոտայի սկզբնամասից։ Ամեն օր կեսգիշերից հետո բարձր երաժշտությունը քոքած տարբեր մեքենաներ անցուդարձ են անում Մաշտոցի պողոտա-Հաղթանակի կամուրջ հատվածով, բնականաբար, քնից զրկելով հազարավոր մարդկանց։ Եվ եթե բնակչությունը, այնուամենայնիվ, գլուխը բարձին դրած ննջում է, հերթական սադրանքն է ասպարեզ իջնում։ Մի խումբ հարբած խուլիգաններ ծեծուջարդ են սկսում նախկին Փակ շուկայի դիմահայաց մայթի վրա։ Բնակչության բողոքները ներկա իշխանահլու ոստիկանությունն ուղղակի ջրում է։ Բնականաբար, հենց հանրային ընդդիմությունը պետք է փորձի այս ամենը դարձնել լուրջ քննարկումների առարկա։ Սակայն մի՞թե Մաշտոցի պողոտայի այս հատվածը եզակի է։
Մի խոսքով, հանրապետությունը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Երկրին աղմուկային պատերազմ է հայտարարված։ Պատերազմ, որի ժամանակ արյուն չի հոսում, չեն փլուզվում կամուրջներ, չեն խորտակվում տաճարներ և, բարեբախտաբար, չեն ռմբակոծվում տներ ու բնակարաններ։ Սակայն աղմուկի արհավիրքը թագավարակից առավել վտանգավոր է, զի ազդակային է և, համաձայն ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումների, հատկապես վտանգավոր է հղի կանանց, ծերերի ու մանուկների, սրտանոթային և էնդոկրին հիվանդությամբ տառապողների համար։
Անկասկած, ելքը կա։ Այն է` օրենքի ուժով կարգավորել խնդիրը, կտրականապես արգելել սպորտային մեքենաների և մոտոցիկլետների արշավներն ամենուր, օրվա ցանկացած ժամին։ Մի այլ օրենքով արգելել հրագործական արտադրատեսականու ներկրումը, արտադրությունը և գործածումը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. ՀՀ առողջապահության նախարարությունը հենց այն պետական մարմինն է, որն ի պաշտոնե պետք է կարգավորի արծարծվող խնդիրը։ Բայց, պաղատում եմ թախանձագին, գլխի գցեք տհասիս. Հայաստանում կա՞ առողջապահության նախարարություն իր գործառույթների իրականացման տիրույթում։ Կա և հրաշալի գործում է ՀՀ առողջապահության հականախարարությունը։