Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Հայոց աշխարհի աքսիոմներն ու հասկացությունների պատերազմը

Հայոց աշխարհի աքսիոմներն ու հասկացությունների պատերազմը
18.05.2012 | 05:53

Հայաստանի ազատագրված տարածքի մասին հանրության իրազեկման ծրագրի շրջանակում «Հայրենասեր» կազմակերպությունը ներկայացնում է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հեղինակած հոդվածը։ Օգտվելով մայիսի 18-ին նշվող Քաշաթաղի Բերձոր քաղաքի ազատագրման 20-ամյակի առիթից՝ հարկ ենք համարում անդրադառնալ արցախյան հակամարտությանը վերաբերող եզրույթների և հասկացությունների կարևորությանը, քանի որ, ինչպես հեղինակն է նշում, «...սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում առանձին խնդիր»։

«Հայրենասեր» կազմակերպություն

Հայ քաղաքական և հասարակական միտքը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը։ Լայնածավալ երևույթները վերարժևորելը և հասկանալը ժամանակ են պահանջում։ Տասնամյակների պատմություն ունեցող արցախյան հիմնախնդրի զարգացման դինամիկան հասկանալու և ճիշտ գնահատելու համար բավական չէ հաշվի առնել միայն վերջին տարիների կամ առավել ևս վերջին ամիսների իրադարձությունները։ Նման մոտեցումն ու դրանից արված եզրահանգումները, որպես կանոն, սխալ են լինում։

Այսօր արդեն կարելի է խոսել Արցախի ազատագրման պայքարի ընթացքում հայ ժողովրդի ձեռք բերած քաղաքական և պատմական փորձի, ինչպես նաև մի քանի եզրահանգումների մասին: Դրանցից մեկը վկայում է, որ ճնշումներ գործադրելու միջոցով Հայոց աշխարհին ստիպելը (հեղ.` HayocAshkhar)` հրաժարվել արցախյան հաղթանակի պտուղներից, հեռանկար չունի: Այսօր արտաքին աշխարհի համար ավելի բարդ է հաշվարկել հայության արձագանքը, որը, ինչպես փորձն է ցույց տվել, համաշխարհային տեղեկատվական դաշտում առկա անհամաձայնությունների, քաղաքական գործիչների և դիվանագետների կիսակնարկների և շատախոսությունների մշուշում ի զորու է տեսնելու հայկական ազգային շահերին ուղղված սպառնալիքներն ու ձևավորելու համարժեք արձագանք։

Հայկական կողմի վրա ճնշման փորձերն ամեն անգամ ոչ միայն ստիպում են հայությանը սթափվել, այլև ավելի հստակ գիտակցել, որ արցախյան հիմնախնդիրը հայկական հարցի մի մասն է։ Հասարակական ակտիվության արդյունք են դառնում դիրքորոշումների ճշգրտումը և փորձագիտական հանրության, քաղաքական և հասարակական գործիչների կողմից այն բանի առավել հստակ գիտակցումը, թե ինչպիսի եզրույթներով և հասկացություններով պետք է քննարկվի Արցախի հիմնախնդիրը։ Հնարավոր է, որ նույնիսկ հայությունը, առանց իրեն հաշիվ տալու, նախորդ տասնամյակներում կարողացել է ազատվել մի շարք կեղծ կամ ոչ համարժեք հասկացություններից և մոտեցումներից, որոնց շրջանակներում էլ զարգանում էր արցախյան հիմնախնդիրը։ Հայ հասարակությունը, փաստորեն, հիմնովին հրաժարվել է այնպիսի եզրույթների կիրառումից, ինչպիսիք էին` «անվտանգության գոտի», «Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքներ» և այլն, և անցել իրականությունն արտացոլող այնպիսի եզրույթների կիրառմանը, ինչպիսիք են «ազատագրված տարածքներ» և «ԼՂՀ տարածք»։

Մյուս դրական օրինակը, այսպես կոչված, քարտեզների խնդիրն է։ Մինչև վերջերս հայկական տեղեկատվական դաշտում բավականին հաճախ կարելի էր հանդիպել քարտեզների, որտեղ Արցախն ասոցացվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հետ։ Նման իրավիճակն ընդունելի էր 90-ականների սկզբին, բայց ոչ հիմա։ Սկիզբ առնելով որպես Արցախի և Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացիների նախաձեռնություն, ովքեր պահանջում էին հրաժարվել ԼՂԻՄ քարտեզից, փոփոխությունների ալիքը, հաղթահարելով խոչընդոտներն ու իներցիայի ուժը, կարողացավ դառնալ համընդհանուր միտում։ Արդյունքում հայկական լրատվամիջոցների մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական նախապատվությունից և համակրանքից, հրաժարվեց խորհրդային ժամանակաշրջանի հին քարտեզներից։

Վերոնշյալ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հայությունն ընթացիկ քաղաքական վերլուծության և գիտակցության համար աննկատ հայկական միջավայրից դուրս մղում ոչ համարժեք եզրույթներն ու հասկացությունները։ Իհարկե, մաքրման գործընթացի վրա ազդում է նաև արտաքին քաղաքական համատեքստը։ Այնուամենայնիվ, որոշիչ դերը հայության քաղաքական հասունացմանն է վերապահված, որը սովորում է տարանջատել կարճատև գործընթացներն ու իրադարձությունները երկարաժամկետ, կենսական ազգային նշանակության խնդիրներից։ Հայ հասարակության շրջանակներում փոփոխությունները, ի վերջո, ստիպում են քաղաքական գործիչներին փոխելու իրենց դիրքորոշումը՝ անցնելով նոր եզրույթների և հասկացությունների օգտագործմանը։

Ճիշտ եզրույթների և հասկացությունների կիրառումը ծայրահեղ կարևոր է, քանի որ սխալ եզրույթների կիրառումը ժամանակի ընթացքում ձեռք է բերում իներցիայի ուժ, իսկ դրանց հաղթահարումը դառնում է առանձին խնդիր։ Գործող քաղաքական և պետական գործչին, լրագրողին եզրույթների և հասկացությունների պատերազմը կարող է երկրորդական և անկարևոր թվալ, սակայն իրականում այն ձևավորում է միտումներ երկար տարիների և տասնամյակների համար։ Որպես աղյուսի կտոր օգտագործելով սխալ եզրույթներ և հասկացություններ` արտաքին ուժային կենտրոնները մշակում են այնպիսի հիմնարար սկզբունքներ և հենք, որոնց կիրառումը չի կարող չհակասել հայկական ազգային շահերին։ Եվ եթե հայ ազգային-ազատագրական շարժման արցախյան փուլի սկզբում դիվանագիտական և քաղաքական փորձի բացակայության պատճառով նման սխալներն անխուսափելի էին, ապա այսօր դրանք արդեն անթույլատրելի են։ Վերոնշյալից բացի, կարելի է հիշատակել նաև «ադրբեջանցի փախստականներ», «Ղարաբաղի ադրբեջանական համայնք», «Ղարաբաղի կարգավիճակի համար հետագա հանրաքվե», «միջանկյալ կարգավիճակ» եզրույթներն ու հասկացությունները, որոնց վրա էլ հիմնված են մադրիդյան գործընթացի հիմնարար սկզբունքներն ու հենքը։

Սակայն, եթե վերոնշյալ եզրույթներն ու հասկացությունները այս կամ այն չափով արդեն պատմության մաս են կազմում, ապա նույնը չի կարելի ասել մեր աչքի առաջ հասունացող` Արցախյան պատերազմի շնորհիվ ազատագրված տարածքների վերաբնակեցման կեղծ գաղափարաբանության մասին։ Վերաբնակեցման անհրաժեշտությունը, որ պետք է դառնա 21-րդ դարում հայության ռազմավարական նպատակը, քննարկման և կասկածի ենթակա չէ։ Խնդիրն այլ է։ Վերջին ժամանակներս է՛լ ավելի հաճախ կարելի է լսել ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական գործիչների կարծիքը, թե ազատագրված տարածքները չբնակեցնելու պատճառով հայ ազգը դրանք կկորցնի։ «Եթե տարածքները չբնակեցվեն, չենք կարող հիմնավորել դրանք տնօրինելու իրավունքը» կամ «չբնակեցված հողերը ստիպված կլինենք հանձնել» և այլն։

Բոլոր նման արտահայտություններում առկա է հասկացությունների և հիմնախնդիրների աննկատ նենգափոխում, երբ բնակեցման, տնտեսական զարգացման և այլ հարցերը դառնում են հայկական հողի այս կամ այն մասի ճակատագրի շուրջ դատողության առարկա։ Հայոց աշխարհին աննկատ ներշնչում են դարերի ընթացքում կորսված և հայ ռազմիկի վերադարձրած հայրենիքի մի հատվածի հավանական կորստի հնարավորությունները: Այսպիսի մտքերը պետք է խեղդել սաղմնային վիճակում։ Հայկական հողերը վերադարձնելու մասին որևէ դիտարկում կամ արդարացում ուղղակի անթույլատրելի է։

Հայ քաղաքական և հասարակական գիտակցությունը պետք է վերականգնի դարերի ընթացքում կորցրած պետական մտածողությունն ու բնազդը, որոնք բացառում են հայկական հողերի միջև որևէ սահմանազատում կամ տարբերակում` անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ազատագրվել կամ ազատագրվելու։ Չկա և չի կարող լինել որևէ տարբերություն Հադրութի կամ Քարվաճառի, Վանի կամ Կարինի միջև։ Տարածքային նոր կորուստների հնարավորության շուրջ որևէ քննարկում, ենթադրություն պետք է դիտարկել որպես ազգային դավաճանություն։ Սա Հայոց աշխարհի աքսիոմներից մեկն է. անթույլատրելի է խոսել Հայոց աշխարհը խաթարող ինչ-որ քաղաքական կամ առավել ևս տնտեսական փաստարկների մասին։

Ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի վերաբերյալ փաստարկները` բավարար բնակեցված չլինելու հիմքով, կեղծ են և վնասակար։ Անկախ ազատագրված տարածքների բնակեցվածության մակարդակից, դրանք հանձնելու հավանականությունը պետք է դիտարկվի նույն տրամաբանությամբ, ինչ Երևանի կենտրոնի կամ Սյունիքի բարձրլեռնային գյուղերի կամ էլ Լոռու հանձնումը։ Յուրաքանչյուր այլ մոտեցում, որ փորձ կանի որևէ «նուրբ» տարբերություն մտցնելու Կովսականի, Գյումրու կամ Երևանի միջև, պետք է կասեցվի։

Սատանան, ինչպես հայտնի է, թաքնված է մանրուքներում. մասնավորապես հայկական հողային հարցի շուրջ մոտեցումներում և գնահատականներում առօրյա գիտակցության համար աննկատ տարբերությունների ու ճեղքերի միջոցով հայ հասարակական, իսկ հետո նաև քաղաքական գիտակցություն են ներթափանցում կեղծ գաղափարներ և հայացքներ:

Հայ քաղաքական և հասարակական որոշ գործիչներ պետք է վերջապես ըմբռնեն, որ հայի համար հայկական հողը միանշանակ թանկ է` անկախ բնակեցվածության մակարդակից, տնտեսական կամ այլ արժեքից ու գրավչությունից։ Հայկական հզորությունն ու իշխանությունը (քաղաքական, ռազմական և տնտեսական) կառուցվում են հոգևոր հիմքի վրա, որի անբաժանելի մասը Հայկական լեռնաշխարհն է՝ հայկական քաղաքակրթության բնօրրանը։ Հողի բացարձակ արժեքի ընկալումը, դրա հանձնման շուրջ որևէ քննարկման անհնարինությունն ու անթույլատրելիությունը պետք է հայկական քաղաքական գիտակցության զարգացման նոր փուլի անցման առաջին քայլը հանդիսանան։

Կարո՞ղ է արդյոք Հայոց աշխարհը կորցնել ազատագրված տարածքները։ Այս հարցին դրական պատասխանելուց և այդ պատասխանը հայկական տնտեսության տկարությամբ, ժողովրդագրական ճակատագրական միտումներով և այլ պատճառներով հիմնավորելուց առաջ պետք է հստակ գիտակցել, որ տվյալ դեպքում խոսքը համակարգային խնդիրների և հայկական հասարակության ու պետականության ճգնաժամի մասին է։ Սոցիալ-տնտեսական ձախողված քաղաքականության հետևանքը կլինի ոչ միայն այն, որ կկորցնենք հայկական հողերի մի մասը, այլև պետականությունն ու ապագայում նաև ինքնիշխանության իրավունքը։ Ազատագրված տարածքների իրացման խնդրում ջրի նման պարզ արտացոլվում են 21-րդ դարի հայ հասարակության համակարգային խնդիրները այնպես, ինչպես ժամանակին Կարսի անկման պատճառ դարձան առաջին հանրապետության խորքային խնդիրներն ու ախտերը։

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պարտվել ապագա որևէ պատերազմում, որի արդյունքում կկորցնի Արցախը կամ Հայաստանի ցանկացած որևէ այլ հատված։ Մարտահրավերի ողջ լրջության գիտակցությունը, ինչի առջև կանգնած է Հայոց աշխարհը, և այն հանգամանքը, որ խոսքը բացարձակ արժեքների մասին է, պետք է օգնի հասկանալու նման ձևակերպման անթույլատրելիությունը։

Արդյո՞ք Հայաստանն ու հայկական պետականությունն իրավունք ունեն 21-րդ դարում պարտվելու պատերազմում։ Իրավունք ունի՞ արդյոք Հայաստանն ունենալու թույլ տնտեսություն և անարդար հասարակություն։ Միանշանակ բացասական պատասխանը պետք է օգնի բացահայտելու հայության իրական խնդիրները` սխալ ձևակերպված մարտահրավերների և սպառնալիքների համար պատասխաններ փնտրելու համար։

Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ազգային անվտանգության հարցերով փորձագետ, Արցախ

Դիտվել է՝ 7703

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ