ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հակադրել ենք հայրենիք և պետություն հասկացությունները

Հակադրել ենք հայրենիք և պետություն հասկացությունները
16.08.2023 | 19:13

Հայրենիքից է ծագում մեր լինելիության սկիզբը։ Հայրենիքն է, որ սովորեցնում է օգտակար բարքեր, օրենքներ և կրոն, որոնք պետք են բարի կենցաղավարության համար։

Այս միտքը գրառել է Դավիթ Անհաղթը 5-6-րդ դարերում։ Լիովին ընդունելով այս բանաձևումը և որպես մեր հայրենաց ժառանգ՝ կարծում եմ՝ մեր խնդիրներն առաջացել են այս բանաձևը անուշադրության մատնելու կամ անջատ-անջատ դիտարկելու պատճառով։ Իսկ հիմնական պատճառն այն է, որ հակադրել ենք հայրենիք և պետություն, քաղաքացիներ և ազգ հասկացությունները, ինչն էլ մեզ հասցրել է անկազմակերպ, անուժ ու պառակտված վիճակի։

Պարզաբանեմ․ օգտակար բարքերն այն ճանաչելի և ստուգելի արժեքներն են, որոնք ավանդաբար զարգանալով՝ փոխանցվում են սերնդեսերունդ՝ պահպանելով մեր տեսակը։ Օրենքները կազմվում են ավանդույթների և ի վերուստ տրված բանաձևումների հիման վրա՝ նպաստելով հանրության նյութական, մտավոր և հոգևոր ռեսուրսների արդյունավետ գործունեությանը։ Կրոնը նպաստում է հանրության արդարության գիտակցմանը, լեզվամտածողության և ինքնության զարգացմանը։ Եվ ինչպես գոյերն ունեն եռակի կեցություն, այնպես էլ հայրենիքն ունի նյութական, մտավոր և հոգևոր տիրույթներ, և իհարկե՝ նաև մարդն ունի մարմին, միտք և հոգի։ Ուստի այս բաղադրիչներից որևէ մեկի անտեսումը հանգեցնելու է հայրենիքի և մեր՝ որպես հավաքական ինքնության փլուզման ու տարանջատման։

Այսպիսով՝ մեր նյութական տիրույթը կարգավորենք օգտակար բարքերով, մտավոր տիրույթը կարգավորենք օրենքներով և հոգևոր տիրույթը՝ կրոնով։ Հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների աննախադեպ ու արհեստական գիտակցության անհավանական զարգացմանը զուգընթաց կամ, կարելի է ասել, ի հակակշիռ դրանց՝ խիստ կարևոր է հոգևոր զարգացման խնդիրը, ինչն անխուսափելի է ստեղծագործ մարդու համար։ Ահա թե ինչու քսանմեկերորդ դարում անփոխարինելի է կրոնի դերը, հատկապես մեր սրբազան եկեղեցին ու մեր հայոց առաքելությունը մեզ՝ հայերիս համար։

Ուստի, աշխարհի բոլոր հայեր, ժա՛մն է․ միացե՛ք, որ պաշտպանենք մեր սրբազան հայրենիքը՝ իր եռաշերտ տիրույթներով, հզորացնենք մեր բանակը հայոց անպարտելի հերոսների զորությամբ։ Հավատացե՛ք, այդժամ միայն Աջն Արարչական կբռնի հայոց բռունցքված բազուկը և կտանի դեպի հաղթություն։

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3007

Մեկնաբանություններ