ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Առաջին պլանի խոկումներ

Առաջին պլանի խոկումներ
25.12.2023 | 20:22

***

Հին հույները գիսաստղը նմանեցնում էին օձի հետ:
Արդի Հայաստանում օձերին նմանեցնում են գիսաստղի հետ:


***
Հայաստանում ատելությունն անցել է ամենայն սահման. ատում են հայրենիքի առանձին հատվածները կամ՝ ամբողջությամբ, ատում են ազգդ անկրկնելի դարձնող բիբլիական լեռը, իրական հերոսներին ու զոհերին, սեփական ինքնությունն ու պատմությունը, ավանդույթները, հաղթանակներն ու ազգային երազանքները: ՀՀ-ն ատելություն արտադրող անօրեն սինդիկատի պես է հիմա, որից, նախ, ինքն է սկսում շնչահեղձ լինել:


***
Հայաստանում ատելությունից առավել կուտակված ու սեղմված լռություն կա: Նույնիսկ կրքոտ ու շիտակ խոսողների ձայնի տակ շատ լռություն է լճացած: Լռությունը կամ պայթում է կամ՝ ցնդում գոլորշու պես: Վախենամ, թե լռության այս անծայր օվկիանոսը դանդաղ ցնդի առ երկինք:


***
Հայաստանի համար առաջնային վտանգ են ոչ թե թշնամական հոխորտանք-սպառնալիքները և վարակիչ հիվանդությունները, այլ՝ դավաճանության և ուրացության տարածվող բացիլները:


***
Կարիքը սովորաբար մարդուն սրատես ու հնարամիտ է դարձնում: Դա վերաբերում է նաև հանրույթին: Մինչդեռ հայությունը՝ կքած ազգային սուր կարիքների բեռան տակ, դարձել է վատատես, անկամ ու տարտամ մի օրգանիզմ:


***
Վերջին տարիները չափազանց մանրացրել են հայ մարդուն. Նա, ի մասնավորի, դարձել է ավելի քան փոքրոգի, օտարամետ, խարդախամիտ, քաղքենի, շահամոլ ու վախկոտ: Ազգային արժեքների համար հոգացողների թիվը կտրուկ նվազել է: Այս ամենը ՀՀ գործող վարչախմբի շահարկած՝ փողոցային ժողովրդավարության ուղղակի հետևանքն է: Երբ էլիտան տապալվում է, տիրում է ամբոխը:


***
Ազգային ողբերգության իրական կրողն ու պատասխանատուն ազգն է, ոչ թե ժողովուրդը: Ներկա Հայաստանում ժողովուրդը խիստ բազմապատիկ է ազգին, ուստի ահռելի է վտանգը, որ արցախյանից հետո կլինեն այլ խոշոր ազգային ողբերգություններ:


***
Հայաստանում ամենախոտելի խումբը իշխանությունների նստուկը գրկած մտավորականներն են: Նրանք, որպես տեսակ, նոր չեն ի հայտ եկել, միշտ կային: Պարզապես հիմա երևույթն առավել քան գարշելի է, քանի որ նրանք նույն փակ ու հիացական աչքերով փարվել են ազգադավ իշխանություններին:


***
Հայաստանի ղեկավար կազմը մի բան է հասկացել միայն. որ պետք է շարունակ ձեռնածություն անել և անդադար բարբաջել: Գոնե միառժամանակ գոյատեւելու համար:


***
Հայաստանում իշխում է ստի ճշմարտությունը, ինչպես հռոմեացիներն էին ասում՝ mendace veritas-ը: Ներկայումս ճշմարտությունը պահաջարկ չունի, սուտը սպառվում է ժամերի ընթացքում:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Մեկնաբանություններ