«Նորավանք» ԳԿՀ-ի տնօրեն Գագիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող դեպքերին և իրադարձություններին, նշեց, որ թեև վերջին մեկ տարում խիստ սրվել է իրավիճակը Սիրիայում, բայց նաև վերջին մի քանի ամիսներին էապես փոխվել է: «Կարծես թե հաշտության որոշակի եզրեր են փնտրվում: Եթե նախկինում վերլուծաբանները վտանգ էին տեսնում, ապա այսօր որոշակի երկխոսության եզրեր են նշմարում»:
Ըստ Գ. Հարությունյանի, կարևոր փոփոխություններ են տեղի ունենում նաև Վրաստանում: Ամենակարևոր փոփոխություններից մեկը Վրաստանում կատարվող իրադարձություններն են. «Թուրքիան Վրաստանի համար հանդիսանում է առևտրաարդյունաբերական երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո: Դա շրջադարձային փուլ է Վրաստանի համար, որովհետև Վրաստանը նախկինում կարծես թե ներգրավված էր թուրք-ադբեջանական դիրքորոշումներում և կազմում էր նրա մի մասը: Այդպիսով, նա դառնում էր փոքր նշանակության երկիր»,-նկատեց բանախոսը: Ինչ վերաբերում է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուն, պարոն Հարությունյանի կարծիքով, դա շատ կարևոր և շահավետ գործընթաց է մեր երկրի համար: Նրա խոսքով, ՀՀ-ի ՄՄ մտնելը բարձրացնում է մեր վարկանիշը բոլոր պետությունների մոտ: «Մաքսային միության հետ համագործակցելը մեր հարևաններին ստիպում է զգույշ վերաբերվել Հայաստանին, սթափ մոտեցումներ ցուցաբերել նրանց կողմից Հայաստանի հետ հարաբերություններում: Սա ստիպում է Ադրբեջանին սթափ մոտենալ այն խնդիրներին, որ կան իր հարևան պետությունում»,-ասաց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ