«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ընդդեմ Վճռաբեկի քմահաճույքների

Ընդդեմ Վճռաբեկի քմահաճույքների
27.05.2013 | 03:18

Փաստաբաններն էլ են որոշել գործադուլ անել: Հունիսի 11-ին և 12-ին նրանք չեն մասնակցի որևէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին:

Փաստաբանները պնդում են, որ Վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները կայացվում են կամայականորեն: Պարզվում է, որ Վճռաբեկ դատարանը ոչ միայն չի ընդունում բողոքները, այլև՝ չի պատճառաբանում, թե ինչու տվյալ գործը վարույթ չընդունվեց: Իսկ երբ Վճռաբեկ դատարանը բողոքների մեծ մասը վարույթ չի ընդունում, այդպիսով զրկում է քաղաքացուն իր դեմ կայացված որոշումը գոնե մեկ անգամ բողոքարկելու հնարավորությունից:
Հիմա թերթենք 21.02.2007թ. ԱԺ-ի ընդունած <Դատական օրենսգիրքը, որի՝ Վճռաբեկ դատարանին վերաբերող բաժնում կարդում ենք.
3. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե Վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ՝
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ
2) վերանայվող դատական ակտը առերևույթ (prima facie) հակասում է Վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ
4) եթե առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:
Փաստաբաններն, իհարկե, մեկ տարի առաջ էլ են գործադուլ արել, սակայն, արդյունքի չհասնելը ստիպում է նրանց նորից դիմել այդ քայլին:
Որ դատական համակարգից միշտ էլ եղել են դժգոհություններ, բողոքներ՝ նորություն չէ:
Դատական նիստերը լուսաբանող լրագրողներս քանիցս ենք ականատես եղել անարդար վճիռն ընթերցելուց հետո դատավարության մասնակիցների ճնշման ներքո դատարանի դահլիճից փախչող դատավորների, որոնք խուսափում էին ուղիղ նայել ամբաստանյալի աչքերին: Այդ վճիռները հետո ուղարկվում էին Վերաքննիչ, այնուհետև՝ Վճռաբեկ դատարաններ, որտեղ կարող էին արժանանալ նաև կամայական մերժումների:
Ինչպես միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներում, այնպես էլ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, տարբեր տարիներին արձանագրվել են դատական համակարգի արատները, կայացվող անարդարացի որոշումները, որոնք ճակատագրական են եղել քաղաքացիների համար: Սակայն փաստաբանական համայնքը մինչ այժմ չէր դիմել գործադուլի՝ վեր հանելով համակարգային արատները: Ի վերջո, բողոքի այդ ակցիան հռչակագրային չէ, համեմված չէ «մեր արդարադատությունը հիվանդ է» կամ՝ «մենք չունենք դատական համակարգ» և այլ՝ նմանատիպ կարգախոսային բնույթի հայտարարություններով, այլ՝ փորձում է արծարծել մասնագիտական հարցեր, լուծել որոշակի խնդիրներ: Մնում է, որ այս անգամ փաստաբանները ցուցաբերեն հետևողականություն և կարողանան հասնել իրենց խնդիրների լուծմանը: Առայժմ՝ թեկուզ մասնակիորեն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1396

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ